Ինֆոքոմ

«Մի քիչ հիասթափված ենք»․ Վրաստանի իշխող կուսակցությունը՝ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ չստանալու մասին

«Մի քիչ հիասթափված ենք»․ Վրաստանի իշխող կուսակցությունը՝ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ չստանալու մասին

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն արձագանքել է Եվրահանձնաժողովի այսօրվա եզրակացությանն այն մասին, որ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար Վրաստանը պետք է մի շարք պահանջներ կատարի։ Նա ասել է, որ իշխող թիմը «կանի հնարավոր ամեն ինչ»՝ ժողովրդավարական ինստիտուտների հետագա ամրապնդման, խաղաղության և տնտեսական բարեկեցության ապահովման համար, ինչը «իրական հնարավորություն կտա (Վրաստանին)՝ անդամակցելու ԵՄ-ին», հայտնում է Civil.ge-ն։ Նշելով, որ «թեկնածուի կարգավիճակը երկրին ոչ մի ֆինանսական կամ այլ նյութական արտոնություններ չի տալիս»՝ Իրակլի Կոբախիձեն հավելել է, որ «կարգավիճակ չստանալն այս փուլում մեզ մի քիչ հիասթափեցնում է»։ «Սակայն մենք հասկանում ենք, որ Վրաստանն, ի տարբերություն Ուկրաինայի և անգամ Մոլդովայի, այսօր անհրաժեշտ զոհողությունների չի գնացել՝ այդ կարգավիճակը ստանալու համար», - ասել է նա։ «Մենք հասկանում ենք, որ 14, առավելևս՝ 30 տարի առաջ [Վրաստանի] տված զոհերն ու թափած արյունը, 300 հազար բռնի տեղահանվածները, ցավոք, այսօր արդեն կորցրել են արդիականությունը մեր եվրոպացի գործնկերների համար», - հայտարարել է նա։   Նորա Վանյան Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
17:13 - 17 հունիսի, 2022
Ֆրանսիան գազատարով ռուսական գազ էլ չի ստանում

Ֆրանսիան գազատարով ռուսական գազ էլ չի ստանում

Ֆրանսիան այլևս գազատարով ռուսական գազ չի ստանում, այսօր հայտնել է ֆրանսիական GRTgaz գազատրանսպորտային համակարգի օպերատորը։ Դրա տվյալներով՝ Ֆրանսիան ռուսական գազը ստանում էր Գերմանիայից, իսկ գազի ֆիզիկական հոսքը բացակայում է հունիսի 15-ից։ Տարեսկզբի դրությամբ այդ հոսքը կազմում էր օրական շուրջ 60 ԳՎտ/ժ, հայտնում է DW-ն։ Այս ամառ ֆրանսիացի սպառողների պահանջարկի բավարարման հետ կապված խնդիրներ չեն սպասվում, վստահեցրել է GRTgaz-ը։ Երկրում համալրվում են պահեստները՝ ձմռանն ընդառաջ։ ՌԴ-ից գազի ծավալների կրճատման մասին է հայտնել նաև իտալական Eni նավթագազային ընկերությունը։ Նրա տվյալներով՝ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը խոստացել է տրամադրել պատվիրված 63 մլն կուբամետր գազի կեսը։ Ավելի վաղ մատակարարման ծավալների կրճատման մասին էին հայտնել նաև Գերմանիան, Չեխիան և Ասվտրիան։ Ապրիլի 14-ին «Գազպրոմը» հայտնել էր «Հյուսիսային հոսք» խողովակաշարով մատակարարվող գազի ծավալների կրճատման մասին։ Ընկերությունը դա պատճառաբանել էր նրանով, որ իր կոմպրեսորային կայաններում վերանորոգման աշխատանքները ձգձգվում են, իսկ պատճառը գերմանական Siemens ընկերության կողմից համապատասխան սարքավորումների չտրամադրումն է։   Նորա Վանյան Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում  
16:42 - 17 հունիսի, 2022
Եվրահանձնաժողովը սատարել է Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի տրամադրումը

Եվրահանձնաժողովը սատարել է Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի տրամադրումը

Եվրամիության գործադիր մարմինը՝ Եվրահանձնաժողովը, սատարել է Ուկրաինային անդամակցության թեկնածուի կարգավիճակի շնորհումը, գրում է AP-ն։ Սա առաջին քայլն է անդամակցության երկար ճանապարհին։ Հանձնաժողովի այս հորդորը Եվրամիության 27 երկրների առաջնորդները կքննարկեն հաջորդ շաբաթ Բրյուսելում։ Անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի համար պահանջվում է ԵՄ բոլոր անդամ պետությունների համաձայնությունը։ «Ուկրաինան հստակ ցույց է տվել եվրոպական արժեքներին և չափանիշներին համապատասխանելու ձգտումն ու վճռականությունը», - Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի խոսքերն է մեջբերում Reuters-ը։ Ուկրաինան ԵՄ անդամակցության հայտ էր ներկայացրել այն բանից չորս օր անց, երբ ռուսական զորքերը հատել էին նրա սահմանը փետրվարին։ Չորս օր անց հայտ էին ներկայացրել նաև Մոլդովան ու Վրաստանը։ Եվրահաձնաժողովը հորդորել է թեկնածուի կարգավիճակ տրամադրել նաև Մոլդովային, իսկ Վրաստանին մերժել է՝ նշելով, որ նա մի շարք պահանջներ պետք է կատարի։ Բարձրաստիճան դիվանագետների մեկի խոսքով՝ պատճառը Վրաստանում բարեփոխումների անցկացման ձախողումն է։   Նորա Վանյան
15:59 - 17 հունիսի, 2022
«Ժողովուրդ» օրաթերթը սխալվում է․ գլխավոր դատախազի թեկնածուի համար չկա կոչում ունենալու պահանջ

«Ժողովուրդ» օրաթերթը սխալվում է․ գլխավոր դատախազի թեկնածուի համար չկա կոչում ունենալու պահանջ

«Ժողովուրդ» օրաթերթն այսօր հոդված է հրապարակել այն մասին, որ վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը չի համապատասխանում գլխավոր դատախազին ներկայացվող պահանջներին։ Վարդապետյանը, հիշեցնենք, իշխող խմբակցության՝ գլխավոր դատախազի թեկնածուն է։ Ներկայիս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանալու է սեպտեմբեր ամսին։ Թերթը, մասնավորապես, գրել է․ «Հետաքրքիր է, որ նա որեւէ կոչում չունի, որը համապատասխանում է այդ պաշտոնին, այնինչ նախկին բոլոր դատախազներն ունեցել են: Նկատենք՝ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն իրավաբանական գիտությունների թեկնածու է եղել, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական, Աղվան Հովսեփյանը եղել է իրավաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ վաստակավոր իրավաբան, արդարադատության պետական խորհրդական: Նախկին գլխավոր դատախազ Արամ Թամազյանը իրավաբանական գիտությունների դոկտոր, Արդարադատության պետական խորհրդական է: Ասել է թե՝ բոլոր դատախազները կոչումներ են ունեցել, սակայն Աննա Վարդապետյանը չունի, ինչը ենթադրել է տալիս, որ նրան կընտրեն դատախազ ու նոր կոչում կտան»։ Նախ նշենք, որ եթե խոսքը գիտական կոչումների եւ աստիճանների մասին է, ապա Աննա Վարդապետյանի կենսագրությունն ուսումնասիրելով՝ պարզ է դառնում, որ նա ունի իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան (2012 թ․ հոկտեմբերի 5-ին պաշտպանել է «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու քրեաիրավական հիմնախնդիրները» վերտառությամբ թեկնածուական ատենախոսություն) եւ դոցենտի գիտական կոչում։ Ինչ վերաբերում է դասային աստիճաններին, ապա դրանց առկայությունը պարտադիր պայման չէ դատախազ, այդ թվում՝ գլխավոր դատախազ նշանակվելու համար։  Գլխավոր դատախազին ներկայացվող պահանջները սահմանված են ՀՀ Սահմանադրությամբ եւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքով։ Ըստ այդմ, Սահմանադրության 177-րդ հոդվածի համաձայն՝ գլխավոր դատախազ կարող է ընտրվել 35 տարին լրացած, միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով եւ մասնագիտական աշխատանքի առնվազն 10 տարվա փորձառությամբ, բարձրագույն կրթությամբ իրավաբանը: Գլխավոր դատախազի համար օրենքով կարող են սահմանվել լրացուցիչ պահանջներ: «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածն էլ, որպես լրացուցիչ պահանջներ, սահմանում է, որ գլխավոր դատախազ կարող է ընտրվել ՀՀ այն քաղաքացին, որը տիրապետում է հայերենին եւ ՀՀ-ում ստացել է բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը ՀՀ-ում իրականացվել են օրենքով սահմանված կարգով։  Սրանից բացի, օրենքի 34-րդ հոդվածը նախատեսում է նաեւ դատախազ նշանակվելու սահմանափակումները, որոնց մեջ եւս դասային աստիճանի բացակայությունը ներառված չէ։ Ավելին, «Դատախազության մասին» օրենքը հստակ սահմանում է Դատախազության դասային աստիճանները, դրանց շնորհման կարգն ու ժամկետները։ Ըստ 46-րդ հոդվածի՝ երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանը սկզբնական դասային աստիճան է, որը շնորհվում է դատախազությունում նույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված պաշտոնի առաջին անգամ նշանակվելիս։ Խոսքը վերաբերում է Երևան քաղաքի, Երեւան քաղաքի վարչական շրջանների, մարզերի եւ կայազորների զինվորական դատախազությունների ավագ դատախազներ եւ դատախազներ, զինվորական կենտրոնական դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ավագ դատախազներ եւ դատախազներ, զինվորական կենտրոնական դատախազության դատախազ նշանակվելու դեպքերին։ Դատախազության մյուս պաշտոններում նշանակվելիս, ըստ նույն հոդվածի, դատախազին շնորհվում է օրենքով տվյալ պաշտոնին համապատասխանող նվազագույն դասային աստիճանը, իսկ գլխավոր դատախազի նվազագույն դասային աստիճանը արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանն է։ Այսինքն՝ թերթի այն ենթադրությունը, թե Վարդապետյանին կընտրեն դատախազ եւ նոր միայն կոչում կտան, բնականոն գործընթաց է։ Թեեւ թերթը մեջբերել է նախկին գլխավոր դատախազների դասային աստիճանները՝ այն համատեքստում, որ նրանք, որպես գլխավոր դատախազ, ունեցել են դրանք, սակայն այդ աստիճանները եւս նրանց շնորհվել են պաշտոնի նշանակվելուց հետո։ Մասնավորապես, Գեւորգ Կոստանյանը գլխավոր դատախազ է ընտրվել 2013 թ․ հոկտեմբերի 1-ին, իսկ թերթի մեջբերած՝ արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանը ստացել է նույն թվականի դեկտեմբերի 29-ին։ Երկու տարի անց՝ 2015 թ․ դեկտեմբերի 28-ին էլ, նրան շնորհվել է արդեն արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։ Աղվան Հովսեփյանը որպես գլխավոր դատախազ պաշտոնավարել է երկու անգամ՝ 1998-1999թթ եւ 2004-2013թթ։ Պետական խորհրդականի դասային աստիճանը Հովսեփյանին շնորհվել է 1999 թ․ մարտի 23-ին, իսկ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչումը՝ 2003 թ․ հուլիսի 1-ին։ Արամ Թամազյանն էլ գլխավոր դատախազ է նշանակվել 2001 թ․ փետրվարի 20-ին եւ պաշտոնավարել մինչեւ 2004 թթ։ Արդարադատության պետական խորհրդականի դասային աստիճան նրան շնորհվել է 2003 թ․ մայիսի 27-ին, իսկ իրավաբանի պատվավոր կոչումը՝ 2012 թ․ հունիսի 29-ին։ Նշված դասային աստիճաններից առաջ նախկին գլխավոր դատախազները, իհարկե,  ունեցել են  այլ, ավելի ցածր դասային աստիճաններ, սակայն դա պայմանավորված է նրանով, որ նրանք մինչ այդ էլ իրավապահ համակարգում պետական ծառայություն իրականացրել են։ Իսկ Վարդապետյանը, թեպետ դասային աստիճաններ ենթադրող պաշտոններ չի զբաղեցրել, սակայն ունի մասնագիտական՝ օրենքով պահանջվող առնվազն 10 տարվա փորձառությունը։ Այնուհանդերձ նշենք նաեւ, որ Վարդապետյանի թեկնածությունը միանշանակ չի ընդունվել, եւ շատերը հիշատակել են այն աղմկահարույց դեպքը, երբ նա,  վարչապետի օգնական լինելով, խմբագրումներ էր արել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին եւ նրա որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանին մեղադրանք առաջադրելու քննիչի որոշման տեքստում, ինչի իրավունքը չուներ։ Այդ դեպքի առթիվ Ազգային անվտանգության ծառայությունում նյութեր էին նախապատրաստվել, որից հետո քրեական գործի հարուցումը մերժվել էր։  Մեջբերելով Սահմանադրության հիշյալ 177-րդ հոդվածը՝ թերթը նաեւ գրել է․ «Ո՞վ է գնահատել Աննա Վարդապետյանի մասնագիտական որակները, որտե՞ղ են դրսեւորվել դրանք. դատախազի նշանակման համար նրա մասնագիտական որակները պետք է գնահատեն մասնագետները, այլ ոչ թե ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը»։  Իրականում, սակայն, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածը նախատեսում է, որ յուրաքանչյուր խմբակցություն կարող է առաջարկել գլխավոր դատախազի մեկական թեկնածու, հետեւաբար բնական է, որ խմբակցությունը առաջարկել եւ գնահատել է իր թեկնածուի մասնագիտական որակները։ Խմբակցությունների առաջարկած թեկնածուների ցանկից ի վերջո ԱԺ իրավասու հանձնաժողովն է ընտրելու այն անձին, որի թեկնածությունը պետք է առաջադրվի ԱԺ-ում։ Իսկ ԱԺ-ն գլխավոր դատախազին ընտրելու է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Հավելենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն՝ թեկնածու առաջարկելու մասին խմբակցությունների որոշմանը պետք է կցվեն Սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը, իսկ գլխավոր դատախազի թեկնածուի դեպքում՝ նաեւ թեկնածուի լրացրած բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը։ Սահմանադրության կամ օրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում ԱԺ իրավասու մշտական հանձնաժողովի նախագահը որոշումը եւ դրան կից ներկայացված փաստաթղթերը երկու աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է խմբակցությանը` նշելով պատճառների մասին, իսկ համապատասխանելու դեպքում՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում գլխավոր դատախազի թեկնածուի  բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ երկշաբաթյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով:   Լուսանկարում՝ Աննա Վարդապետյանը   Միլենա Խաչիկյան  
15:55 - 17 հունիսի, 2022
Մակրոնի, Շոլցի և Դրագիի պատմական այցը Կիև․ Politico

