ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

Այրվածքաբանության ազգային կենտրոնի բազայի վրա այսօր ծավալված տրիաժ կենտրոնը սկսել է ընդունել պացիենտների, այնտեղ հոսպիտալացված է 31 քաղաքացի․ Նիկոլ Փաշինյան

Այրվածքաբանության ազգային կենտրոնի բազայի վրա այսօր ծավալված տրիաժ կենտրոնը սկսել է ընդունել պացիենտների, այնտեղ հոսպիտալացված է 31 քաղաքացի․ Նիկոլ Փաշինյան

Այրվածքաբանության ազգային կենտրոնի բազայի վրա այսօր ծավալված տրիաժ (ընդունում, ախտորոշում, տեղափոխում) կենտրոնը արդեն սկսել է ընդունել պացիենտների: Այնտեղ վերջին տվյալներով արդեն հոսպիտալացված է 31 քաղաքացի, որից 3-ը՝ վերակենդանացման բաժնում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պացիենտները տրիաժ կենտրոններում թեստավորվում են և բուժօգնություն են ստանում մինչև թեստի պատասխանը, որից հետո տեղափոխվում են կորոնավիրուսային հիվանդության բուժումով զբաղվող հատուկ բժշկական կենտրոններ: Վարչապետի խոսքով՝ այս կենտրոնի բացումով որոշակի չափով կթեթևանա Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի բեռը, որը մինչ այս Երևանի միակ տրիաժ կենտրոնն էր:        
21:30 - 06 հունիսի, 2020
Հայաստանում այս պահին առկա է կորոնավիրուսային հիվանդությունը պարզելու համար անհրաժեշտ նմուշառման փայտիկների սղություն, առաջիկա օրերին սպասվում է մեծ խմբաքանակ

Հայաստանում այս պահին առկա է կորոնավիրուսային հիվանդությունը պարզելու համար անհրաժեշտ նմուշառման փայտիկների սղություն, առաջիկա օրերին սպասվում է մեծ խմբաքանակ

ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում այս պահին առկա է կորոնավիրուսային հիվանդությունը պարզելու համար անհրաժեշտ նմուշառման փայտիկների սղություն: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայի կենտրոնը երեկ ձեռք է բերել 4600 փայտիկ` 2300 նմուշի համար (մեկ նմուշին օգտագործվում է 2 փայտիկ): Առողջության առաջնային պահպանման օղակին, մասնավորապես Երևանի թիվ 17 պոլիկլինիկային է բաշխվել 600 փայտիկ` 300 նմուշի համար: Տեղեկացնեմ, որ առաջիկա օրերին սպասվում է փայտիկների մեծ խմբաքանակ, որը կբաշխվի նմուշառում իրականացնող հաստատություններին»:
16:04 - 05 հունիսի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 11817 դեպք, մեկ օրում գրանցվել է 596 նոր դեպք

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 11817 դեպք, մեկ օրում գրանցվել է 596 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հունիսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 11817 դեպք, որոնցից 3513-ն` առողջացած, 183-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8052 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 65161 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 596 նոր դեպք և 45 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 72 (տղամարդ), 69 (կին),  78 (տղամարդ), 59 (կին), 72 (տղամարդ), 33 (կին), 61 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 69 է:
10:58 - 05 հունիսի, 2020
Առաջիկա օրերին կտեսնենք առողջացածների մեծ թիվ. ինչպես COVID-19-ը բուժել տանը՝ մշակվում է ընթացակարգ |armtimes.com|

Առաջիկա օրերին կտեսնենք առողջացածների մեծ թիվ. ինչպես COVID-19-ը բուժել տանը՝ մշակվում է ընթացակարգ |armtimes.com|

armtimes.com: Վերջին օրերին կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշները բավական մտահոգիչ են. նոր հաստատված դեպքերը, վարակակիրները շատ են, բուժվածները՝ քիչ: Ի՞նչն է պատճառը: Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանն ասաց, որ բուժվածները քիչ չեն, ուղղակի այս օրերին նրանք չեն երեւում հրապարակվող վիճակագրության մեջ: «Մայիսի 22-ից փոխվել է բուժման քաղաքականությունը, եւ մարդիկ, որոնք վարակակիր են, բայց անախտանիշ են կամ թեթեւ ախտանիշներ ունեն, բուժումը ստանում են տանը: Այդ պահից սկսած՝ նրանք ներառվում են պոլիկլինիկաների համակարգում, գտնվում են պոլիկլինիկաների հսկողության տակ: 14-րդ օրը համարվում են առողջացած եւ ավտոմատ դուրս են գալիս համակարգից. ելքն անում է պոլիկլինիկայի բժիշկը: Առաջիկա օրերին մենք այդ համակարգում կանենք փոփոխություններ եւ կունենանք մեծ թվով առողջացումներ, այսինքն՝ երբ իրենց համակարգում պոլիկլինիկայի բժիշկները համարեն առողջացում, այդ մարդիկ կներառվեն ընդհանուր վիճակագրության մեջ»,- ասաց նա: Հայաստանում հիմնականում ո՞ր դեղամիջոցներն են կիրառվում կորոնավիրուսի բուժման համար, բուժման ստանդարտ ընթացակարգը թեթեւ դեպքերի համար ո՞րն է՝ հարցին խոսնակը խոստացավ պատասխանել առաջիկայում. «Այս պահին մշակվում է բուժման պրոտոկոլ, թե տնային պայմաններում ինչ դեղեր կարելի է օգտագործել, ընդհանրապես որոնք պիտի բացառվեն, քանի որ վերջին օրերին տարբեր տեղերից լսում ենք ահազանգեր, որ քաղաքացիները սկսել են զբաղվել ինքնաբուժմամբ, բայց պետք է անպայման ասենք՝ ուղղակի չի կարելի, որ իրենք իրենց համար դեղեր մտածեն ու խմեն, կարող են շատ մեծ վնաս հասցնել իրենց առողջությանը:Մեր մշակած պրոտոկոլը հենց այդ նպատակն ունի. որպեսզի այն բոլոր դեպքերում, երբ չկարողանանք հոսպիտալացնել մարդկանց (քանի որ արդեն իսկ այդ խնդիրն ունենք, տեղերը սահմանափակ են), մարդիկ հասկանան, թե տան պայմաններում ժամանակավորապես ինչպես կարող են իրենց բուժումը կազմակերպել՝ մինչեւ իրենց հերթը հասնի ու կարողանան տեղափոխվել հիվանդանոց»: Արձագանքելով այն հարցին, թե ի՞նչ դեղամիջոցներ են սխալմամբ կիրառում մեր քաղաքացիները, բազմիցս նշված հակաբիոտիկների ինքնանշանակման խնդի՞րն էլ կա՝ Նիկողոսյանը պատասխանեց. «Հիմնականում հակաբիոտիկներն են»: Նա հաղորդեց, որ մշակվող ուղեցույցում մասնագետները նշելու են նաեւ հակաբիոտիկների սխալ կիրառման վտանգները: Շարունակությունը՝ armtimes.com-ում
17:00 - 04 հունիսի, 2020
Կառավարության որոշմամբ ընդլայնվել են շահառուների խմբերը, որոնք կարող են ստանալ անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն

Կառավարության որոշմամբ ընդլայնվել են շահառուների խմբերը, որոնք կարող են ստանալ անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի թիվ 568-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության որոշման նախագիծը: Հայտնում է Առողջապահության նախարարությունը։Կառավարության որոշմամբ ընդլայնվել են շահառուների խմբերը, որոնք կարող են ստանալ անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ՝ 2020թ. պետական բյուջեից հատկացված ֆինանսավորման շրջանակներում:Մասնավորապես դա վերաբերում է սահմանամերձ վայրերի բնակիչներին, այսուհետ` վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ ծառայություններից կարող են օգտվել 194 սահմանամերձ բնակավայրի բնակիչները նախկին` 38-ի փոխարեն, ինչը մոտավոր հաշվարկներով կկազմի 400-500 շահառու:
13:46 - 04 հունիսի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 11221 դեպք, մեկ օրում գրանցվել է 697 նոր դեպք

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 11221 դեպք, մեկ օրում գրանցվել է 697 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հունիսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 11221 դեպք, որոնցից 3468-ն` առողջացած, 176-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7509 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 63459 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 697 նոր դեպք և 14 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 44 (կին), 90 (տղամարդ), 80 (կին), 79 (կին), 80 (տղամարդ), 66 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ Նախորդ օրը արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 68 է:
10:54 - 04 հունիսի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 10524 դեպք, մեկ օրում գրանցվել է 515 նոր դեպք

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 10524 դեպք, մեկ օրում գրանցվել է 515 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հունիսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 10524 դեպք, որոնցից 3454-ն` առողջացած, 170-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6841 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 61650 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 515 նոր դեպք և 27 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 64 (կին), 82 (տղամարդ), 64 (տղամարդ), 86 (տղամարդ), 79 (տղամարդ), 54 (տղամարդ), 68 (տղամարդ), 85 (կին), 46 (կին), 79 (կին), 83 (տղամարդ), 62 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 59 է:
10:55 - 03 հունիսի, 2020
Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքն այսուհետ հնարավոր է ստանալ նաև էլեկտրոնային տարբերակով

Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքն այսուհետ հնարավոր է ստանալ նաև էլեկտրոնային տարբերակով

Արդարադատության նախարարությունը, նախապես հայտարարված թվային օրակարգի շրջանակում, գործարկել է e-services.moj.am հարթակը, որի միջոցով հնարավոր է դարձել առանց ՔԿԱԳ տարածքային մարմին այցելելու՝ ստանալ ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը՝ էլեկտրոնային տարբերակով։ Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։ Այս հնարավորությունից օգտվել կարող են ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունեցող կամ ունեցած օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք։ Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում տարեկան ընդունվում են մոտ տասը հազար դիմումներ՝ ընտանեկան կարգավիճակի տրամադրման համար, և այս դիմումների ընդունումը էլեկտրոնային ձևաչափով հնարավորություն կտա դիմող անձանց այլևս անձամբ կամ լիազորված անձի միջոցով չներկայանալ իրավասու մարմին համապատասխան դիմում լրացնելու համար: Իսկ տեղեկանքը, վարույթը ավարտելուց հետո, կներկայացվի էլեկտրոնային ձևաչափով: Համակարգ մուտք գործելու համար կարող եք օգտվել այս ուղեցույցից։ Իսկ թե ինչպե՞ս հարթակի միջոցով ստանալ ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք՝ կարող եք տեղեկանալ այս ուղեցույցից։
10:49 - 03 հունիսի, 2020
Ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվանդություն․ Արսեն Թորոսյան

Ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվանդություն․ Արսեն Թորոսյան

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվանդություն: Վերջին շրջանում տարբեր երկրներում նկատվել էր Կավասակիի սինդրոմով երեխաների հիվանդացության աճ, որը որոշ հետազոտողներ կապում էին կորոնավիրուսային հիվանդության համաճարակի հետ: Կավասակիի սինդրոմի պատճառագիտությունը ամբողջությամբ հայտնի չի, սակայն այն հիմնականում կապվում է վարակիչ հիվանդությունների դեպքում դրդվող աուտոիմունային պատասխանի հետ: Այն հիմնականում հանդիպում է մինչև 5 տարեկան երեխաների մոտ: Հաշվի առնելով միջազգային վիճակագրությունը, մենք կանխավ պահեստավորել էինք հատուկ այդ սինդրոմի բուժման համար նախատեսված թանկարաժեք իմունոգլոբուլինային դեղորայք: Հուսամ փոքրիկը արագ կապաքինվի, նրա վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: Մյուս բոլորին, թե' մեծահասակներին, թե' փոքրերին կոչ եմ անում խստորեն հետևել հակահամաճարակային կանոններին, այս ընթացքում տուրք չտալ միմյանց հետ սերտ շփվելու գայթակղությանը, միշտ կրել դիմակ, հաճախ լվանալ կամ ախտահանել ձեռքերը: Անհրաժեշտ է սահմանափակել բոլոր ոչ կենսական շփումները միմյանց հետ` վարակի փոխանցման շղթաները կոտրելու համար»:
10:13 - 03 հունիսի, 2020
Դեպքեր են գրանցվում, երբ պացիենտների կոկորդից քսուկ են վերցնում, որ ստուգեն, ոմանք ասում են՝ ինձանից չվերցնեք, կոկորդիս մեջ չիպ եք դնում |lragir.am|

Դեպքեր են գրանցվում, երբ պացիենտների կոկորդից քսուկ են վերցնում, որ ստուգեն, ոմանք ասում են՝ ինձանից չվերցնեք, կոկորդիս մեջ չիպ եք դնում |lragir.am|

lragir.am: Հարցազրույց Առողջապահության ազգային ինստիտուտի ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ, Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Սամվել Հովհաննիսյանի հետ։ Պարոն Հովհաննիսյան, Առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ այսուհետ կորոնավիրուսով ասիմպտոմ հիվանդները ուղարկվում են տուն՝ գտնվելով առաջնային oղակի բուժաշխատողների ու ընտանեկան բժիշկների հսկողության տակ։ Ժամանակ առ ժամանակ դժգոհություններ են ստացվում, թե պոլիկլինիկաների մասնագետները չեն տիրապետում իրավիճակին։ Արդյոք համակարգը պատրա՞ստ է այդ աշխատանքներին։ Երբ Չինաստանում սկսեց տարածվել այս հիվանդությունը, արդեն պարզ էր, որ 80 տոկոս դեպքերում այն հաստատվում է, բայց ընթանում է առանց ախտանշանների կամ թեթև ախտանշաններով։ Քսան տոկոս դեպքերում հիվանդությունն առկա է, պացիենտները գանգատներ ունեն, նրանցից 5 տոկոսը կարող են ծանր տանել։ Սա ընդհանուր վիճակագրությունն է։ Տարբեր երկրներ տարբեր փուլերում տարբեր քաղաքականություններ են վարել։ Երկրներ կան, որ շատ կոշտ են այդ հարցին վերաբերվել, օրինակ, մեր հարևան Վրաստանը. մինչև հիմա էլ այնտեղ ամեն ինչ փակ է։ Եվ կա Շվեդիայի տարբերակը, որտեղ մարդիկ ազատ էին իրենց գործունեության մեջ։ Բայց Շվեդիայում դպրոցներն ու ինստիտուտները փակել են։ Եվ Շվեդիայում մարդիկ այլ մտածելակերպ ունեն, եթե բազմաբնակարան շենքում են ապրում, դռան «գլազոկից» նայում են՝ մոտակայքում մարդ կա, թե ոչ, եթե չկա, նոր են դուրս գալիս տնից։ Հայերը, հակառակը, սիրում են իրար հետ շփվել, ողջագուրվել։ Հիմա երկիրը սկզբնական շրջանում որոշում էր կայացրել, որ բոլոր կոնտակտավորներին պետք է մեկուսացնել։ Հետո մեզ մոտ էլ տեսան, որ այդ կոնտակտավորների 80 տոկոսը ոչ մի խնդիր չունեն, անգամ բժշկական օգնության կարիք չունեն, որովհետև հիվանդությունը շատ թեթև է ընթանում։ Եվ քանի որ պացիենտների թիվը գնալով շատանում է, որոշվեց տուն ուղարկել ասիմպտոմ հիվանդներին, որովհետև բոլորին պրակտիկորեն հնարավոր չէ հիվանդանոցում պահելը։ Եվ որոշում կայացվեց, որ աշխատանքներին ներգրավվեն նաև առաջնային օղակի բուժաշխատողները, որոնք վերապատրաստվել են։ Կան կետեր, որոնք նախարարությունը պատրաստ է մեզ հետ քննարկել, որ ավելի բարելավվի ծառայությունը, դա նորմալ գործընթաց է։ Առաջնային օղակի բժիշկները օրը երկու անգամ, ըստ նախարարի հրամանի, զանգում են իրենց հսկողության տակ գտնվող անձանց։ Մենք ունենք սարքավորում՝ պուլսօքսիմետր, որով ստուգվում է, թե թթվածնով հագեցվածությունն արյան մեջ ինչքան է։ Բոլոր բժիշկները դրանից ունեն, որ տանեն ու մարդկանց մատին հագցնելով՝ ստուգեն թթվածնով հագեցվածությունն ինչքան է։ Եթե հագեցվածությունը 93 տոկոսից ցածր է կամ շնչառությունը մեկ րոպեում 22-ից ավելի է, ունի  ջերմություն, իրեն տանում են հիվանդանոց արդեն։ Իսկ նրանք, ովքեր այդպիսին չեն, շարունակում են հսկվել։ Ինչ վերաբերում է