ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունն իրավապահ համակարգի մարմին է, որի պարտականությունն է հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը:

Ոստիկանությունն իրականացնում է հանրապետության տարածքում օպերատիվ-հետախուզական եւ փորձաքրեագիտական գործունեության կազմակերպումը։ Ոստիկանությունը գործում է ՀՀ Սահմանադրության, օրենդրության եւ «Ոստիկանության» մասին ՀՀ օրենքի հիման վրա։ Այն ենթակա է Հանրապետության վարչապետին։ 2020 թ. հունիսի 8-ից ոստիկանապետը Վահե Ղազարյանն է։

Արարատի մարզի երկու բնակիչ կամավոր զենք-զինամթերք են հանձնել

Արարատի մարզի երկու բնակիչ կամավոր զենք-զինամթերք են հանձնել

Ոստիկանության Արարատի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 9-ին, ժամը 19։15-ին, Վանաշեն գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է օդաճնշիչ հրացան, 5.45 մմ տրամաչափի՝ 84 և 7.62 մմ տրամաչափի՝ 43, խոշոր, տարբեր տրամաչափի 22 փամփուշտ և ինքնաձիքի 2 դատարկ պահունակ։ Նա հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել են հանգուցյալ հորը, որը դրանք ձեռք էր բերել ՀՀ սահմանների պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ: Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում ապրիլի 9-ին, ժամը 17։30-ին, բաժին է ներկայացել Սայաթ-Նովա գյուղի մի բնակիչ և հանձնել ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ՝ հարմարեցված 5.6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, ինքնաձիգի դատարկ փամփուշտատուփ, «ՌԳԴ -5» տիպի ձեռքի նռնակ՝ առանց պայթուցիչի, ձեռքի նռնակի պայթուցիչ, 5 հատ 12.7 մմ, 6 հատ 5,45 մմ և 85 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ և հայտնել, որ զենք-զինամթերքը պատկանել է հորը (մահացել է 1992թ.), ով զենք-զինամթերքը բերել էր ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ, պահել տան հողամասում՝ հողի տակ և մոռացության մատնել: Հանձնված զենք-զինամթերքն ուղարկվել է փորձաքննության:  
17:36 - 10 ապրիլի, 2019
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի տրամադրման մասին

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի տրամադրման մասին

Հարգելի՛ քաղաքացիներ։Արդեն հայտնել ենք, որ տեխնիկական օբյեկտիվ պատճառներով պայմանավորված՝ որոշ ժամանակով խնդիրներ էին ծագել տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի տրամադրման գործընթացում։ Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ ոստիկանությունն արդեն իսկ ապահովել է տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի պատրաստման թիթեղյա վահանակները Վրաստանի Փոթի նավահանգստից հնարավորինս սեղմ ժամկետում Հայաստանի Հանրապետություն տեղափոխման աշխատանքների կատարումը: Վահանակներ ստացվել են, սկսվել են համարանիշերի տպագրման աշխատանքները: Բոլոր այն տրանսպորտային միջոցների սեփականատերերը, ովքեր հաշվառման ժամանակ չեն ստացել թիթեղյա համարանիշ, կարող են 2019 թվականի ապրիլի 11-ից սկսած դիմել հաշվառման համարանիշերն ստանալու համար: Ոստիկանությունը պատճառված անհարմարությունների համար կրկին անգամ հայցում է քաղաքացիների ներողամտությունը:
08:49 - 10 ապրիլի, 2019
Գյուլագարակի անտառպետության տարածքում կատարված ապօրինի ծառահատումը բացահայտվել է

Գյուլագարակի անտառպետության տարածքում կատարված ապօրինի ծառահատումը բացահայտվել է

2018 թ. դեկտեմբերի 11-ին, ժամը 15.00-ին, «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղից ոստիկանության Ստեփանավանի բաժին անտառախախտման արձանագրություն է ստացվել, որ նոյեմբերի 28-ին կատարված շրջագայության ժամանակ պարզվել է, որ Ստեփանավանի անտառտնտեսության Գյուլագարակի անտառպետության թիվ 8 պահաբաժնի 10 քառակուսում ինքնությունը չպարզված անձը ապօրինի հատել է տարբեր տեսակի և տրամաչափերի 24 ծառեր:Հարուցված քրեական գործի շրջանակներում ապրիլի 3-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումնների շնորհիվ պարզվել է, որ 2018թ. նոյեմբերի վերջին նշված ծառերը բենզասղոցով ապօրինի հատել է 1992 թ. ծնված Շահեն Ղ.-ն և առաջացած փայտանյութը 1987 թ. ծնված Վահե Շ.-ի ու 1981 թ. ծնված Ահարոն Գ.-ի օգնությամբ՝ վերջինիս պատկանող «ԳԱԶ 53» բեռնատար ավտոմեքենայով տեղափոխել է իր տան բակ և օգտագործել տունը ջեռուցելու համար:Ապրիլի 2-ին Շահեն Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:Նախաքննությունը շարունակվում է:  
15:28 - 04 ապրիլի, 2019
Ոստիկանները բացահայտել են առանձնապես խոշոր չափերով հափշտակության դեպք

Ոստիկանները բացահայտել են առանձնապես խոշոր չափերով հափշտակության դեպք

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների, նաև քաղաքացուց ստացված հաղորդման հիման վրա, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով, բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հափշտակության դեպք:Ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնում է․ «Ըստ նախնական տվյալների պարզվել է, որ 2009 թվականի հունվարի 9-ին «Ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունը ճանաչվել է սնանկ և ընկերության գույքը, այդ թվում՝ 10.7 կմ երկարությամբ 100 մմ տրամաչափի Արագածոտնի մարզի «Ապարան-Վարդաբլուր-Ծաղկահովիտ» ջրատարը հանձնվել է գործով սնանկության կառավարչի տիրապետմանը:2018 թվականի հուլիսի 23-ին, աճուրդի արդյունքում, անհատ ձեռնարկատիրոջ և սնանկության գործով կառավարչի միջև կնքվել է «Ապարան-Վարդաբլուր-Ծաղկահովիտ» ջրատարից երկու հազար գծամետր ընդհանուր երկարությամբ խողովակների ձեռքբերման պայմանագիր:Անհատ ձեռնարկատիրոջ ներկայացուցիչը, օգտագործելով նշված պայմանագիրը, առանց Ծաղկահովիտ խոշորացված համայնքի ղեկավարի թույլտվության, 2018 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ջրատարից ապամոնտաժել է երկու հազար գծամետր խողովակ։ Հետո, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տեղեկությունների, խարդախությամբ ապամոնտաժել և հափշտակել է նույն ջրատարի շարունակությունը՝ Ալագյազ համայնքի վարչական տարածքով անցնող, մոտ 500 գծամետր խողովակաշարը։ Ապա, չարաշահելով ինչպես սնանկության կառավարչի, այնպես էլ Ալագյազ համայնքի ղեկավարի վստահությունը, նշված պայմանագիրը ներկայացրել է Ալագյազ համայնքի ղեկավարին և նրա կողմից քանդման թույլտվություն ստանալուց հետո, 2019 թվականին ապամոնտաժել և խարդախությամբ հափշտակել է ևս շուրջ 2.200 գծամետր խողովակաշար, այսպիսով հափշտակելով ընդհանուր՝ 4.590.000 դրամ արժողության շուրջ 2700 գծամետր խողովակաշար:Փաստի առթիվ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:Կատարվում է քննություն»:
07:47 - 03 ապրիլի, 2019
«Երևանի պետական թեթև արդյունաբերության քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենը յուրացրել է 5.905.000 դրամ

«Երևանի պետական թեթև արդյունաբերության քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենը յուրացրել է 5.905.000 դրամ

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նույն վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ըստ նախնական տվյալների, պարզվել է, որ «Երևանի պետական թեթև արդյունաբերության քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենը օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2014-2019 թվականներին որպես հավաքարարներ է հրամանագրել երկու քաղաքացուհու, որոնք փաստացի աշխատանքի չեն հաճախել և չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները: Նրանց անվամբ պետական միջոցներից որպես աշխատավարձ դուրս գրված համապատասխանաբար՝ 3.904.000 և 2.000.000, իսկ ընդհանուր շուրջ՝ 5.905.000 դրամ գումարները նրանց փոխարեն ստացվել ու յուրացվել են: Դեպքի առթիվ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննության: Ոստիկանություն
06:03 - 02 ապրիլի, 2019
Եթե անօրինությունը չվերացվի, չեմ աշխատի. ստուգումներ «Մոդուս Գրանում» հոլդինգում |armtimes.com|

Եթե անօրինությունը չվերացվի, չեմ աշխատի. ստուգումներ «Մոդուս Գրանում» հոլդինգում |armtimes.com|

armtimes.com։ ՀՀ ոստիկանության աշխատակիցները ստուգումներ են իրականացրել Գուրգեն Նիկողոսյանին պատկանող «Մոդուս Գրանում» հոլդինգում: Այն նախկինում հայտնի է եղել «Մանանա գրեյն» անունով: Ընկերությունը մի քանի ոլորտում է գործունեություն ծավալում՝ քարի հանքի շահագործում ու քարի մշակում, ընտանի կենդանիների համակցված կերերի գործարան, ալյուրի արտադրություն եւ այլն: Այս հոլդինգի մեջ է մտնում Արմաշի ալյուրի գործարանը, որն իր գործունեությունը ծավալում է 1992թ-ից եւ ունի մոտ 500 աշխատող: «Հայկական ժամանակ»- հետ զրույցում հոլդինգի սեփականատեր Գուրգեն Նիկողոսյանը ասաց, որ անցած հինգշաբթի օրվանից ոստիկանության 6-րդ վարչության 12 աշխատակիցները սկսել են ստուգումներ իրականցնել իր գործարանում`նպատակ ունենալով ստուգել հոլդինգի` 2016-2018 թ-ների գործունեությունը: «Մեզ տեղեկացրել են, որ եկել են ստուգումներ իրականացնելու, բայց թե ինչ հիմունքով են խուզարկություն կատարում, չեն ասել: Առանց մեզ տեղեկացնելու ստուգումների արդյունքները տեղափոխել են ոստիկանական բաժանմունք: Ասում են, թե տեղեկություններ ունեն, որ աշխատողներին վճարել ենք ավելի քիչ, ցույց տվել`շատ: Նրանց խոսքով՝ հարկային պարտականություններն էլ անհրաժեշտ կերպով չենք կատարել, բայց փաստաթղթերով մենք ցույց ենք տվել, որ նման բան չկա»- ասաց հոլդինգի սեփականատերը: Մեր հարցին՝ արդյո՞ք ճիշտ են այն լուրերը, որ ոստկանության աշխատողները հարցաքնության ժամանակ ծեծել են գործարանի բանվորներից մեկին, Նիկողոսյանը պատասխանեց. «Ինչ գործողություն եղել է ստուգումների ժամանակ, ես հանրությանը ներկայացրել եմ: Ստուգումները սկսելուց հետո գյուղապետերի, թաղայինների միջոցով 6-րդ վարչության բաժանմունք են հրավիրել ընկերության աշխատակիցներին, սպառնացել ճիշտը չգրելու դեպքում Երեւան տանել, նույնիսկ մեր աշխատողներին չեն զգուշացրել, որ կարող են ցուցմունք չտալ, չէ՞ որ դա նրանց սահմանադրական իրավունքն է: Իսկ հարցաքննությունից հետո մեր աշխատողներից մեկը ասաց, որ իրեն ծեծել են: Մենք ունենք ձայնագրություն, որի մեջ աշխատողը ասում է, որ իրեն ծեծել են»:Նիկողոսյանի խոսքով` մի քանի օր հետո էլ քարի հանքի պետին են հրավիրել Երեւան՝ 6-րդ վարչություն. «Հարցաքննվող մեր աշխատակցին ասել են, որ իրենք տեղյակ են, որ 2 ցուցակով են աշխատավարձ ստանում, պահանջել են`գրի ինչքան: Բնականաբար մեր աշխատակիցը ասել է, որ նման բան չկա ու չի եղել: Քննիչներն էլ ասել են՝ գրեք, որ նոր տարուն հավելավճար եք ստացել, որը չի գրանցվել: Մեր աշխատողը բնականաբար այդ տեղեկությունը եւս հերքել է»: Գուրգեն Նիկողոսյանը հավելեց նաեւ, որ ունի 500 աշխատակից, որոնք բոլորն էլ գրանցված են: Նա վստահեցրեց, որ աշխատավարձերի ուշացում չի լինում եւ բոլոր փաստաթղթերն էլ կարգին են ու օրինական: «Ես գող-ավազակ չեմ, ոչ էլ թուրք եմ, եթե անօրինությունը չվերացվի, ես կդադարեցնեմ իմ աշխատանքը: Նույնիսկ մտածում եմ Հայաստանից հեռանալու մասին, քանի որ ես ինքնասիրություն ունեմ»,-ասաց նա: ՀՀ ոստիկանությունից էլ ՀԺ-ին պատասխանեցին, որ եթե Նիկողոսյանը պնդում է, որ ոստիկանության աշխատակիցները ծեծել են հոլդինգի աշխատողներին, կարող է դիմել դատախազություն և հայտատարություն տալ: Ըստ նրանց խոսքի՝ հոլդինգի աշխատողների նկատմամբ բռնի ուժ չի գործադրվել:  
06:25 - 29 մարտի, 2019
Ոստիկանությունը հերքում է «6-րդ վարչության աշխատակիցները զինված մտել են Արմաշի ալյուրի գործարան» հոդվածի բովանդակությունը

