Մաքսիմալ ծանրաբեռնվածությամբ աշխատող Երևան ՋԷԿ-ը և չշահագործվող Հրազդան 5-ը․ Հայաստանի խոշոր ջերմակայանները
16:45 - 04 հունիսի, 2022

Մաքսիմալ ծանրաբեռնվածությամբ աշխատող Երևան ՋԷԿ-ը և չշահագործվող Հրազդան 5-ը․ Հայաստանի խոշոր ջերմակայանները

Երևանի ջերմաէլեկտրակայանը (ՋԷԿ) այս պահին էլեկտրաէներգետիկ համակագում ամենաշատ հոսանք արտադրող կայանն է․ «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ընկերության գլխավոր տնօրեն Մնացական Մնացականյանը ասում է՝ ինչ ատոմակայանը անցել է հերթական պլանային պարապուրդին, մյուս կայաններն աշխատում են ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ։

«Ներկայումս մեզ մոտ աշխատում է Երևանի ՋԷԿ-ը, Armpower-ի ջերմակայանը վթարային նորոգման մեջ է։ Դրա փոխարեն Հրազդանի ՋԷԿ-ում միացված է մեկ բլոկ։ Հիմա վարարման սեզոնն է, որի ընթացքում փոքր ՀԷԿ-երը վերցնում են մաքսիմալ բեռը, որ այսօր մեր հաշվարկներով մոտավորապես 210 մեգավատտ է կազմում։ Որոտանի կասկադում արդեն  ունենք մոտավորապես 100 մեգավատտ արտադրական արևային կայաններ, որոնք ցերեկը ժամը 1-ի կողմերը մինչև 70-75 մեգավատտ բեռ են վերցնում, իսկ ամենամեծ բեռը Երևանի ՋԷԿ-ինն է, մոտավորապես 220-221 մեգավատտ բեռ է զարգացնում»,- նշում է  Մնացական Մնացականյանը։ 


Երևան ՋԷԿ-ի տարածքը

Էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման ծրագրի միջոցով Երևան ՋԷԿ-ը դարձել է համակարգի հաշվեկշռող ու լրացնում է էլեկտրաէներգետիկական համակարգում պակասած էներգիան․ «Դա համակարգի օպերատորի հետ է կապված, համակարգի օպերատորը ասում է՝ բեռը այսքան պահեք, մենք այդքանը պահում ենք։ Կայանն այս պահին աշխատում է մաքսիմալ ծանրաբեռնվածությամբ»,-ասում է Երևանի ՋԷԿ-ի գլխավոր ճարտարագետ Դավիթ Մադոյանը։ Համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանում իրանական գազ են այրում, փոխարենը ստացված էլեկտրաէներգիան փոխանցվում է հարևան երկրին։

Իսկ Armpower ենթակայանի փոխարեն Հրազդան ՋԷԿ-ում այս տարվա մայիսի 26-ի դրությամբ աշխատում էր թիվ 3 էներգաբլոկը, որը, սակայն, ամբողջ հզորությամբ չի շահագործվում․ «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն» բաց բաժնետիրական ընկերության արտադրատեխնիկական բաժնի պետ Անահիտ Տիգրանյանն ասում է՝ բլոկի միջին էլեկտրական հզորությունը կազմում է 150 մեգավատտ, այն կարող է զարգացնել 185 մեգավատտ հզորություն, սակայն այս պահին էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի պահանջով բլոկի միջին հզորությունը  պահվում է 150 մեգավատտ․ «Էներգաբլոկը աշխատում է իր մաքսիմալ հզորությամբ այն ժամանակ, երբ օպերատորը առաջադրում է մաքսիմում ռեժիմ։ Դա լինում է այն դեպքում, երբ Հանրապետությունում էլեկտրաէներգիայի պահանջարկ է լինում, իսկ պահանջարկ լինում է այն դեպքում, երբ համակարգում աշխատող էլեկտրաէներգիա արտադրող կայաններից որևէ մեկի մոտ ստացվում է վթար»։ 


Հրազդան ՋԷԿ-ի տարածքը

«Գազպրոմ Արմենիային» պատկանող Հրազդանի 5-րդ էներգաբլոկի շոգեկաթսան էլ Հայաստանում միակն է, որ ոչ թե թմբուկային է, այլ ուղղահոս, որի արդյունքում ջուրը ճնշման տակ առանց եռալու վերածվում է գոլորշու, այսինքն հնարավոր է դառնում քիչ գազ այրելով շատ էլեկտրաէներգիա ստանալ։ ՋԷԿ-ը, սակայն, 2021 թ,-ի փետրվարից չի աշխատում։ Կայանի գլխավոր ճարտարագետի խոսքով՝ կայանի աշխատել-չաշխատելը կախված է Շուկայի օպերատորից․ «Կայանը ռեզերվում է, մենք ասել ենք, որ ռեզերվում ենք, մենք կարող ենք աշխատել, երբ հրահանգ լինի։ Համակարգն այնպիսին է, որ կայանների մի մասը միշտ լինում է ռեզերվում»։


Հրազդան-5-ի տարածքը

Կայանի շահագործման դադարեցման պատճառները «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն և Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը տարբեր կերպ են մեկնաբանել, իսկ ՋԷԿ-ի գլխավոր ճարտարագետը չմեկնաբանեց հարցը, թե ինչու կայանն անցած տարվանից չի շահագործվում։ Նա նշեց, որ ինքը միայն կայանի բնականոն գործունեության ապահովման պատասխանատուն է։

 

Նանե Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել