Կառավարությունը սուբվենցիոն ծրագրերի շրջանակում 268.5 միլիոն դրամ հատկացրեց մարզպետարանների
11:58 - 17 հունիսի, 2022

Կառավարությունը սուբվենցիոն ծրագրերի շրջանակում 268.5 միլիոն դրամ հատկացրեց մարզպետարանների

Կառավարությունը այսօր սուբվենցիոն ծրագրերի շրջանակում 268. 5 միլիոն դրամ  հատկացրեց Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզպետարաններին։ 
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ասաց՝ սա վերաբերում է 18 բնակավայրերում 20 սուբվենցիոն ծրագրերի։ «Այս ծրագրերը ավարտված են և կառավարության պարտավորությունն ենք իրականացնում՝ շինարարներին իրենց արած աշխատանքի համար վճարելով։ Այսպիսով,  2022 թ․-ի հունվարից մինչ այս պահը մենք արդեն 229 ծրագրի համար 5.6 միլիարդ դրամ տրամադրել էինք և ևս 20 ծրագրի համար այսօր ենք տրամադրում,  հունիսի 17 –ի դրությամբ ընդհանուր 249 ծրագիր ունենք, 5.9 միլիարդ դրամ հատկացնում ենք այս աշխատանքների համար»,-ասաց Սանոսյանը։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ անդրադարձավ անցած շաբաթ Արարատի մարզ ունեցած այցին, ասաց՝ մարզում կատարված աշխատանքների որակը գոհացնող է եղել՝ հավելելով, որ նախատեսում են մյուս մարզերում նույնպես նման այցեր կատարել։

Փաշինյանը ասաց՝ այցի ընթացքում գաղափար է առաջացել, որի իրականացման հարցում, սակայն, վստահ չէ․ «Խոսքը նրա մասին է, որ մենք սուբվենցիոն ծրագրերում փորձենք ներառել նաև կաթիլային ոռոգման համար անհրաժեշտ համայնքային ավազանների կառուցումը, որովհետև կաթիլային ոռոգումը ուղղակի խողովակները չեն, այլ շատ կարևոր տեխնոլոգիական համակարգ է, որի ամենակարևոր բաղադրիչը ջրային ավազանն է, որը այդ տեխնոլոգիայի կարևոր բաղադրիչ է։ Պարարտանյութը ջրի միջոցով է տեղափոխվում, ինչը բերում է ոչ միայն ջրի, այլ պարարտանյութի խնայողության»։

Վարչապետը խոսեց կաթիլային ոռոգման հետ կապված ևս մի ծրագրի մասին․ «Մենք կաթիլային ոռոգման համար վերին սահմանաչափ ենք դրել, երբ կաթիլային ոռոգման անցնելու պարագայում  5 տարի ջրի վարձ չենք ուզում։ Կա գաղափար, որ այդ սահմանաչափը շատ ցածր ենք դրել, գուցե պետք է այս սահմանաչափը բարձրացնել, որովհետև մենք ուզում ենք փոքր տնտեսությունների աջակցել, բայց նաև պետք է արձանագրել և մենք նախկինում մի քանի ծրագրերից իմացանք, որ մեծ տնտեսությունները շատ կարևոր լոկոմոտիվային ուժ ունեն և երբեմն կարող է մեծ տնտեսություններ լինեն, մենք իրենց աջակցնեք և իրենք էլ իրենց հերթին փոքր տնտեսություններին աջակցեն, նրանց էլ դարձնեն շահառու դա ավելի արդյունավետ լինի»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այս ծրագրի իրագործելիության մասով նույնպես վստահություն չունի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել