Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Կողմ ենք, որ առանց նախապայմանների Թուրքիայի հետ սահմանները բացվեն, և հարաբերությունները օր առաջ կարգավորվեն․Հակոբ Արշակյան |tert.am|

Կողմ ենք, որ առանց նախապայմանների Թուրքիայի հետ սահմանները բացվեն, և հարաբերությունները օր առաջ կարգավորվեն․Հակոբ Արշակյան |tert.am|

tert.am: Անկախության հաստատումից ի վեր, և այն պահից, երբ Թուրքիան սահմանները փակել է ՀՀ-ի հետ, վերջինիս դիրքորոշումը միշտ եղել է այնպիսին, որ մենք կողմ ենք առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման և սահմանների բացմանը։ Այս մասին ԱԺ հերթական նիստին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին։ «Հաղորդագրության համաձայն՝ Ռուբեն Ռուբինյան-Սերդար Քըլըչ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում, ի՞նչ դրական և կառուցողական մթնոլորտի մասին է խոսքը, կարո՞ղ եք պարզաբանել, թե, ի վերջո, որտեղ է ձեռք բերվել ներկայացուցիչներ ունենալու պայմանավորվածությունը՝ ՀՀ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորելու կամ կարգավորելու փորձ անելու համար»,-հարցրել էր Խամոյանը։
11:41 - 17 հունվարի, 2022
Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական նիստը. օրակարգում է նաև ՄԻՊ-ի ընտրության հարցը |armenpress.am|

Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական նիստը. օրակարգում է նաև ՄԻՊ-ի ընտրության հարցը |armenpress.am|

armenpress.am: Մեկնարկել է ՀՀ ազգային ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի առաջին նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունվարի 17-ին մեկնարկող նիստերի օրակարգում ընդգրկված է 25 հարց: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ կքննարկի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, երկրորդ ընթերցմամբ՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է կարգավորել օդանավակայանի տարածքում տաքսիների գործունեության հարցը: Նիստերի օրակարգում են նաև Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի ընտրության հարցերը: Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունը, իսկ ԿԲ նախագահի տեղակալի պաշտոնում՝ Հովհաննես Խաչատրյանի թեկնածությունը: 
10:17 - 17 հունվարի, 2022
Հայկ Սարգսյանն առաջարկում է զինծառայությունից ազատել զոհվածների եղբայրներին |hetq.am|

Հայկ Սարգսյանն առաջարկում է զինծառայությունից ազատել զոհվածների եղբայրներին |hetq.am|

hetq.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է պարտադիր զինծառայությունից ազատել մարտական գործողությունների զոհերի կրտսեր եղբայրներին: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերից է ընտանիքի միակ արու զավակ լինելը և միաժամանակ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ զինված ուժերում կամ այլ զորքերում կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր ունենալը: «Ունենք հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների կրտսեր եղբայրներ, ովքեր ենթակա են պարտադիր զինվորական ծառայության, քանի որ ընտանիքի միակ արու զավակը չեն: Նրանցից շատերի ծնողները գտնվում են ծանր հոգեբանական և սոցիալական վիճակում և չեն ցանկանում իրենց կրտսեր որդուն ևս ուղարկել զինվորական ծառայության: Ունենալով մեծ հարգանք իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած մեր հայրենակիցների ընտանիքի անդամների նկատմամբ՝ պետք է նաև պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն տանք այդ ընտանիքների մյուս անդամներին, որի արդյունքում զոհված զինծառայողների ընտանիքները ավելի հեշտ կհաղթահարեն հոգեբանական և իրենց առջև ծառացած սոցիալական խնդիրները»,- նշվում է նախագծում: Առաջարկվում է փոփոխություն կատարել օրենքում և հանել «ընտանիքի միակ արու զավակն է» բառերը՝ այդկերպ զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն տալ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին՝ անկախ այն հանգամանքից՝ նրանք հանդիսանում են ընտանիքի միակ արու զավակը, թե ոչ: Նախագծում ներկայացված չէ հաշվարկ, թե փոփոխությունների հետևանքով օրենքը քանի շահառու կարող է ունենալ, սակայն նշվում է, որ փոփոխություններից հետո պարտադիր զինվորական ծառայությունից ազատվող քաղաքացիների թիվը մեծ չի լինելու: Պատգամավորի հետ կապ հաստատել չհաջողվեց: Դեռ պարզ չէ՝ նախագծի վերաբերյալ ինչ դիրքորոշում կունենա պաշտպանության նախարարությունը: Հիշեցնենք, որ նախագիծը լիագումար նիստերի օրակարգ ներառվելու համար նախ պետք է ստանա գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը:
17:55 - 14 հունվարի, 2022
Գլխավոր դատախազությունը բացառում է Հայաստանում քաղաքական ազդեցությամբ կալանավորման առկայությունը. Ամիրյան |armenpress.am|