բողոքներին, հասկանալի է, որ մարդիկ լարված են, վախեցած են, հոգեբանական խնդիրներ ունեն։ Բայց կան հստակ ցուցանիշներ, որոնք մենք չենք հնարել, որ այդ ցուցանիշների պարագայում խնդիրը կարող է լուծվել տանը։ Տարբեր երկրներում թեթև հիվանդները գնացին տանը բուժվելու, որովհետև համակարգը չի կարող բոլորին սպասարկել։ Համաճարակի դեմ պայքարի ձևերից մեկն էլ դա է, որ համակարգը չի կարող այնքան մահճակալ ունենալ, որ բոլորը պառկեն։ Որքանո՞վ է վերահսկվում, որ տանը մեկուսացած անձինք դուրս չգան և վարակի տարածման աղբյուր չհանդիսանան, սա լուրջ խնդիր է։ Սա արդեն այն խնդիրն է, որ մենք մի քիչ պետք է շվեդներին նմանվենք, մեզ վրա պետք է պատասխանատվություն վերցնենք, ինչը մեզ համար շատ դժվար է։ Բայց այլ տարբերակ չկա, մարդը պետք է հասկանա, որ եթե դիմակ է հագնում, ուրեմն ինքը հագնում է նաև իր հարազատի ու դիմացինի համար։ Այսինքն՝ պատասխանատվության խնդիր է։ Ինչո՞ւ են մարդիկ ավելի թեթև վերաբերվում այս հիվանդությանը, կարծես լուրջ չեն մոտենում, ավելին, ոմանք նաև չեն հավատում։ Այո, այդ խնդիրը կա։ Սոցիալական ցանցերում նաև տարբեր տեսություններ են պտտվում։ Խնդրի մասին խոսում են մարդիկ, ովքեր դրա հետ ընդհանրապես կապ չունեն։ Հասարակությունն էլ կարդում է այդ ապատեղեկատվությունը, մտածում, որ այդպիսի հիվանդություն չկա։ Մարդիկ դավադրության տեսությունների հետևից են ընկնում, թե «մեզ ուզում են չպավորել» և այլն։ Անգամ դեպքեր են գրանցվում, որ երբ ինֆեկցիոն հիվանդանոցում պացիենտների քթից ու կոկորդից փայտիկով քսուկ են վերցնում, որ ստուգեն, ոմանք ասում են՝ ինձանից չվերցնեք, կոկորդիս մեջ չիպ եք դնում։ Այսինքն՝ աբսուրդի է հասնում այս ամենը։ Այո, ամբողջ աշխարհում վարակվածների 80 տոկոսը սիմպտոմներ չունեն, բայց այս հիվանդության խնդիրն այն է, որ պացիենտը լավ է, լավ է, բայց հանկարծ վիճակը վատանում է միանգամից։ Դրա համար օրը երկու անգամ առաջնային օղակի բժիշկը նրան զանգում է, և ինքն ունի բժշկի հեռախոսահամարը, որ տարբեր ժամերի կարող է զանգահարել բժշկին։ Մարդկանց մոտ կարող է միանգամից ու կտրուկ թոքաբորբ զարգանալ։ Պարոն Հովհաննիսյան, այս ընթացքում ինչ տեղեկատվություն եք հասցրել իմանալ կորոնավիրուսի մասին, ի՞նչ հիվանդության հետ գործ ունենք։ Խնդիրն այն է, որ հիվանդությունն անծանոթ է մեր օրգանիզմի համար։ Մենք ընդհնարապես՝ որպես օրգանիզմ հզոր ենք և պաշտպանողական շատ ֆունկցիաներ ունենք, բայց, ցավոք սրտի, այս հիվանդությանը, որը դեռ նոր է, մենք դեռ պետք է ընտելանանք։ Ոմանք պայքարում են։ Մեր իմունային համակարգն ունի եռաշերտ պաշտպանություն, մարդիկ կան, որ առաջին շերտով են այդ ամենին արձագանքում, վերջանում գնում է ամեն ինչ։ Մյուսները երկրորդ շերտով են արձագանքում, մյուսը՝ երրորդ՝ արդեն թոքաբորբով։ Շարունակությունը՝ lragir.am-ում
15:10 - 02 հունիսի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 10009 դեպք, մեկ օրում գրանցվել է 517 նոր դեպք

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 10009 դեպք, մեկ օրում գրանցվել է 517 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հունիսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 10009 դեպք, որոնցից 3427-ն` առողջացած, 158-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6368 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 59917 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 517 նոր դեպք և 25 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 81 (կին), 80 (տղամարդ), 53 (տղամարդ), 64 (տղամարդ), 80 (տղամարդ), 82 (տղամարդ), 50 (կին), 75 (տղամարդ), 58 (տղամարդ), 74 (կին), 69 (տղամարդ), 57 (տղամարդ), 79 (տղամարդ), 86 (կին), 63 (տղամարդ), 69 (տղամարդ), 60 (կին), 75 (տղամարդ), 61 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտնի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 56 է:
10:55 - 02 հունիսի, 2020
COVID-19. Վարակը նոր թափ է հավաքել Հայաստանում |ampop.am|

COVID-19. Վարակը նոր թափ է հավաքել Հայաստանում |ampop.am|

ampop.am: Նոր կորոնավիրուսային վարակը Հայաստանում նոր թափ է հավաքում և խոսել նահանջի մասին առաջիկայում դժվար հաջողվի՝ հաշվի առնելով այն փաստը, որ վերջին օրերին օրական նոր վարակվածների թիվն արդեն գերազանցել է 300-ը՝ այն դեպքում, երբ ընդամենը յոթ օր առաջ այս թիվը կիսով չափ քիչ էր։ Հանրապետությունում COVID-19-ով վարակվածության առաջին դեպքը գրանցվելուց ուղիղ երկու ամիս անց՝ ապրիլի 30-ին, վարակվածների ընդհանուր թիվը հատեց 2000-ի շեմը։ Մայիսի 31-ի դրությամբ, այսինքն` 1 ամիս անց, այն գրեթե հնգապատկվեց՝ հասնելով 9492-ի։ Նրանցից, ըստ պաշտոնական տվյալների, ապաքինվել է 36.2%-ը կամ 3402 մարդ։ Ստորև ներկայացված գրաֆիկում երևում է, որ ապրիլի 13-մայիսի 12-ը (արտակարգ դրության ռեժիմի երկրորդ ժամկետի ընթացքում) հաստատված դեպքերն օրական թեստավորվածների շրջանում միջինը 10% են կազմել, մինչդեռ մայիսի 13-31-ը` 18 օրվա կտրվածքով, այդ ցուցանիշն աճեց 2.5 անգամ՝ կազմելով 25%։ Ըստ ԱՆ նախարար Արսեն Թորոսյանի՝ մոբիլիզացված հիվանդանոցներում մայիսի 24-ի դրությամբ 186 ռեանիմացիոն մահճակալից ազատ է ընդամենը 32-ը։ 186 ռեանիմացիոն մահճակալից ազատ է ընդամենը 32-ը 230 պացիենտ ծանր է, 52-ը՝ ծայրահեղ ծանր Նախարար Թորոսյանը դեռ մայիսի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փոխվաչպաետ Տիգրան Ավինյանի հետ քննարկման ընթացքում նշել էր, որ մարտի 16-ից սահմանված արտակարգ դրությունը առողջապահական ոլորտին հնարավորություն տվեց մոբիլիզացնել ուժերը, վերազինել հիվանդանոցները, ձեռք բերել անհատական պաշտպանության միջոցներ։ Ըստ նախարարի, այդպես համակարգը որոշ չափով պատրաստվեց անցանկալի սցենարին և կկարողանա սպասարկել մինչև 4000 հիվադի, որից 1500-ին՝ հիվանդանոցներում։ Շարունակությունը՝ ampop.am-ում
15:12 - 01 հունիսի, 2020
Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի իրավունքները սահմանող օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ |armenpress.am|

Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի իրավունքները սահմանող օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրինագծերի փաթեթը, որով նախատեսվում է սահմանել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքները: Խորհրդարանի մայիսի 27-ի նիստում փաթեթը ներկայացրել էր ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը: «Սույն օրինագծով սահմանվել են հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքները՝ անկախ նրանց գտնվելու վայրից: Սահմանվել են նաև դրանց իրականացման ընթացակարգերը, ինչպես նաև հոգեբուժական կազմակերպության պարտականություններն ու պատասխանատվությունները»,- հայտնել էր Ավանեսյանը: Նախարարի տեղակալը նշել էր, որ գործող օրենքն ընդունվել է 2004 թ. և արդեն արդարացիորեն չի համապատասխանում ներկայիս պահանջներին, մի շարք հարցեր դուրս են մնացել օրենքի կարգավորման շրջանակից, ինչը լուրջ խոչընդոտ է առաջացնում և՛ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքների իրացման և պաշտպանության, և՛ հոգեբուժական օգնություն ցույց տվող կազմակերպությունների գործառույթների իրականացման, փորձաքննությունների անցկացման և այլ հարցերում: Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 114 «կողմ» ձայնով:
12:27 - 01 հունիսի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 9492 դեպք, 24 ժամում գրանցվել է 210 նոր դեպք

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 9492 դեպք, 24 ժամում գրանցվել է 210 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հունիսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 9492 դեպք, որոնցից 3402-ն` առողջացած, 139-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5896 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 58668 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 210 նոր դեպք և 16 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 81 (տղամարդ), 63 (տղամարդ), 65 (տղամարդ), 73 (կին), 82 (կին), 67 (տղամարդ), 81 (տղամարդ), 69 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 55 է:
10:55 - 01 հունիսի, 2020