Ինֆոքոմ

Բանգլադեշում հրդեհի և պայթյունի հետևանքով 49 զոհ կա

Բանգլադեշում հրդեհի և պայթյունի հետևանքով 49 զոհ կա

Տասնյակ մարդիկ են զոհվել Բանգլադեշի Չիտագոնգ նավահանգստի ծովային կոնտեյներների պահեստում տեղի ունեցած հրդեհի և քիմիկատների հզոր պայթյունի հետևանքով, վիրավորվել է ավելի քան 300 մարդ, հայտնում է Euronews-ը։ Այս պահին հայտնի է 49 զոհի մասին, սակայն իշխանությունը մտավախություն ունի, որ այս թիվը կարող է ավելանալ, քանի որ փրկարարները որոնում են անհետ կորածներին։ «Միջադեպի պատճառները կհայտարարվեն հետաքննության արդյունքում, մենք դեռևս չենք կարող եզրակացություններ անել վարկածների հիման վրա։ Հատուկ հանձնաժողով է ստեղծվել, սեփական հետաքննություն կանցկացնի նաև հակահրդեհային ծառայությունը», - հայտնել է գլխավոր տեսուչի տեղակալ Անվար Հոսայնը։ Պահեստում ջրածնի պերօքսիդ էր պահվում։ Հրդեհը բռնկվել է շաբաթ օրը երեկոյան՝ տեղի ժամանակով ժամը իննին, երեք ժամ անց պայթյուն է տեղի ունեցել։ Հարվածային ալիքը կոտրել է մոտակա շենքերի ապակիները։ Պահեստում աշխատում էր շուրջ 600 մարդ, այն տեղակայված է Չիտագոնգ քաղաքից 40 կմ հեռավորության վրա։ Պահեստում նաև միլիոնավոր դոլարների հագուստ կար, որը պետք է արտահանվեր և փոխանցվեր արևմտյան ընկերություններին։   Նորա Վանյան
15:45 - 05 հունիսի, 2022
Կիևն ապրիլի վերջից ի վեր առաջին անգամ հրթիռակոծման է ենթարկվել

Կիևն ապրիլի վերջից ի վեր առաջին անգամ հրթիռակոծման է ենթարկվել

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն այսօր առավոտյան հաղորդել է, որ Ուկրաինայի մայրաքաղաքի Դարնիցկի և Դնեպրովսկի թաղամասերը հրթիռակոծվել են, մեկ մարդ է տուժել, հայտնում է Meduza-ն։ Հարվածներն, ըստ քաղաքապետի, հասցվել են ենթակառուցվածքային օբյեկտներին։ Ուկրաինական «ՆՎ» պարբերականի տվյալներով՝ վերջին անգամ Ռուսաստանը հրթիռակոծել է Կիևն ապրիլի 28-ին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ ՌԴ ռազմատիեզերական ուժերը Կիևի ծայրամասում՝ վագոնավերանորոգման ձեռնարկության տարածքում, բարձր ճշգրտության հրթիռներով ոչնչացրել են արևելաեվրոպական երկրների մատակարարած Տ-72 տանկերն ու այլ զրահատեխնիկա, գրում է ՏԱՍՍ-ը։ Ուկրաինական շրջանների և բնակավայրերի ղեկավարները հաղորդել են նաև Կիևի շրջանի Կրամատորսկ, Լիսիչանսկ բնակավայրերին և Բրովարիի մերձակայքին հասցված հրթիռային հարվածների մասին։ Լուգանսկի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայի խոսքով՝ Լիսիչանսկի հրթիռակոծման հետևանքով զոհվել է մեկ կին, վիրավորվել՝ երկու տղամարդ, գրում է Meduza-ն։   Նորա Վանյան
15:30 - 05 հունիսի, 2022
Պուտինը սպառնացել է հարվածներ հասցնել դեռևս գրոհի չենթարկված օբյեկտներին, եթե Ուկրաինային հեռահար հրթիռներ մատակարարվեն

Պուտինը սպառնացել է հարվածներ հասցնել դեռևս գրոհի չենթարկված օբյեկտներին, եթե Ուկրաինային հեռահար հրթիռներ մատակարարվեն

Եթե Կիևը հեռահար հրթիռներ ստանա, Ռուսաստանը եզրակացություններ կանի և խոցման իր միջոցները կկիրառի այն օբյեկտների դեմ, որոնց դեռևս հարվածներ չեն հասցվում, «Կոմերսանտի» փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ Միաժամանակ Պուտինը նշել է, որ Ուկրաինային HIMARS համազարկային կրակի ամերիկյան ռեակտիվ համակարգերի մատակարարումը «ոչինչ չի փոխում»։ «Եթե դրանք ստացվեն և մատակարարվեն, մենք համապատասխան եզրակացություններ կանենք և մեր խոցման միջոցները կկիրառենք, որոնցից շատ ունենք, որպեսզի հարվածներ հասցվեն այն օբյեկտներին, որոնց մենք դեռ չենք հարվածում», - ասել է Պուտինը։ Նա ասել է, որ փետրվարի 24-ի դրությամբ, երբ սկսվել է «հատուկ ռազմական գործողությունը», Ուկրաինայի զինանոցում համազարկային հրակի 515 ռեակտիվ համակարգ է եղել, ներկա պահին դրանցից 380-ը ոչնչացված է, «սակայն մի մասը վերականգնվել է, վերցվել պահուստներից»։ Նրա խոսքով՝ Ուկրաինային համազարկային կրակի ամերիկյան ռեակտիվ համակարգերի մատակարարումն, ըստ էության, ոչինչ չի փոխում «հատուկ գործողության» ընթացքի մեջ։   Նորա Վանյան   
14:54 - 05 հունիսի, 2022
«Ախտորոշումը իմանալուց հետո սկսեցի փորփրել, կարդալ ու հասկացա, որ քաղցկեղը դատավճիռ չէ». այսօր աշխարհը նշում է քաղցկեղը վերապրածների օրը

«Ախտորոշումը իմանալուց հետո սկսեցի փորփրել, կարդալ ու հասկացա, որ քաղցկեղը դատավճիռ չէ». այսօր աշխարհը նշում է քաղցկեղը վերապրածների օրը

Ամեն տարի հունիսի առաջին կիրակին, այս տարի հունիսի 5-ին, աշխարհում նշվում է որպես քաղցկեղը վերապրածների օր: Թեմայի շրջանակում խոսել ենք Աստղիկ Զաքարյանի հետ, ով հաջողությամբ հաղթահարել է մի քանի տարի առաջ ախտորոշված կրծքագեղձի քաղցկեղ: Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Կանանց առողջության կլինիկայում պարբերաբար ստուգումներ անցնող Աստղիկը խոսել է հիվանդության և դրա դեմ պայքարի` իր հաջողության պատմության մասին: -Ախտորոշումն իմանալուց հետո որքա՞ն տևեց շոկն, ու ո՞րն էր առաջին որոշումը: -Անկեղծ ասած՝ ինձ թվում է՝ ես դեռ շոկի մեջ եմ. նոր եմ սկսում հասկանալ՝ իրականում ինչի միջով եմ անցել: Նախ նշեմ, որ իմանալուց հետո շոկը միանգամից չէր: Մեր՝ հայերիս մեջ, սովորություն կա, որ ինչ-որ ախտորոշում իմանալուց հետո չենք հավատում, մտածում ենք՝ սուտ է, չի կարող մեզ հետ լինել նման բան, ու դրա համար իմ դեպքում էլ, երբ սկզբում կասկածեցին, մտածում էի՝ դե մի բան սխալ է, սպասում էի վերջնական հաստատմանը: Ինձ մոտ հայտնաբերվեց ուռուցքի զարգացող տեսակը, նրա տարածվելու հավանականությունը բարձր էր: Դա նշանակում էր, որ պետք էր ամեն ինչ շատ արագ անել, անցնել բուժման, ուստի  ինձ մոտ ախտորոշումն իմանալուց հետո շոկային շրջան չի հասցրել լինել: -Ինչի՞ կամ ո՞ւմ մասին եք առաջինը մտածել ախտորոշումն իմանալուց հետո: -Ես ունեմ 2 երեխա: Բոլորը կարծում էին, թե այդ դժվարին ճանապարհն անցնելու համար ինձ փրկել է նրանց լինելու միտքը: Բայց, պետք է անկեղծ լինեմ ձեզ հետ, իմ ուշադրության կենտրոնում իմ ծնողներն էին: Ինքս, լինելով ծնող, շատ լավ հասկանում էի, թե ինչի միջով են անցնում նրանք: Գիտեի, թե որքան սարսափելի է սեփական երեխային վտանգի առջև կանգնած տեսնելը: Միտքը, թե ինչ են զգում իմ ծնողները, ավելի մեծ շոկ էր, քան իմ հիվանդությունը: Ուստի հիվանդության դեմ պայքարելու հենց ամենասկզբում ես ամեն ինչ արել եմ, որ իրենք չմտածեն, որ ես անհույս եմ, իրենք չմտածեն, որ ամեն ինչ վատ է: Ու դա նաև ինձ շատ օգնեց: -Եղե՞լ են հիասթափության պահեր, եղե՞լ է միտք՝ հանձնվելու, չպայքարելու: -Նման պահեր չեն եղել, ասեմ՝ ինչու: Շատ կարևոր էր, որ հիվադությունը հայտնաբերվեց սկզբնական փուլում: Ախտորոշումը իմանալուց հետո սկսեցի փորփրել, կարդալ, ծանոթանալ ու հասկանացա, որ նախ՝ քաղցկեղը դատավճիռ չէ, և հետո Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի բուժումը բավականին մեծ առաջընթաց ունի: Այն կարողանում են բուժել մեր երկրում, հատկապես, երբ հայտնաբերվել է սկզբնական փուլում: Դա ինձ բավականին հույս տվեց, և հասկացա, որ պետք է պայքարել և չհանձնվել: -Մի քիչ կպատմե՞ք բուժման ընթացքի մասին՝ զգացողությունների մակարդակով: -Բոլորը, ովքեր ինձ ճանաչում են, ովքեր տեսել են բուժմանս ընթացքը, փաստում են, որ ես շատ -շատ ուժեղ եմ եղել, շատ թեթև եմ տարել դա: Իրականում իրոք այդպես է եղել: Բնավորությամբ եմ ադպիսին, հասկանում էի, որ ավելորդ մտքերը ինձ միայն խանգարելու են: Սկզբից բավականին հեշտ է եղել: Գնում էի քիմիաթերապիաների, ապա գալիս աշխատանքի: Ինձ օգնեց նաև այն, որ այդ շրջանում լույս տեսավ իմ հեղինակած «Խաղալիքը» գիրքը: Դա օգնեց շեղվել: Վերջում, երբ ավելի ծանր դեղորայք էի ստանում, երբ եղավ մազաթափությունը (գլխի մազեր, հոնքեր, ամբողջը թափվել էին), ես արտաքնապես շատ փոխվեցի, ֆիզիկապես ծանր շրջան եղավ, անգամ այդ ժամանակ չէի հուսահատվում, հասկանում էի, որ այդ ամենը ժամանակավոր բնույթ է կրում: -Ի՞նչ խորհուրդ կտաք ախտորոշման մասին նոր իմացող մարդկանց կամ այն մարդկանց, ովքեր պայքարում են այդ հիվանդության դեմ: -Խորհուրդ կտայի հասկանալ, որ այդ ամենը ժամանակավոր է: Ֆիզիկապես թուլանալը, մազաթափությունը, սրտխառնոցը, բոլոր դժվար պրոցեսները մի շրջան են, ժամանակավոր:  Դա պետք է հասկանալ ամենասկզբում և մտապահել բուժման ողջ ընթացքում: -Ձեր կոչը այն կանանց և աղջիկներին, ովքեր հետևողական չեն իրենց առողջության հանդեպ, չեն ստուգվում, չեն անցնում հետազոտություններ գոնե տարին մեկ անգամ: -Ես իմ փորձով հասկացա, որ ամեն պահի կարող է պատահել ինչ-որ մի բան, որին երբեք չէիր սպասում: Ես ունեմ մեծ ընտանիք, մեծ գերդաստան, բայց ոչ մեկի մոտ չի եղել կրծքագեղձի  քաղցկեղի դեպք: Այսինքն՝ ես չէի սպասում նման հիվանդության առկայություն իմ մոտ: Հայրիկս տարիներ առաջ իմ պատմության նման մի պատմություն էր լսել, ազդվել, այդ իսկ պատճառով մայրիկիս, ինձ, քույրերիս ստիպում էր տարին մեկ անգամ գնալ ու ստուգվել: Միայն այդ դեպքի պատճառով էինք գնում ստուգումների, և միայն այդ դեպքի շնորհիվ իմ հիվանդությունը բացահայտվեց վաղ շրջանում: Ինձ դա փրկեց:  Վաղ հայտնաբերելու շնորհիվ բուժվելու իմ շանսերը մեծացան: Բացի նրանից, որ սկզբնական փուլում շատ ավելի թեթև և արագ է լինում բուժումը, ֆինանսական տեսանկյունից ծախսն է շատ ավելի քիչ լինում: Մինչ ախտորոշումը՝ քաղցկեղի մասին լսել էի շրջապատիս և հատկապես այն հայտարարություններից, որոնց միջոցով հիվանդության դեմ պայքարող մարդիկ գումար են հավաքում բուժման համար: Ինձ մոտ տպավորություն էր, որ այդ հիվանդությունը բուժելու համար պետք է ունենալ հազարավոր դոլար-եվրոներ: Այո, պետք է, եթե հիվանդությունը հայտնաբերվում է ուշ, բարդ շրջանում (դեղորայքն է ուրիշ՝ ավելի թանկ, բուժման ծավալները, ժամանակը և այլն): Այդ իսկ պատճառով պետք է հասկանալ՝ պարբերաբար ստուգումները պետք է լինեն պարտադիր, դա ձեռնտու է ինչպես արդյունավետ բուժման տեսանկյունից, այնպես էլ ֆինանսապես: Ես ստացա քիմիայի 18 կուրս, բայց կարող էր լինել շատ ավելին, եթե ուշ շրջանում հայտնաբերվեր հիվանդությունը: Շատերն ասում են՝ խնդիր չունեմ, ինչու ստուգվեմ: Իրականում՝ քաղցկեղը սկբնական շրջանում անցավ է: Այն մեծանում է, նոր դուք դա զգում եք, նոր գնում ստուգվելու: Եթե այն իրեն զգացնել է տալիս, նշանակում է, որ արդեն ուշ շրջան է: Եթե դուք սպասեք մի բան զգալուն, հնարավոր է՝ ուշացնեք: Տարեկան ստուգումը ձեզնից ընդամենը 10 րոպե է պահանջում: Տարվա մեջ սեփական օրգանիզմին տրամադրած այդ 10 րոպեն հնարավոր է փրկի ձեր կյանքը: Մեր երկրում շատերն իրենց հիվանդությունը թաքցնում են, այդ իսկ պատճառով մարդը, ում մոտ նոր է հայտնաբերվում քաղցկեղը, մտածում է, որ ինքը մենակ է, չկա իր նմանը: Սեփական փորձով համոզվեցի՝ մեր երկրում, ցավոք սրտի, ուռուցք ունեն շատ շատերը: Այս չարաբաստիկ հիվանդության դեմ պայքարում են հազարավորները, և դու, ում մոտ նոր է ախտորոշվել հիվանդությունը, վստահ եղիր՝ միայնակ չես: Շատերն են հաղթում այդ հիվանդությունը: Պետք է հավատալ, պայքարել և լինել ուժեղ:   Մարիամ Տերբալյան
13:50 - 05 հունիսի, 2022
Մենք ավելի կարևոր մանդատ ունենք՝ ժողովրդի մանդատը ու էս պայքարն առաջնորդելու մանդատը․ Իշխան Սաղաթելյան

Մենք ավելի կարևոր մանդատ ունենք՝ ժողովրդի մանդատը ու էս պայքարն առաջնորդելու մանդատը․ Իշխան Սաղաթելյան

Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժումը, ինչպես ավելի վաղ հայտնել էին, հանրահավաք էր իրականացնում։ Նրանք երթ սկսեցին։ Ինչպես հայտնեց Իշխան Սաղաթելայնը, գնում են դեպի կառավարական ամառանոց։ Բայց մինչ երթ սկսելը ընդդիմադիր պատգամավոր, շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը ելույթ ունեցավ ու անդրադարձավ հարցադրմանը, թե ով է պատասխանատվություն կրում, երբ տեղի են ունենում բախումներ․ «Մենք, ես այս շարժման բոլոր պրոցեսների համար անձամբ պատասխանատվություն կրում եմ»։ Նա նշեց, որ երեկվանից անձնավորում են, դրա համար ցանկանում է ասել, ինքը պատասխանատվություն է կրում այն քաղաքացիների համար, որոնք երեկ վնասվել են, այն ոստիկանի համար, որը երեկ կրակում էր մյուս ոստիկանի վրա։ Սաղաթելյանը այս համատեքստում ընդգծեց, թե ինչի համար է պատասխանատու իշխանությունը, այդ թվում հիշեցնելով 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիի մշակույթի տանը զոհված տասնյակ ոստիկանների մասին։ Նա նաև խոսեց այն մասին, թե իրենց վախեցնում են մանդատից, անձեռնմխելիությունից զրկելով․ «Եթե ձեզ թվում է՝ էդ մանդատն է մեզ պահում կամ էդ մանդատով պետք է խեղճացնեք էս հարթակի մարդկանց, դուք ձեր արշինով մի չափեք։ Մենք շատ ավելի կարևոր մանդատ ունենք․ մենք ունենք ժողովրդի մանդատը ու էս պայքարն առաջնորդելու մանդատը»։ Սաղաթելյանը նաև ներկայացրեց այն ամենը, ինչը, ըստ իրեն, արել է իշխանությունը պայքարը կանգնեցնելու համար։ Առաջինը նա նշեց այն, որ լուրեր էին տարածում, թե հանրահավաք մարդկանց փողով են բերում․ «Դա չանցավ»։ Հաջորդը, ըստ նրա, այն էր, թե ուզում էին վարկաբեկել նրանով, թե վրաններում թմրամոլությամբ են զբաղվում․ «Դա էլ չստացվեց։ Հիմա էլ ասում են, որ էստեղ կազմակերպված խուլիգաններ են, որոնք գնում են սադրանքի։ Այս երկրում կա մի խուլիգան, որ գտնվում է կառավարության շենքում, որին մենք ճանապարհելու ենք գրողի ծոցը»։ Ըստ պատգամավորի՝ իշխանության գործողությունները ցուցիչ են, որ իրենք ճիշտ ընթացքի մեջ են։ Իշխան Սաղաթելյանի խոսքով երթից հետո վերադառնալու են Ֆրանսիայի հրապարակ։ Կլինեն ելույթներ։  Լուսանկարը՝ «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջին
20:55 - 04 հունիսի, 2022
Կալանավորումների պատկերը ՀՀ-ում՝ վերջին 14 տարում․ ընդհանուր առմամբ, առկա է նվազման միտում

Կալանավորումների պատկերը ՀՀ-ում՝ վերջին 14 տարում․ ընդհանուր առմամբ, առկա է նվազման միտում

Կալանավորումը, որպես մարդու ազատությանն առավելագույնս միջամտող ամենախիստ խափանման միջոց, պարբերաբար քննարկման առարկա է դառնում այն համատեքստում՝ արդյո՞ք դատարաններն իսկապես ըստ անհրաժեշտության են կիրառում այն, թե՞ որոշ դեպքերում առաջնորդվում են քաղաքական նպատակահարմարությամբ։ Այս տարեսկզբին Ազգային ժողովում հրավիրված հանդիպումներից մեկի ընթացքում եւս դրա վերաբերյալ հայտարարություններ հնչեցին։ Մասնավորապես, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանն ասաց, որ 2021 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ուսումնասիրել է վիճակագրական տվյալները, եւ պատկերը ծայրաստիճան  անհանգստացնող է եղել, քանի որ դատարաններ ներկայացված կալանավորման միջնորդությունների 80 տոկոսից ավելին բավարարվել է։ Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական եւ իրավական ապահովման վարչության պետի տեղակալ Կարեն Ամիրյանը նշեց, որ այնուհանդերձ, թե՛ վերջին մեկ-երկու, թե՛ շատ ավելի երկար տարիների կտրվածքով կալանավորումների թվի նվազման միտումը հստակ է։ Միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանը եւս նշեց, որ կալանավորումների թիվը, ըստ Դատախազության տվյալների, նվազում է: Infocom-ը ուսումնասիրեց վերջին տարիներին դատարաններ ներկայացված կալանավորման միջնորդությունների  եւ կալանավորման որոշումների թվային պատկերը՝ ամիսներ շարունակ պետական կառույցներին հարցումներ ուղղելով եւ դրա հավաքման հետ կապված որոշակի խնդիրներ վեր հանելով։  Թեեւ մեր հարցումների արդյունքում հնարավոր չեղավ ամբողջությամբ բացահայտել այդ խնդիրների պատճառները, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք ամբողջական պատկերի մեջ էական փոփոխության չեն հանգեցնում, ինչպես նաեւ այն, որ Դատական դեպարտամենտի վիճակագրություններն ավելի ամբողջական են՝ մենք ուսումնասիրեցինք Դեպարտամենտի՝ 2007-2021 թթ վիճակագրությունները (բացառությամբ 2008 թ․-ի) հասկանալու համար՝ ընդհանուր առմամբ, կալանավորման միջնորդությունների եւ որոշումների թվի ինչ միտում է առկա։ Ըստ վիճակագրական տվյալների՝ վերջին 14 տարվա ընթացքում կալանավորման ամենամեծ թվով միջնորդությունները՝ 3752 հատ, ներկայացվել են 2009 թ․-ին, ամենաքիչ թվովները՝ 1233 հատ՝ 2013 թ․-ին։ Կալանավորման որոշումներ Հայաստանում ամենաշատը կայացվել են 2010 թ․-ին․ դրանց թիվը կազմել է 3434։ Կալանավորման որոշումների ամենացածր ցուցանիշը 1156-ն է․ այն արձանագրվել է 2013 թ․-ին։ Ինչ վերաբերում է մերժումներին, միջնորդություններն ամենաքիչը՝ 69 անգամ, մերժվել են 2007 թ․-ին, իսկ ամենաշատը՝ 2020 թ․-ին․ մերժումների թիվը այդ տարի եղել է 345։  Վիճակագրական ամբողջական պատկերը՝ ստորեւ․ Ինֆոգրաֆիկայում ցուցադրված է, թե 2007 թ․-ից սկսած յուրաքանչյուր տարի կալանավորման քանի միջնորդություն է ներկայացվել ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններ։     Ինֆոգրաֆիկայում ցուցադրված է, թե վերջին 14 տարվա ընթացքում ՀՀ դատարաններ ներկայացված կալանավորման միջնորդություններից քանիսն են բավարարվել, քանիսը՝ մերժվել։    Ինֆոգրաֆիկայում ցուցադրված է, թե վերջին 14 տարվա ընթացքում ՀՀ դատարաններ ներկայացված կալանավորման միջնորդություններից քանի տոկոսն է բավարարվել, քանիսը՝ մերժվել։   Թեմային առնչվող վիճակագրություն առկա է ե՛ւ Դատական դեպարտամենտում, ե՛ւ Գլխավոր դատախազությունում Մեր վեր հանած խնդիրներից առաջինը վիճակագրական տվյալների անհամապատասխանությունն է։ Բանն այն է, որ վիճակագրության վարման պարտականություն ունի ե՛ւ Դատական դեպարտամենտը, ե՛ւ Գլխավոր դատախազությունը։ Մասնավորապես, Դատական դեպարտամենտը վիճակագրությունը վարում է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածով եւ Կառավարության  2018 թվականի դեկտեմբերի 27-ի 1542-Ն որոշմամբ սահմանված կարգով։ Ըստ այդմ, Դեպարտամենտը այն վարում է էլեկտրոնային ձեւով՝ դատարանների աշխատակազմերից կիսամյակային եւ տարեկան հաշվետվություններ ստանալու միջոցով։ Հավաքված վիճակագրական տվյալները Դեպարտամենտը հրապարակում է դատական իշխանության պաշտոնական կայքի համապատասխան բաժնում։ Ինչ վերաբերում է Գլխավոր դատախազությանը, վերջինս հավաքում է ՀՀ հետաքննության եւ նախաքննության մարմինների կողմից ներկայացվող ամսական, կիսամյակային եւ տարեկան հաշվետվությունները, որոնք վարվում են ՀՀ կառավարության 2010 թվականի փետրվարի 25-ի 204-Ն որոշմամբ սահմանված կարգով։ Հավաքված վիճակագրական տվյալները, ի թիվս այլնի, ներառվում են նաեւ Գլխավոր դատախազի՝ ԱԺ-ին ներկայացվող տարեկան հաղորդումների մեջ։ Այսինքն՝ Դեպարտամենտում հավաքվող վիճակագրական տվյալների սկզբնական աղբյուրը ՀՀ-ում գործող դատարանների աշխատակազմերն են, իսկ Դատախազությունում հավաքվող տվյալներինը՝ հետաքննության եւ նախաքննության մարմինները։ Պետական երկու կառույցներում հավաքվող վիճակագրությունները, սակայն, առնվազն երեք տարիների կտրվածքով տարբեր են։ Դատական դեպարտամենտի մեթոդաբանական առանձնահատկությունները Դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակված են դատարանների գործունեության տարեկան հաշվետվություններ՝ սկսած 2007 թվականից։ Խնդիրներից մյուսն էլ այն է, որ դրանցում բացակայում է մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի քննության վերաբերյալ 2008 թվականի հաշվետվությունը։  Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք գրավոր հարցմամբ դիմեցինք Բարձրագույն դատական խորհրդին՝ խնդրելով հայտնել, թե որն է այդ հաշվետվության բացակայության պատճառը, այն երբեւէ չի՞ հավաքագրվել թե՞ բացակայում է տեխնիկական պատճառներով։ Տեխնիկական պատճառներով կայքից բացակայելու, սակայն ինֆորմացիոն կրիչներում պահպանված լինելու դեպքում էլ խնդրեցինք տրամադրել այդ հաշվետվությունը։ Դատական դեպարտամենտի վերլուծության եւ մշտադիտարկման վարչությունից մեր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրին հետեւյալը․ «Մեր կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում հնարավոր չի եղել պարզել մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի քննության վերաբերյալ 2008 թ․ հաշվետվությունների առկայությունը, հետեւաբար Ձեր կողմից ակնկալվող տեղեկությունը տրամադրել հնարավոր չէ»։ Մեթոդաբանական առանձնահատկություններին վերաբերող մեր հարցումներին ի պատասխան՝ Դատական դեպարտամենտից տեղեկացրին, որ Դեպարտամենտը հաշվառում է հետախուզման մեջ գտնվող անձանց կալանավորելու միջնորդություններն ու համապատասխան որոշումները, սակայն չի հաշվառում կալանավորման վերահաստատման միջնորդություններն ու որոշումները։ Խոսքն այն դեպքերի մասին է, երբ հետախուզման մեջ գտնվող անձը հայտնաբերվում է, եւ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու համար դարձյալ միջնորդություն է ներկայացվում դատարան, որի հիման վրա դատարանը նոր որոշում է կայացնում՝ այն բավարարելու կամ մերժելու մասին։ Ըստ Դեպարտամենտի՝ մասնակի բավարարված միջնորդությունները եւս ներառված են բավարարված միջնորդությունների թվում։ Մասնակի բավարարումը նշանակում է, որ անձի նկատմամբ կալանավորում խափանման միջոցն ընտրվում է 1 ամսով, այնինչ, ըստ օրենքի, կալանավորման նախնական ժամկետը 2 ամիսն է։ Լրացուցիչ հարցմամբ ԲԴԽ-ից նաեւ հետաքրքրվեցինք, թե նախկինում, երբ գրավը համարվում էր կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոց, եւ դատարանները, անձանց կալանավորելու որոշում կայացնելով, միաժամանակ որոշում էին կայացնում գրավ կիրառելու մասին, ինչպե՞ս էին հաշվառում այդ միջնորդությունները եւ համապատասխան որոշումները։ Նշենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 15-ին Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1480 որոշման ուժով գրավը դադարեց լինել միայն այլընտրանքային՝ դառնալով ինքնուրույն խափանման միջոց։ Ի պատասխան հարցման՝ Դեպարտամենտից հայտնեցին, որ նախքան ՍԴ որոշումը կալանավորման միջնորդությունը եւ գրավի միջնորդությունը հաշվառվում էին առանձին-առանձին, ըստ այդմ, դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ կայացվող որոշումները եւս հաշվառվում էին առանձին-առանձին։ Այսինքն՝ դատարանների կողմից կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդության բավարարման դեպքում, երբ միաժամանակ թույլատրելի էր ճանաչվում գրավի կիրառումը՝ որպես այլընտրանքային խափանման միջոց, դրանք հաշվառվում էին որպես առանձին բավարարված միջնորդություններ: Նույն կերպ երբ, օրինակ, դատարանները բավարարում էին կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը՝ միաժամանակ մերժելով գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը, դրանք նույնպես հաշվառվում էին որպես առանձին միջնորդություններ եւ առանձին որոշումներ։ Դատախազության մեթոդաբանական առանձնահատկությունները Ուսումնասիրելով Գլխավոր դատախազի տարեկան հաղորդումները՝ պարզ է դառնում, որ դրանցից որոշների մեջ առկա է ծանուցում այն մասին, որ վիճակագրական տվյալները չեն ներառում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով մեղադրյալների վերաբերյալ տվյալները։ Խոսքը վերաբերում է ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքային ծառայությունից խուսափելու համար քրեական պատասխանատվություն սահմանող հոդվածին։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ գրավոր հարցմամբ դիմեցինք Դատախազությանը՝ հետաքրքրվելով, թե ինչ պատճառով Դատախազության վիճակագրության մեջ չեն ներառվում այս հոդվածով մեղադրյալների վերաբերյալ տվյալները, եւ ո՞ր թվականից սկսած (քանի որ ոչ բոլոր հաղորդումներում է առկա այդ ծանուցումը)։ Մեր հարցմանն ի պատասխան՝ Դատախազությունից տեղեկացրին, որ ՀՀ ՔՕ 327-րդ հոդվածով մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերող տվյալները ներառվում են ՀՀ դատախազության կողմից վարվող վիճակագրության մեջ, սակայն ԱԺ ներկայացվող տարեկան հաղորդումների մեջ չեն ներառվում՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նշված անձանց ներառման դեպքում հնարավոր չի լինի ստանալ կալանավորում խափանման միջոցի կիրառման իրական պատկերը, քանի որ այդ հոդվածով մեղադրյալ ներգրավված եւ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառված անձանց տեսակարար կշիռը զգալիորեն գերազանցում է ՔՕ-ի մնացած հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավված անձանց թվին:  Դրանից բացի, Դատախազությունից հայտնեցին, որ անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ դեպքերի ճնշող մեծամասնությունում ՀՀ ՔՕ 327-րդ հոդվածով անձը ներգրավվում է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ հայտարարվում է հետախուզում, որից հետո նաեւ դատարաններն են բավարարում կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունները: Այսինքն՝ թեեւ կայացվում են այդ անձանց կալանավորելու որոշումներ, սակայն դա պրակտիկայում իրագործելու հնարավորություն չի լինում, քանի որ նրանք գտնվում են հետախուզման մեջ։ Հարկ է նշել, որ այս հանգամանքը կարող է վերաբերելի լինել ՔՕ ցանկացած այլ հոդվածի (իհարկե, տոկոսային այլ հարաբերակցությամբ), քանի որ կալանավորելու որոշումներ կարող են կայացված լինել ՔՕ ցանկացած այլ հոդվածով որպես մեղադրյալ ներգրավված եւ հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ։  «Նման պայմաններում նշված անձանց ներառումը առաջին ատյանի դատարան ներկայացված կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունների թվի եւ դրանց քննարկման արդյունքում առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշումների թվի մեջ հնարավորություն չի տա իրական պատկերացում կազմելու ներկայացված միջնորդությունների բավարարման տոկոսային հարաբերակցության, առկա խնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ»,- հայտնեցին Դատախազությունից՝ հավելելով, որ այդ հոդվածով մեղադրյալ ներգրավված անձանց տվյալները երբևէ չեն ներառվել ՀՀ դատախազության տարեկան հաղորդումների մեջ։ Խնդրել էինք պարզաբանել նաեւ, թե ոչ ամբողջական վիճակագրության հիման վրա կալանավորման միջնորդությունների քանակի տարեկան աճի կամ նվազման վերաբերյալ ինչպես է Դատախազությունը հաղորդման մեջ եզրահանգումներ անում։ Ի պատասխան հարցին՝ դարձյալ նշեցին, որ նախորդիվ բերված պատճառաբանությունները հիմք ընդունելով՝ հնարավոր չի լինի իրական պատկերացում կազմել ներկայացված միջնորդությունների թվի աճի, դրանց բավարարման տոկոսային հարաբերակցության մասին, եթե դրանում ներառվեն նաև ՔՕ 327-րդ հոդվածով մեղադրյալ ներգրավված անձանց տվյալները: Լրացուցիչ հարցմամբ Դատախազությունից խնդրեցինք հայտնել, թե  2007-2020 թթ ժամանակահատվածում յուրաքանչյուր տարի քանի քրեական գործ է հարուցվել, կալանավորման քանի միջնորդություն է ներկայացվել 327-րդ հոդվածով եւ մնացած հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավված անձանց նկատմամբ, եւ դրանցից քանիսն են բավարարվել, քանիսը՝ մերժվել։ Հարցմանն ի պատասխան՝ Դատախազությունից տեղեկացրին, որ կոնկրետ հարուցված քրեական գործերի եւ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունների վերաբերյալ համահավաք տվյալները (բացառությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով) առկա են 2017թ. եւ դրանից հետո հրապարակված հաղորդումներում: Իսկ կոնկրետ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնոդրությունների հետ կապված վիճակագրության համադրությամբ համահավաք տվյալները ՀՀ գլխավոր դատախազությունում առկա են՝ սկսած 2019 թվականից․ «Դա պայմանավորված է ամենամյա հաղորդումները համադրելի եւ համեմատելի ընդհանուր տվյալների հիման վրա կազմելու, այդ նաատակով անհրաժեշտ վիճակագրական տվյալները ըստ ոլորտների հավաքագրելու եւ մշակելու՝ ՀՀ դատախազությունում կատարված մեթոդաբանական բարեփոխմամբ»,- ասված էր պատասխանում։ Ըստ այդմ, Դատախազությունը տրամադրեց 2019, 2020, 2021 թթ հարուցված քրեական գործերի, ինչպես նաեւ՝ առանձին 327-րդ հոդվածով եւ մնացած հոդվածներով կալանավորման միջնորդությունների եւ դրանց արդյունքում կայացված որոշումների վիճակագրական տվյալները։  Դատախազությունից եւս հայտնեցին, որ իրենք հաշվառում են հետախուզման մեջ գտնվող մեղադրյալների կալանավորման միջնորդություններն եւ համապատասխան որոշումները, սակայն կալանավորման վերահաստատման միջնորդություննեը, ըստ այդմ՝ դրանցով կայավող որոշումները չեն հաշվառում։ Թվային աղյուսակը լրացնելու՝ Կառավարության սահմանած կարգից պարզ է դառնում, որ կալանավորումը գրավով փոխարինելու դեպքերը Դատախազությունում եւս հաշվառվել են առանձին-առանձին։ Քանի որ աղյուսակում մասնակի բավարարման առանձին տող չկա, ենթադրվում է, որ այդպիսի բավարարումները եւս ներառվել են ընդհանուր բավարարումների մեջ։ Այնուհանդերձ, Դատախազության տրամադրած՝ 327-րդ հոդվածի եւ մնացած հոդվածների վերաբերյալ վիճակագրական տվյալների հանրագումարը դարձյալ հավասարազոր չէ Դատական դեպարտամենտի տվյալներին։  Օրինակ, ըստ Դատախազության՝ 2019 թվականին ներկայացվել է կալանավորման 1860 միջնորդություն, իսկ ըստ Դեպարտամենտի՝ 1981, 2020 թ․-ին՝  համապատասխանաբար 1890 եւ 1976, իսկ 2021 թ․-ին՝ համապատասխանաբար 1905 եւ 1996։ 2019 թվականին, ըստ Դատախազության, բավարարվել է, կալանավորման 1704 միջնորդություն, իսկ ըստ Դեպարտամենտի՝ 1803, 2020 թ․-ին՝ համապատասխանաբար 1601 եւ 1621, իսկ 2021 թ․-ին՝ համապատասխանաբար 1614 եւ 1659։ 2019 թվականին, ըստ Դատախազության, մերժվել է կալանավորման 156 միջնորդություն, իսկ ըստ Դեպարտամենտի՝ 176։ 2020 թ․-ին մերժվել է համապատասխանաբար 289 եւ 345 միջնորդություն, իսկ 2021 թ-ին՝ 294 եւ 324։ Ըստ Դատախազության՝ թվային այս տարբերությունը կարող է պայմանավորված լինել ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ գործոններով Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական եւ իրավական ապահովման վարչության պետի տեղակալ Կարեն Ամիրյանը մեր զրույցում ասաց, որ ինչպես ցանկացած պետական մարմնում, այնպես էլ Դատախազությունում վարվում է վիճակագրություն՝ Դատախազության համար ընդունելի մեթոդաբանությամբ, որը կարող է տարբերվել պետական այլ մարմնի կողմից կիրառվող մեթոդաբանությունից։ Սա, ըստ նրա, տարբերության օբյեկտիվ կողմն է։ Դրանից բացի, ըստ Ամիրյանի, պետք է հաշվի առնել, որ վիճակագրությունը, ցավոք, այս պահին վարվում է ձեռքով, ինչը, բնականաբար, մեծացնում է մարդկային գործոնի դերը եւ ավելացնում է սխալվելու ռիսկը․ «Իհարկե, այնպես չէ, որ տվյալ աշխատակիցը դիտավորյալ սխալներ է ներառում, բայց դա դիտարկում ենք սուբյեկտիվ գործոն, եւ այդ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոնների, այսինքն՝ մեթոդաբանության եւ մարդկային գործոնի համակցության պարագայում ինչպես կալանքի, այնպես էլ այլ հարցերում հնարավոր են պետական տարբեր մարմիններ ունենան տարբեր վիճակագրական տվյալներ»։ Կարեն Ամիրյանի խոսքով՝ այս խնդրի հիմնական լուծումը միասնական էլեկտրոնային վիճակագրական տվյալների բազա ստեղծելն է, որպեսզի ապահովվի եւ մեթոդաբանության միասնականությունը, եւ հարյուր տոկոսով բացառվի մարդկային գործոնը․ «Այս երկու խնդիրների լուծման արդյունքում մենք, միանշանակ, կունենանք մեկ միասնական թիվ՝ անկախ նրանից՝ խնդիրը կվերաբերի կալանքի՞ն թե՞ ցանկացած այլ տեղեկության, որին տիրապետում է առնվազն երկու պետական մարմին»։ Մեր հարցին, թե այդ նպատակով Դատախազությունը գործնականում ինչ քայլեր է ձեռնարկում, Կարեն Ամիրյանը պատասխանեց, որ նախեւառաջ բարձրացնում է հարցը միջազգային գործընկերների  հետ հանդիպումների ժամանակ, որոնց գործառույթը այս կամ այն չափով վերաբերում է տվյալ ոլորտին․ «Դրանից բացի, մենք ունենք մեկ միասնական, այսպես կոչված, էլեկտրոնային արդարադատության ներդրման ծրագիր, որի շրջանակներում գուցե նաեւ այս հարցին լիարժեք անդրադարձ կատարվի, այսինքն՝ ե՛ւ պետության միջամտությամբ, այդ թվում՝ ֆինանսական եւ մարդկային, ե՛ւ միջազգային գործընկերների»։ Նշենք, որ Կառավարության 2021-2026 թթ ծրագրի համաձայն՝ Կառավարությունը, ի թիվս այլնի, նախատեսում է մշակել եւ իրականացնել  միասնական տվյալների քաղաքականություն, որի ներքո արդիականացվելու են վարչական տեղեկատվական համակարգերն ու պաշտոնական վիճակագրության կարողությունները:  Իսկ «Դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թթ ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» Կառավարության որոշման համաձայն՝ էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի ներդնումը, ի թիվս այլնի, միտված է փոխգործելիության հարթակի շրջանակներում արդարադատության մարմիններում գործող բոլոր էլեկտրոնային համակարգերը եւ տվյալների շտեմարանները միավորելուն եւ վիճակագրական տվյալների հավաքագրումը ապահովելուն։ Դատախազության կազմակերպական-վերահսկողական եւ իրավական ապահովման վարչության պետ Արմեն Մարուխյանը եւս մեր զրույցում նշեց, որ էլեկտրոնային քրեական գործեր ներդնելու նպատակներից մեկն այն է, որ ստեղծվի միասնական վիճակագրություն, եւ քաղաքացին երբ ցանկանա, կարողանա այդ պահի դրությամբ տվյալները ստանալ․ «Այս պահին աշխատանք է տարվում միասնական էլեկտրոնային արդարադատության ներդրման ուղղությամբ, նախատեսում ենք նաեւ միասնական վիճակագրության ներդրում, եւ քննչական մարմինների հետ քնննարկումներ ենք ունենում, որպեսզի հստակեցնենք վիճակագրական ձեւերը, միասնական բազան ստեղծվի, եւ դատախազական ու քննչական տվյալները ներառվեն դրանում»։ Մարուխյանի խոսքով՝ վերջերս ԵՄ ծրագրերի համակարգողի հետ հանդիպման ժամանակ էլ են այս հարցը բարձրացրել՝ խնդրելով, որ ԵՄ վիճակագրության փորձագետը եւս ներգրավվի աշխատանքներում, եւ ստացել են համաձայնություն․ «Կարծում եմ՝ 2023 թ․ հունվարից սկսած մինչդատական քրեական վարույթի շրջանակում դա կունենանք, մյուս տարվա ցուցանիշները արդեն էլեկտրոնային կլինեն, ինչ վերաբերում է դատարաններին, դա, կարծում եմ, կկարողանանք վերջնական լուծել այն փուլից, երբ արդեն դատարաններ էլ քրեական գործերը էլեկտրոնային կուղարկվեն, վիճակագրությունը ամբողջական կդառնա, եւ այլեւս խնդիր չենք ունենա»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ դատարանների հետ տարվող աշխատանքներն էլ կփորձեն մյուս տարվա ընթացքում կազմակերպել։ Այսպիսով, մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ընդհանուր առմամբ, վերջին 14 տարվա կտրվածքով նվազել է թե՛ դատարաններ ներկայացվող կալանավորման միջնորդությունների, թե՛ դատարանների կողմից կայացվող կալանավորման որոշումների թիվը։ Տոկոսային հարաբերակցության մեջ, սակայն, բավարարված միջնորդությունների թիվը մշտապես գերազանցել եւ այսօր էլ շարունակում է գերազանցել մերժվածներին, իսկ բավարարումների՝ նախորդ տարի արձանագրված ցուցանիշը՝ 83․1 տոկոսը, որի շուրջ քննարկում էր ընթանում ԱԺ-ում, համեմատության մեջ ամենացածրերից է։ Բոլոր դեպքերում, կալանավորումների քանակի աճի կամ նվազման վերաբերյալ եզրահանգումներ անելիս հարկավոր է հաշվի առնելով պետական երկու կառույցների մեթոդաբանական առանձնահատկությունները եւ հստակեցնել, թե որ կառույցի տվյալներն են հիմք ընդունվում։ Վիճակագրությունների վարման գործընթացում թերությունները շտկելու եւ անհամապատասխանություններից խուսափելու համար էլ հարկ է ներդնել մեկ միասնական էլեկտրոնային վիճակագրական բազա, որի ուղղությամբ, ինչպես նշվեց, աշխատանքերն ընթացքի մեջ են։   *Ինֆոգրաֆիկայում ներառված չեն առանց քննության թողնված միջնորդությունները, որոնք ամբողջի շատ չնչին մասն են կազմում։   Միլենա Խաչիկյան
17:22 - 04 հունիսի, 2022
Մաքսիմալ ծանրաբեռնվածությամբ աշխատող Երևան ՋԷԿ-ը և չշահագործվող Հրազդան 5-ը․ Հայաստանի խոշոր ջերմակայանները

Մաքսիմալ ծանրաբեռնվածությամբ աշխատող Երևան ՋԷԿ-ը և չշահագործվող Հրազդան 5-ը․ Հայաստանի խոշոր ջերմակայանները

Երևանի ջերմաէլեկտրակայանը (ՋԷԿ) այս պահին էլեկտրաէներգետիկ համակագում ամենաշատ հոսանք արտադրող կայանն է․ «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ընկերության գլխավոր տնօրեն Մնացական Մնացականյանը ասում է՝ ինչ ատոմակայանը անցել է հերթական պլանային պարապուրդին, մյուս կայաններն աշխատում են ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ։ «Ներկայումս մեզ մոտ աշխատում է Երևանի ՋԷԿ-ը, Armpower-ի ջերմակայանը վթարային նորոգման մեջ է։ Դրա փոխարեն Հրազդանի ՋԷԿ-ում միացված է մեկ բլոկ։ Հիմա վարարման սեզոնն է, որի ընթացքում փոքր ՀԷԿ-երը վերցնում են մաքսիմալ բեռը, որ այսօր մեր հաշվարկներով մոտավորապես 210 մեգավատտ է կազմում։ Որոտանի կասկադում արդեն  ունենք մոտավորապես 100 մեգավատտ արտադրական արևային կայաններ, որոնք ցերեկը ժամը 1-ի կողմերը մինչև 70-75 մեգավատտ բեռ են վերցնում, իսկ ամենամեծ բեռը Երևանի ՋԷԿ-ինն է, մոտավորապես 220-221 մեգավատտ բեռ է զարգացնում»,- նշում է  Մնացական Մնացականյանը։  Երևան ՋԷԿ-ի տարածքը Էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման ծրագրի միջոցով Երևան ՋԷԿ-ը դարձել է համակարգի հաշվեկշռող ու լրացնում է էլեկտրաէներգետիկական համակարգում պակասած էներգիան․ «Դա համակարգի օպերատորի հետ է կապված, համակարգի օպերատորը ասում է՝ բեռը այսքան պահեք, մենք այդքանը պահում ենք։ Կայանն այս պահին աշխատում է մաքսիմալ ծանրաբեռնվածությամբ»,-ասում է Երևանի ՋԷԿ-ի գլխավոր ճարտարագետ Դավիթ Մադոյանը։ Համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանում իրանական գազ են այրում, փոխարենը ստացված էլեկտրաէներգիան փոխանցվում է հարևան երկրին։ Իսկ Armpower ենթակայանի փոխարեն Հրազդան ՋԷԿ-ում այս տարվա մայիսի 26-ի դրությամբ աշխատում էր թիվ 3 էներգաբլոկը, որը, սակայն, ամբողջ հզորությամբ չի շահագործվում․ «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն» բաց բաժնետիրական ընկերության արտադրատեխնիկական բաժնի պետ Անահիտ Տիգրանյանն ասում է՝ բլոկի միջին էլեկտրական հզորությունը կազմում է 150 մեգավատտ, այն կարող է զարգացնել 185 մեգավատտ հզորություն, սակայն այս պահին էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի պահանջով բլոկի միջին հզորությունը  պահվում է 150 մեգավատտ․ «Էներգաբլոկը աշխատում է իր մաքսիմալ հզորությամբ այն ժամանակ, երբ օպերատորը առաջադրում է մաքսիմում ռեժիմ։ Դա լինում է այն դեպքում, երբ Հանրապետությունում էլեկտրաէներգիայի պահանջարկ է լինում, իսկ պահանջարկ լինում է այն դեպքում, երբ համակարգում աշխատող էլեկտրաէներգիա արտադրող կայաններից որևէ մեկի մոտ ստացվում է վթար»։  Հրազդան ՋԷԿ-ի տարածքը «Գազպրոմ Արմենիային» պատկանող Հրազդանի 5-րդ էներգաբլոկի շոգեկաթսան էլ Հայաստանում միակն է, որ ոչ թե թմբուկային է, այլ ուղղահոս, որի արդյունքում ջուրը ճնշման տակ առանց եռալու վերածվում է գոլորշու, այսինքն հնարավոր է դառնում քիչ գազ այրելով շատ էլեկտրաէներգիա ստանալ։ ՋԷԿ-ը, սակայն, 2021 թ,-ի փետրվարից չի աշխատում։ Կայանի գլխավոր ճարտարագետի խոսքով՝ կայանի աշխատել-չաշխատելը կախված է Շուկայի օպերատորից․ «Կայանը ռեզերվում է, մենք ասել ենք, որ ռեզերվում ենք, մենք կարող ենք աշխատել, երբ հրահանգ լինի։ Համակարգն այնպիսին է, որ կայանների մի մասը միշտ լինում է ռեզերվում»։ Հրազդան-5-ի տարածքը Կայանի շահագործման դադարեցման պատճառները «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն և Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը տարբեր կերպ են մեկնաբանել, իսկ ՋԷԿ-ի գլխավոր ճարտարագետը չմեկնաբանեց հարցը, թե ինչու կայանն անցած տարվանից չի շահագործվում։ Նա նշեց, որ ինքը միայն կայանի բնականոն գործունեության ապահովման պատասխանատուն է։   Նանե Ավետիսյան
16:45 - 04 հունիսի, 2022
«Ոստիկանությունը խելագարի հրահանգով դիմեց սադրանքի»․ Իշխան Սաղաթելյան

«Ոստիկանությունը խելագարի հրահանգով դիմեց սադրանքի»․ Իշխան Սաղաթելյան

«Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը ընդդիմության հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ ոստիկանությունը դիմեց ակնհայտ սադրանքի։ Նա նախ եզրափակեց իրենց գործողությունները օրվա ընթացքում․ «Աշխարհի ամենաքաղաքակիրթ ճանապարհով, օրենքի տառին, ոգուն համապատասխան՝ հրավիրել ենք ԱԺ նիստ, որ եկեք, հայտարարեք, որ երկիրը չեք հանձնելու․ չեն եկել։ Գնացել ենք Կառավարություն, ասել ենք՝ ա՛յ հողատու, արի, ժողովրդին ասա, որ երկիրը չես հանձնելու։ Չի եկել, փախել է կառավարական ամառանոց։ Գնացել ենք հետևից, ասել ենք՝ եթե չես համարձակվում, տանդ միջից մի գրառում արա, որ երկիրը չես հանձնելու․ չի արել։ Դրանից հետո ասել ենք՝ բացեք ճանապարհը, գնում ենք խորհրդարան, հետո՝ Ֆրանսիայի հրապարակ։ Չեն բացել ճանապարհը, «կալցո» օպերացիա են արել, ուժ են կիրառել, լկտիաբար, ստորաբար, ամենալկտի ձևերով բռնություն են գործադրել ՀՀ քաղաքացու նկատմամբ։ Ասել եմ ու կրկնում եմ հատ-հատ պատասխան եք տալու»։ Սաղաթելյանն ընդգծեց, որ որևէ ուժ, որևէ բռնություն, որևէ ճնշում, ինչ ուզում են, թող անեն, մեկ է, չեն կարողանալու․ «Էսօրվա փաստը ցույց տվեց, որ իրենք այլևս չեն դիմանում։ Էսօր փաստեցինք, որ ճիշտ ուղու վրա ենք»։ «Ոստիկանությունը խելագարի հրահանգով ակնհայտ դիմեց սադրանքի։ Դիմեց, որովհետև այլևս չէր կարողանում ժողովրդի խաղաղ անհնազանդության այս ամենը հանդուրժել, դիմեց, որովհետև ժողովուրդն այսօր փաստեց, որ խորհրդարան չկա, Կառավարություն չկա, երկրում իշխանություն չկա, իշխանությունն այս հրապարակում է և ժողովուրդն է»,- նշեց նա։ Ըստ Սաղաթելյանի՝ աա էր պատճառը, որ «անիմաստ գնացին սադրանքի»։ «Ո՛չ շենք ենք գրավել, ո՛չ ասել ենք մտնում ենք հողատուի տուն, ո՛չ ասել ենք՝ մտնում ենք կառավարություն, ո՛չ ԱԺ։ Ասել ենք՝ ճանապարհը բացեք, չեն բացել, որ ցույց տան, որ կարող են ժողովրդի ճանապարհը փակել, ես էլ ասում եմ՝ չեք կարող փակել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։ Սաղաթելյանը քաղաքացիներին կոչ արեց որքան հնարավոր է երկար մնալ հրապարակում, իսկ վաղը՝ ժամը 19։00-ին, տեղի կունենա հանրահավաք։ Նա նաև ասաց, որ կայցելեն վնասվածք ստացած քաղաքացիներին, այս ամենին կտան քաղաքական գնահատական, իսկ ոստիկանությանը՝ քաղաքական ու իրավական գնահատական։ Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժման անդամները ցանկանում էին հասնել Ազգային ժողով, ոստիկանները թույլ չէին տալիս։ Նրանք վահաներով պատ էին կազմել։ Ցուցարարները փորձեցին ճեղքել պատը, ինչի հետևանքով իրավիճակը խիստ լարվեց։ Քաղաքացիներն ու ոստիկանները սկսեցին հրել միմյանց, ծեծկռտուք սկսվեց նրանց միջև, ինչի հետևանքով եղան տուժածներ երկու կողմից։ Ստեղծված լարված իրավիճակում իրավապահները լուսաձայնային նռնակ կիրառեցին ցուցարարների ուղղությամբ։  Տասնյակ քաղաքացիներ, այդ թվում նաև ոստիկաններ են դիմել տարբեր բժշկական կենտրոններ։ Նրանց թիվը այս պահին հստակ չէ։ Նշենք, որ ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննսիսյանը արձագանքել է իրադրությանը՝ նշելով, թե «բախումների ողջ պատասխանատվությունը կրում են ընդդիմությունը և անձամբ Իշխան Սաղաթելյանը»։
23:10 - 03 հունիսի, 2022
Կառավարական առանձնատան մոտ լուսաձայնային նռնակ կիրառվեց ցուցարարների ուղղությամբ

Կառավարական առանձնատան մոտ լուսաձայնային նռնակ կիրառվեց ցուցարարների ուղղությամբ

Կառավարական առանձնատան մոտ իրավապահները ցուցարարների նկատմամբ հատուկ միջոց կիրառեցին։ «Դիմադրություն շարժման անդամները ցանկանում էին հասնել Ազգային ժողով, ոստիկանները թույլ չէին տալիս։ Նրանք վահաներով պատ էին կազմել։ Ցուցարարները փորձեցին ճեղքել պատը, ինչի հետևանքով իրավիճակը խիստ լարվեց։ Քաղաքացիներն ու ոստիկանները սկսեցին հրել միմյանց, ծեծկռտուք սկսվեց նրանց միջև, ինչի հետևանքով եղան տուժածներ երկու կողմից։ Ստեղծված լարված իրավիճակում իրավապահները լուսաձայնային նռնակ կիրառեցին ցուցարարների ուղղությամբ։  Հարցին, թե ինչու կիրառվեց հատուկ միջոց, ոստիկանության ծառայողներից մեկը ասաց, որ «քարերով էին հարվածում արդեն»։ Նշենք, որ ավելի վաղ Շարժումը ակցիա էր իրականացնում կառավարության մասնաշենքերի մոտ, ապա շարժվեցին դեպի կառավարական ամառանոց։ Այսօր ԱԺ ընդդիմադիր խմբակցություններ նախաձեռնել էին արտահերթ նիստ։ ԱԺ մեծամասնություն կազմող ՔՊ խմբակցությունը չներկայացավ նիստին, ինչի հետևանքով այն չկայացավ։
21:02 - 03 հունիսի, 2022
Լուկաշենկոյի խոսքով՝ Մինսկը Կիևին կարող է օգնել հացահատիկի արտահանման հարցում, բայց փոխզիջում է ակնկալում

