Ինֆոքոմ

Հայաստանում կատարվող իրադարձությունները երկրի ներքին գործն են․ Պեսկովը՝ անդրադառնալով Հայաստանում ընդդիմության ցույցերին

Հայաստանում կատարվող իրադարձությունները երկրի ներքին գործն են․ Պեսկովը՝ անդրադառնալով Հայաստանում ընդդիմության ցույցերին

Հայաստանում կատարվող իրադարձությունները երկրի ներքին գործն են, սակայն Մոսկվան շահագրգռված է իրավիճակի շուտափույթ կարգավորմամբ, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այսօր լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Դա լիովին և ամբողջությամբ Հայաստանի ներքին գործն է», - ասել է Կրեմլի ներկայացուցիչն՝ անդրադառնալով հայկական ընդդիմության ցույցերին։ Նա ընդգծել է նաև, որ Երևանը Մոսկվայի դաշնակիցն է։ «Հայաստանը մեր դաշնակիցն է, մեր գործընկերն է մեզ համար կարևոր մի քանի ինտեգրացիոն ձևաչափերում, Հայաստանը մեր լավ ընկերն է», - նշել է Պեսկովը։ «Այդ պատճառով էլ, իհարկե, մենք շահագրգռված ենք, որ Հայաստանում այս փուլը հնարավորինս արագ ավարտվի և կրկին կայունության փուլ հաստատվի, որը թույլ կտա փուլ առ փուլ շարժվել դեպի Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, որոնց Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ ավարտուն տեսք է տրվել, ինչպես նաև՝ մեր երկկողմ հարաբերությունների զարգացման առումով», - հավելել է նա։   Նորա Վանյան
14:40 - 05 մայիսի, 2022
Պետք է հետևողականորեն շարժվենք անկախ, վստահելի դատական համակարգ ունենալու ուղղությամբ. վարչապետ

Պետք է հետևողականորեն շարժվենք անկախ, վստահելի դատական համակարգ ունենալու ուղղությամբ. վարչապետ

Կառավարությունը հավանություն տվեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին։  Արդարադատության նախարար Կարեն  Անդրեասյանն ասաց՝ օրենքի կարճատւև գործարկման ընթացքում Գլխավոր դատախազությունը կատարել է հսկայածավալ աշխատանք և այդ աշխատանքի արդյունքում դուրս են բերվել որոշակի խնդիրներ, որոնք պետք է լուծել և լավարկել այս օրենքը։Նախարարը ներկայացրեց այն փոփոխությունները, որոնք առաջարկվում է նախագծով։ ։ «Առաջարկվում է ընդլայնել այն անձանց շրջանակը, որոնց նկատմամբ կարող է սկսվել գույքային ուսումնասիրությունը։ Գործող կարգավորումների պայմաններում ուսումնասիրություն կարող էր կատարվել քաղաքական, վարչական, ինքավար, հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ։ Այդ պաշտոններն են, օրինակ, վարչապետերը, փոխվարչապետերը, նախարարները, նախարարների տեղակալները, Մարդու իրավունքների պաշտպանը, դատավորները։Այս փոփոխության նպատակն  այն է, որ ընդլայնվի այդ պաշտոնների շրջանակը և բոլոր այն պաշտոնյաները, որոնք հայտարարագրեր են ներկայացնում, իրենք նույնպես ենթակա լինեն այս օրենքի ուսումնասիրությանը»։ Բացի դրանից, ըստ Կարեն Անդրեասյանի, դատախազությանը տրվում է հնարավորություն սեփական նախձեռնությամբ սկսել ուսումնասիրություն բոլոր այն դեպքերում, երբ արդեն իսկ սկսված աշխատանքներում հայտնաբերվել են տվյալներ պաշտոնատար անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանող ապօրինի գույքի վերաբերյալ։ Նախատեսվում է նաև  ՀՀ սահմաններից դուրս գտնվող գույքի ձեռքբերման արժեքի չափով գումարի բռնագանձման հնարավորություն, եթե առկա չեն այդ գույքի շուկայական արժեքի վերաբերյալ տեղեկություններ:Փաշինյանը, արձագանքելով նախարարին, ասաց, որ այս պահի դրությամբ իրենց ակնկալիքները չեն արդարանում․ «Եթե ես ճիշտ եմ հիշում, համակարգը  ներդրվեց 2020 թ․-ի սեպտեմբերից։ Այս ընթացքում դատախազությունը հսկայական աշխատանք է կատարել այդ ուղղությամբ, բայց մյուս կողմից էլ պոստ ֆակտում ենք արձանագրել, որ այդ աշխատանքի ծավալները այնքան մեծ են, որ  այս պահի դրությամբ մեր ակնկալիքները չեն արդարանում»։  Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ ասաց՝ բարդությունները գործնական աշխատանքի արդյունքում են ի հայտ եկել․« Ինչ վերաբերում է ի սկզբանե ձևավորված ակնկալիքներին, այո, այդպիսի խնդիր կա, բայց ուզում եմ՝ հասկանանք՝ դրա պատճառն ինչ է։ Երբ մեխանիզմը ներդրվում էր, երբ օրենքն ընդունվում էր, ինստիտուտն ոչ միայն աննախադեպ էր ոչ միայն մեր երկրի, այլ աշխարհի բազում երկրների համար, և աշխարհը դեռևս լուրջ փորձառություն անցած պրակտիկա չուներ, գործնական աշխատանքի արդյունքում ի հայտ եկան այն բարդությունները, այն պրոբլեմները, որոնց մենք բախվում ենք»։ Նա նշեց, որ այս պահի դրությամբ դատարանում ներկայացված է շուրջ 8 հայց 42 միլիարդ դրամ հայցագնով։ «Ունենք առաջին նախաձեռնությունը համաձայնության գալու և կարծում ենք, որ սա լավ փորձ կլինի և ազդակ կլինի համապատասխան սուբյեկտներին, որ առավել նախընտրելի է համաձայնությամբ այս տեսակ խնդիրների լուծումները»։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց՝ դատաիրավական համակարգում բարեփոխումներն ամենաբարդն են և ամենադժվարն են առաջ գնում: «Դատական համակարգն ինչպես ավանդաբար եղել է ամենացածր վստահություն ունեցող համակարգ, շարունակում է այդպիսին մնալ. մենք պետք է հետևողականորեն շարժվենք անկախ, վստահելի դատական համակարգ ունենալու ուղղությամբ»,- ասաց նա։
13:24 - 05 մայիսի, 2022
Լրտեսության դեպքեր բանակում 2018 թ․-ից առաջ էլ կային․ Ռոբերտ Քոչարյանի պնդումը սխալ է

Լրտեսության դեպքեր բանակում 2018 թ․-ից առաջ էլ կային․ Ռոբերտ Քոչարյանի պնդումը սխալ է

Ապրիլի 29-ին՝ Սարդարապատից  քայլերթով Երեւան եկող խմբի հետ հանդիպման ժամանակ, ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, ի թիվս այլնի, անդրադարձավ անվտանգային մի շարք հարցերի։ Խոսելով, մասնավորապես, բանակի մասին՝ նա ասաց․ «Սկսել են այդ քայքայիչ, ավերիչ գործունեությունը 2018 թվականից հետո, տռուսիկ, մայկա, ելակ, տուշոնկա եւ այլն, եւ այլն, եւ ստացանք այն, ինչ օրինաչափ ձեւով նման քաղաքականության պարագայում պետք է ստանայինք։ Իմ հաշվարկով՝ առնվազն 3 տարի պետք է բանակի վերականգնման համար, եթե վատ աշխատես՝ 3-5 տարի, այդ 3 տարուց 1․5 տարին արդեն կորսված են, բայց ես համոզված եմ, որ 3 տարում, այո, ի վիճակի ենք բավականին լուրջ անվտանգային համակարգ ձեւավորել։ Նայեք, այս վերջերս հայտնաբերված 300-400 դոլարանոց գործակալների, ադրբեջանական, սենց ասենք, շպիոնների առկայությունը ինչի՞ մասին է խոսում։ Բարոյահոգեբանական վիճակը բանակում այնպիսինն է, որ այդ երեւույթը․․․ Ուղղակի չկային այդպիսի բաներ»։ Քոչարյանը, ըստ ամենայնի, նկատի ունի  Ազգային անվտանգության ծառայության կողմից ապրիլի  20-ին բացահայտված դեպքը, ըստ որի՝ Զինված ուժերի կոչումով սպա զինծառայող ՀՀ քաղաքացին, հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, վարձատրության դիմաց (ընդ որում՝ ոչ թե 300-400, այլ ընդհանուր 1400 ԱՄՆ դոլարի) նրանց է հանձնել պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող մի շարք տեղեկություններ։  Ամեն դեպքում, վերջերս բացահայտված որ դեպքն էլ նկատի ունեցած լինի նա, ինքնին պնդումը, թե նախկինում «այդպիսի բաներ» բանակում չկային, սխալ է։ Դա են վկայում ինչպես մեր հարցմանն ի պատասխան ոստիկանության վերջերս հայտնած տեղեկությունները, այնպես էլ մամուլի մի շարք հրապարակումներ ու Դատալեքս դատական-տեղեկատվական համակարգում առկա տվյալները։ Մասնավորապես, Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից նախորդ ամիս հայտնել են, որ 2009, 2011, 2015 թվականներին ՀՀ-ում արձանագրվել են լրտեսության 1-ական դեպքեր, իսկ 2009, 2013, 2014, 2015 թվականներին՝ պետական դավաճանության 1-ական դեպքեր։ Պետական դավաճանության 2 դեպք էլ արձանագրվել է 2011 թվականին։ Այսինքն՝ մինչեւ 2018 թվականը հիշյալ տարիներին արձանագրվել է լրտեսության եւ պետական դավաճանության ընդհանուր առմամբ 9 դեպք։ Քանի որ այս դեպքերի վերաբերյալ նույնականացնող բավարար տվյալներ Ոստիկանությունը չի հայտնել, իսկ Դատալեքսում տեսանելի այդ թվականների գործերը մեծամասամբ փակ են, հնարավոր չէ այսքանով միայն պնդել, թե այդ բոլորը կատարվել են ԶՈՒ ծառայողների կողմից կամ վերաբերել են հենց բանակին կամ որ այդ բոլորով հանցագործություններն ի վերջո հաստատված են համարվել։ Սակայն մամուլում եւ Դատալեքսում առկա են նաեւ մի շարք բաց տեղեկություններ՝ ՀՀ եւ ԼՂ քաղաքացիների, այդ թվում՝ ԶՈՒ ծառայողների մասնակցությամբ լրտեսության եւ լրտեսության ձեւով պետական դավաճանության իրականացման, դրանց առթիվ հարուցված քրեական գործերի, ինչպես նաեւ՝ այդ գործերով կայացված դատավճիռների վերաբերյալ։ Օրինակ՝ 2013 թ․-ին ԱԱԾ-ն հայտնել է, որ լրտեսության կասկածանքով ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի պայմանագրային զինծառայող, Կապան քաղաքի 31-ամյա բնակչուհի Մանե Մովսիսյանը, որը հետագայում մեղավոր է ճանաչվել: Ըստ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի կայացրած դատավճռի՝ զորամասում աշխատելու ընթացքում Մովսիսյանը համացանցի միջոցով Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակիցներին է փոխանցել ծառայության ընթացքում իրեն հայտնի դարձած ռազմական բնագավառի պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, ինչպես նաեւ՝ այնպիսի տեղեկություններ, որոնք կարող էին օգտագործվել ՀՀ-ն եւ ՀՀ Զինված ուժերը վարկաբեկելու նպատակով: Ըստ Դատալեքսի՝ Մովսիսյանի վերաբերյալ դատավճիռը հետագայում չի բողոքարկվել՝ մտնելով օրինական ուժի մեջ։ Դարձյալ 2013 թ․-ին լրտեսության եւ պետական դավաճանության մեջ մեղավոր են ճանաչվել ԼՂ երկու քաղաքացիներ Դավիթ Բարսեղյանն ու Ռաֆայել Ավագյանը։ Վերջինս հանդիսացել է Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող։ Ըստ մեղադրանքի՝ ծանոթանալով Թուրքիայի Ստամբուլ քաղաքում բնակվող, սփյուռքահայ կազմակերպության անդամ ներկայացած ոմն Սամվել Ազատյանի հետ՝ ԼՂ քաղաքացիները իբր բարեգործական ծրագրեր իրականացնելու նպատակով նրան են փոխանցել արտակարգ պատահարների ժամանակ զոհվածների եւ վիրավորվածների, բժշկական սպասարկման, սննդի, շինությունների վիճակի եւ ՊԲ-ի մասին մի շարք այլ տեղեկություններ, ինչի դիմաց վարձատրվել են գումարով ու նվերներով։ Դավիթ Բարսեղյանն ու Ռաֆայել Ավագյանը դատապարտվել են համապատասխանաբար 10 եւ 11 տարի ազատազրկման։ Ժամանակին այդ գործով պաշտպանություն իրականացրած փաստաբան Էրիկ Բեգլարյանը մեր հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ դատավճիռը բողոքարկվել է Վերաքննիչ, ապա նաեւ՝ Գերագույն դատարան, սակայն արդյունքում, մնացել է անփոփոխ՝ մտնելով օրինական ուժի մեջ։ 2015 թ․-ին հայտնի է դարձել վարձատրության դիմաց պետական դավաճանության մեկ այլ դեպք, ըստ որի՝ պահեստզորի մայոր Գարիկ Մարությանը, 1997-2014 թթ. զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոնը, 2015թ. հուլիս ամսի սկզբներից, համացանցի միջոցով հայտնվել է Թուրքիայում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտում եւ նրանց փոխանցել ծառայության բերումով իրեն հայտնի դարձած, ինչպես նաեւ՝ ծանոթ զինծառայողներից հայթայթած, այդ թվում եւ գաղտնի տեղեկություններ՝ ՀՀ ՊՆ զորամասերի սպառազինության, դիրքերի, դիտակետերի, զինծառայողների վերաբերյալ։ Մարությանի վերաբերյալ գործը Դատալեքսում փակ է, այդ իսկ պատճառով կապ հաստատեցինք այդ ժամանակ նրա պաշտպանությունն իրականացրած, Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Մարինե Ֆարմանյանի հետ, որը մեր զրույցում տեղեկացրեց, որ Մարությանը դատարանի դատավճռով մեղավոր է ճանաչվել՝ դատապարտվելով 14 տարի ազատազրկման։ Դատավճիռը հետագայում բողոքարկվել է, սակայն Վերաքննիչ դատարանը այն թողել է անփոփոխ։ Մեկ այլ օրինակ է պահեստազորի փոխգնդապետ, նախկին զինծառայող Գեւորգ Հայրապետյանին եւ նրա ու ադրբեջանական հատուկ ծառայությունների միջեւ կապն ապահոված Իրանի քաղաքացի Բեհնամ Բաղերինի վերաբերյալ 2009 թ․-ին հարուցված քրեական գործը։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Մարտիրոս Կարապետյանի կայացրած դատավճռով նրանք մեղավոր են ճանաչվել՝ դատապարտվելով 12 եւ 10 տարի ազատազրկման։ Այդ տարիներին Հայրապետյանի պաշտպանությունն իրականացրած փաստաբան Սեդա Սաֆարյանը մեր զրույցում հայտնեց, որ բողոքարկման արդյունքում Վերաքննիչ դատարանը դատավճիռը թողել է անփոփոխ, իսկ Վճռաբեկ դատարանը բողոքն առհասարակ վարույթ չի ընդունել, ինչի արդյունքում այն մտել է օրինական ուժի մեջ։ Այնուհանդերձ, նշենք նաեւ, որ Հայրապետյանի գործով 2011 թ․ գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը նախորդ տարի՝ 2021 թ․-ի դեկտեմբերին ճանաչել է նրա արդար դատաքննության իրավունքի խախտման փաստը՝ ընդգծելով հատկապես այն, որ դռնփակ դատաքննությունը հիմնավոր չի եղել։ Սաֆարյանի խոսքով՝ ՄԻԵԴ որոշումից հետո Հայրապետյանը առողջական խնդիրների եւ դատական համակարգի բարեփոխված չլինելու պատճառներով չի ցանկացել վերաբացման վարույթ հարուցելու միջնորդությամբ հանդես գալ, այսինքն՝ ներպետական ատյաններում նրա դատավճիռը այդպես էլ չի բեկանվել։ Ինչ վերաբերում է Իրանի քաղաքացուն, նրա մասով դատավճիռը եւս մնացել է ուժի մեջ։ Նշենք նաեւ, որ բանակի մասին տեղեկությունների փոխանցման գործընթացում միշտ չէ, որ անձամբ ԶՈՒ ներկայացուցիչներ կամ զինծառայողներն են ներգրավված եղել։ Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում հասանելի է, օրինակ, 2011 թ․-ի մի գործ, որի շրջանակում քաղաքացիներ Կարեն Մեհրաբյանը եւ Ռոմիկ Ավետիսյանը դատապարտվել են գումարի դիմաց լրտեսության տեսքով դավաճանություն կատարելու, իսկ Աշոտ Չրտկյանը՝ նրանց օժանդակելու մեջ։ Այս դեպքի շրջանակում քաղաքացիները, ի թիվս այլնի, փորձել են ծանոթների, ինչպես նաեւ՝ ՀՀ ՊՆ աշխատակիցների եւ ԼՂ քաղաքացիների ներգրավմամբ Ադրբեջանին փոխանցել բանակի անձնակազմի, զենք-զինամթերքի, զինտեխնիկայի քանակի, տեսակի, զորամասերի եւ ՊԲ-ին վերաբերող այլ տեղեկություններ։ Բողոքարկման արդյունքում դատավճիռը մնացել է անփոփոխ։ 2014 թ․-ին բացահայտված պետական դավաճանության մեկ այլ գործով մեղադրյալի կարգավիճում է եղել ոստիկանության նախկին աշխատակից, գնդապետ Խաչիկ Մարտիրոսյանը։ Ըստ մեղադրանքի՝ վերջինս ֆինանսական օժանդակություն ստանալու ակնկալիքով 2013թ․-ին սեփական նախաձեռնությամբ կապ է հաստատել ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ՝ առաջարկելով իր ծառայությունները: Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել՝ դատապարտվելով 11 տարի ազատազրկան։ Դատավճիռը հետագայում չի բողոքարկվել՝ մտնելով օրինական ուժի մեջ։ Իսկ 2016թ․-ին պետական դավաճանության մեկ այլ գործով էլ մեղավոր են ճանաչվել քաղաքացիներ Ռաֆիկ Պապոյանը եւ Կարինե Ղումաշյանը։ Ըստ դատավճռի՝ նրանք, հավաքագրվելով ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից, ի թիվս այլնի, համոզել են իրենց որդիներին փոխանցել ծառայության ընթացքում իրենց հայտնի դարձած տեղեկությունները։ Բողոքարկման արդյունքում նրանց դատավճիռը եւս մնացել է օրինական ուժի մեջ։ Այսպիսով, մամուլում եւ Դատալեքսում առկա բաց տեղեկությունների հիման վրա կարող ենք եզրակացնել, որ 2018 թ․-ին նախորդած տարիներին կատարվել է լրտեսության ձեւով պետական դավաճանության առնվազն 7 դեպք, ուստի Քոչարյանի պնդումը, թե «այդպիսի բաներ» բանակում չկային, իրականությանը չի համապատասխանում։ Նշենք նաեւ, որ որոնում իրականացնելիս ակնհայտ է դառնում, որ Դատալեքսում ոչ բոլոր գործերն են առհասարակ տեսանելի, քանի որ տեսանալի (այդ թվում՝ ե՛ւ բաց, ե՛ւ փակ) գործերի թիվը պակաս է Ոստիկանության հայտնած դատարան ուղարկված գործերի թվից։ Ամեն դեպքում, հիշեցնենք նաեւ, որ 44-օրյա պատերազմից հետո պետական դավաճանության եւ լրտեսության առթիվ ՀՀ-ում հարուցվել է այնքան քրեական գործ, որքան նախորդ 13 տարիների ընթացքում։   Միլենա Խաչիկյան
12:32 - 05 մայիսի, 2022
Հայաստանի 80 բնակավայրերում կստեղծվեն մատչելի նախադպրոցական կրթական ծառայություններ

Հայաստանի 80 բնակավայրերում կստեղծվեն մատչելի նախադպրոցական կրթական ծառայություններ

Կառավարությունն այսօր հավանություն տվեց ՀՀ-ի և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև «Կրթության բարելավման» ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը (22 մլն 600 հազար եվրո արժողությամբ):Կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարար Վահրամ Դումանյանը տեղեկացրեց, որ ծրագիրը մեկնարկել է 2015 թ․-ին Համաշխարհային բանկի աջակցությամբ։Հաշվի առնելով նախկինում գրանցված հաջողությունները՝ ծրագրի շարունակականությունը ապահովելու համար կառավարությունը դիմել է Համաշխարհային բանկին։Նա հայտնեց, որ նոր ծրագրով 80 բնակավայրերում կստեղծվեն մատչելի նախադպրոցական կրթական ծառայություններ, որոնցում ներգրավված կլինեն 4-6 տարեկան շուրջ 3000 երեխաներ։ «Կհիմնանորոգվեն, կկահավորվեն և կվերազինվեն 4 ավագ դպրոցներ՝ շինարարական և անվտանգության չափանիշներին համապատասխան։ 200 հանրակրթական դպրոցների կտրամադրվեն բնագիտական և ինժեներական 5-ական լաբորատորիաներ։ Կիրականացվեն կրթության կառավարման, տեղեկատվական համակարգի կիրառության, գործընթացների հետագա թվայնացման, տվյալների վիզուալիզացիայի նոր հնարավորությունների ներդրման աշխատանքներ։ Կշարունակվի բուհերում նորարարական, գիտահետազոտական կենտրոնների ստեղծումը, ծրագրի արդյունքում նախատեսվում է իրականացնել 5 նոր դրամաշնորհային ծրագրեր»,-ասաց նա։  Դումանյանը տեղեկացրեց նաև, որ ԿԳՄՍ, ՏԿԵ նախարարությունների  և Քաղաքաշինության կոմիտեի համատեղ աշխատանքային խումբը իրականացնում է 7 խոշորացված համայնքների 51 բնակավայրերում կրթահամալիրների ստեղծման հետ կապված տեղազննության աշխատանքները։ Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն էլ տեղեկացրեց, թե այս պահին Հանրապետությունում քանի դպրոցի և մանկարապարտեզի նախագծման և շինարարարական աշխատանքներ են իրականացվում․ «Նախագծման փուլում այս պահին ունենք 40 դպրոցներ, մեկնարկած շինարարական աշխատանքները 78-ն են, և 37-ը կավարտվեն 2022 թ․-ին։ Մանկապարտեզների մասով նախագծման փուլում ունենք 23-ը, մեկնարկած շինարարական աշխատաներ՝ 88-ը, և 58-ը կավարտվեն 2022 թ․-ին, սա ամբողջական տվյալներն են՝ բոլոր հնարավոր ծրագրերով և բոլոր գործընկերների հետ համագործակցության արդյունքում արված ծրագրերի արդյունքն են»։
12:20 - 05 մայիսի, 2022
Ընդդիմության միակ նպատակը իշխանության զավթումն է, բայց նրանք, ըստ էության, տապալվել են․ Արթուր Հովհաննիսյան

Ընդդիմության միակ նպատակը իշխանության զավթումն է, բայց նրանք, ըստ էության, տապալվել են․ Արթուր Հովհաննիսյան

«Վարչապետն ուներ կոնկրետ ասելիք ընդդիմադիրներին, ընդդիմադիրներն այդ փաստով պայմանավորված՝ միանգամից փախան դահլիճից»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս տեսակետը հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում Փաշինյանի երեկվա հայտարարությանը, թե բացահայտում ունի անելու։ Նրա կարծիքով՝ ընդդիմությունը մշտապես փախչել է ճշմարտությունից, այս դեպքն էլ բացառություն չէր։ Իսկ թե որն էր վարչապետի ասելիքը՝ Հովհաննիսյանը հիշեցրեց, որ Փաշինյանն ասել է՝ ասելիքը կասի՝ նայելով ընդդիմադիրների աչքերին, որպեսզի նրանք լավ հասկանան այդ ճշմարտությունը եւ հաշվի նստեն դրա հետ․ «Վարչապետը, երբ կգա պատեհ պահը, կասի իր ասելիքը ընդդիմադիրների ներկայությամբ»։ Արթուր Հովհաննիսյանը համոզմունք հայտնեց, որ ընդդիմության նպատակն Արցախը փրկելը չէ․ «Նրանք հստակ հայտարարեցին՝ որն էր իրենց նպատակը, դա իշխանության զավթման անհաջող փորձն է։ Կոչեր, կենացներ, ճառեր են հնչում Արցախի մասին, բայց մարդիկ Երեւանի փողոցներում Արցախի դրոշներ տեղադրելով չեն կարող Արցախ փրկել»։ Ինչ վերաբերում է ընդդիմության հետ կառավարող ուժի հնարավոր քննարկումներին, Հովհաննիսյանն ասաց, որ ոչ մեկ անգամ իրենք հանրային եւ ոչ հանրային կերպով առաջարկել են ընդդիմությանը գալ եւ ծանոթանալ տարբեր փաստաթղթերի, հրապարակման ոչ ենթակա տեղեկություններ ստանալ․ «Երեկվա դեպքը դրան էր վերաբերում, երեկ էլ սկսվել էր խոսակցություն, հնչել էր հարց, որին պետք է տրվեր պատասխան, որն, ըստ էության, կարեւոր բովանդակություն էր պարունակում։ Բայց ընդդիմությունը փախել է ճշմարտությունից, որովհետեւ եթե նրանք մտնեն եւ ծանոթանան ողջ ճշմարտությանը, չեն կարող դուրս գալ փողոց եւ ծակ բաժակներով կենացներ ասել։ Ընդդիմության միակ նպատակը իշխանության զավթումն է, բայց նրանք, ըստ էության, տապալվել են։ ՀՀ-ում ժողովուրդն է իշխանություն, եւ Հայաստանը՝ որպես պետություն, իր ուժային կառույցներով, կառավարությունով, օրենսդիրով ամուր կանգնած է իր տեղում եւ թույլ չի տալու, որ ժողովրդավարությունն օգտագործեն՝ որպես խուլիգանություններ եւ անկարգություն անելու միջոց»։
11:45 - 05 մայիսի, 2022
Կառավարությունը երկարաձգեց Ապարան  համայնքի՝ հանրային գերակա շահ ճանաչված սեփականության  օտարման գործընթացը

Կառավարությունը երկարաձգեց Ապարան համայնքի՝ հանրային գերակա շահ ճանաչված սեփականության օտարման գործընթացը

2021 թ․-ի հուլիսի 29-ին ՀՀ կառավարությունը 1246-Ա որոշմամբ հավանություն տվեց «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած ներդրումային ծրագրին, որ նախատեսում է Արագածոտնի մարզի Ապարան համայնքի տարածքում՝ 2080 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասում։ ՓԲԸ-ն մտադիր է այդ տարածքում լեռնային հանգստավայր կառուցել։ Հետագայում՝ հոկտեմբերի 7-ին, կառավարությունը մեկ այլ որոշմամբ այդ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչեց։ Այս որոշմամբ սեփականության օտարման վերջնաժամկետ էր սահմանվել այս տարվա մայիսի 31-ը։ Արդեն այսօր կառավարությունը փոփոխություններ կատարեց հոկտեմբերի 7-ի որոշման մեջ, որով սեփականության օտարման վերջնաժամկետ սահմանվեց 2023 թ․-ի մայիսի 31-ը։ Որոշման հիմք է դարձել «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի խնդիր-առաջարկը։  «Ընդհանուր առմամբ տարածքում առկա է մոտ 745 գույք: Նշված գույքային միավորների նկատմամբ գրանցված իրավունքներ ունեցող անձանց հայտնաբերման ուղղությամբ տարվող աշխատանքների, Կադաստրի կոմիտեի կողմից ներկայացված տեղեկատվության մեծ ծավալի և դրա մշակման ժամանակատարության պատճառով հնարավոր չէ օտարման գործընթացն իրականացնել մինչև 2021 թ․-ի մայիսի 31-ը»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ։ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի համաձայն՝ հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կառավարության սահմանած կարգով և ժամկետներում լիազոր մարմինը կազմում է օտարվող սեփականության նկարագրության արձանագրությունը, Ըստ նախագծի՝ կառավարության որոշման մեջ նշված փոփոխությունը կատարելուց հետո հնարավոր կլինի կազմել նկարագրության արձանագրությունները, ավարտել օտարման գործընթացը և ավարտին հասցնել ծրագրի իրականացումը: Նախագծով սահմանվում է նաև, որ նկարագրության արձանագրությունները կկազմի լիազոր մարմին ճանաչված Էկոնոմիկայի նախարարությունը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, կառավարության անցած տարվա որոշման հետևանքով հանրության գերակա շահ էր ճանաչվել նաև Ապարան համայնքի Եղիպատրուշ գյուղի բնակիչների սեփականություն համարվող վարելահողերը և տնամերձ հողամասերը։ Եղիպատրուշցիները հայտարարել էին, որ այս թեմայով հանրային լսումներ չեն իրականացվել։ Վերջին ամիսների ընթացքում Եղիպատրուշի բնակիչները բողոքի ակցիաներ են իրականացրել [1,2] Կառավարության մոտ՝ հայտարարելով, որ դեմ են իրենց սեփականությունը հանրային գերակա շահ ճանաչելու կառավարության որոշմանը։
11:09 - 05 մայիսի, 2022
Աբովյան փողոցից բերման ենթարկվեց քայլերթ իրականացնող ցուցարարների մեծ մասը

Աբովյան փողոցից բերման ենթարկվեց քայլերթ իրականացնող ցուցարարների մեծ մասը

Ինչպես արդեն հայտնել ենք, Ֆրանսիայի հրապարակից ընդդիմադիր ցուցարարների մի խումբ՝ Գեղամ Մանուկյանի գլխավորությամբ, քայլերթ էր սկսել: Նրանք քայլերթով հասել էին Աբովյան փողոց, որտեղ երթևեկությունը կանգ չէր առել, մեքենաները մեկ գծով շարժվում էին: Գետնանցումին մոտ հատվածում, սակայն, ոստիկանները բերման ենթարկեցին մեկ քաղաքացու, որը ինչպես հետո հայտնեց Մանուկյանը, Սայաթ Շիրինյանն էր: Դրանից հետո ցուցարարները որոշեցին նստել Աբովյան փողոցում և այդպես փակել այն: Ոստիկանությունը սկսեց բերման ենթարկել նաև նրանց:  Ցուցարարների մեծ մասը բերման ենթարկվեց, մյուսները ոստիկանների հորդորով երթը շարունակեցին մայթով: Միայն պատգամավորներ Գեղամ Մանուկյանն ու Աննա Գրիգորյանը քայլերթն իրականացրին Կորյուն փողոցով դեպի Մաշտոցի պողոտա: Այս խումբը հասավ Ֆրանսիայի հրապարակ: Միաժամանակ ցուցարարների երկու խումբ քայլերթ է անում Կորյունի և Մոսկովյան փողոցներով:   Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»
10:43 - 05 մայիսի, 2022
«Ով էս պայքարի հետ չի, ինքը նիկոլ ա, որովհետև սա ժողովրդի պայքարն է»․ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում ամփոփեց բողոքի ակցիաների հերթական օրը

«Ով էս պայքարի հետ չի, ինքը նիկոլ ա, որովհետև սա ժողովրդի պայքարն է»․ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում ամփոփեց բողոքի ակցիաների հերթական օրը

Այսօր ևս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները ավարտվեցին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքով։ Իշխան Սաղաթելյանը ամփոփեց օրը՝ հայտարարելով, որ իրենք Ազգային ժողով չէին գնացել այդ շենքը գրավելու։ Նշենք, որ այսօր ԱԱԾ-ն և ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություններ էին տարածել՝ զգուշացնելով, որ  Երևան քաղաքում անցկացվող հավաքի որոշ մասնակիցներ մտադիր են մայիսի 4-ին կայանալիք ՀՀ ԱԺ նիստի ընթացքում զավթելու ԱԺ շենքը: Սաղաթելյանը ասաց․ «Մենք ունեինք նպատակ իր (Նիկոլ Փաշինայնի- խմբ․) ճակատին ասելու, որ «դու լեգիտիմ չես, մանդատ չունես, ռադդ քաշի»։ Խորհրդարանական խմբակցությունները դա արեցին ներսում, մենք արեցինք Բաղրամյան, իսկ հետո Դեմիրճյան փողոցները բացելով»։ Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ներկա էին նաև ընդդիմության մի շարք պատգամավորներ, որոնք էլ հենց հայտնեցին, որ պահանջում են Փաշինյանի հրաժարականը՝ նշելով դրա պատճառները։ Դեմիրճյան փողոցը այսօր | Infocom Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ Ազգային ժողովի շենքի մեջ իշխանություն չկա, իշխանությունը փողոցում է, իրենց ձեռքում է․ «Էդ շենքի ներսում Նիկոլն ուներ 2000 ոստիկան, Նիկոլն էլի արյուն է ուզում, կրկին հայի արյուն է ուզում։ Այդ արյունը չի լինելու, բայց նրան ռադ ենք անելու։ Ուրեմն՝ սրանից հետո որևէ մեկը չդրդի մի տեղ, որտեղ արյուն է թափվելու, մենք նրան հեռացնելու ենք առանց արյան։ Այն քաղաքացուն, որին ինքը վրաերթի ենթարկեց, պետք է լինի Նիկոլի վերջին զոհը»։ Խոսելով ԱԳՆ շենք մտնելու և այնտեղ Արցախի դրոշը տեղադրելու մասին՝ նա դիմեց հրապարակում հավաքված քաղաքացիներին ու ընդգծեց, որ «այս պահից սկսած՝ ձեր առջև որևէ փակ դուռ չկա»։ Նշենք, որ այսօր Ազգային ժողովի շենքից ցուցարարները քայլերթով հասել էին Վազգեն Սարգսյան փողոց՝ ԱԳՆ շենքի բակ, որտեղ ոստիկանների հետ հրմշտոցից հետո միայն Իշխան Սաղաթելյանին թույլատրվել էր մտնել արտաքին գերատեսչության շենք ու այնտեղ տեղադրել Արցախի Հանրապետության դրոշը։ ԱԳՆ շենքին հարակից Վազգեն Սարգսյան փողոցն այսօր | Infocom Սաղաթելյանը նաև անդրադարձավ երրորդ ուժերի առկայության մասին խոսակցություններին․ «Էս հարթակը բոլորինն է, եկեք, մասնակցեք, բայց եթե մեկդ ուզում է՝ մենք ձախողենք, չենք ձախողելու․․․ Ով էս պայքարի հետ չի, ինքը նիկոլ ա, որովհետև սա իմ պայքարը չի, որևէ կուսակցության պայքարը չի, սա ժողովրդի պայքարն է»։ Նա բեմից վստահեցրեց Փաշինյանի հրաժարականը պահանջող, հանրահավաքի մասնակից քաղաքացիներին, որ շատ մոտ են իրենց նպատակին․ «Էդ ՔՊ-ները իրենց նեղ շրջանակներում քննարկում են՝ Նիկոլին ժերտվա տանք, գոնե մենք պրծնենք։ Դուք հաղթանակին շատ մոտ եք, ժողովուրդ ջան»։ Սաղաթելյանը նաև հայտնեց, որ վաղը առավոտից սկսվում են անհնազանդության բողոքի ակցիաները։ Գլխավոր լուսանկարը՝ «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջից
21:41 - 04 մայիսի, 2022
Իսրայելցի վարձկաններն Ուկրաինայում կռվում են ««Ազովի» գրոհայինների հետ՝ թիկունք-թիկունքի»․ Զախարովա

Իսրայելցի վարձկաններն Ուկրաինայում կռվում են ««Ազովի» գրոհայինների հետ՝ թիկունք-թիկունքի»․ Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ուկրաինայում «փաստացի «Ազովի» գրոհայինների հետ թիկունք-թիկունքի կանգնած են իսրայելցի վարձկանները», հայտնում է Meduza-ն։ Զախարովայի պնդմամբ՝ ինքը տեսել է «տեսանյութեր, նյութեր», որոնք հաստատում են դա։ Այդ նյութերի մասին մանրամասներ նա չի հաղորդել։ «Ինչպե՞ս է պետք դրան վերաբերվել։ […] Ինչպե՞ս է դա հնարավոր»,- ասել է Զախարովան «Սպուտնիկ» ռադիոյի եթերում։ Նա նշել է, որ այդ տեղեկությունները «հազիվ թե ցանկանան լսել» Իսրայելի քաղաքական գործիչները, որոնք «հիմա տեղեկատվական արշավ են վարում»։ Նշենք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 1-ին իտակալան հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ «Հիտլերը հրեական արյուն է ունեցել», իսկ «ամենամոլի հակասեմականները, որպես կանոն, հրեաներն են»։ Այս խոսքերն ասվել են այն համատեքստում, թե Ուկրաինայի իշխանությունը «սատարում է նացիստներին»՝ չնայած երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրեական ծագմանը։ Իսրայելի ղեկավարությունը Լավրովին մեղադրել է ստի և ռասիզմի համար։   Նորա Վանյան
20:15 - 04 մայիսի, 2022
Ցուցարարները ԱԳՆ շենքի դիմաց էին․ ոստիկանները միայն Իշխան Սաղաթելյանին թույլ տվեցին մտնել ներս ու այնտեղ տեղադրել Արցախի դրոշը

Ցուցարարները ԱԳՆ շենքի դիմաց էին․ ոստիկանները միայն Իշխան Սաղաթելյանին թույլ տվեցին մտնել ներս ու այնտեղ տեղադրել Արցախի դրոշը

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները Ազգային ժողովի շենքի դիմացից հասան ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց։ Հասնելով այնտեղ՝ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ 20 հոգով մտնում են շենք՝ այնտեղ տեղադրելու Արցախի դրոշը։ Սակայն ԱԳՆ բակ մտան ավելի մեծ թվով քաղաքացիներ։  Այդ ժամանակ էլ հրմշտոց սկսվեց նրանց ու ոստիկանների միջև։ Որոշ ժամանակ անց ցուցարարներից մեկը բակում բարձրացրեց Արցախի դրոշը, բայց Իշխան Սաղաթելյանի կոչով նորից հանեց այն։ Վերջինս ցուցարարներին ասաց, որ խախտել են պայմանավորվածությունը, որ միայն 20 հոգով պետք է մտնեին շենք, ու հորդորեց նրանց դուրս գալ բակից։ Այնուհետև բակ մտած ցուցարարները դուրս եկան և հավաքվեցին հարակից Վազգեն Սարգսյան փողոցում։ «Ինֆոքոմ»-ի լրագրողի հարցին, թե որտեղ և ինչպես են պատրաստվում տեղադրել դրոշը, Սաղաթելյանն ասաց՝ վերևում են ուզում դնել, և իրենց դրա համար համաձայնություն պետք չէ։ Սաղաթելյանը նշեց, որ ցանկանում են դրոշը տեղադրել շենքի մոտ, որ ծածանվի ԱԳՆ բակում։ Նա հայտնեց, թե կարող են ուժով անել դա, սակայն այս պահին չենք ցանկանում այդ քայլին գնալ։ Ոստիկանները միայն պատգամավոր Իշխան Սաղաթելյանին թույլ տվեցին մտնել ԱԳՆ շենք՝ Արցախի դրոշը տեղադրելու։ Նա մոտ մեկ րոպե անց դուրս եկավ։  «Մեր առաջ որևէ փակ դուռ չկա։ Մենք կարող էինք զոռով մտնել, բայց մտանք, տեղադրեցինք, որոցվհետև սա ձեր կամքն էր։ Էս շենքը, էստեղ նստած յուրաքանչյուր դիվանագետ պետք է պայքարի Արցախի ինքնորոշման իրավունքի համար»,- հայտարարեց նա՝ հավելելով, որ շենքում նստած նախարարից (ԱԳ նախարար Արարատ Միրզոյան) սկսած՝ բոլորը պետք է իմանան, որ իրենց ժամանակը արդեն սպառված է։
19:49 - 04 մայիսի, 2022
Կրեմլը հետևում է ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի նախապատրաստմանը․ Պեսկով

