Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Իրադրությունը չի համապատասխանել նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին և տրամաբանությանը․ Փաշինյանը՝ Հին Թաղերի և Խծաբերդի դեպքերի մասին

Իրադրությունը չի համապատասխանել նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին և տրամաբանությանը․ Փաշինյանը՝ Հին Թաղերի և Խծաբերդի դեպքերի մասին

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հիշեցրեց մեկ տարի առաջ այս օրերին Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերում տեղի ունեցածի մասին․ «Ոչ միայն բռնազավթվեցին այդ երկու գյուղերը, այլ մոտ մեկ տասնյակ զոհեր գրանցվեցին,  62 անձ գերեվարվեց, նրանք մինչև այժմ չեն հայրենադարձվել, և փաստացի տեղի ունեցավ գործընթաց, որը որևէ կերպ չէր տեղավորվում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակում»։ Աբրահամյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ ինչու՞ այդ գյուղերի վերադարձի հարցը օրակարգային հարց չի դառնում՝ ընդգծելով,  որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նշյալ գյուղերի հանձնում չէր նախատեսվում։ «Ես ուզում եմ իմ հարգանքի ու խոնարհումի խոսքերը ասել այն զինվորներին, ովքեր Հին Թաղերում զոհվեցին ձեր նշած հանգամանքներում․ 9 հոգի, 9 զինվոր, 9 հերոս, մինչև վերջ կանգնել են և իրենց կյանքը տվել են հանուն հայրենիքի։ Ինչ վերաբերվում է ձեր նշած դրվագին, այդ դրվագի հետ կապված քրեական կա գործ կա հարուցված։ Չեմ ուզում դատական համակարգի հետ կապված մեկնաբանություն անել, բայց փաստն այն է, որ գործով անցնող առանցքային մեղադրյալներից մեկին այդպես էլ չի հաջողվել կալանավորել, որովհետև դատարանները մերժել են կալանավորելու միջնորդությունը»։ Փաշինյանն ասաց՝ այս դրվագի հետ կապված կան հարցեր․ «Ես հասկանում եմ, որ մեր ընդդիմությունը, նաև ունենալով որոշակի պատկերացումներ և շահագրգռություններ, նախադասություններ է ձևակերպում, որպեսզի այդ նախադասություններին ի պատասխան ձևակերպվեն այլ նախադասություններ, որոնք կդառնան ներքաղաքական շահարկման նյութ, բայց ես ձեզ ասեմ, որ այդ թեմաները պարունակում են պետական շահերին առնչվող բազմաթիվ տեղեկություններ, և նաև գաղտնիք պարունակող մի շարք տեղեկություններ, որոնք պետք է լրացուցիչ քննության և հետաքննության առարկա դառնան։ Ես այսքանով իմ պատասխանը պիտի ամփոփեմ, որովհետև համենայն դեպս կարծում եմ՝ այն, ինչ պիտի ասեի այդ հարցին ի պատասխան այս ամբիոնից, ասացի»։ Վարչապետը նշեց նաև, որ աշխատանքային քննարկումներում բազմիցս բարձրաձայնել է որոշ հարցեր, բայց ամբիոնից չի կարող բարձրաձայնել․ «Վախենամ, թեման առնչվում է շատ բարձր և շատ բարձրաստիճան պաշտոնյաների, որոնց գործողությունները կոծկելու որևէ ցանկություն չունեմ, երբևէ չեմ ունեցել և համոզված եղեք՝ երբևէ չեմ էլ ունենա»։ Անրդադառնալով հարցին, թե արդյոք իրավիճակը համապատասխանում էր նոյեմբերի 9-ի իրադրությանը, Փաշինյանն ասաց․ «Եթե համարեինք, որ այդ իրավիճակը նոյեմբերի 9-ի հայտարարությանը համապատասխանում է, իմ նշած հերոս նահատակները այդ դիրքերում կանգնած չէին լինի։ Այսինքն՝ եթե այդ դիրքերում կանգնած են եղել, նշանակում է մենք համարում ենք, որ այդ իրադրությունը չի համապատասխանել նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին և տրամաբանությանը»։
17:08 - 08 դեկտեմբերի, 2021
Աբրահամյանը դժգոհում է՝ ԶՈՒ-ի հետ կապված բարեփոխումները որևէ արտացոլում չեն գտել 2022 թվականի բյուջեի նախագծում |armenpress.am|

Աբրահամյանը դժգոհում է՝ ԶՈՒ-ի հետ կապված բարեփոխումները որևէ արտացոլում չեն գտել 2022 թվականի բյուջեի նախագծում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը՝ ռազմական բյուջեի մասով, անընդունելի է համարում: Պատգամավորը նման տեսակետ հայտնեց պետբյուջեի նախագծի քննարկմանն ԱԺ-ում խմբակցության անունից ելույթում՝ անդրադառնալով նախագծի՝ անվտանգությանը վերաբերող բլոկին: «Գլխավոր խնդիրը, որը կա այս բյուջեի ռազմական բլոկում, այն է, որ հետպատերազմյան ժամանակահատվածում հռչակված ԶՈՒ բարեփոխումների ծրագիրն առ այս պահը դեռ չի հաստատվել, ավելին՝ դա նույնիսկ քննարկում չի անցել պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում, ըստ այդմ ԶՈՒ-ի հետ կապված պայմանական բարեփոխումները որևէ արտացոլում չունեն 2022 թվականի պետական բյուջեի նախագծում: Այսինքն՝ մենք ունենք հետպատերազմյան ժամանակահատված, ունենք աղետալի հետևանքներ, որն արտացոլված է և սահմանագծում և առհասարակ ԶՈՒ-ում և  անվտանգության համակարգում: Մեկ տարի է ՝խոսում ենք Զինված ուժերի բարեփոխումների մասին, բայց մինչև այժմ այդ բարեփոխումները ոչ միայն առարկայական քննարկումներ չեն ստացել, որևէ ձևով այդ հայեցակարգն ընդունված չէ, բայց մենք քննարկում կամ հաստատում ենք ռազմական բյուջե: Մենք չենք էլ ձևակերպել, թե ու՞ր ենք գնում, ի՞նչ ճանապարհով ենք գնում»,-ասաց Աբրահամյանը: Պատգամավորը նշեց, որ պատերազմից հետո և սպառազինությունների՝ ռազմական տեխնիկայի, զինամթերքի, ավտոմոբիլային պարկի կորուստ կա, և բյուջեի նախագծում  որևէ կերպով արտացոլում չունեն կորուստների վերականգնումը, մարտունակության բարձրացման, անվտանգության աստիճանի բարձրացման հետ կապված ստեղծված խնդիրները: «Եվ այս պարագայում այդ փաստաթուղթը բերել ընդունել, գոնե նվազագույնը ռազմական բյուջեի մասով եմ ասում, ուղղակի անթույլատրելի, անտրամաբանական է»,-ասաց պատգամավորը:
14:29 - 08 դեկտեմբերի, 2021
Հակոբյանը հայտնեց, որ ԱԺ-ում միջադեպի մասնակիցներից մեկն անցնում է Միրզոյանի դեմ մահափորձի գործով |armenpress.am|

Հակոբյանը հայտնեց, որ ԱԺ-ում միջադեպի մասնակիցներից մեկն անցնում է Միրզոյանի դեմ մահափորձի գործով |armenpress.am|

armenpress.am:  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը չցանկացավ անդրադառնալ դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքին։ Լրագրողների հարցերին ի պատասխան պատգամավորն ասաց, որ դեկտեմբերին 7-ին լրատվամիջոցներից մեկի եթերում խոսել է միջադեպի մասին։ «Կարճ կարող եմ ասել հետևյալը` այդ երիտասարդը, որքանով հիշում եմ անունը, Գերասիմ, ինքը մեղավոր չէ: Մեղավոր են իր շեֆերը, քաղաքական հայրերը իրեն այստեղ բերելու համար: Ես ունեմ տեղեկություն, որ նա անցնում է Արարատ Միրզոյանի (ԱԳ նախարար- խմբ.) դեմ մահափորձի և մեկ այլ քրեական գործով»,- ասաց Հակոբյանը` դատապարտելով նման մարդուն խորհրդարանում աշխատանք տալը։ Ավելի վաղ, լրագրողների հետ ճեպազրույցում, ներկայացնելով միջադեպի մանրամասները՝ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը նշել էր, որ միջադեպը տեղի է ունեցել Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում։ Պատգամավորը պնդել է, որ ՔՊ ներկայացուցիչները սուրճ խմելու պատրվակով ընդդիմադիր պատգամավորների օգնականներին հրավիրել են ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակ, որից հետո նրանց կազմակերպված ծեծի ենթարկել։ Դատախազությունն ուսումնասիրում է Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ հրապարակումները։ Հրապարակումները ուղարկվել են Ազգային անվտանգության ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու նպատակով։
12:48 - 08 դեկտեմբերի, 2021
Բարձրաստիճան պաշտոնյաների՝ մասնագիտական զեկույցների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող հայտարարությունները խոչընդոտներ են առաջացնում իրավապաշտպան գործունեության համար․ համատեղ հայտարարություն

Բարձրաստիճան պաշտոնյաների՝ մասնագիտական զեկույցների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող հայտարարությունները խոչընդոտներ են առաջացնում իրավապաշտպան գործունեության համար․ համատեղ հայտարարություն

«Երեկ՝ դեկտեմբերի 7-ին հրապարակվել է տեսանյութ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ, որում նա իրականությանը չհամապատասխանող գնահատականներ է տալիս ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և մեր 2021 թվականի օգոստոսի 9-ի «Ադրբեջանի պատասխանատվությունը հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու համար» արտահերթ հրապարակային զեկույցին: Նախ` անթույլատրելի ենք համարում առանց անձի գիտակցված համաձայնության նրա մասնավոր հարաբերությունները, երկխոսությունը տեսաձայնագրելն ու դա տարածելը: Համատեղ արտահերթ զեկույցին վերագրումների և հնչած որակումների կապակցությամբ արձանագրում ենք՝ 1․ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը համատեղ արտահերթ զեկույցին վերագրում է գոյություն չունեցող փաստեր, ինչպես օրինակ, նշում է, որ զեկույցում արձանագրվել են հայրենադարձված գերիների բռնաբարության դեպքեր. մինչդեռ, զեկույցում որևէ խոսք չկա բռնաբարության մասին: Համատեղ արտահերթ հրապարակային զեկույցում գերիներից որևէ մեկի անձնական տվյալ, այդ թվում՝ լուսանկար ու տեսանյութ, երբևէ չի հրապարակվել։ 2. Տեղեկացնում ենք, որ համատեղ արտահերթ հրապարակային զեկույցում գերիների խոշտանգման փաստերը հաստատելու համար գործածվել են փաստահավաք աշխատանքի միջազգային չափանիշները։ Այս առումով, խոշտանգման փաստի հաստատման վերաբերյալ փաստահավաք աշխատանքը չի ենթադրում, որ փաստահավաքություն իրականացնող իրավապաշտպանը պետք է անպայման ներկա կամ մասնակից լինի խոշտանգման պրոցեսին։ Բարձր պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր են տարանջատել փաստահավաք աշխատանքը և հանցակցությունը։ 3․ Համատեղ արտահերթ հրապարակային զեկույցը չի նույնականացնում և չի բացահայտում հայրենադարձված այն գերիներին, որոնց նկատմամբ կիրառվել են կտտանքներ ու անմարդկային վերաբերմունք։ Դրա փոխարեն համատեղ արտահերթ հրապարակային զեկույցով վեր են հանվում այն օրինաչափությունները և խոշտանգման այն ընդհանուր ձևերը, որոնք, որպես կանոն, կիրառվել են հայ գերիների նկատմամբ Ադրբեջանի Հանրապետությունում։ Միաժամանակ, համատեղ արտահերթ հրապարակային Զեկույցը նշում է, որ գերիների նկատմամբ կիրառված բռնության ձևերն ու միջոցները յուրաքանչյուրի դեպքում եղել են տարբեր։ 4. Նշվածից բացի, հայրենադարձված հայ գերիներն իրենք ինքնուրույն տարբեր լրատվամիջոցների տվել են հարցազրույցներ՝ բաց կերպով ներկայացնելով այն կտտանքները, որոնց ենթարկվել են Ադրբեջանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում։ Ավելին, նախաքննության ընթացքում խոշտանգման ու անմարդկային վերաբերմունքի մասին հայրենադարձված հայ գերիների ցուցմունքներ հրապարակվել են հենց ՀՀ նախաքննական մարմինների կողմից։ 5․ Հարկ ենք համարում ընդգծել, որ հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու վերաբերյալ տվյալներ միջազգային կառույցներին ներկայացնելիս վերացական բնույթի տեղեկությունների տրամադրումը չունի արդյունավետություն: Միջազգային իրավական գործընթացներ նախաձեռնելիս անհրաժեշտ են մանրակրկիտ ու կոնկրետ տվյալներ, այլ ոչ թե հայտարարություններ ու պնդումներ։ Ուստի, բարձրաստիճան պաշտոնյաներին խստիվ հորդորում ենք զերծ մնալ նման զգայուն հարցերի վերաբերյալ հրապարակային հանդես գալուց, չշահարկել դրանք քաղաքական կամ այլ նպատակներով, քանի որ դրանք Ադրբեջանը հաջողությամբ գործածում է միջազգային կառույցների, առջև, այդ թվում՝ դատական, պաշտպանվելու ի շահ իրեն և ի վնաս՝ հայ գերիների իրավունքների: Բարձրաստիճան պաշտոնյաների կողմից մասնագիտական զեկույցների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող հայտարարությունները կամ դրանց տրված որակումները խոչընդոտներ են առաջացնում իրավապաշտպան գործունեության համար:   Արման Թաթոյան Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Սիրանուշ Սահակյան ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, Իրավապաշտպան Արտակ Զեյնալյան ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, Իրավապաշտպան»
12:25 - 08 դեկտեմբերի, 2021
Պետբյուջեի նախագծում Ամուլսարի հանքի հնարավոր գործարկումը ներկայացվել է որպես դրական ռիսկ |armenpress.am|

Պետբյուջեի նախագծում Ամուլսարի հանքի հնարավոր գործարկումը ներկայացվել է որպես դրական ռիսկ |armenpress.am|

armenpress.am: 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծում տարվա ընթացքում Ամուլսարի հնարավոր գործարկումը ներկայացվել է որպես դրական ռիսկ: Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ-ում բյուջեի նախագծի քննարկմանը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը Խաչատրյանից հետաքրքրվեց, թե բյուջեում  կանխատեսում կա՞ Ամուլսարի հետ կապված, հետարքրքվեց, թե կառավարությունն ի՞նչ մոտեցում ունի հանքի հետ կապված, այն կգործարկվի՞, թե՞ ոչ: ««Պետական բյուջեի մասին» օրենքում մենք ներկայացրել ենք որպես դրական ռիսկ, եթե Ամուլսարը տարվա ընթացքում գործարկվի: Այնուամենայնիվ, պետք է գիտենալ, որ մեկնարկի պահից 12-ամսյա ժամանակահատվածում դեռևս այն նախապատրաստական աշխատանքներն են կատարվելու, որոնք պետք է հասցնեն հանքի շահագործմանը»,-ասաց նախարարը: Իսկ գործարկման հետ կապված պաշտոնական դիրքորոշման մասով նա հորդորեց դիմել կառավարության իր համապատասխան գործընկերներին:
11:53 - 08 դեկտեմբերի, 2021
Փորձել են 3 հոգու հետ հաշիվ պարզել․ հրավիրել են սեղանի շուրջ զրուցելու և մի քանի տասնյակ հոգով հարձակվել են․ Սեյրան Օհանյանը՝ ԱԺ–ում տեղի ունեցած միջադեպի մասին |tert.am|

Փորձել են 3 հոգու հետ հաշիվ պարզել․ հրավիրել են սեղանի շուրջ զրուցելու և մի քանի տասնյակ հոգով հարձակվել են․ Սեյրան Օհանյանը՝ ԱԺ–ում տեղի ունեցած միջադեպի մասին |tert.am|

tert.am: Երեկ Ազգային ժողովի շենքում տեղի է ունեցել խմբակային հերթական խուլիգանությունը՝ հերթական անգամ խորհրդարանական մեծամասնության պատգամավորների նախաձեռնությամբ և մասնակցությամբ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում վարման կարգով ելույթ ունենալով` ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։ «Փորձել են երեք հոգու հետ հաշիվ պարզել և այդ ամենը տմարդի, ճղճիմ ձևով, հրավիրել են սեղանի շուրջ զրուցելու և մի քանի տասնյակ մարդկանցով հարձակվել են։ Միջադեպի ժամանակ իրեն կրավորական է պահել շենքում իբր անվտանգություն ապահովող ՊՎԾ–ն»,–ասաց նա և նշեց, որ սա հուշում է, որ խուլիգանությունը հերթական անգամ եղել է ծրագրավորված և այլ շենքից հրահանգված։
11:35 - 08 դեկտեմբերի, 2021
Պատվաստման կամ թեստավորման փաստաթղթերը չներկայացնելու դեպքում գործատուն կկարողանա լուծել աշխատանքային պայմանագիրը |hetq.am|

Պատվաստման կամ թեստավորման փաստաթղթերը չներկայացնելու դեպքում գործատուն կկարողանա լուծել աշխատանքային պայմանագիրը |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Աշխատանքային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու նախագիծը, որով գործատուին հնարավորություն է տրվում Covid-19-ի դեմ պատվաստման կամ ՊՇՌ թեստի սերտիֆիկատ չներկայացնող աշխատակցին չթույլատրել գտնվել աշխատավայրում և լուծել աշխատանքային պայմանագիրը: Նախագիծը ստացավ 55 կողմ, 23 դեմ, 6 ձեռնպահ ձայն: Այսպիսով, եթե աշխատողը չի ներկայացնում պատվաստման կամ ՊՇՌ թեստավորման մասին փաստաթղթերը, ապա գործատուին իրավունք է տրվում չթույլատրել ներկայանալ աշխատանքի վայր, չվճարել այդ ժանանակահատվածի համար աշխատավարձ: Աշխատանքի չթույլատրվելու հետևանքով ավելի քան 10 աշխատանքային օր անընդմեջ կամ վերջին երեք ամսվա ընթացքում՝ ավելի քան 20 աշխատանքային օր աշխատողի՝ իր աշխատանքային պարտականությունները չկատարելու դեպքում գործատուն իրավունք է ստանում լուծել աշխատանքային պայմանագիրը: Աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան 3 օր առաջ: Նշենք, որ նախագիծը դեռևս պետք է քննարկվի նաև երկրորդ ընթերցմամբ:
11:20 - 08 դեկտեմբերի, 2021
Փոփոխություններ 2022 թվականի պետբյուջեի նախագծում. ԱԺ-ն շարունակում է քննարկումը |armenpress.am|

Փոփոխություններ 2022 թվականի պետբյուջեի նախագծում. ԱԺ-ն շարունակում է քննարկումը |armenpress.am|

armenpress.am: 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծում կատարվել են որոշակի փոփոխություններ, մասնավորապես՝ եկամուտների և ծախսերի փոփոխությունների արդյունքում պետբյուջեի դեֆիցիտը նվազել է 6 մլրդ 736.3 մլն դրամով: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ԱԺ-ում նախագծի քննարկման շարունակությանը ներկայացրեց 3 շաբաթվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները: «Լրամշակված նախագծով նախատեսվում է 1 տրլն 947.8 մլրդ դրամ եկամուտ, բյուջեի ծախսերը կազմում են 2 տրլն 184 մլրդ դրամ, իսկ դեֆիցիտը՝ 236.2 մլրդ դրամ»,-ասաց Խաչատրյանը: 3 շաբաթ առաջ պետբյուջեի նախագիծն ԱԺ-ում ներկայացնելուց հետո նախագծի եկամուտներում, ծախսերում և դեֆիցիտում փոփոխություններն ունեցել են մի քանի պատճառներ, որոնցից առաջինը օրենքով սահմանված արտարժութային ծախսերի, եկամուտների և ֆինանսավորման աղբյուրների դրամային մեծության վերահաշվարկվումն է նոյեմբերի 1-ի փոխարժեքով: «Ընդհանուր առմամբ բյուջեի եկամուտների գծով զուտ ավելացումները կազմել են 1 մլրդ 548.3 մլն դրամ, որից հարկային եկամուտներն ավելացել են 82.8 մլն դրամ՝ պայմանավորված վարկային նոր ծրագրերի ծավալին համապատասխան հաշվարկված լրացուցիչ հարկային եկամուտներով: Այլ եկամուտները նվազել են 42.8 մլրդ դրամով ՝պայմանավորված փոխարժեքային վերահաշվարկով, պաշտոնական դրամաշնորհներն ավելացել են 1 մլրդ 508.4 մլն դրամով: Փոփոխությունների արդյունքում պետբյուջեի ծախսերը զուտ արժեքով նվազել են 5 մլրդ 187.9 մլն դրամով: Բյուջեի եկամուտների և ծախսերի թվարկված փոփոխությունների արդյունքում պետբյուջեի դեֆիցիտը նվազել է 6 մլրդ 736.3 մլն դրամ չափով»,-ասաց նախարարը: Նախագծով նախատեսվում է, որ 2020-ին արձանագրված ՀՆԱ-ի նկատմամբ 63.5 տոկոս մակադրակից պարտքի հետևողական նվազեցման արդյունքում 2022-ի ավարտին այն կգտնվի ՀՆԱ-ի 60.2 մակարդակին մոտ: Էապես կբարելավվի պարտքի կառուցվածքը՝ դրանում ավելացնելով դրամային պարտքի տեսակարար կշիռը, ինչպես նաև կնվազեցվեն արտարժութային ռիսկերը: 2022-ին ՀՆԱ-ի նկատմամբ պետական բյուջեի ծախսերը կկազմեն 27.7 տոկոս, ընթացիկ ծախսերը կազմելու են ՀՆԱ-ի 23.2 տոկոսը, իսկ կապիտալ ծախսերը՝ ՀՆԱ-ի 4.5 տոկոսը, ինչն այս տարվա համար սպասվող 3.2 տոկոս մակարդակից ավելին է 1.3 տոկոսային կետով:
11:13 - 08 դեկտեմբերի, 2021
ԱԺ-ն կողմ քվեարկեց ՀՀ ոստիկանության և ՌԴ ներքին գործերի նախարարության միջև տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագրին |1lurer.am|

ԱԺ-ն կողմ քվեարկեց ՀՀ ոստիկանության և ՌԴ ներքին գործերի նախարարության միջև տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագրին |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովն ընդունեց««Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի մարմինների իրավասությանը վերաբերող հարցերի շուրջ տեղեկատվական փոխգործակցության և էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Համաձայնագիրը ստորագրվել է 2021թ. մայիսին Մոսկվայում: Փաստաթղթի վավերացմամբ ՀՀ ոստիկանության և ՌԴ ներքին գործերի նախարարության կողմից որոշված ստորաբաժանումների միջև տեղեկատվության փոխանակումը հնարավոր կլինի կազմակերպել առավել օպերատիվ և արդյունավետ: Նշվում է, որ համաձայնագրի շրջանակում ստացված տեղեկատվությունը կօգտագործվի բացառապես ծառայողական նպատակներով և առանց գրավոր համաձայնության չի փոխանցվի որևէ երրորդ կողմի: «Պետական գաղտնիք հանդիսացող տեղեկատվության փոխանակում եւս չի իրականացվելու»,-ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: 
10:56 - 08 դեկտեմբերի, 2021
«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է գերիների հարազատների մասնակցությամբ ԱԺ-ում լսում անցկացնել |armenpress.am|

«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է գերիների հարազատների մասնակցությամբ ԱԺ-ում լսում անցկացնել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է գերիների հարցով լսում անցկացնել՝ հրավիրելով ինչպես գերիների, անհետ կորած համարվող անձանց հարազատներին, այնպես էլ պատկան մարմինների ներկայացուցիչներին: Այս մասին ԱԺ դեկտեմբերի 8-ի նիստում ասաց խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: «Նկատի առնելով երեկվանից գերիների, անհետ կորածների հարազատների պահանջներն ու վրդովմունքը, ԱԺ շենքի հարակից տարածքում մեր հայրենակիցների հավաքը՝ առաջարկում ենք կոնսենսուսով որոշում կայացնել այսօր՝ կառավարության հետ հարցուպատասխանից հետո անցկացնել լսում՝ հրավիրելով Նիկոլ Փաշինյանին, պաշտպանության նախարարին, ԱԱԾ տնօրենին, արտաքին գործերի նախարարին, ինչպես նաև հարազատների ներկայացուցիչներին՝ հնչեցվող հարցերին պատասխաններ տալու համար»,- ասաց Մինասյանը: Պատգամավորը նշեց՝ հայրենակիցները բազմաթիվ հարցեր են հնչեցնում, և հիմա դա շատ իրական հնարավորություն է, որ այստեղ բոլոր հարցերին պատասխաններ տրվեն: Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտմբերի 7-ին, գերիների ու անհետ կորածների ծնողները հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց և պահանջում էին Ալեն Սիմոնյանի հետ հանդիպում։ Նշենք, որ երեկ մամուլում տարածվել էր տեսանյութ, որտեղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մի անձի հետ խոսելիս անդրադառնում է գերիների թեմային՝ երկխոսության ընթացքում ասելով․ «Ես էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան։ Իսրայելը, երբ որ տեռորիստը վերցնում է ինքնաթիռ, ինքը տեռորիստի հետ չի բանակցում, ինքը խփում ա էդ ինքնաթիռը։ Իսկ գիտե՞ք՝ էդ գերիները ովքեր են։ էն մարդիկ են, որոնք զենքը դրել և փախել և մոլորվել են։ Ես սա բարձր չեմ կարող ասել։ Ձեզ չի՞ հետաքրքրում՝ ինչի՞ էդ գերիների ծնողները հիմա ակտիվ չեն։ Որովհետև էդ մարդիկ գիտեն, որ էդ մարդիկ դասալքություն են արել, իրանք զենքը դրել և փախել են, հայտնվել են գերության մեջ»։
10:38 - 08 դեկտեմբերի, 2021
«Հայաստան» խմբակցությունը կասեցնում է իր մասնակցությունը միջազգային բոլոր կազմակերպություններին, մինչև  խմբակցության պատգամավորների նկատմամբ կիրառված բոլոր արգելքները և սահմանափակումները չհանվեն

«Հայաստան» խմբակցությունը կասեցնում է իր մասնակցությունը միջազգային բոլոր կազմակերպություններին, մինչև խմբակցության պատգամավորների նկատմամբ կիրառված բոլոր արգելքները և սահմանափակումները չհանվեն

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որում ասվում է․   «Օգոստոս ամսից ձևավորվել են Ազգային ժողովի խորհրդարանական պատվիրակությունները, որոնց մեջ ընդգրված են նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորները: Մինչ օրս, ըստ էության, այդ աշխատանքներին ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցել: Պատճառը մեր գործընկեր պատգամավորների ակնհայտ ապօրինի կալանավորումն է և այլ պատգամավորների, այդ թվում պատվիրակությունների մեջ ընդգրկված, տեղաշարժի ապօրինի սահմանափակումն է: Փաստացի խոչընդոտված է պատգամավորների սահմանադրական գործունեությունը: Նշված դատավարական գործողություններից յուրաքանչյուրն ունի բացառապես քաղաքական բաղադրիչ, զուրկ է իրավական որևէ հիմքից և պահպանվում է մինչ օրս: Այս իրավիճակն աննախադեպ է Եվրոպայի խորհրդի անդամ երկրի դեպքում, և վկայում է, որ Հայաստանն այլևս ժողովրդավարական-իրավական պետություն չէ: Նման պայմաններում «Հայաստան» դաշինքը հայտարարում է, որ չեն կարող լինել փաստացի տարբեր կարգավիճակ ունեցող պատգամավորներ և կասեցնում է իր մասնակցությունը բոլոր միջազգային կազմակերպություններին, չի մասնակցելու Հայաստանից դուրս կազմակերպվող նիստերին՝ մինչև «Հայաստան» խմբակցության պատգամավորների նկատմամբ կիրառված բոլոր արգելքները և սահմանափակումները չհանվեն: Նշված որոշման մասին կիրազեկվեն նաև միջազգային համապատասխան կազմակերպությունները»:
16:07 - 07 դեկտեմբերի, 2021