Մակրոնի, Շոլցի և Դրագիի պատմական այցը Կիև․ Politico

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ու Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին օրերս Կիև են ժամանել Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո առաջին անգամ։ Politico-ն այս այցը «պատմական» է անվանում և մանրամասներ ներկայացնում։ Հոդվածը հրապարակում ենք կրճատումներով․ «Առաջնորդները գիշերը գնացքով Կիև են ուղևորվել, որտեղ նրանց «դիմավորել է» օդային տագնապի ազդանշանը՝ շարունակվող ռուսական ներխուժման ֆոնին։ Նրանք Ուկրաինայի սահմանը հատել են Լեհաստանի կողմից։ «Մենք պատրաստվում ենք հանդիպել նախագահ Զելենսկուն և այցելել ռազմական գործողությունների վայր, որտեղ զանգվածային սպանություններ են տեղի ունեցել, այնուհետև պլանավորված շփումներ ենք ունենալու նախագահ Զելենսկու հետ», - լրագրողներին ասել էր Մակրոնը Կիևի երկաթուղային կայրանում։ Այս այցը «եվրոպական միասնության և աջակցության ուղերձն է ուկրաինացիներին», հավելել էր Ֆրանսիայի նախագահը։ Եվրոպացի առաջնորդներն այցելել են Կիևից դեպի հյուսիս-արևմուտք տեղակայված Իրպեն քաղաք, որտեղ ռուսաստանցի զավթիչներն ավերել են շենքեր և ենթադրաբար խոշտանգել և սպանել են խաղաղ բնակիչներին շաբաթներ տևած օկուպացիայի ընթացքում՝ նախքան այն պահը, երբ ուկրաինական  ուժերը նրանց դուրս են մղել այդ տարածքից։ Երկրների առաջնորդները քաղաքի վերականգնման հարցերը քննարկել են Ուկրաինայի տարածքային զարգացման նախարար Ալեքսեյ Չեռնիշովի հետ։ «Մենք ամեն ինչ կվերականգնենք», - ասել է Դրագին մամուլի ներկայացուցիչներին։ Մակրոնն Իրպենում ասել է․ «Սա միաժամանակ հերոսական քաղաք է, որովհետև հենց այստեղ, ի թիվս այլ վայրերի, ուկրաինացիները կանգնեցրել են Կիևը գրոհող ռուսական բանակը»։ Շոլցը հավելել է, որ Իրպենը «ռուսական ագրեսիվ պատերազմի դաժանության օրինակն է, որը պարզապես ուղղված է ոչնչացմանը և զավթմանը»։ Ֆրանսիացի դիվանագետներից մեկը լրագրողներին հայտարարել է, որ պատերազմի ավարտից հետո Մոսկվայի և Կիևի միջև «անհրաժեշտ է երկխոսություն՝ պարզելու համար, թե ինչպես ենք կառուցելու կայուն խաղաղություն»՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքներով և Ուկրաինա-ՆԱՏՕ հարաբերությունների բնույթի որոշմամբ։ Նա հավելել է․ «Զելենսկին պետք է որոշի, թե ինչն է իր համար ռազմական հաղթանակ համարվելու․․․ մենք կողմ ենք լիակատար հաղթանակին և [Ուկրաինայի] տարածքային ամբողջականության վերականգնմանը, ներառյալ այն տարածքները, որոնք գրավել են ռուսաստանցիները, այդ թվում՝ Ղրիմը»։ Եվրամիության երեք առաջատար երկրների առաջնորդների համատեղ այցը կարևոր խորհրդանշական կշիռ ունի, հատկապես՝ հաջորդ շաբաթ ԵՄ առաջնորդների կայանալիք հանդիպման նախաշեմին, որի ընթացքում նրանք որոշելու են Ուկրաինային անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելու հարցը։ Թե ինչ կասեն այս հարցի մասին Մակրոնը, Շոլցն ու Դրագին, դեռևս հայտնի չէ։ «Թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ փոխհամաձայնություն չկա, թեկնածուի կարգավիճակ չշնորհելու շուրջ նույնպես փոխհամաձայնություն չկա։ Բայց, կարծես, երրորդ տարբերակի շուրջ կա՝ թեկնածուի կարգավիճակ՝ որոշակի պայմաններով», - ասել է թեմային լավատեղյալ դիվանագետներից մեկը։ Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը միացել էր երեք երկրների առաջնորդներին արդեն Կիևում»։   Նորա Վանյան  
14:56 - 17 հունիսի, 2022
Եթե մենք ցանկանանք, դա կանենք առանց դիմելու․ Դումանյանը՝ ռուսական դպրոցներ բացելու վերաբերյալ Լավրովի հայտարարության մասին

Եթե մենք ցանկանանք, դա կանենք առանց դիմելու․ Դումանյանը՝ ռուսական դպրոցներ բացելու վերաբերյալ Լավրովի հայտարարության մասին

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Վահրամ Դումանյանը այսօր՝ կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ռուսական դպրոցների թվի ավելացման վերաբերյալ քննարկումներին։  «Դավադիր, գաղտնի, դարակազմիկ ոչինչ տեղի չի ունենում։  Գաղափարը հետևյալն է, եթե կա զուտ կրթական անհրաժեշտությունը անհրաժեշտությունը․ ապա երկու տարբերակ կա ընդհանրապես։ Կա ռուսական դպրոց, որը գործում է Ռուսաստանի Դաշնության կարգով և կան ռուսերեն լեզվով ուսուցանում․ ՀՀ դպրոցի  նույն ծրագիրը, բայց ռուսերենով։ Եթե խնդիր լինի, անհրաժեշտություն լինի, կարող ենք շատացնել այդ դասարանների քանակը։ Այսօր մենք սեղանին դրված, ձևակերպված լրջագույն խնդիր այդ հարցով չունենք»։ Դումանյանն ասաց՝ ռուսական դպրոց բացելու որոշում չկա, բայց նման հարց կարող է քննարկվել։Անդրադառնալով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, ըստ որի՝ հայ գործընկերները դիմել են իրենց Հայաստանում ռուսական դպրոցների թիվը ավելացնելու համար, Դումանյանն ասաց․ «Տեղյակ չեմ, ես չեմ դիմել։ Ինձ թվում է՝ դա այլ ձև է մատուցվում։ Ոչ թե ՀՀ-ն պաշտոնապես դիմել է, դրա համար պետք չի որ դիմենք, եթե մենք ուզենք, դա կանենք առանց դիմելու։ Եթե ֆրանսերեն լեզվով դպրոց բացենք, դա չի նշանակում, որ ՀՀ կառավարությունը պետք է դիմի Ֆրանսիայի կառավարությանը, դրա անհրաժեշտությունը չկա»։ Դումանյանը առաջարկեց չկենտրոնանալ ռուսերենի վրա՝ նշելով, որ օտար լեզուների դասավանդումը օգտակար է, այդ թվում՝ հարևան երկրների լեզուներին տիրապետելը․ «Պլանավորում ենք Վրաստանի հետ սահմանամերձ գոտում նաև վրացերենի ուսումնասիրությունը, դա նորմալ է, լեզուն շփման միջոց է։ Ինչքան շատ լեզու իմանանք, այդքան մեր օգուտն է»։ «Եթե նույն Ռուսաստանը, ենթադրենք,  պատրաստ է որոշակի աջակցություն տալ, որպեսզի, այո, ռուսերեն լեզուն ավելի պոպուլյար լինի և դրա համար պատրաստ են աջակցել թե՛ ֆինանսապես, թե՛ ուսումնական նյութով, որովհետև դա բարդագույն պրոցես է և միջոցներ է պահանջում։ Եթե իքս երկիր ցանկություն ունի իր լեզուն մեր մոտ պոպուլյարիզացնել և դա չի հակասում մեր ընդհանուր մոտեցումներին, ինչու՞մն է հարցը»։
13:33 - 17 հունիսի, 2022
Կառավարությունը 4 միլիարդ 267 միլիոն դրամ հատկացրեց ճանապարհների հիմնանորոգումն ավարտելու համար

Կառավարությունը 4 միլիարդ 267 միլիոն դրամ հատկացրեց ճանապարհների հիմնանորոգումն ավարտելու համար

Կառավարությունը այսօրվա նիստի ընթացքում  որոշեց 4 միլիարդ 267 միլիոն դրամ հատկացնել  2020 և 2021 թվականներին սկսած որոշ ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները ավարտին հասցնելու համար։  «Դրանք մեր տարբեր մարզերում միջպետական, հանրապետական և տեղական նշանակության տարբեր ճանապարհներ են։ Ընդհանուր առմամբ, 53.1 կիլոմետրի մասին է խոսքը, որից 35.4 կիլոմետրը նախորդ՝ 2021 թ․-ից անավարտ մնացած ճանապարհներն են, որոնք հիմա ավարտում ենք և պետք է վճարենք շինարարներին, իսկ 17.7 կիլոմետրը հիմա ենք սկսում, նոր ծրագրերը այս տարի կանենք, կավարտենք։ Ճանապարհի 8 կիլոմետրը միջպետական նշանակության են, 1.4-ը՝ հանրապետական, 8.3-ը՝ տեղական նշանակության»,- նախագծի քննարկման ընթացքում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։  Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց՝ կառավարությունը չպետք է անորակ աշխատանքը հանդուրժի․ «Նաև կարգ պետք է ունենանք, եթե ընկերություններ կան, որ շարունակաբար թերություններ են ունենում, պետք է համապատասխան վերաբերմունք  ձևավորենք այդ ընկերությունների նկատմամբ։ Ճիշտ է, մենք պարտադրում ենք, թերությունը վերացնում են, բայց ժամանակը, որ մենք կորցրել ենք, դա էլ եկեք հաշվի առնենք, որը ոչ մի գնանշումով սահմանված չի, բայց շատ կարևոր է»։
12:41 - 17 հունիսի, 2022
Կառավարությունը սուբվենցիոն ծրագրերի շրջանակում 268.5 միլիոն դրամ հատկացրեց մարզպետարանների

Կառավարությունը սուբվենցիոն ծրագրերի շրջանակում 268.5 միլիոն դրամ հատկացրեց մարզպետարանների

Կառավարությունը այսօր սուբվենցիոն ծրագրերի շրջանակում 268. 5 միլիոն դրամ  հատկացրեց Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզպետարաններին։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ասաց՝ սա վերաբերում է 18 բնակավայրերում 20 սուբվենցիոն ծրագրերի։ «Այս ծրագրերը ավարտված են և կառավարության պարտավորությունն ենք իրականացնում՝ շինարարներին իրենց արած աշխատանքի համար վճարելով։ Այսպիսով,  2022 թ․-ի հունվարից մինչ այս պահը մենք արդեն 229 ծրագրի համար 5.6 միլիարդ դրամ տրամադրել էինք և ևս 20 ծրագրի համար այսօր ենք տրամադրում,  հունիսի 17 –ի դրությամբ ընդհանուր 249 ծրագիր ունենք, 5.9 միլիարդ դրամ հատկացնում ենք այս աշխատանքների համար»,-ասաց Սանոսյանը։  Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ անդրադարձավ անցած շաբաթ Արարատի մարզ ունեցած այցին, ասաց՝ մարզում կատարված աշխատանքների որակը գոհացնող է եղել՝ հավելելով, որ նախատեսում են մյուս մարզերում նույնպես նման այցեր կատարել։ Փաշինյանը ասաց՝ այցի ընթացքում գաղափար է առաջացել, որի իրականացման հարցում, սակայն, վստահ չէ․ «Խոսքը նրա մասին է, որ մենք սուբվենցիոն ծրագրերում փորձենք ներառել նաև կաթիլային ոռոգման համար անհրաժեշտ համայնքային ավազանների կառուցումը, որովհետև կաթիլային ոռոգումը ուղղակի խողովակները չեն, այլ շատ կարևոր տեխնոլոգիական համակարգ է, որի ամենակարևոր բաղադրիչը ջրային ավազանն է, որը այդ տեխնոլոգիայի կարևոր բաղադրիչ է։ Պարարտանյութը ջրի միջոցով է տեղափոխվում, ինչը բերում է ոչ միայն ջրի, այլ պարարտանյութի խնայողության»։ Վարչապետը խոսեց կաթիլային ոռոգման հետ կապված ևս մի ծրագրի մասին․ «Մենք կաթիլային ոռոգման համար վերին սահմանաչափ ենք դրել, երբ կաթիլային ոռոգման անցնելու պարագայում  5 տարի ջրի վարձ չենք ուզում։ Կա գաղափար, որ այդ սահմանաչափը շատ ցածր ենք դրել, գուցե պետք է այս սահմանաչափը բարձրացնել, որովհետև մենք ուզում ենք փոքր տնտեսությունների աջակցել, բայց նաև պետք է արձանագրել և մենք նախկինում մի քանի ծրագրերից իմացանք, որ մեծ տնտեսությունները շատ կարևոր լոկոմոտիվային ուժ ունեն և երբեմն կարող է մեծ տնտեսություններ լինեն, մենք իրենց աջակցնեք և իրենք էլ իրենց հերթին փոքր տնտեսություններին աջակցեն, նրանց էլ դարձնեն շահառու դա ավելի արդյունավետ լինի»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այս ծրագրի իրագործելիության մասով նույնպես վստահություն չունի։
11:58 - 17 հունիսի, 2022
Կառավարությունը որոշեց օտարման ներկայացնել  Քանաքեռ Զեյթունում գտնվող ԱԱԾ հասարակական շենքը

Կառավարությունը որոշեց օտարման ներկայացնել Քանաքեռ Զեյթունում գտնվող ԱԱԾ հասարակական շենքը

Կառավարությունը այսօր որոշեց մրցույթով օտարման ներկայացնել ՀՀ ազգային անվտանգության ծառայությանն  ամրացված 6832.2 քառ. մետր մակերեսով հասարակական շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.8083 հեկտար մակերեսով հողամասը, որ գտնվում է Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում։  2018 թ․-ին ԱԱԾ-ին հանձնված գույքը նախկին հասարակական նշանակության մարզական կոմպլեքսի շենք է դրա օգտագործման և սպասարկման համար առանձնացված համապատասխան հողամասով։ Գույքը ներկայացվել է օտարման դեռ 2020 թ․-ին գնահատված արժեքի 100 տոկոսի չափով, սակայն մրցույթը չի կայացել հայտեր չլինելու պատճառով։ Ներկայումս Մրցույթով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 100 տոկոսի չափը՝ 2 միլիարդ 592 միլիոն 490 000 դրամ։   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
11:27 - 17 հունիսի, 2022
«Գազպրոմ»-ն Ավստրիայի, Գերմանիայի և Իտալիայի էներգետիկ ընկերություններին ծանուցել է գազի մակատակարարման կրճատման մասին

«Գազպրոմ»-ն Ավստրիայի, Գերմանիայի և Իտալիայի էներգետիկ ընկերություններին ծանուցել է գազի մակատակարարման կրճատման մասին

Ավստրիայի OMV, Իտալիայի Eni, Գերմանիայի Uniper ընկերությունները հունիսի 15-ին ծանուցում են ստացել ռուսական «Գազպրոմ» ընկերությունից՝ գազի մատակարարման ծավալների կրճատման մասին, գրում է Meduza-ն։ Eni ընկերությունը ծանուցվել է մատակարարումների 15% կրճատման մասին, Uniper-ը՝ 25%։ OMV-ն չի հաղորդել, թե որքանով են կրճատվելու մատակարարումները, սակայն, ինչպես և Uniper-ը, նշել է, որ կարող է փոխարինել դրանք այլ աղբյուրների հաշվին։ Հունիսի 14-ին «Գազպրոմը» հայտնել էր, որ 40%-ով կրճատելու է գազի հոսքը «Հյուսիսային հոսք-1» գազատարով։ Ընկերությունը նշել էր, որ պատճառը Վիբորգի «Պորտովայա» կոմպրեսորային կայանի սարքավորումների վերադարձի ուշացումն է, որոնք վերանորոգման էին ուղարկվել։ Գերմանիայի էներգետիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը ԵՄ-ին մատակարարվող գազի կրճատման մասին «Գազպրոմի» որոշումը քաղաքական է անվանել։ Նրա խոսքով՝ այդ կերպ Ռուսաստանը փորձում է ապակայունացնել եվրոպական գազային շուկան և բարձրացնել գները։ Հունիսի 14-16-ը գազի գներն Ամստերդամի բորսայում 97 եվրոյից հասել են գրեթե 130 եվրոյի՝ մեկ ՄՎտ/ժ-ի դիմաց։ Ինչպես նշել է ՌԲԿ-ն, OMV, Eni և Uniper էներգետիկ ընկերություններն ավելի վաղ համաձայնել էին ռուսական գազի դիմաց վճառման նոր սխեմային, որի համաձայն՝ պետք է ռուսական «Գազպրոմբանկում» երկու հաշիվ բացել՝ ռուբլով և դոլարով/եվրոյով։   Նորա Վանյան Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
18:04 - 16 հունիսի, 2022
Ռուսաստանը Թուրքիային կոչ է արել հրաժարվել Սիրիայի հյուսիսում պլանավորվող գործողությունից

Ռուսաստանը Թուրքիային կոչ է արել հրաժարվել Սիրիայի հյուսիսում պլանավորվող գործողությունից

Մոսկվան Անկարային կոչ է արել հրաժարվել Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություն իրականացնելու գաղափարից։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է Ռուսաստանի նախագահի՝ սիրիական կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը։ «[Գործողության] անցկացման մասին վերջնական որոշում դեռ չի կայացվել, այդ պատճառով էլ մենք դիմել ենք և դիմում եմ մեր թուրք գործընկերներին, որպեսզի նրանք զերծ մնան Սիրիայի տարածքում ուժային գործողությունների իրականացումից», - ասել է նա։ Լավրենտևը նշել է, որ դա կարող է հանգեցնել իրավիճակի հետագա սրման, այդ թվում՝ զինված դիմակայության։ «Դա կարող է խթանել անջատողական տրամադրությունները Սիրիայի հյուսիս-արևելքի այսպես կոչված ինքնավար վարչակազմում, այս հարցում շահագրգռված չեն ոչ Թուրքիան, ոչ Ռուսաստանը, ոչ Իրաքը, ոչ Իրանը», - ընդգծել է նա։ Լավրենտևի խոսքով՝ պետք է փորձել խնդրին այլ լուծում տալ՝ առանց ուժային մեթոդների։ Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողության անցկացման հաշվին Թուրքիան ամբողջությամբ չի լուծի իր ազգային անվտանգության խնդիրները։ «Թուրքիայի ազգային անվտանգության խնդիրները կարելի է լուծել, կարծում եմ, միայն սիրիական կառավարական զորքերի կողմից տարածքների սահմանների նկատմամբ լիակատար վերահսկողության սահմանման հաշվին։ Ցավոք, այդպիսի բան դեռ չի նկատվում, այնտեղ դեռևս իրոք հիմնականում գտնվում են ինքնապաշտպանության քրդական ջոկատները», - ասել է Լավրենտևը։   Նորա Վանյան Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
17:21 - 16 հունիսի, 2022
Ռուսաստանում անցկացվում է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը

Ռուսաստանում անցկացվում է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում մեկնարկել է Պետերբուրգի 25-րդ միջազգային տնտեսական համաժողովը, պաշտոնական բացումն արել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը, հայտնում է «Ինտերֆաքսը»։ «Մենք մեր համաժողովից ակնկալում ենք բաց և անմիջական երկխոսություն, այն շատ կարևոր է ռուսաստանցի և օտարերկրացի գործընկերների համար», - ասել է նա։ Համաժողովն իր աշխատանքը սկսել է հունիսի 15-ին և կավարտի հունիսի 18-ին։ Ուրբաթ օրը՝ հունիսի 17-ին, լիագումար նիստին ելույթ կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Համաժողովի գլխավոր թեման այս տարի հետևյալն է․ «Նոր աշխարհ՝ նոր հնարավորություններ»։ Գործնական ծրագիրը ներառում է մարտահրավերների քննարկում, որոնց բախվել է Ռուսաստանը,  անդրադարձ նոր տնեսական կարգերին և շատ այլ հարցերի։ Կայանալու են միջպետական բիզնես-երկխոսություններ և թեմատիկ բիզնես-նախաճաշներ, գործարար շրջանակների հանդիպումներ։ Նախատեսված են հանդիպումներ Չինաստանի, Եգիպտոսի, Թուրքիայի, Իրանի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի, Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ։   Նորա Վանյան Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
16:19 - 16 հունիսի, 2022
Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և Ռումինիայի առաջնորդներն Ուկրաինա են ժամանել

Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և Ռումինիայի առաջնորդներն Ուկրաինա են ժամանել

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին և Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսն Ուկրաինա են ժամանել։ Նրանք այցելել են Կիևի շրջանի Իրպեն քաղաք, հայտնում է ՈւՆԻԱՆ-ը։ Մասնավորապես, այս երկրների առաջնորդները շրջել են քաղաքում, տեսել ավերածություններն ու ծանոթացել վերականգնման պլաններին։ Ինչպես նշել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը, չորս պետությունների առաջնորդները մտադիր են աջակցության և համերաշխության ազդակ հղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և Ուկրաինայի ժողովրդին։ Նախագահ Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է, որ նշված երկրների ղեկավարները Վլադիմիր Զելենսկու հետ այսօր քննարկելու են, մասնավորապես, պարենային անվտանգության, զենքի և Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու հարցերը։ Երմակը նշել է, որ ակնկալիքներ կան, որ նրանք կսատարեն Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի տրամադրման հայտը։   Նորա Վանյան Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում  
15:43 - 16 հունիսի, 2022