Կրեմլը հետևում է ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի նախապատրաստմանը․ Պեսկով

Կրեմլը հետևում է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի նախապատրաստման գործընթացին՝ հաշվարկելով իրադարձությունների զարգացման հնարավոր տարբերակները, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Սրանք դեռ պլաններ են, այնտեղ քննարկումը շարունակվում է»,- ասել է նա։ Այսպես է Կրեմլի ներկայացուցիչը մեկնաբանել եվրադիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքերն այն մասին, որ Եվրամիությունը նախապատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որի շրջանակում ռուսական որոշ բանկեր կանջատվեն SWIFT-ից, ապատեղեկատվության համար պատասխանատուների նկատմամբ միջոցներ կձեռնարկվեն և ռուսական նավթի ներկրման դեմ պայքարը կշարունակվի։ Պեսկովի խոսքով՝ այն երկրները, որոնք փորձում են վնաս հասցնել Ռուսաստանին՝ պատժամիջոցներ կիրառելով, ստիպված են լինելու նույնպես մեծ գին վճարել։ «Դա երկսայր զենք է։ Փորձելով վնաս հասցնել մեզ՝ նրանք նույնպես ստիպված կլինեն մեծ գին վճարել, և արդեն անում են դա։ Եվ այդ պատժամիջոցների գինը Եվրոպայի քաղաքացիների համար ավելանալու է ամեն օր»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։   Նորա Վանյան
19:21 - 04 մայիսի, 2022
ԵՄ-ն հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթում ռուսական նավթի ներառման մասին

ԵՄ-ն հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթում ռուսական նավթի ներառման մասին

Եվրամիությունն այսօր հայտարարել է Ռուսաստանի դեմ ամենախիստ պատժամիջոցների սահմանման մասին, որոնք վերաբերում են նաև նավթի նկատմամբ փուլային էմբարգոյի կիրառմանը։ Սա տեղի է ունեցել Կիևի այն հայտարարության ֆոնին, որ Մոսկվան ուժեղացնում է գրոհն Ուկրաինայի արևելքում, և որ Ռուսաստանի դաշնակից Բելառուսը լայնամասշտաբ զորավարժություններ է հայտարարել, գրում է Reuters-ը։ Եվրահանձնաժողովն առաջարկել է վեց ամսվա ընթացքում փուլ առ փուլ հրաժարվել ռուսական անմշակ նավթի և նավթամթերքի մատակարարումներից մինչև 2022 թ-ի ավարտը։ Այս հայտարարության պատճառով «Բրենտ» տեսակի նավթի գներն աճել են 4%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց ավելի քան 109 դոլարի։ «[Նախագահ Վլադիմիր] Պուտինը պետք է բարձր գին վճարի իր դաժան ագրեսիայի համար»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ Հունգարիան և Սլովակիան ցանկանում են դեռևս չմասնակցել նավթի էմբարգոյին, հայտնել են Reuters-ի աղբյուրները։ Ֆոն դեր Լյայենը հայտարարել է նաև ռուսական «Սբերբանկի» և ևս երկու բանկերի, պետական երեք հեռուստաընկերությունների դեմ սահմանափակումների, ինչպես նաև անհատական պատժամիջոցների մասին։   Նորա Վանյան
18:33 - 04 մայիսի, 2022
Ընդդիմությունը Փաշինյանին հրաժարականի պահանջ ներկայացրեց և լքեց դահլիճը, վերջինս էլ արձագանքեց՝ «ոնց միշտ փախել եք, տենց միշտ փախնելու եք»

Ընդդիմությունը Փաշինյանին հրաժարականի պահանջ ներկայացրեց և լքեց դահլիճը, վերջինս էլ արձագանքեց՝ «ոնց միշտ փախել եք, տենց միշտ փախնելու եք»

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության մի քանի պատգամավորներ այսօր գնացել էին Ազգային ժողով, որտեղ Կառավարության հետ հարցուպատասխանի օր է։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց, որ ԱԺ-ում են՝ ժողովրդի կողմից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը ներկայացնելու համար։ Այդ պահանջը հետևյալն է․ «ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, տապալելով Արցախյան հակամարտության բանակցային գործընթացում հայկական շահերը պաշտպանելու գործը, բերել է պատերազմ ու պարտություն, խոստովանել է, որ կարող էր կանխել պատերազմը ու խուսափել հազարավոր զոհերից, բայց չի արել դա։ 2021-ի հունիսին խոստացել էր 1-2 ամիս անց վերադարձնել գերիներին, բայց մինչ օրս չունենք գերիներին։ Իր նախընտրական ծրագրով խոստացել է, որ վարելու է Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցման քաղաքականություն ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման միջոցով, բայց պնդել է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո, և որ առաջնահերթ է համարում Արցախի տարածքների դեօկուպացիան, սակայն փաստացի իրականացնում է «Ղարաբաղն Ադրբեջան է և վերջ» քարոզն ու պաշտպանում Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման, այն է՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու թուրք-ադրբեջանական տեսակետը։ Խոստացել է թռիչքաձև տնտեսական աճ, բայց աճում են պետական պարտքը, աղքատությունը, գները և մահերը։ Չի կատարել բազմաթիվ խոստումներ, որոնցից վերջինը ողբերգական ավարտ ունեցավ, պադավատապետության դեմ խոսացող, կարմիր լույսի տակ իր ավտոշարասյան կանգնեցնելը և հետիոտներին զիջելը որպես ձեռքբերում ներկայացնող Փաշինյանի ավտոշարասյունը սպանեց կնոջը և դեռ չծնված երեխային։ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ, չունի մեր պետությունը նոր զիջումների տանելու մանդատ և պետք է հրաժարական տա»։ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ բանակցային գործընթացը տապալել է Սերժ Սարգսյանը, որն այդ մասին խոստովանել է 2018 թ․ ապրիլի 17-ին Ազգային ժողովի ամբիոնից արած հայտարարությամբ՝ ասելով, որ բանակցային գործընթացը կանգնած է, որովհետև Ադրբեջանի պահանջները անիրատեսական և անընդունելի են մեզ համար։ «Սերժ Սարգսյանն է այս ամբիոնից հայտարարել ապագա պատերազմի մասին՝ ասելով, որ այլևս երկար ժամանակ մենք չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը չի փորձի պատերազմի ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը»,- նշեց Փաշինյանը։ Նա հիշեցրեց, որ պատերազմի օրը ԱԺ ամբիոնից ասել է« Ես հենց հիմա կարող եմ կանգնեցնել պատերազմը, դրա համար կա պայման, պետք է համաձայնենք, որ ԼՂ-ն պետք է լինի Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի նման կարգավիճակ ունեցող մի միավոր, այսինքն՝ Ադրբեջանի կազմում, եթե վերադառնանք և միացնենք այս տրամաբանությունը Սերժ Սարգսյանի առաջ քաշած տրամաբանությանը, կստացվի հետևյալը, որ, ըստ էության, պատերազմը կանխելու համար անհրաժեշտ էր ընդունել Ադրբեջանի անիրատեսական անընդունելի պահանջները, այսինքն՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում»։ Նիկոլ Փաշինյանը նաև ասաց․ «Խոսում եք նշաձողերի մասին։ Մի անգամ այս դահլիճում այդ թեմայով շատ մակերեսային երկխոսություն իրար հետ մենք ունեցել ենք, հիշեցումս հետևայլի մասին էր, ես ուզում եմ արձանագրել, որ երբ նաև ձեր իշխանությունը, դուք այդ ժամանակ եղել եք կառավարության մաս, ՀՀ-ն ընդունել է Մադրիդյան սկզբունքները՝ որպես բանակցությունների հիմք, այդ պահից դուք ճանաչել եք Ղարաբաղը Ադրբեջանի կազմում»։  Փաշինյանը Ռուստամյանին առաջարկեց արձագանքել։ Վերջինս նշեց․ «Էս ժամանակային անհավասարությունը բնականաբար չի տալի հնարավորություն, որ Ձեզ, պարո՛ն Փաշինյան, ավելի մանրամասն ներկայացնենք, որ Դուք չեք տիրապետում Ղարաբաղի հարցի կարգավորմանը։ Ի սկզբանե այդպես է եղել, հիմա էլ Դուք դա շարունակում եք անել։ Եթե Ձեզ թվում է, թե նախկինների վրա մեղքեր բարդելով՝ Դուք կարող եք արդարացնել այն, ինչ բերել եք այս երկրի գլխին, դուք հիմա չարաչար սխալվում եք»։ Ռուստամյանը հիշեցրեց Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ Արցախը Ադրբեջանի կազմից դուրս լինելու տեսական հնարավորությունները 2016 թ․-ից սպառվել են․ «Եթե Դուք էդ տեսակետի վրա եք, մնում եք վարչապետ, որ ի՞նչ անեք։ Որ թողնեք Արցախը Ադրբեջանի կազմո՞ւմ»։  Արմեն Ռուստամյանի խոսքից հետո ընդդիմադիրները որոշեցին լքել դահլիճը։  «Ախ, չե՞ք ուզում լսել, բա էդպես ասեք։ Ոնց միշտ փախել եք, տենց միշտ փախնելու եք»,- ասաց Փաշինյանը, իսկ նրա խոսքերի ընթացքում ՔՊ պատգամավորները սկսեցին ծափահարել։ ԱԺ նիստն ընդհատվեց։
17:32 - 04 մայիսի, 2022
Վանեցյանը հանրահավաքի ժամանակ Քոչարյանի ունեցվածքի մասին չի խոսել․ FreeNews-ը կեղծում է

Վանեցյանը հանրահավաքի ժամանակ Քոչարյանի ունեցվածքի մասին չի խոսել․ FreeNews-ը կեղծում է

Կառավարող ուժի քարոզչամեքենայի մաս կազմող FreeNews.am լրատվականը, որն ունի վերգետնյա հեռարձակման իրավունք, այսօր հրապարակել է «Վանեցյանը հանրահավաքին՝ Քոչարյանի միլիոնների մասին» վերտառությամբ մի տեսանյութ, որում երեւում են ընդդիմադիրների վերջին հանրահավաքներից տարբեր կադրեր, ֆոնին էլ հնչում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի խոսքը։  Տեսանյութում, մասնավորապես, ցուցադրվում է ընդդիմադիրների հանրահավաքներից մեկին «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի, ապա Արթուր Վանեցյանի մասնակցության դրվագը, իսկ կադրում զուգահեռաբար վերջինիս հայտարարությունն է լսվում Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի մասին․ «Ունենք ցուցմունք, Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ունեցվածքի մասին, որ ինքը հեռուստատեսությամբ հանդես է գալիս եւ ասում՝ մենք ոչ մի բան չունենք, փաստերով, փաստերով կխոսենք եւ կհրապարակեմ՝ ով ինչ ունի եւ ոնց ա ձեռք բերել, ոնց ա ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը 6 մլն դոլար կաշառք վերցնելու արդյունքում, եւ մնացած այլ-այլ ունեցվածքները։ Մի խոսքով՝ ունենք՝ սխեման ոնց ա գալիս եւ հասնում, Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը վերջում դառնում սեփականատեր, եւ ունենք էդ գումարը ոնց փոխանցվեց Քոչարյանի ընտանիքին, խոսքը գնում ա հարյուրմիլիոնավոր դոլարների մասին, մի մասը՝ դրսի բանկերում, մի մասը՝ ստեղի բանկերում»։  Վանեցյանը, սակայն, այս հայտարարությունը չի արել ընդդիմադիրների հանրահավաքի ժամանակ, ինչպես փորձ է արել ներկայացնել լրատվականը։ Այն, իրականում, գրեթե չորս տարվա վաղեմություն ունի․ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին, երբ Վանեցյանը դեռ Ազգային անվտանգության ծառայության տնօրենն էր, Քոչարյանի ունեցվածքին վերաբերող այդ տեղեկությունները հրապարակեց իր ու այդ ժամանակ Հատուկ քննչական ծառայության, այժմ Հակակոռուպցիոն կոմիտեի պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հայտնի հեռախոսազրույցի հրապարակումից (որի ժամանակ վերջիններս «Մարտի 1»-ի գործն էին քննարկում) հետո հրավիրված ասուլիսի ընթացքում։ FreeNews-ը Վանեցյանի այդ հայտարարությունից վերցրել է ձայնն ու փորձել սինխրոնացնել հանրահավքներից մեկի ժամանակ ելույթ ունեցող Վանեցյանի շուրթերի շարժումներին, սակայ տեսանյութը փոքր-ինչ ուշադիր նայելիս ակնհայտ է դառնում, որ նրա արտաբերած բառերն ու հնչող ձայնը համապատասխան չեն։ Կադրը, որտեղ Վանեցյանն, իբր, Քոչարյանի ունեցվածքի մասին է խոսել, մայիսի 2-ին Ֆրանսիայի հրապարակում ունեցած ելույթից է, որտեղ Վանեցյանը լրիվ այլ բանի մասին է խոսում, իսկ ավելի կոնկրետ՝ օրվա կառավարող ուժին կոչ է անում հեռանալ՝ պնդելով, որ վերջինս ձախողել է բոլոր ուղղություններով։ Իսկ մյուս կադրը, որտեղ Քոչարյանն է երեւում՝ հայացքը ուղղված Ֆրանսիայի հրապարակում տեղադրված բեմահարթակին, դարձյալ նույն օրվա հանրահավաքից է, սակայն այդ դրվագի ժամանակ ելույթ էր ունենում ոչ թե Վանեցյանը, այլ ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը, եւ Քոչարյանի հայացքը ուղղված էր նրան։  Այսպիսով, FreeNews լրատվական կայքը, որի գլխավոր խմբագիրը եւ տնօրենը Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կինն է, հրապարակել է տեսանյութ, որտեղ հնչող հայտարարությունը, թեեւ իրականությանը համապատասխանում է, սակայն այն ժամանակագրական կեղծիք է պարունակում․ Արթուր Վանեցյանն ընդդիմության հանրահավաքի ժամանակ իր ելույթում Քոչարյանի ունեցվածքի մասին չի խոսել։ Այդ հայտարարությունն արվել է, երբ Վանեցյանը ԱԱԾ տնօրենն էր, իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ։ Հայարփի Բաղդասարյան
16:04 - 04 մայիսի, 2022
Անչափահասներ են բերման ենթարկվել, և մեր միջամտությամբ անմիջապես ազատ են արձակվել․ Գրիգորյանը անդրադարձավ ՄԻՊ արագ արձագանքման խմբերի աշխատանքին

Անչափահասներ են բերման ենթարկվել, և մեր միջամտությամբ անմիջապես ազատ են արձակվել․ Գրիգորյանը անդրադարձավ ՄԻՊ արագ արձագանքման խմբերի աշխատանքին

«Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը այսօր՝ ՄԻՊ տարեկան զեկույցի ներկայացման ընթացքում Քրիստինե Գրիգորյանին ոստիկանության բաժանմունքներում ՄԻՊ գրասենյակի արագ արձագանքման խմբերի հավաքած փաստերի մասին․  «Երեկ  ՄԻՊ գրասենյակը հաղորդագրություն տարածեց, ըստ որի ՄԻՊ արագ արձագանքման խմբերը այցելել են ՀՀ-ի, մասնավորապես Երևան քաղաքի 8 ոստիկանության բաժանմունք, և արձանագրել են որոշ դեպքեր։ Նույն իրականությունը մենք տեսնում ենք ԶԼՄ-ներով պարբերաբար լուսաբանվող կադրերում մի քիչ այլ տեսանկյունից, մասնավորապես այն, որ իբր, որոշ դեպքերում խաղաղ ակցիա իրականացնողները ինչպես են ցանկանում սադրել ուժայինների աշխատակիցներին, ամեն գնով տանել բախման, որպեսզի կարողանան իրենց քաղաքական ցանկություններին հագուրդ տալ։Արցախը Երևանում փրկողների քաղաքական իրական ցանկությունների մասին ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու է հայտնի, ես կցանկանամ, որպեսզի դուք առավել մանրամասն խոսեք ոստիկանության բաժանմունքներում ձեր կողմից արձանագրված փաստերի մասին, որոնք գուցե տեղ չեն գտել կամ ևս մեկ անգամ հարկ եք համարում նշել ԱԺ ամբիոնից»,- հետաքրքվեց պատգամավորը։  Քրիստինե Գրիգորյանն էլ նշեց, որ  3 օրից ավելի է, ինչ ՄԻՊ խմբերը ոստիկանության բաժանմունքներում աշխատում են․ «Երեկ մենք նաև այցելել ենք Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի ոստիկանության բաժին։ Հիմնական խնդիրները, որ արձանագրել ենք, վերաբերում են բերման ենթարկված անձանց իրավունքների չպարզաբանման խնդիրներին, որոշ դեպքերում արձանագրել ենք  3 ժամից ավելի երկար պահման դեպքեր, ընդ որում՝ դրանք արձանագրումներն են են, որոնք կրել են շարունակական բնույթ, արձանագրել ենք դեպքեր, երբ անչափահասներ են բերման ենթարկվել, և մեր միջամտությամբ անմիջապես ազատ են արձակվել»։ Պաշտպանը նշեց՝  հիմնականում արձանագրել են խնդիրներ, որոնք վերաբերելի են անձի՝ լռության իրավունքից օգտվելու խոչընդոտմանը կամ որոշակիորեն կամ ստիպողաբար անձանց նույնականացմանը ոստիկանության կողմից։ «Սա անընդունելի պրակտիկա է։ Հիմնական խումբ խնդիրների մեջ է բերման ենթարկելիս ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի կիրառումը,  որոշ դեպքերում մենք փաստեր ունենք։ Բնականաբար յուրաքանչյուր առանձին դեպքում մենք վերլուծում ենք, թե տվյալ իրավիճակում բերման ենթարկող անձի գործողությունները որքանով են հիմքեր ստեղծում այդ ինտենսիվության, ուժի կիրառման համար։ Ցավալիորեն նաև ունեցանք դեպք, որ ոստիկանի ծառայողի կողմից բերման ենթարկման ընթացքում, երբ արդեն որևէ խոչընդոտ անձը չէր կարող ներկայացնել, ունեինք նաև գլխի շրջանում հատուկ հարվածների դեպքեր»։ Երեկ մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն էր տարածել այն մասին, որ որոշ փաստաբաններ բերման ենթարկված անձանց ուղղորդել են առանձնազրույցներ չունենալ ՄԻՊ աշխատակիցների հետ և որևէ տեղեկություն նրանց չհայտնել։ Անդրադառնալով այս հայտարարությանը՝ Գրիգորյանն պնդեց՝ խոսքը քչաթիվ փաստաբանների մասին է։  «Վստահաբար կարող եմ պնդել, որ սրանք եղել են անհատական  նախաձեռնություններ, որովհետև պիտի ասեմ, որ Փաստաբանների պալատի հետ պաշտպանի հաստատությունը ավանդաբար լավ համագործակցային հարաբերություններ ունի, և սա մի ուղղություն է, որ ես նույնպես շատ մեծ ակտիվությամբ շարունակելու եմ։ Պիտի նշեմ, որ այդ փաստաբանները անուն հռչակած կամ հանրության շրջանում հայտնի փաստաբաններ չէին, ի պատիվ շատ փաստաբանների, ում հետ մեր արագ արձագանքման խմբերը հանդիպել են բաժիններում, փաստաբանները ցույց են տվել շատ համագործակցային վարքագիծ և բարձր են գնահատել պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերի արձագանքը»։
13:41 - 04 մայիսի, 2022
Քողարկված հեղափոխականություն է ասպարեզ եկել․ Վիգեն Խաչատրյանը անդրադարձավ ընդդիմության ակցիաներին

Քողարկված հեղափոխականություն է ասպարեզ եկել․ Վիգեն Խաչատրյանը անդրադարձավ ընդդիմության ակցիաներին

Ազգային ժողովի  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը այսօր՝ ԱԺ նիստի ընթացքում անդրադարձավ ընդդիմության ակցիաներին։«Նրանց անցյալում սպասարկող որոշ ուժային կառույցներ շարունակում են իրենց գործունեությունը, անօրինական ձևով հարստություն ձեռք բերված որոշ ճարպիկներ փորձում են էլ ավելի հարստություն ունենալ։ Գործարար աշխարհին պատկանող մեքենաներ են դուրս գալիս ու փողոց են փակում, փոխարենը մարդկանց սպասարկեն ու ճանապարհները սարքեն»,- ասաց պատգամավորը։  Խաչատրյանի խոսքով՝ այս իրավիճակում օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ․ «Մի բան է, երբ իշխանությունը բռնազավթված է, հասարակությունը՝ համոզված է, որ կաշառքով, չգիտեմ ինչով ձևավորվել է և ընդվզում է, մի բան է, որ ինչ-որ հրոսակախմբեր օրինական իշխանությունը փորձում են ու տապալել ու զավթել իշխանություն։ Այդ ժամանակ անհնազանդություն չի սա, և այդ ժամանակ օրենք է պետք։ Ինչքա՞ն կարելի է փողոցը փակած պահել, ովքե՞ր կարող են փողոցը փակել, իսկ ինչ իրավունքներ ունեն քաղաքացիները, որոնք այդ ընթացքում տուժում են»։ Նա ասաց, որ քողարկված հեղափոխություն է ասպարեզ եկել․ «Քողարկված հեղափոխականություն է ասպարեզ եկել, պատահական չէ, որ այդ բառը կրող կուսակցություն է այս ամենը ղեկավարում, հեղափոխականությունը իր հետ բերում է տգիտություն, ցինիզմ, լկտիություն, ոչ մի լավ բան չի բերում էդ քողարկված հեղափոխականությունը։ Իրական հեղափոխությունը այլ բան է, որ ցանկալի չէ, բայց տեղի է ունենում»։ Խաչատրյանի խոսքերին արձագանքեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը․ «Մենք ենք «մեղավոր», որ էդ ընկերություններում փայ չենք մտել, էդ ընկերությունները մերը չեն,  էդ ընկերությունները չեն վախենում իրենց քաղաքական դիրքորոշումը արտահայտեն, ժամանակին թե ընկերությունները, թե էն հայտնի շոու բիզնեսի աստղերը, որոնք վախում էին մի հատ ծպտուն հանեին, թե որոշ եկեղեցականներ, որոնք վախում էին քիթը Մարտի 1-ից սկսած իրանց էդ սև քողերի տակից հանեին, մենք ենք «մեղավոր»։  Ոչինչ, ես վստահ եմ, որ հետևություններ կարվի և վստահ եմ, որ այդ բոլոր խավերը նույնպես այդ հետևություններին շատ մոտիկից կծանոթանան»,-նշեց նա։
11:33 - 04 մայիսի, 2022