Գլխավոր դատախազությունը բացառում է Հայաստանում քաղաքական ազդեցությամբ կալանավորման առկայությունը. Ամիրյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ գլխավոր դատախազությունը բացառում է   քաղաքական ազդեցությամբ կալանավորման առկայությունը, թե որևէ վերադաս դատախազի կողմից կարող է ոչ իրավաչափ ցուցում, հրահանգ տրված լինել:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետի տեղակալ Կարեն Ամիրյանը ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ կազմակերպված քննարկմանը: Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի կարծիքով՝ կալանքը ընկալվում է որպես պատժամիջոց, ոչ թե խափանման միջոց: «Այսինքն` կալանքին տրվում են պատժի տարրեր: Դա և իրավական, և բոլոր իմաստներով, միջազգային կոնվենցիաներով չի կարող ընդունելի լինել: Ես հրավիրել եմ այս քննարկումը, որպեսզի մասնագիտական դաշտում հասկանանք, թե որտեղ է խնդիրը, ինչ կարող ենք անել»,- ասաց պատգամավորը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն էլ նշեց, որ 2021-ի հոկտեմբեր-նոյեմբերին փորձել է տեղեկություն ստանալ՝ խափանման միջոց կալանավորման մասով, և պատկերը ծայր աստիճան  անհանգստացրել է իրեն: «Խոսքը դատարանների ներկայացված կալանավորման միջնորդությունների 80 տոկոսից ավելին բավարարելու պատկերի մասին է: Սա չի կարող նորմալ լինել՝ այն տրամաբանությամբ, որ հազարավոր դեպքերում միայն կալանավորո՞ւմն է, որ բավարարում է 135-րդ հոդվածի հիմքերի պահանջներին»,- ասաց պատգամավորը: Միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանն էլ պնդեց, թե կալանավորումների թիվը նվազում է: «Դա վիճակագրությունն է ցույց տալիս: 14,5 տոկոս գլխավոր դատախազի հայտարարած թիվն է՝ հարուցված քրեական գորերի համեմատ: Գնալով նվազում է, իմ սեփական պրակտիկայից էլ կարող եմ ասել: Սակայն պետք է հասկանալ՝ ի՞նչն է պատճառը, որ որոշ գործերով, երբ ակնհայտորեն տեսնում ենք, որ կալանքը սպառել է իր նպատակները, անձը պահվում է կալանքի տակ»,- ասաց նա՝ այսպիսով, առաջարկելով կենտրոնանալ ոչ թե թվի, այլ բովանդակության վրա: ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետի տեղակալ Կարեն Ամիրյանը ևս առաջարկեց կենտրոնանալ բովանդակության վրա՝ սակայն նաև տեղեկացնելով, որ հատկապես 10-15 տարվա կտրվածքով բազմապատիկ անգամ տեղաշարժ կա, վերջին 1-2 տարվա կտրվածքով էլ նվազման միտումը հստակ է: Ամիրյանը տեղեկացրեց, որ դատախազությունը դեռ 2018-ի հունիսին մշակել և Արդարադատության նախարարություն է ուղարկել օրենսդրական փաթեթ: «Դատախազությունն առաջարկեց, որ ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների դեպքերում, այսինքն՝ մինչև 5 տարի ժամկետով ազատազրկում նախատեսող բոլոր դեպքերում, օրենսդրական փոփոխություն պետք է նախատեսվի և հստակ գրվի, որ կանխատեսողական մոտեցումից հրաժարվելու ժամանակն է: Մենք պետք է գնանք այն ճանապարհով, որ այս դեպքերում կոնկրետ վարույթ, միջնորդություն ներկայացնող մարմինը փաստական տվյալներ ներկայացնի դատարան, որի արդյունքում պետք է որոշվի, թե այդ մարդը ենթակա՞ է կալանավորման, թե ոչ»,-ասաց Ամիրյանը: Նախարարություն ուղարկված օրենսդրական նախաձեռնությամբ այլ փոփոխություններ ևս դատախազությունն առաջարկել է, սակայն, ըստ Ամիրյանի, այդ օրենսդրական փոփոխությանը դեռ վերջնական ընթացք չի տրվել: Ըստ նրա՝ եթե այդ նախագիծը ընդունվեր, նման քննարկում կրկին կլիներ, բայց գուցե շեշտադրումները լինեին ավելի մեղմ, քան հիմա են: Թագուհի Թովմասյանը հարցրեց, թե արդյոք դատախազությունը բացառո՞ւմ է կալանքների դեպքում քաղաքական ազդեցությունը, արդյոք չկա՞ն քաղաքական ազդեցության արդյունքում կալանավորված քաղաքացիներ: «Դատախազությունը բացառում է քաղաքական ազդեցությամբ կալանավորման առկայությունը, որ որևէ դատախազի պայմանականորեն իր վերադաս դատախազի, այդ թվում գլխավոր դատախազի կողմից կարող է ոչ օրինաչափ, ոչ իրավաչափ ցուցում, հրահանգ տրվի, որ կոնկրետ դեպքում անհրաժեշտ է ցուցում տալ քննիչին: Այս պայմաններում այդ իրավիճակում բացառում եմ: Հետևաբար, վստահաբար կարող եմ ասել, որ դա կոնկրետ հսկողություն իրականացնող դատախազի կամ իր վերադաս դատախազի տեսակետն է, ներքին համոզումն է: Այլ է հարցը՝ այդ ներքին համոզը կլինի իրավաչա՞փ, թե՞ ոչ, որը արդեն կգնահատի դատարանը»,- ասաց Ամիրյանը:
13:54 - 13 հունվարի, 2022
Երբ դատարանը կալանքը մերժում է, նախաքննական մարմինը գրավի այնպիսի չափ է սահմանում, որ անձը չկարողանա վճարել, և կրկին կալանքի հարց առաջանա. դատավոր |tert.am|

Երբ դատարանը կալանքը մերժում է, նախաքննական մարմինը գրավի այնպիսի չափ է սահմանում, որ անձը չկարողանա վճարել, և կրկին կալանքի հարց առաջանա. դատավոր |tert.am|

tert.am: Համաձայն եմ Դատախազության ներկայացուցչի հետ, որ վերջին տարիներին կալանքների հետ կապված միջնորդություններ ներկայացնելու պրակտիկան փոփոխվել է։ Մենք գրեթե չենք տեսնում ոչ մի միջին ծանրության հանցագործությունների դեպքում նման միջնորդություների ներկայացում։ Այս մասին ԱԺ-ում դատավորների մասնակցությամբ քննարկման ժամանակ ասաց դատավոր Արման Հովհաննիսյանը։ «Ի տարբերություն նախորդ տարիների, ծանր հանցագործությունների դեպքում չի ներկայացվում միջնորդություն, լայն թափ է ստացել գրավի ինստիտուտը։ Կան գործեր, երբ դատարանները քննում են դրանք` ողջամիտ կասկածը կամ կալանքի հիմքերը գնահատելու համար, և սկսվում են քննադատությունները, որ դատարանը դուրս է եկել լիազորությունների շրջանակներից, որ պետք չէ հիմնավոր կասկածին այսքան անդրադառնալ, պետք չէ այդքան խորանալ և այլն։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մենք գնում ենք ոչ թե ողջամիտ կասկածի տիրույթ, այլ գնում ենք զուտ բավարար կասկածի տիրույթ։ Դա վկայում են ներկայացված վարույթները, Վերաքննիչ կամ Վճռաբեկ բողոքները, բողոքների բովանդակությունը։ Այո, ես ընդունում եմ, որ առաջադրված մեղադրանքի հիմնավորվածությունը պետք է չքննարկվի, բայց լինում են դեպքեր, երբ դատարանը չի կարող ուղղակի չվերլուծել և գնահատականներ չտալ առաջադրված մեղադրանքին այն առումով, որ անձին առաջադրում են երեք մեղադրանք, բայց տեսնում ես, որ պետք է մեկ արարք որակվեր և ոչ թե մեկ արարքի համար երեք մեղադրանք, ինչպե՞ս դատարանը դրան գնահատական չտա։ Այնպիսի տպավորություն է, որ ավելի լավ է քիչ պատճառաբանել և անձը կալանավորվի, քան շատ պատճառաբանել և անձը  չկալանավորվի»,- ասաց Հովհաննիսյանը։ Հովհաննիսյանը նշեց, որ ստեղծվել է մի այնպիսի պրակտիկա, երբ դատարանները կալանքը մերժելուց սկսում են գերպատճառաբալ իրենց դատական ակտերը, այնինչ պետք է այդ պատճառաբանությունը ներկայացվի անձին կալանավորելու դեպքում։ «Դատավորները հասկանում են, որ խոցելի են դառնում, քննադատության են արժանանալու, և սկսում են գերպատճառաբանել, թե ինչու կալանք չեն տալիս»,- նշեց դատավորը։
13:19 - 13 հունվարի, 2022
Բաթոյանը հրավիրվել է «Հայաստան» հիմնադրամից բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննող հանձնաժողով |armenpress.am|

Բաթոյանը հրավիրվել է «Հայաստան» հիմնադրամից բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննող հանձնաժողով |armenpress.am|

armenpress.am: 2019-2020 թթ. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ներկայացնում է նախարարության մասով իրականացված աշխատանքները, պատասխանում պատգամավորների հարցերին: Բաթոյանի խոսքով, մասնավորապես պատերազմի շրջանում Հայաստանում միայն պետական միջոցներով կարող էին ապահովվել 3500 անձի համար կացության նվազագույն պայմաններ: «Նկատի ունենալով, որ 90 հազարից ավելի արցախցիներ էին Երևան ժամանում՝ այս մասով մենք չունեինք այլ տարբերակ, քան մեր հասարակության աջակցությանն ապավինելու: Եվ ի պատիվ մեր հայրենակիցների, նաև մասնավոր սեկտորի, մենք կարողացանք այնպես անել, որ որևէ արցախցի չգիշերի դրսում: Իհարկե շատ-շատ էին դժվարությունները, չեմ կարող ասել, որ խնդիրներ չկային»,-ասաց Բաթոյանը: Արցախցիների համար կացության, սննդի ապահովումը, ըստ Բաթոյանի, իրականացվել է հիմնականում մասնավոր սեկտորի, բարեգործական կազմակերպությունների միջոցով: «Այս ծրագրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամը որևէ անմիջական ֆինանսական աջակցություն չի իրականացրել»: Բաթոյանի խոսքով՝ նախարարությունը հիմնականում համակարգման աշխատանքներ է իրականացրել, երբ դիմել են բարերարներ, բարեգործներ, իրենք ուղղորդել են, որ այդ աջակցությունը լինի ուղղակիորեն: Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե արդյոք Բաթոյանը երբևէ մասնակցե՞լ է քննարկման, որտեղ խոսք կգնար կառավարությանը փոխանցվող՝ համահայկական հիմնադրամի միջոցների շրջանակում որոշակի ծրագրեր իրականացնելուն: Բաթոյանը հիշեց քննարկումներ, որոնք հատկապես ուղղված են եղել առողջապահական միջոցառումներին: «Ես կարող եմ հիշել հատկապես Շտապօգնության մեքենաների, առողջապահական ծառայությունների հետ կապված որոշակի միջոցառումներ, որտեղ ի սկզբանե հիշատակվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությունը»,-ասաց նա՝ նշելով, որ հիմնադրամի աջակցությունը հիմնականում ուղղված է եղել ոչ թե սննդի կամ կացության հարցերին, այլ հիմնականում առողջապահական հրատապ խնդիրների լուծմանը, որոնք առկա են եղել այդ ժամանակ:
17:15 - 12 հունվարի, 2022
Շահումով խաղերի, խաղատների գովազդը կսահմանափակվի. նախագիծը դրական եզրակացություն ստացավ ԱԺ հանձնաժողովում
 |1lurer.am|

Շահումով խաղերի, խաղատների գովազդը կսահմանափակվի. նախագիծը դրական եզրակացություն ստացավ ԱԺ հանձնաժողովում |1lurer.am|

1lurer.am: «Գովազդի մասին» օրենքում լրացումներ են առաջարկվում: Ըստ այդմ՝ արգելվում է շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կամ խաղասրահի կամ տոտալիզատորի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով, բացառությամբ իր պաշտոնական կայքի կամ խաղատների կամ շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ տոտալիզատորի (խաղասրահ, բուքմեյքերային գրասենյակ) շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա, ՀՀ սահմանային մուտքի կետերում, ինչպես նաև առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան, որակավորման պահանջներին և չափանիշներին համապատասխան հյուրանոցներում տեղադրվողների կամ սույն հոդվածով սահմանված դեպքերի, իսկ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի գովազդը թույլատրվում է նաև խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի վաճառակետերում: «2018 թվականի համեմատ 2020 թվականին այդ ոլորտում ունեցանք խաղադրույքների՝ 6 անգամ, խաղացողների՝ 3 անգամ աճ: Օրենքի ընդունումից հետո ունենալու ենք խաղատների, ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորների միասնական գովազդային դաշտ, ինչը նշանակում է, որ նման գովազդ կթույլատրվի միայն 4-աստղանի և բարձր հյուրանոցներում, սահմանային անցակետերում և այնտեղ, որտեղ նրանք գործունեություն կանեն: Մյուս վայրերում նման գովազդն արգելված կլինի»,- ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը: «Գովազդի սահմանափակումներ մտցնելով՝ խնդիրն ամբողջությամբ չի լուծվում, բայց սա լրացուցիչ գործոններից մեկն է, որով պետք է կանխել այս երևույթի հետագա ավելի արագ տարածումը: Վատ է,  որ ունենք այս իրավիճակը, երբ մեդիադաշտը «նստած է» բուքմեյքերական գովազդի ասեղի վրա, բայց ունենք այն, ինչ ունենք: Պետք է փորձենք պրոցեսն ավելի անցնցում կազմակերպել»,- ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: Նախագիծն առաջին ընթերցմամբ դրական եզրակացություն ստացավ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում:
12:35 - 12 հունվարի, 2022
«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է նվազագույն աշխատավարձը դարձնել 100 հազար դրամ |armenpress.am|

«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է նվազագույն աշխատավարձը դարձնել 100 հազար դրամ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկվում է Հայաստանում նվազագույն ամսական աշխատավարձը դարձնել 100 հազար դրամ: «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծով խմբակցությունը մասնավորապես առաջարկում է 68 հազար դրամի փոխարեն ամսական նվազագույն աշխատավարձը սահմանել 100 հազար դրամ: Ընդ որում ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում է, որ այդ փոփոխությունն ուժի մեջ մտնի 2022 թվականի հուլիսի 1-ից: Նախագծի հիմնավորումներով նշվում է, որ առաջարկի հիմքում դրված են մի շարք սոցիալ-տնտեսական հիմնավորումներ, մասնավորապես նկատի ունենալով Ազգային վիճակագրական կոմիտեի կողմից՝  ըստ Առողջապահության նախարարության կողմից մշակված սննդամթերքի կազմի, կառուցվածքի և էներգետիկայի հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին և աղքատության մակարդակին վերաբերող տվյալները:
16:08 - 11 հունվարի, 2022
Պետությունն անվճար կապահովի նաև մասնավոր դպրոցների 1-4-րդ դասարանների աշակերտների դասագրքերը

Պետությունն անվճար կապահովի նաև մասնավոր դպրոցների 1-4-րդ դասարանների աշակերտների դասագրքերը