Ոստիկանությունը հերքում է «6-րդ վարչության աշխատակիցները զինված մտել են Արմաշի ալյուրի գործարան» հոդվածի բովանդակությունը

Մարտի 27-ին լրատվական կայքերից մեկը՝ «6-րդ վարչության աշխատակիցները զինված մտել են Արմաշի ալյուրի գործարան» վերտառությամբ հոդված է հրապարակել: Վերոգրյալի մասին հայտնում ենք, որ ՀՀ ԱԱԾ-ից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով նախապատրաստվում են նյութեր՝ «Մոդոս Գրանում» ՍՊ ընկերության տնօրինության կողմից 2016-2018 թվականների ընթացքում կազմակերպության աշխատակիցների վերաբերյալ ՀՀ ՊԵԿ ներկայացվող հաշվետվություններում խեղաթյուրված, նվազեցված աշխատավարձերի վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու և դրանով իսկ առանձնապես խոշոր չափերի հարկային պարտավորությունների կատարումից խուսափելու վերաբերյալ:Նախապատրաստվող նյութերի շրջանակներում իրականացվում են համապատասխան քրեադատավարական գործողություններ:
10:09 - 28 մարտի, 2019
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների աշխատավարձերը հաշվարկվել ու վճարվել են ժամանակին և ամբողջությամբ․ պարզաբանում

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների աշխատավարձերը հաշվարկվել ու վճարվել են ժամանակին և ամբողջությամբ․ պարզաբանում

Օգտատերերից մեկը սոցցանցում տեղեկատվություն էր տարածել, թե ոստիկանության Իջևանի բաժնի աշխատակիցները չեն ստացել այս տարվա աշխատավարձերը:Հիշյալ տեղեկատվության կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ ոստիկանության բոլոր ստորաբաժանումների, այդ թվում՝ Իջևանի բաժնի ծառայողների (աշխատողների) թե հունվար, թե փետրվար ամիսների աշխատավարձերը հաշվարկվել ու վճարվել են ժամանակին և ամբողջությամբ: Ինչ վերաբերում է հրապարակման մեջ նշված՝ հունվար ամսից աշխատավարձերի բարձրացմանը, ապա արդեն իսկ նշվել է, որ 2019 թվականին ոստիկանության ծառայողների (աշխատողների) ոչ թե հիմնական ու լրացուցիչ աշխատավարձերն են բարձրացվում, այլ «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի ուժով՝ 2019 թ. հունվարից ոստիկանությունում ներդրվել է ամսական պարգևատրումների համակարգ: Օրենսդրությամբ սահմանված կարգով ոստիկանության ծառայողներին (աշխատողներին) պարգևատրում տրվում է որակյալ աշխատանքի և (կամ) հատուկ առաջադրանքների կատարման համար, որը բոլոր հավասար պայմաններում կհանգեցնի այն ստացողների, նախորդ տարվա նույն ժամանկահատվածների համեմատությամբ, ամսական միջին աշխատավարձերի բարձրացման:
05:39 - 28 մարտի, 2019
Ոստիկանները բացահայտել են Հնաբերդ համայնքի ղեկավարի ապօրինությունները

Ոստիկանները բացահայտել են Հնաբերդ համայնքի ղեկավարի ապօրինությունները

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Հնաբերդ համայնքի ղեկավարը թույլ է տվել ապօրինություններ: Մասնավորապես՝ 2011 թվականին Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր» վարկային համաձայնագրի շրջանակներում, Արագածոտնի մարզի «Հնաբերդ համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվին հատկացվել է շուրջ 76.300.000 դրամ արժողության 23 անուն գյուղատնտեսական տեխնիկա, ինչի 20 տոկոսը՝ շուրջ 15.260.000 դրամը պետք է վճարվեր կոոպերատիվի միջոցներից: Հնաբերդ համայնքնի ղեկավարը, իր եղբոր տնօրինությամբ գործող սպառողական կոոպերատիվին նյութական օժանդակություն ցուցաբերելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, դիտավորությամբ, պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարին հրահանգել է կազմել համայնքի ավագանու նիստերի կեղծ արձանագրություններ և համայնքի ղեկավարի որոշումների մատյաններում մտցնել ակնհայտ կեղծ գրառումներ այն մասին, թե իբր 2015 թվականի հունիսի 3-ին կայացել է համայնքի ավագանու նիստ, որի ընթացքում որոշվել է համայնքի բյուջեից 8.000.000 դրամ հատկացնել «Հնաբերդ համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվին՝ մաս-մաս վերադարձնելու կամ ձեռք բերված տեխնիկայով համայնքին մատչելի գներով ծառայություններ մատուցելու պայմանով: Ավագանու նիստի կեղծ արձանագրության հիման վրա համայնքապետարանի և սպառողական կոոպերատիվի միջև կնքվել է համաֆինանսավորման պայմանագիր և համայնքի 2015 թվականի բյուջեից նույն թվականի հունիսի 29-ին և հուլիսի 30-ին համապատասխանաբար՝ 5.400.000 և 2.600.000 դրամ գումար է փոխանցվել կոոպերատիվի հաշվեհամարին գյուղտեխնիկա ձեռքբերելու նպատակով: Մինչ օրս սպառողական կոոպերատիվի կողմից համայնքին գումար չի վերադարձվել կամ որևէ կերպ չի փոխհատուցվել, ինչն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Պաշտոնատար անձի կողմից անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելու և շահադիտական նպատակներով պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-ր մասի՝ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, և 314-րդ հոդվածի՝ Պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:Քննությունը շարունակվում է: ՀՀ ոստիկանություն  
12:44 - 07 մարտի, 2019