Լուկաշենկոյի խոսքով՝ Մինսկը Կիևին կարող է օգնել հացահատիկի արտահանման հարցում, բայց փոխզիջում է ակնկալում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը կարող է Ուկրաինային օգնել հացահատիկը բելառուսական տարածքով արտահանելու հարցում, սակայն պետք է փոխզիջում լինի, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Հիմա բոլորը լոգիստիկա են փնտրում․ իսկ որտե՞ղ, իսկ ինչպե՞ս։ Խնդրեմ, մենք կարող ենք խոսել։ Մենք դեմ չենք․ տարեք Բելառուսի տարածքով, բայց փոխզիջումներ են պետք», - ասել է նա։ Ավելի վաղ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ասել էր, որ Ռուսաստանը պատրաստ է ուկրաինական հացահատիկով բեռնված նավերին թույլ տալ դուրս գալ նավահանգիստներից, սակայն Կիևը պետք է ականազերծի Սև ծովը։ Եթե նա անի դա, ապա Ռուսաստանը միջանցք ունի, որը ՌԴ ռազմածովային ուժերը պատրաստ են տրամադրել՝ ապահովելու համար նավերի անվտանգ ելքը նավահանգիստներից։ Նորա Վանյան
15:16 - 03 հունիսի, 2022
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին՝ Ղրղզստանի Բատկենի շրջանի Բուլակ-Բաշի տեղանքում, սահմանապահների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել, հայտնում է «Կոմերսանտը»՝ ղրղզական լրատվամիջոցներին հղումով։ Տաջիկստանում դեռ չեն մեկնաբանել կատարվածը։ «Անտեսելով Ղրղզական Հանրապետության տարածքը լքելու օրինական պահանջները, տաջիկ սահմանապահները կրակ են բացել ղրղզ զինծառայողների ուղղությամբ։ Երկու երկրների սահմանապահների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի ընթացքում տաջիկական կողմը ականանետներ է կիրառել», - ասված է Ղրղզստանի սահմանապահ ծառայության հաղորդագրությունում։ «Ինտերֆաքսը» հայտնում է, որ փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է Ղրղզստանի զինծառայողներից մեկը։ Ներկա պահին փոխհրաձգության վայրում են Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Կողմերը բանակցում են՝ միջադեպի մանրամասները պարզելու համար։ Սա Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին տեղի ունեցած հրաձգության առաջին դեպքը չէ այս տարվա հունվարից ի վեր, երբ սահմանին խոշոր բախում էր տեղի ունեցել։ Պատճառը տարաձայնություններն էին տարածքային սահմանների որոշման հարցում։ Ապրիլի 12-ին այս հատվածում կրկին փոխրաձգություն էր տեղի ունեցել։ Ապրիլի 16 -ին Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը հայտնել էր, որ Տաջիկստանի հետ 972 կմ ընդհանուր սահմանից համաձայնեցված է 664 կմ-ը։ Նորա Վանյան
15:05 - 03 հունիսի, 2022
Լավրովը Երևանում կմասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Լավրովը Երևանում կմասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 10-ին Երևանում կմասնակցի ՀԱՊԿ Արտգործնախարարների խորհրդի նիստին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Հունիսի 10-ին Երևանում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Արտգործնախարարների խորհրդի հերթական նիստին։ Հայաստանն ընթացիկ տարում նախագահում է ՀԱՊԿ-ում», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ։ Ակնկալվում է, որ նիստի արդյունքում կստորագրվի 2022-2024 թթ-ի պաշտպանության և անվտանգության արտաքին քաղաքականության հարցերով ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչների խորհրդակցությունների պլանը։ Այս միջոցառման շրջանակում Լավրովը մի շարք երկկողմանի հանդիպումներ կունենա, ասել է Զախարովան։Նորա Վանյան
14:07 - 03 հունիսի, 2022
Ըստ պաշտպանների՝ Հրայր Թովմասյանի գործում առկա գաղտնալսումները չպետք է հետազոտվեն, քանի որ ձեռք են բերվել իրավունքի խախտմամբ

Ըստ պաշտպանների՝ Հրայր Թովմասյանի գործում առկա գաղտնալսումները չպետք է հետազոտվեն, քանի որ ձեռք են բերվել իրավունքի խախտմամբ

#Կարճասած Դատարանն ավարտեց Հրայր Թովմասյանի գործով փաստաթղթերի հետազոտումը, հերթը հասավ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ձեռքբերված գաղտնալսումներին Ըստ պաշտպանական կողմի՝ այդ գաղտնալսումները ի սկզբանե չպետք է հետազոտվեն, քանի որ ձեռք են բերվել իրավունքների խախտմամբ, դատախազները, սակայն, հակառակ կարծիքին են Այնուհանդերձ, դրանք այսօր հետազոտվեցին մասամբ․ պաշտպանական կողմը ժամանակ խնդրեց գրավոր միջնորդություն ներկայացնելու համար։ #Ավելիմանրամասն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում այսօր շարունակվեց Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի եւ նրա սանիկ Նորայր Փանոսյանի գործով ապացույցների հետազոտումը։ Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հրապարակեց գործում առկա փաստաթղթերը, որից հետո անցավ գաղտնալսումների հրապարակմանը։ Նախքան դա Հրայր Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը հարց հնչեցրեց՝ ճի՞շտ է հասկանում, որ Վերաքննիչ դատարանի որոշումը՝ Թովմասյանի բնակարանի անձեռնմխելիության խախտման փաստը հաստատելու մասին, գործի նյութերում առկա չէ։ Ի պատասխան՝ դատավորն ասաց, որ եթե առկա լիներ, ինքը դա կհրապարակեր։ Հիշեցնենք՝ նախորդ դատական նիստին պաշտպանները միջնորդել էին չհետազոտել Թովմասյանի բնակարանի խուզարկության արձանագրությունը՝ պատճառաբանությամբ, որ այն, թեեւ ի սկզբանե դատարանի որոշման հիման վրա է իրականացվել, սակայն հետագայում դրա դեմ բողոք է ներկայացվել, եւ Վերաքննիչ դատարանը բեկանել է խուզարկության թույլտվության որոշումը՝ այն որակելով անօրինական։ Դատարանը, այնուհանդերձ, հետազոտել էր այն՝ նշելով, որ այս փուլում չի կարող գնահատական տալ ապացույցների թույլատրելիությանը եւ դրանց անդրադառնալու է խորհրդակցական սենյակում վերջնական դատական ակտ կայացնելիս։ Այդ հարցը այսօր եւս քննարկման առարկա դարձավ։ Երբ դատարանը սկսեց հետազոտել Էդուարդ Այվազյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը, Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանն ասաց, որ գաղտնալսման այդ գործընթացը առնվազն գործի նյութերում առկա ապացույցներով հիմնավոր չէ, քանի որ, ըստ նրա, անձի հեռախոսի գաղտալսումը թույլ տալու համար պարտադիր պահանջ է նրա՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի մեջ մեղադրվելու պայմաններից մեկը․ «Մնացած դետալները չասեմ, ինքնին ձայնագրությունը սույն գործի շրջանակում ապօրինի է եւ չի կարող քննարկման առարկա դառնալ, հետեւաբար չի կարող նաեւ ուսումնասիրվել, որպեսզի դատարանի ներքին համոզման վրա ազդեցություն չթողնի»։ Պաշտպանի համոզմամբ՝ նախագահողը չպետք է թույլ տա ապօրինի որեւէ նյութի ուսումնասիրությունը դատական նիստում, եթե այդ նյութի ապօրինիությունը հնարավոր է արձանագրել առանց դրա բուն պարունակությունը ուսումնասիրելու։ Նշենք, որ Էդուարդ Այվազյանը այն անձն է, ով ի սկզբանե գնել է Բաղրամյան պողոտայում գտնվող  անշարժ գույքը, որի մասին խոսվում է մեղադրանքում։ Ըստ դրա՝ Թովմասյանն ու Փանոսյանը խոչընդոտել են նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատւթյան նախարարության, նոտարների իրավունքներին ու օրինական շահերին։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Գաղտնալսումների վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Թովմասյանի մյուս պաշտպան Միհրան Պողոսյանը՝ նշելով, որ մեղադրական եզրակացությունում մեջբերված են հիշյալ հեռախոսային խոսակցություններից երկուսը, իսկ սկավառակի մեջ առկա է վեց ձայնագրություն․ «Ուստի եթե, այնուամենայնիվ, լսում ենք, լսենք նրանք, որոնք ներառված են մեղադրական եզրակացության մեջ»,- ասաց նա։ Դատախազ Արսեն Մարգարյանը, սակայն, հակադարձեց՝ սկավառակում առկա բոլոր ձայնագրությունները գործում ապացույց են, ուրեմն՝ պետք է հետազոտվեն․ «Իսկ թե քանի խոսակցություն է մեղադրական եզրակացության մեջ քննիչը արձանագրել, չի կարող կանխորոշիչ լինել սկավառակի պարունակությունը մասամբ լսելու համար»,- ասաց դատախազը։ Դատարանը, ամեն դեպքում, շարունակեց գաղտնալսումների հետազոտումը, որոնց պարունակությունը լիարժեք լսելի չէր, այնուհանդերձ, հասկանալի եղավ, որ կողմերը խոսում են անշարժ գույքի վաճառքի, քննչական մարմնում բացատրություններ չտալու մասին, եւ մի քանի անգամ հնչում էին «հեռախոսով ի՞նչ ասեմ»,  «հեռախոսով չխոսենք» արտահայտություններ։ Գաղտնալսումների հետազոտումը դարձյալ ընդհատվեց, երբ Նորայր Փանոսյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը խնդրեց՝ դատախազները բացատրեն, թե այդ հեռախոսազրույցները ինչ կապ ունեն մեղադրանքի հետ կամ մեղադրանքի կոնկրետ որ հանգամանքին են առնչվում։ Դատախազները արձագանքի անհրաժեշտություն չտեսան, եւ դատարանը ցանկացավ շարունակել գաղտնալսման հետազոտումը։ Սարգսյանը, սակայն առարկեց՝ ասելով, որ իր հարցը մնաց անպատասխան․ «Ես կարող եմ բազմաթիվ հայտարարություններ անել, ծանրաբեռնել դատական նիստը, ինչպես այս գործն է ծանրաբեռնված, բայց մենք պաշտպանական իրավունք ենք իրացնում, մեկ-երկու բառով կարելի  է ասել՝ մեղադրանքի այս հատվածին է վերաբերում, որ մենք էլ իմանանք՝ ինչից ենք պաշտպանվում»։ Մեղադրող դատախազ Արմեն Մուրադյանը ավելի ուշ պարզաբանեց՝ այնպես չէ, որ իրենք իրենց մեջ այդ բացատրությունները չունեն, դրա համար չեն արձագանքում, խնդիրը պարզապես այն է, որ նման օրենսդրական պահանջ չկա․ «Այսինքն՝ դատախազը որեւէ պարտավորություն չունի  բացատրություններ տալու, հիմնավորումներ ներկայացնելու, թե այս ապացույցը առանձին ինչին է վերաբերում, մենք բերել ենք գործը, բերել ենք ապացույցները, ասում ենք՝ սա է, արդեն հանձնել ենք դատարանի դատին»,- ասաց նա։ Այնուհետեւ Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդեց հրապարակել ամեն ձայնագրության ձեռքբերման աղբյուրը, այսինքն՝ դրա հիմք հանդիսացող փաստաթուղթը, որով, ըստ պաշտպանի, հասկանալի կդառնա, թե տվյալ սկավառակը որտեղ է ստեղծվել, որտեղից որտեղ ուղարկվել։ Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հայտնեց՝ գործում առկա բոլոր փաստաթղթերը դատարանը արդեն իսկ հրապարակել է։ «Այսինքն՝ չկա՞ ձեռքբերման աղբյուրը»,- հարցրեց պաշտպանը, ինչին ի պատասխան՝ դատավորն ասաց, որ եթե եղել է, ուրեմն՝ հրապարակվել է։ «Եթե-ով չէ, մենք ապացույց ենք հետազոտում, հրապարակվե՞լ է արդյոք ձեռքբերման աղբյուրը թե՞ ոչ»։ Պաշտպաններից Արամ Օրբելյանն էլ շարունակեց․ «Դատարանը ոչ թե պետք է առաջարկի դատախազներին ցանկության դեպքում արձագանքել, այլ եթե նրանք շատ հստակ չեն բերում բավարար հիմնավորումներ, որ դատարանի մոտ ձեւավորվի համոզմունք, որ սա ունի ծագում, եւ այն օրինական է, ապա պետք է հանի գործի նյութերից եւ վերադարձնի Դատախազությանը»։ Դատավորը հետաքրքրվեց՝ ի՞նչ ընթացակարգով է պաշտպանը դա պատկերացնում․ «Ընթացակարգը հետեւյալն է․ ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածն ասում է, որ յուրաքանչյուր ոք ունի արդար դատաքննության իրավունք, որի բաղադրատարր է, որ ապօրինի ձեռքբերված ապացույցը չի կարող օգտագործվել, անմիջականորեն կիրառեք Սահմանադրության նորմերը»,- ասաց նա՝ հավելելով․ «Կա ձայնագություն, լսեցինք, հասկացանք, բայց այդ ձայնագրությունը որտեղի՞ց է հայտնվել, այսինքն՝ ո՞վ է ձայնագրել, որտե՞ղ է ձայնագրել, ինչի՞ հիման վրա է ձայնագրել, եթե դրանք չկան, դուք ինչպե՞ս եք գնահատելու այն»։ Պաշտպանն ընդգծեց, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան եւ «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիրը» եւս ուղղակիորեն նախատեսում են, որ ապօրինի ապացույցը չի կարող հետազոտել։   Դատախազ Արսեն Մարգարյանն ի վերջո արձագանքեց՝ ասելով, որ պաշտպանների պնդումը, թե հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման իրավական հիմք գործում չկա, իրականությանը չի համապատասխանում․ «Քիչ առաջ եւ նախորդ դատական նիստին էլ հետազոտված փաստաթղթերը առնվազն դրա իրավական հիմքը պարունակում են, այդ ապացույցը ապօրինի ձեռք չի բերվել, առկա են դատարանի որոշումներ, դրանց գաղտազերծման որոշումներ, համապատասխան մարմնի միջնորդությունը, եւ հիմքը, թե ինչ կասկածանքով է տրվել այդ միջնորդությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ ամենեւին անհրաժեշտ չէ կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակում մարդ ներգրավված լինի, որպեսզի հեռախոսային խոսակցությունների վերահսկում իրականացվի։ Անդրադառնալով պաշտպան Հովսեփ Սարգսյանի այն խոսքին, թե կարող են հայտարարություններով ծանրաբեռնել նիստը՝ դատախազն ասաց, որ ըստ էության, դա էլ արվում է, քանի որ նույնաբովանդակ միջնորդություն ներկայացվել է ե՛ւ նախորդ դատական նիստին, ե՛ւ դրանից առաջ։ Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը եւս պաշտպաններին հիշեցրեց՝ այս փուլում գործից ապացույց հեռացնելու վերաբերյալ նախորդ նիստին արդեն իսկ դիրքորոշում արտահայտել է, ուստի միջնորդությունը չի քննարկվում, թողնվում է առանց քննության։ Հրայր Թովմասյանը խնդրեց ընդմիջել նիստը, որպեսզի իր պաշտպանների հետ քննարկի տվյալ իրավիճակում իրենց հետագա գործողությունները։ Ընդիջումից հետո պաշտպան Արամ Օրբելյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ նախորդ Սահմանադրությամբ խոսվում էր ապօրինի ձեռքբերված ապացույցները դատավճռի հիմքում դնելու արգելքի մասին, մինչդեռ գործող Սահմանադրությունը ամրագրում է, որ այդպիսի ապացույցների օգտագործումն է արգելվում․ «Սրանով երկու հիմնական խնդիր է բարձրացվել․ նախ, ընդլայնվել է սուբյեկտների շրջանակը, ում արգելվում է ապօրինի ձեռքբերված ապացույցը օգտագործել՝ դատարանից բացի ներառելով դատավարության մյուս մասնակիցներին, այդ թվում՝ դատախազությանը,  եւ երկրորդը, «մեղադրական դատավճռում դնելու» փոխարեն տրվել է «օտագործվել» ձեւակերպումը՝ իր սահմանադրաիրավական առանձին բովանդակությամբ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ հետազոտումն ինքնին օգտագործման եղանակ է։ Օրբելյանը նշեց, որ իրենց համոզմամբ այդ ձայնագրությունները ձեռք են բերվել հիմնական իրավունքների խախտմամբ եւ խաթարել են արդար դատաքննության իրավունքը, սակայն քրեադատավարական օրենսգրքի հետազոտումից պարզ է դարձել, որ դատարանը չունի գործիքակազմ՝ ասելու, որ տվյալ դեպքում տվյալ ապացույցը տվյալ պարամետրերով խաթարող է կամ խաթարող չէ, ի տարբերություն, օրինակ, Քաղաքացիական օրենսգրքի, որը նման հնարավորություն տալիս է։ Այս իրավիճակը, ըստ պաշտպանի, հանգեցնում է հակասահմանադրական արդյունքի, ինչով պայմանավորված՝ նա ժամանակ խնդրեց գրավոր միջնորդություն պատրաստելու համար։ Ըստ ամենայնի, խոսքը գործի վարույթը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու միջնորդության մասին է։ Նորայր Փանոսյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը միացավ խնդրանքին՝ հայտնելով, որ կախված Օրբելյանի կողմից ներկայացվող միջնորդության արդյունքներից՝ հնարավոր է՝ ինքն էլ միջնորդությամբ հանդես գա։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 17-ին։   Միլենա Խաչիկյան
19:53 - 02 հունիսի, 2022