ՀՀ ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի նախաձեռնած օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում ոչ միայն պետական, այլ նաև ոչ պետական դպրոցների 1-4-րդ դասարանների աշակերտների դասագրքերն ապահովել անվճար՝ այսինքն պետբյուջեի հաշվին: «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց հեղինակ Սիսակ Գաբրիելյանը: Պետական դպրոցներում տարրական դասարանի աշակերտներին դասագրքերը փաստացի անվճար, այսինքն պետբյուջեի հաշվին տրամադրվում է 1-4-րդ դասարանների աշակերտներին: «Այս առումով որոշակի խնդիրներ էին առաջանում ոչ պետական դպրոցների հատվածում: Կային որոշակի խոչընդոտներ, այդ դասագրքերի վաճառքն արգելվում էր: Բայց ստացվում էր այնպես, որ մենք փաստացի ունենք ոչ պետական դպրոցներ՝ 4 տասնյակից ավել, մի կողմից էլ օրենքն արգելում էր դասագրքերի վաճառքը, մյուս կողմից էլ մենք մեր օրենքներով պարտադրում էինք, որ այդ դպրոցները, անկախ իրենց իրավական կարգավիճակից, պետք է հենց այդ դասագրքերով, հենց այդ ծրագրերով անցկացնեն երեխաների կրթությունը: Եվ այստեղ էր հակասությունը, այդ դպրոցներն ամենատարբեր միջոցներով փորձում էին հայթայթել այդ դասագրքերը»,-ասաց Գաբրիելյանը: Պատգամավորը շեշտեց, սակայն, որ այդ դասագրքերը տրամադրվում էին ոչ թե դպրոցներին, այլ երեխային, և հետևաբար որևէ տարբերություն չպետք է դրվի, թե այդ երեխան որ դպրոց է հաճախում: Այսպիսով նախագծով առաջարկվում է սահմանել. «Տարրական հանրակրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների առաջինից չորրորդ դասարանների սովորողներին պետությունը պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար ապահովում է տարրական ընդհանուր կրթական ծրագրերով նախատեսված դասագրքերով»: Ոչ պետական դպրոցներում 1-4-րդ դասարանների աշակերտների թիվը 4018 է: ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն էլ հավելեց, որ խոսքը երեխաների կրթության իրավունքի մասին է, և դա պետք է կախված չլինի նրանից, թե երեխան որ դպրոցում է սովորում: «Եվ այո, ունենք իրավիճակ, որ 4000-ից մի փոքր ավել երեխաներ տարրական դասարաններում սովորում են ոչ պետական դպրոցներում: Եվ կարևոր է, որ պետական հոգածությունը և նրանց իրավունքի իրացումը տեղի ունենա նաև այդ պարագայում: Այդ փոփոխության արդյունքում գնահատականների համաձայն շուրջ 53 մլն դրամ պետք է հատկացվի: Հաջորդ տարվա բյուջետային հայտում արդեն համապատասխան շտկումները կարվեն, իսկ այս տարվա ընթացքում իրականացման հնարավորությունը նախարարությունը պատրաստ է քննարկել:
15:58 - 11 հունվարի, 2022
Արման Սարգսյանը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում է «ոչ այնքան լարված» |armenpress.am|

Արման Սարգսյանը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում է «ոչ այնքան լարված» |armenpress.am|

armenpress.am: Վերջին ժամանակաշրջանում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը մնում է ոչ այնքան լարված, սակայն որևէ մեկը չի կարող բացառել, որ յուրաքանչյուր պահի կարող է լինել որոշակի լարվածություն: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը: «Մանրամասներ չեմ կարող ներկայացնել, սակայն նույն բանը խորհուրդ եմ տալու: Ամեն ինչ մենք հրապարակում ենք, պաշտոնական տեղեկատվությունը տրված է, խորհուրդ կտամ հետևել լրահոսին: Ընդհանուր առմամբ, սադրանքներ և միջադեպեր եղել են և կարող են նորից տեղի ունենալ»,- ասաց Սարգսյանը: Նախարարի տեղակալը հորդորեց քաղաքացիներին հետևել պաշտոնական լրահոսին և դրան վստահել: «Եվ դուք համոզվել եք, որ որևէ գաղտնիք չի պահվել հասարակությունից: Միգուցե, մեկի գնահատմամբ մի փոքր ուշ,  մեկի գնահատմամբ շատ օպերատիվ, մենք տեղեկատվությունը տրամադրել ենք, և հանրությունը իրազեկվել է»,- ասաց Սարգսյանը:
13:49 - 11 հունվարի, 2022
ՔՊ-ն պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու չի առաջադրի |armenpress.am|

ՔՊ-ն պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու չի առաջադրի |armenpress.am|

armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշում է կայացրել Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու չառաջադրել՝ այն թողնելով թափուր: Այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: «Տևական ժամանակ է՝ մենք ականատես ենք լինում մի գործընթացի, որի ընթացքում ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կողմից Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում 14 անգամ առաջադրվել է միևնույն անձը (խմբ. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը) և մերժվել հանձնաժողովի կողմից: Այս ողջ ընթացքում բոլոր նիստերին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գործընկերները ներկայացրել են բոլոր օբյեկտիվ հիմնավորումները, որոնց արդյունքում ակնհայտ է, որ ընդդիմության ներկայացրած թեկնածուն չի կարող համապատասխանել տվյալ պաշտոնին: Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի հոդված 38-ի 12-րդ կետի համաձայն՝  տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը անցնում սահմանված կարգով խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը, այս դեպքում՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը»,- ասաց Հովհաննիսյանը: Խմբակցության քարտուղարը նշեց, որ 2021 թվականի դեկտեմբերի 14-ին, 21-ին և 28-ին «Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու չի առաջադրել և առաջարկել է ընդդիմադիր գործընկերներին քննարկումների ընթացքում նոր թեկնածու առաջադրել, ինչը տեղի չի ունեցել: «Չնայած այս հանգամանքին և ընդդիմության կողմից պարբերաբար հնչող կեղծ պնդումներին, թե իշխող խմբակցությունը ցանկանում է զավթել հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը վերահաստատում է, որ այս ողջ գործընթացում հետապնդել է բացառապես բնականոն աշխատանքը ապահովելու նպատակ և որպես վերը նշվածի ապացույց խմբակցությունը որոշում է կայացրել Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու չառաջադրել՝ այն թողնելով թափուր»,- ասաց Հովհաննիսյանը: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ այս հայտարարությունը հիմք է տալիս հանձնաժողովին չկատարել կանոնակարգ օրենքի այն պահանջը, ըստ որի հինգ օրը մեկ անգամ պետք է նիստ գումարել հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցով. նա պարզաբանեց՝ այդ նիստերը չեն գումարի այնքան ժամանակ, քանի դեռ թեկնածուի առաջարկ չի լինի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից:  «Առայժմ հասկացա, որ ՔՊ խմբակցությունն այս պաշտոնը թափուր է թողնում նաև հնարավորություն տալով «Հայաստան» խմբակցությանը գալ և նստել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ, քննարկել, թե ում թեկնածությունը կցանկանան ներկայացնել՝ Արթուր Ղազինյանից բացի: Եթե դա չի լինի, պաշտոնը թափուր կմնա, մինչև «Հայաստան» խմբակցությունը կկողմնորոշվի»,- եզրափակեց Քոչարյանը:
13:35 - 11 հունվարի, 2022
Զոհված կամ անհետ կորած զինծառայողների քույրերը կամ եղբայրները կարող են փոխհատուցում ստանալ, եթե նա չունի ծնողներ կամ կին․ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց |1lurer.am|

Զոհված կամ անհետ կորած զինծառայողների քույրերը կամ եղբայրները կարող են փոխհատուցում ստանալ, եթե նա չունի ծնողներ կամ կին․ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց |1lurer.am|

1lurer.am: ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ««ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: «Օրենքի նախագծով նախատեսվում է, որ զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ամուսինները, զավակները և ծնողները ստանում են փոխհատուցում: Բայց մենք ունենք նաև զոհված կամ անհետ կորած զինծառայողներ, ովքեր 18 տարեկան էին, ամուսնացած չէին, չունեին կին, զավակներ, նաև ծնողներ. իմ տեղեկություններով՝ խոսքը 16 զինծառայողի մասին է: Անհրաժեշտություն եմ տեսել, որ նման իրավիճակում օրենքում կատարենք փոփոխություն, որպեսզի նրանց քույրերը կամ եղբայրները փոխհատուցում ստանան»,- ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը: Հայկ Սարգսյանը նշեց, որ խնդրահարույց իրավիճակներից խուսափելու համար գումարը բաշխվելու է հավասարաչափ ընտանիքի անդամների միջև: Նրա խոսքով՝ փոխհատուցումը տրամադրելու է Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման հիմնադրամը: Քննարկմանը ներկա ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն էլ ներկայացրեց նախագծի վերաբերյալ Կառավարության դիրքորոշումը: «Ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ Կառավարությունը սկզբունքորեն առարկություններ չունի: Առաջարկվում է հատուցում ստացող շահառուների խմբում ներառել նաև զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի քրոջը, եղբորը, պապին, տատին, ինչպես նաև զինծառայողի հետ չգրանցված ամուսնության մեջ գտնվող անձին, եթե զինծառայողը չունի ամուսին, ծնող կամ զավակ: Առաջարկել ենք նաև զինծառայողի հետ չգրանցված ամուսնության մեջ գտնվող անձին շահառու ճանաչել միայն այն դեպքում, եթե այդ անձը և զինծառայողն ունեն համատեղ զավակ, ինչպես նաև զինծառայողի եղբորը և քրոջը շահառու ճանաչել միայն այն դեպքում, եթե տվյալ զինծառայողի մասով նախկինում որևէ այլ շահառու գումար չի ստացել»,- ասաց Սարգսյանը: 
12:17 - 11 հունվարի, 2022