armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրինագծերի փաթեթը, որով նախատեսվում է սահմանել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքները:
Խորհրդարանի մայիսի 27-ի նիստում փաթեթը ներկայացրել էր ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը:
«Սույն օրինագծով սահմանվել են հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքները՝ անկախ նրանց գտնվելու վայրից: Սահմանվել են նաև դրանց իրականացման ընթացակարգերը, ինչպես նաև հոգեբուժական կազմակերպության պարտականություններն ու պատասխանատվությունները»,- հայտնել էր Ավանեսյանը:
Նախարարի տեղակալը նշել էր, որ գործող օրենքն ընդունվել է 2004 թ. և արդեն արդարացիորեն չի համապատասխանում ներկայիս պահանջներին, մի շարք հարցեր դուրս են մնացել օրենքի կարգավորման շրջանակից, ինչը լուրջ խոչընդոտ է առաջացնում և՛ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքների իրացման և պաշտպանության, և՛ հոգեբուժական օգնություն ցույց տվող կազմակերպությունների գործառույթների իրականացման, փորձաքննությունների անցկացման և այլ հարցերում:
Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 114 «կողմ» ձայնով:
comment.count (0)