ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունն իրավապահ համակարգի մարմին է, որի պարտականությունն է հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը:

Ոստիկանությունն իրականացնում է հանրապետության տարածքում օպերատիվ-հետախուզական եւ փորձաքրեագիտական գործունեության կազմակերպումը։ Ոստիկանությունը գործում է ՀՀ Սահմանադրության, օրենդրության եւ «Ոստիկանության» մասին ՀՀ օրենքի հիման վրա։ Այն ենթակա է Հանրապետության վարչապետին։ 2020 թ. հունիսի 8-ից ոստիկանապետը Վահե Ղազարյանն է։

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
 |armenpress.am|

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ներքին գործերի նախարարությունը հերքում է տարածվող լուրերը, թե ոստիկանությունը Կիրանցում լուսաձայնային նռնակ է կիրառել ճանապարհը փակած բնակիչների դեմ։ «Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Հիշեցնենք, որ Կիրանցում քաղաքացիները, կասկածելով, որ ճանապարհով անցնել ցանկացող առանց համարանիշների մեքենաներում սակրավորներ են, թույլ չէին տվել դրանց երթը։ Ոստիկանության ուժերը փորձել էին քաղաքացիներին հեռացնել այդ մեքենաներից․ նրանց միջեւ բախում էր սկսվել, ոստիկանները ուժ էին կիրառել քաղաքացիների նկատմամբ։  Մամուլում լուրեր էին տարածվում, որ ոստիկանությունը բնակիչների դեմ լուսաձայնային նռնակ է կիրառել, ինչի հետևանքով մի քանի մարդ թեթև վնասվածքներ են ստացել։
Այսօր 00:07
Այսօր 17 անձ է ձերբակալվել Հանրապետության տարբեր հատվածներում իրականացված բողոքի ցույցերի ժամանակ
 |hetq.am|

Այսօր 17 անձ է ձերբակալվել Հանրապետության տարբեր հատվածներում իրականացված բողոքի ցույցերի ժամանակ |hetq.am|

hetq.am: 17 անձ է ձերբակալվել և տեղափոխվել Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ այսօր՝ ապրիլի 26-ին, Հանրապետության տարբեր հատվածներում իրականացված բողոքի ցույցերի ժամանակ։ Քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի (Ոստիկանի օրինական պահանջ չկատարելը) կասկածանքով։ Այս մասին «Հետքին» հայտնեցին ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօրվա ձերբակալվածների թվում է նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նրան բերման են ենթարկել Երևան-Հրազդան մայրուղուց, որը փակել էին քաղաքացիները։ Կոնկրետ Հրազդանի ոստիկանության բաժանմունք է տեղափոխվել 3 անձ։ Նշենք, որ Հանրապետության տարբեր հատվածներում քաղաքացիները շարունակում են բողոքի ցույցեր իրականացնել, մասնավորապես, Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում, մայրուղին շարունակում է փակ մնալ նաև Կիրանցի հատվածում։ Այսօր բողոքի ակցիա է իրականացվել նաև Երևանի մի շարք փողոցներում, Երևան-Էջմիածին, Երևան-Հրազդան մայրուղիներում։
20:20 - 26 ապրիլի, 2024
Ոստիկանությունը հերքում է լուրերը, թե պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Ոստիկանությունը հերքում է լուրերը, թե պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

ՆԳՆ ոստիկանությունից «Ինֆոքոմի» հետ զրույցում հայտնեցին, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկվել։ Ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում Խաչատրյանն ինքը հաստատել էր, որ բերման է ենթարկվել և Հրազդանի ոստիկանաության բաժանմունքում է։ Հիշեցնենք, որ քաղաքացիները փակել էին Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդան քաղաքի հատվածում։ Այնտեղ էին նաև «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Արման Ղազարյանը ու Արթուր Խաչատրյանը։ Արթուր Խաչատրյանը բանավիճում էր ոստիկանների ու նրանց կողքին կանգնած քաղաքացիական հագուստով մի անձի հետ, որը հայտարարում էր, թե ինքը եկել է հասարակական կարգը պահելու։ Բանավեճի ընթացքում վերջինս սկսեց քաշքշել պատգամավորին, ինչից հետո ոստիկանները հրելով հեռացրին Խաչատրյանին տարածքից։
18:09 - 26 ապրիլի, 2024
Պահանջում ենք՝ բացատրել ոստիկաններին այսպիսի բարդ իրավիճակներում լրատվության կարևորությունը․ Լրագրողական ՀԿ–ներ

Պահանջում ենք՝ բացատրել ոստիկաններին այսպիսի բարդ իրավիճակներում լրատվության կարևորությունը․ Լրագրողական ՀԿ–ներ

Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ Տավուշի մարզում իրավապահների կողմից «Առավոտ» օրաթերթի աշխատակցի հանդեպ կիրառված բռնության առնչությամբ, որում ասվում է․ «Ապրիլի 23-ին ՀՀ Տավուշի մարզում Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացն անընդունելի համարող և Բագրատաշեն-Այրում ճանապարհին բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիների ու ոստիկանների միջև ընդհարումների ժամանակ խոչընդոտվել է «Առավոտ» օրաթերթի աշխատակից Գարիկ Մելքոնյանի օրինական մասնագիտական գործունեությունը։ Մասնավորապես՝ իրավապահները, նկատելով, որ իրենց գործողությունները նկարահանվում են, մոտեցել են լրատվամիջոցի ներկայացուցչին, նրանցից մեկը հարվածել ու Գարիկ Մելքոնյանի ձեռքից գցել է հեռախոսը և կոտրել այն: Այդ ամենը երևում է լրատվամիջոցի տարածած տեսանյութում: Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, արձանագրում ենք, որ ցուցարարների դեմ ուժ կիրառելիս ոստիկանության համար սովորական գործելաոճ է դարձել տեղում մասնագիտական պարտականություններ կատարող ԶԼՄ-ների աշխատակիցներին թիրախավորելը, նրանց վրա հարձակվելն ու բռնություն գործադրելը։ Ընդ որում, այդ ապօրինի գործողությունները, որպես կանոն, անպատիժ են մնում։ Խստորեն դատապարտելով ոստիկանության այսօրինակ գործողությունները՝ պահանջում ենք․ - Ներքին գործերի նախարարությունից՝ անհապաղ ծառայողական քննություն իրականացնել և բացահայտել իրենց լիազորությունները չարաշահած ոստիկաններին, պատասխանատվության ենթարկել նրանց, ինչպես նաև բացառել ԶԼՄ-ների ներկայացուցիչների օրինական գործունեության խոչընդոտումները։ Բացատրել ոստիկաններին այսպիսի բարդ իրավիճակներում լրատվության կարևորությունը, և իրավապահների քայլերի հնարավոր ազդեցությունը լրագրողների աշխատանքի, նրանց անաչառության և մարդկանց տեղեկացված լինելու  իրավունքի վրա, - ՀՀ կառավարությունից՝ քննարկում նախաձեռնել զանգվածային ակցիաների ժամանակ ուժային կառույցների գործողությունների համաչափության խնդիրների, այդ թվում՝ լրագրողների իրավունքների խախտումների վերաբերյալ, և անհրաժեշտ որոշումներ կայացնել իրավիճակը բարելավելու ուղղությամբ»։ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
18:30 - 25 ապրիլի, 2024
Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին Տիգրանաշենի մոտ ճանապարհը փակած մի քանի քաղաքացիների
 |news.am|

Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին Տիգրանաշենի մոտ ճանապարհը փակած մի քանի քաղաքացիների |news.am|

news.am: Երևան-Մեղրի ճանապարհի Տիգրանաշենի հատվածում քաղաքացիների բողոքի ակցիայի ժամանակ իրավիճակը քիչ առաջ լարվեց, ոստիկանները թույլ չէին տալիս, որ քաղաքացիները, որոնք իրենց աջակցությունն էին հայտնում տավուշեցիներին, փակեն ճանապարհը: Ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն տեղի ունեցավ: Ի վերջո, ոստիկանները ուժ գործադրելով մեքենա նստեցրին ակցիայի մի քանի մասմնակիցների՝ այդ թվում ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանին, և բերման ենթարկեցին  նրանց: Նշենք, որ քաղաքացիները Երևան-Մեղրի ճանապարհը փորձում էին փակել՝ ի նշան աջակցության Տավուշի մարզի 4 գյուղերի բնակիչների, որոնք հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հետևանքով կորցնելու են տարածքներ և հայտնվելու են ավնտանգային առումով խիստ խոցելի վիճակում: Քաղաքացիների հետ են նաև ԱԺ պատգամավորներ Արթուր Սարգսյանը և Աղվան Վարդանյանը։ Բացի այս հատվածից, այսօր քաղաքացիները փակել են նաև Երևան-Գյումրի մայրուղին՝ Ալագյազի հատվածում, Երևան-Վարդենիս ճանապարհը՝ Մարտունու  հատվածում: Հիշեցնենք, որ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր:      
13:39 - 25 ապրիլի, 2024
Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները Վարդենիս-Սոթք ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են 32-ամյա տղամարդու վարած «ՎԱԶ-2107»-ը։ Պարեկները ստուգման ընթացքում մեքենայի սրահի տեսանելի հատվածում նկատել են կանեփանման զանգված։ Վարորդը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժին։ Նա իրավապահներին է ներկայացրել ընդհանուր 6 գրամից ավելի մարիխուանայով 2 թղթե փաթեթ։ Հաջորդ դեպքում Գեղարքունիքի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «Լանդ Ռովեր» մակնիշի մի մեքենա։ Ստուգման ընթացքում 26-ամյա վարորդը դրսևորել է կասկածելի վարքագիծ։ Պարեկները մեքենայի սրահի տեսանելի հատվածում նկատել են անձեռոցիկով փաթեթած իր, ինչը կասկածելի է թվացել։ Պարեկների պահանջով վարորդը իրավապահներին է ներկայացրել 3 գրամից ավելի մարիխուանա և կիսամոխրացած զանգվածով կաթուցիչ։ Նա և 47-ամյա ուղևորը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժին։ Գեղարքունիքի պարեկները Սևանի թերակղզում ծառայություն իրականացնելիս Ձկնորսների փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել 24-ամյա մի երիտասարդի։ Վարորդը մեքենայի սրահից իրավապահներին է ներկայացրել շուրջ 2,5 գրամ մարիխուանայով փաթեթ և դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ։ Հերթական դեպքում Գեղարքունիքի պարեկները Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին լուսային անսարքության համար կանգնեցրել են «ՎԱԶ-2105» մակնիշի մի մեքենա։ Նրանք մեքենայի սրահի տեսանելի հատվածում նկատել են կաթուցիչ։ 30-ամյա վարորդը և 45-ամյա ուղևորը ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Գավառի բաժին։ Խուզարկությամբ 45-ամյա ուղևորի մոտ հայտնաբերվել են ընդհանուր 21 գրամից ավելի մարիխուանայով 7 փաթեթ և մոխրացած զանգվածով 2 կաթուցիչ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է կաթուցիչ՝ լցված 3 գրամից ավելի մարիխուանայով։ 45-ամյա ուղևորի տան և կից օժանդակ շինությունների խուզարկությամբ հայտնաբերվել են մոխրացած հետքերով 15 կաթուցիչ, ընդհանուր 78 գրամից ավելի մարիխուանայով 21 փաթեթ և 110 գրամից ավելի կանեփի սերմ, ինքնաշեն ատրճանակ և փամփուշտներ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
12:01 - 25 ապրիլի, 2024
ԱԺԲ երեկվա բողոքի ակցիայից 96 անձ բերվել է ոստիկանություն

ԱԺԲ երեկվա բողոքի ակցիայից 96 անձ բերվել է ոստիկանություն

«Ազգային ժողովրդական բեւեռ»-ի երեկվա բողոքի ակցիայից 96 անձ բերվել է ոստիկանություն ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար (ՎԻՎ օրենսգրքի 182-րդ հոդված)։ Այս մասին «Ինֆոքոմի» հարցին ի պատասխան հայտնեց Ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը։ Բոլորը բաց են թողնվել թե ոչ՝ այս պահին հայտնի չէ․ Գաբրիելյանը խոստացավ հայտնել ավելի ուշ։ Հիշեցնենք, որ երեկԱզգային - Ժողովրդավարական Բևեռը հավաք էր իրականացնում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։  Բևեռը հայտարարություն էր տարածել, նշելով, որ ոստիկանությունը բռնի ուժի կիրառմամբ բերման է ենթարկել նաև Բևեռի խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանին և պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին:  «Մեր ունեցած տեղեկություններով՝ Կենտրոնի բաժնում Բևեռի աջակիցներին ծեծի են ենթարկել»,- ասված էր հայտարարության մեջ։
09:54 - 25 ապրիլի, 2024
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ՝ ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 23-ին, ժամը 19․00-ից, կսահմանափակվի երթևեկությունը մայրաքաղաքի մի շարք փողոցներում։ Մասնավորապես, մասնակի կարգելվի երթևեկությունը Հանրապետության հրապարակում, Ամիրյան փողոցում, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներում, Օրբելու և Կիևյան փողոցներում։ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք ոգեկոչման արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 24-ին, ժամը 06.00-ից, կարգելվի երթևեկությունը Լենինգրադյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի ուղղությամբ, Իսակովի և Աթենքի փողոցների խաչմերուկից Աթենքի փողոց ուղղությամբ, Հրազդանի կիրճի Երևանի ՀԷԿ-ի հարակից կամրջից Իսակովի պողոտա ուղղությամբ, Վերֆելի փողոցը՝ դեպի Բրազիլիայի հրապարակ ուղղությամբ։ Բացի այդ, նույն օրը, ժամը 8․30-ից 11․00-ն, պետական արարողական միջոցառման մասնակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով փակ է լինելու մուտքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
12:44 - 23 ապրիլի, 2024
Ոստիկանությունը պարզաբանում է՝ ինչու է կանգնեցրել Տավուշ մեկնող մեքենաներին

Ոստիկանությունը պարզաբանում է՝ ինչու է կանգնեցրել Տավուշ մեկնող մեքենաներին

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը պարզաբանում է՝ ինչու է այսօր կանգնեցրել Տավուշ մեկնող մեքենաների, ինչի մասին հայտարարել էր «Ազգային ժողովրդական բեւեռ»-ը։ Վերջինս տեսանյութ էր հրապարակել՝ գրելով, որ ոստիկանները խոչընդոտներ են ստեղծում՝ արգելելով քաղաքացիներին գնալ Տավուշ։ Տեսանյութում լսվում է, որ ոստիկանները կանգնեցնում են վարորդներին, ստուգումներ իրականացնում՝ նշելով, որ «մեքենաները իրար հետեւից շարժվում են, դա համարվում է колонна, որը օրենքով չի թույլատրվում»։ Տեսանյութի վերջում ոստիկաննեը հորդորում են երթեւեկությունը շարունակել իրարից հեռու-հեռու, ինչին ի պատասխան՝ քաղաքացիները ասում են, որ ավտոշարասյունը ինքնաբերաբար էր ստացվել։ «Ինֆոքոմ»-ի հարցին ի պատասխան՝ ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը հայտնեց, որ կանգնեցվել է ընդամենը 2 մեքենա․ մեկը՝ քանի որ եղել է ԴԱՀԿ-ով հետախուզման մեջ, մյուսը՝ քանի որ ծրագիրը ցույց է տվել, որ վարորդը վկայական չունի, սակայն պարզվել է, որ ղեկին այլ մարդ է, որը վկայական ունեցել է․ «Այդ մեքենաներից հետո մոտ 10 մեքենա է եկել, կանգնել, որոնց ոստիկանությունը չի կանգնեցրել»,- ասաց Գաբրիելյանը։ Նրա խոսքով՝ հետախուզվող մեքենան տեղափոխվել է ԴԱՀԿ։ Ինչ վերաբերում է Ազգային ժողովրդական բեւեռ»-ի աջակից Միսակ Կեպենյանին, վերջինս բերվել է ոստիկանություն՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար (ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 182-րդ հոդված)։ Գաբրիելյանի խոսքով՝ Կեպենյանը մեքենայով փակել է ճանապարհի երթեւեկելի հատվածը, իսկ ոստիկանները նրան զգուշացրել են մեքենան դուրս բերել երթեւեկելի գոտուց, ինչին էլ նա չի ենթարկվել եւ տարվել է Հրազդանի բաժին։ Ոստիկանություն տարված այլ անձ այս պահին չկա։  
17:28 - 22 ապրիլի, 2024