Եթե անօրինությունը չվերացվի, չեմ աշխատի. ստուգումներ «Մոդուս Գրանում» հոլդինգում |armtimes.com|
06:25 - 29 մարտի, 2019

Եթե անօրինությունը չվերացվի, չեմ աշխատի. ստուգումներ «Մոդուս Գրանում» հոլդինգում |armtimes.com|

armtimes.com։ ՀՀ ոստիկանության աշխատակիցները ստուգումներ են իրականացրել Գուրգեն Նիկողոսյանին պատկանող «Մոդուս Գրանում» հոլդինգում: Այն նախկինում հայտնի է եղել «Մանանա գրեյն» անունով:

Ընկերությունը մի քանի ոլորտում է գործունեություն ծավալում՝ քարի հանքի շահագործում ու քարի մշակում, ընտանի կենդանիների համակցված կերերի գործարան, ալյուրի արտադրություն եւ այլն: Այս հոլդինգի մեջ է մտնում Արմաշի ալյուրի գործարանը, որն իր գործունեությունը ծավալում է 1992թ-ից եւ ունի մոտ 500 աշխատող:

«Հայկական ժամանակ»- հետ զրույցում հոլդինգի սեփականատեր Գուրգեն Նիկողոսյանը ասաց, որ անցած հինգշաբթի օրվանից ոստիկանության 6-րդ վարչության 12 աշխատակիցները սկսել են ստուգումներ իրականցնել իր գործարանում`նպատակ ունենալով ստուգել հոլդինգի` 2016-2018 թ-ների գործունեությունը:

«Մեզ տեղեկացրել են, որ եկել են ստուգումներ իրականացնելու, բայց թե ինչ հիմունքով են խուզարկություն կատարում, չեն ասել: Առանց մեզ տեղեկացնելու ստուգումների արդյունքները տեղափոխել են ոստիկանական բաժանմունք: Ասում են, թե տեղեկություններ ունեն, որ աշխատողներին վճարել ենք ավելի քիչ, ցույց տվել`շատ: Նրանց խոսքով՝ հարկային պարտականություններն էլ անհրաժեշտ կերպով չենք կատարել, բայց փաստաթղթերով մենք ցույց ենք տվել, որ նման բան չկա»- ասաց հոլդինգի սեփականատերը:

Մեր հարցին՝ արդյո՞ք ճիշտ են այն լուրերը, որ ոստկանության աշխատողները հարցաքնության ժամանակ ծեծել են գործարանի բանվորներից մեկին, Նիկողոսյանը պատասխանեց. «Ինչ գործողություն եղել է ստուգումների ժամանակ, ես հանրությանը ներկայացրել եմ: Ստուգումները սկսելուց հետո գյուղապետերի, թաղայինների միջոցով 6-րդ վարչության բաժանմունք են հրավիրել ընկերության աշխատակիցներին, սպառնացել ճիշտը չգրելու դեպքում Երեւան տանել, նույնիսկ մեր աշխատողներին չեն զգուշացրել, որ կարող են ցուցմունք չտալ, չէ՞ որ դա նրանց սահմանադրական իրավունքն է:

Իսկ հարցաքննությունից հետո մեր աշխատողներից մեկը ասաց, որ իրեն ծեծել են: Մենք ունենք ձայնագրություն, որի մեջ աշխատողը ասում է, որ իրեն ծեծել են»:
Նիկողոսյանի խոսքով` մի քանի օր հետո էլ քարի հանքի պետին են հրավիրել Երեւան՝ 6-րդ վարչություն. «Հարցաքննվող մեր աշխատակցին ասել են, որ իրենք տեղյակ են, որ 2 ցուցակով են աշխատավարձ ստանում, պահանջել են`գրի ինչքան: Բնականաբար մեր աշխատակիցը ասել է, որ նման բան չկա ու չի եղել: Քննիչներն էլ ասել են՝ գրեք, որ նոր տարուն հավելավճար եք ստացել, որը չի գրանցվել: Մեր աշխատողը բնականաբար այդ տեղեկությունը եւս հերքել է»:

Գուրգեն Նիկողոսյանը հավելեց նաեւ, որ ունի 500 աշխատակից, որոնք բոլորն էլ գրանցված են: Նա վստահեցրեց, որ աշխատավարձերի ուշացում չի լինում եւ բոլոր փաստաթղթերն էլ կարգին են ու օրինական: «Ես գող-ավազակ չեմ, ոչ էլ թուրք եմ, եթե անօրինությունը չվերացվի, ես կդադարեցնեմ իմ աշխատանքը: Նույնիսկ մտածում եմ Հայաստանից հեռանալու մասին, քանի որ ես ինքնասիրություն ունեմ»,-ասաց նա:

ՀՀ ոստիկանությունից էլ ՀԺ-ին պատասխանեցին, որ եթե Նիկողոսյանը պնդում է, որ ոստիկանության աշխատակիցները ծեծել են հոլդինգի աշխատողներին, կարող է դիմել դատախազություն և հայտատարություն տալ: Ըստ նրանց խոսքի՝ հոլդինգի աշխատողների նկատմամբ բռնի ուժ չի գործադրվել:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել