Կենտրոնական բանկ - ԿԲ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պետական անկախ կառավարման կառույց է, որի գործունեության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքում գների կայունության ապահովումն է։ Կենտրոնական բանկի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է։

Կենտրոնական բանկն իր գործունեությունը իրականացնելիս անկախ է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից ինչպես ԿԲ խնդիրների նպատակադրման, այնպես էլ այդ խնդիրներին հասնելու գործիքակազմի ընտրության մեջ։ Կենտրոնական բանկը կառավարվում է Կենտրոնական բանկի խորհրդի կողմից: Կենտրոնական բանկի խորհուրդը կազմված է Կենտրոնական բանկի նախագահից, նրա երկու տեղակալներից, խորհրդի հինգ անդամներից։

Դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ արժեզրկվում է․ պատգամավորները կարծում են՝ ռիսկերը կառավարելի են |armtimes.com|

Դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ արժեզրկվում է․ պատգամավորները կարծում են՝ ռիսկերը կառավարելի են |armtimes.com|

armtimes.com: Դրամը ամերիկյան դոլարի նկատմամբ վերջին շրջանում արժեզրկվում է։ 1 դոլարի առքը երեկ 506-510 դրամ էր, իսկ վաճառքը՝ 518- 522 դրամ։ Դեռեւս կորոնավիրուսից առաջ 1 դոլարի դիմաց առքուվաճառքը հիմնականում տատանվում էր 480-485 դրամի սահմաններում։ Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու սկզբնական շրջանում այն որոշակի աճեց, սակայն հետո դարձյալ կարգավորվեց։ Դոլարի փոխարժեքի աճը կարող է մի շարք խնդիրներ առաջացնել ֆինանսական կայունության առումով, քանի որ այն իր հետ բերում է դրամի արժեզրկում, սակայն ոլորտի մասնագետ պատգամավորները այստեղ նաեւ հնարավորություններ են տեսնում։ ՀՀ Կենտրոնական բանկից  հայտնեցին, որ մշտապես հետեւում են Հայաստանում մակրոտնտեսական զարգացումներին, այդ թվում՝ նաեւ դրամի փոխարժեքին։ «ՀՀ-ում շարունակվում է արձանագրվել ցածր, կայուն եւ կառավարելի գնաճ։ Այս պահի դրությամբ ՀՀ ԿԲ-ն դրամի արժեզրկման հետեւանքով էական գնաճային եւ ֆինանսական կայունության ռիսկեր չի տեսնում, սակայն այդպիսի ռիսկերի դրսեւորման պարագայում պատրաստ է արձագանքել իր ողջ գործիքակազմով»,- նշել են կառույցից։ ԿԲ-ն տեղեկացրեց, որ մարտ ամսից ի վեր զգալիորեն ավելացրել են ֆինանսական համակարգին թե՛ դրամային, թե՛ արտարժութային անհրաժեշտ իրացվելիության տրամադրումը, ինչը էապես նպաստել է մեղմելու ցնցումների հնարավոր ազդեցությունը ՀՀ ֆինանսական շուկաների վրա։ ԿԲ-ից նաեւ հայտնեցին, որ արտարժութային շուկայի ներկայիս զարգացումները համարում են բնականոն եւ համաչափ, իսկ հնարավոր գնաճային ռիսկերի նյութականացման դեպքում կարձագանքեն իրենց ամբողջ գործիքակազմով՝ առաջին հերթին օգտագործելով իրենց հիմնական վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործիքը։ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը ՀԺ-ի հետ զրույցում խոսելով ներկայիս տատանման մասին՝ նշեց, որ այն շատ տարբեր պատճառներով կարող է լինել. «Տվյալ դեպքում մենք գործ ունենք տնտեսական անորոշությունների հետ կապված՝ տնտեսվարող սուբյեկտների եւ քաղաքացիների սպասումների հետ։ Դա պայմանավորված է անորոշություններով՝ ռազմական դրությամբ, քաղաքական անկայունությամբ եւ այլն»։ Պատգամավորի կարծիքով՝ բնական է, երբ անորոշությունների պայմաններում անկանխատեսելիությունն ու ռիսկերի աճը բերում են տնտեսվարողների եւ մարդկանց վարքագծի փոփոխության, ինչն էլ երբեմն արտացոլվում է արտարժույթի կուրսի տատանմամբ։ «Պետք է միեւնույն ժամանակ նկատի ունենալ, որ Կենտրոնական բանկի հիմնական նպատակը գնաճի կարգավորումն է, եւ տվյալ դեպքում մենք ունենք ընդամենը 1.5 տոկոս գնաճ, իսկ մինչեւ տարեվերջ սպասվում է ընդամենը 2.3- 2.5 տոկոս գնաճ, այսինքն այս առումով այստեղ խնդիր չկա»,- նշեց նա։ Խաչատրյանի խոսքով՝ դրամի արժեզրկումը նպաստավոր պայմաններ է ստեղծում արտահանման զարգացման եւ արտահանման մեծացման համար, եւ այս պահը կարող է օգտագործվել այս ուղղությունն աշխուժացնելու համար. «Միշտ խոսել ենք այն մասին, որ մեր տնտեսական զարգացման հիմնական թիրախներից մեկը պետք է լինի արտահանմանը միտված տնտեսական աճը, այսինքն արտահանման մեծացումը եւ առաջանցիկ աճը՝ ներմուծման համեմատ։ Դրա արդյունքում կարող ենք զարկ տալ նաեւ ՀՆԱ-ի ավելացմանը։ Այսինքն՝ ցանկացած տնտեսական իրավիճակում պետք է փորձել նաեւ օգտվել այն լրացուցիչ հնարավորություններից, որոնք տրվում են այդտեղ»։ Պատգամավորն ընդգծեց՝ արտարժույթի կուրսի կայունությունը չափազանց կարեւոր է մեր երկրի համար, սակայն դա ԿԲ-ի հիմնական նպատակը չէ եւ հետեւաբար չպետք է թիրախավորել։ «Ազատ կուրսի քաղաքականությունը պետք է պահպանել՝ անհրաժեշտության դեպքում միջամտություններ անելու՝ կտրուկ տատանումները մեղմելու համար։ Բայց հիմնական ֆունդամենտալ ցուցանիշներին կպչել չի կարելի՝ ինչպես դա արվում է, օրինակ՝ Թուրքիայում»։ Պատգամավորը նշեց, որ հանրային համերաշխությունը եւ քաղաքական կայունացումը ավելի բարենպաստ պայմանների ապահովումը կբերի ֆինանսական շուկաների կայունության։ Նա առայժմ մեծ անկայունության ռիսկ չի տեսնում։ Խաչատրյանի գլխավորած հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը եւս այն կարծիքին է, որ դրամի արժեզրկման հիմնական պատճառներից մեկը քաղաքացիների սպասումներն են։ Նա ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ պատերազմական գործողությունների աննպաստ ավարտը քաղաքացիների մոտ բացասական սպասումներ է ձեւավորել, եւ քաղաքացիները արդեն նախընտրում են խնայողություններն ավելի շատ արտարժույթով պահել. «Ստացվում է, որ պահանջարկն արտարժույթի նկատմամբ ավելի է մեծացել, քան դրամի, ինչն էլ բերել է կուրսի համապատասխան փոփոխության»։ Հարցին՝ ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել դոլարի նկատմամբ դրամի արժեզրկումը, Սողոմոնյանը պատասխանեց. «Առաջին խնդիրը հայկական դրամի նկատմամբ վստահության հարցն է։ Եթե արտարժույթն արժեքավորվում է, իսկ դրամն արժեզրկվում, դրա բացասական կողմերից մեկն այն է, որ Կենտրոնական բանկի ֆինանսական շուկային միջամտելու գործիքները թուլանում են»։ Պատգամավորն ընդգծեց՝ ինչքան դրամը կայուն է, այդքան ԿԲ-ի գործիքակազմն ավելի լավ է ազդում։ Հաջորդ բացասական կողմն այն է, որ ներմուծողների համար խնդիրներ են առաջանում, քանի որ դոլարով են գնում կատարում. «Մյուս կողմից տեղական արտադրությունն առավելություն է ստանում՝ հատկապես արտահանման ուղղությունը»։ Նրա խոսքով՝ այս պահին փոխարժեքի տատանման տարբերությունն այդքան էլ մեծ չէ՝ հաշվի առնելով քաղաքական դաշտի իրավիճակը, պատերազմական իրավիճակը եւ կորոնավիրուսը, այս պահին առկա արտարժույթի փոփոխությունը վերահսկելի է։ Շարունակությունը՝ armtimes.com-ում։ 
17:44 - 24 նոյեմբերի, 2020
Դրամը համառորեն արժեզրկվում է, բայց ԿԲ-ն դա բնական է համարում և առայժմ չի միջամտում |hetq.am|

Դրամը համառորեն արժեզրկվում է, բայց ԿԲ-ն դա բնական է համարում և առայժմ չի միջամտում |hetq.am|

hetq.am: Հայկական դրամն արդեն երկրորդ ամիսն է՝  հետևողականորեն արժեզրկվում է ամերիկյան դոլարի նկատմամբ։ Հասարակության այն մասին, որոն առնչվում է դոլարի հետ և գործարքներ կատարում այդ արժույթով, այս երևույթը խիստ անհանգստացրել է։ Սակայն Կենտրոնական բանկը կատարվողը համարում է բնականոն զարգացում և այս պահին չի պատրաստվում միջամտել արտարժույթի շուկային. քայլեր կձեռնարկի, երբ գնաճային ռիսկեր տեսնի։ Ըստ Կենտրոնակի բանկի պաշտոնական կայքում հրապարակված փոխարժեքների՝ այսօր  (20 նոյեմբերի) 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 503.22 դրամ, որը նախորդ օրվա համեմատ աճել է 2.4 դրամով։ Ըստ rate.am կայքի՝ փոխանակման կետերում այսօր՝ ժամը 15:00֊16:00֊ի սահմաններում, դոլարը վաճառվել է առավելագույնը 509-511 դրամով և գնվել 501-503 դրամով։ Դոլարի նկատմամբ դրամի արժեզրկման այս փուլը սկսվել է սեպտեմբերի 29-ից՝ արցախաադրբեջանական սահմանին սկսված պատերազմից երկու օր անց։ Երկրում ստեղծված անկայուն իրավիճակն ու անորոշություններն ազդել են փոխարժեքի շուկայի վրա, հանգեցրել դոլարի նկատմամբ պահանջարկի մեծացմանն ու թանկացմանը։     «Հետքի» հարցմանը, թե արդյոք ԿԲ-ն ռիսկեր տեսնու՞մ է, որոնք կարող են առաջանալ դրամի արժեզրկման հետևանքով, գլխավոր դրամատնից պատասխանել են, որ այս պահին էական ռիսկեր չեն տեսնում։ «ՀՀ ԿԲ֊ն մշտապես հետևում է Հայաստանում մակրոտնտեսական զարգացումներին, այդ թվում ՝ նաև դրամի փոխարժեքին։ ՀՀ֊ում շարունակվում է արձանագրվել ցածր, կայուն և կառավարելի գնաճ։ Այս պահի դրությամբ ՀՀ ԿԲ֊ն դրամի արժեզրկման հետևանքով էական գնաճային և ֆինանսական կայունության ռիսկեր չի տեսնում»,֊ նշված է պատասխանում։ Միևնույն ժամանակ, ԿԲ֊ից շեշտում են, որ այդպիսի ռիսկեր դրսևորվելու պարագայում պատրաստ են արձագանքել ողջ գործիքակազմով։ Շարունակությունը՝ hetq.am-ում
17:04 - 20 նոյեմբերի, 2020
2021 թ․ հարկաբյուջետային քաղաքականության առանցքային ուղենիշը պետբյուջեի պակասուրդի նվազեցման և միջնաժամկետում Կառավարության պարտքի կրճատման համար պայմանների ապահովումն է. ԿԲ նախագահ |tert.am|

2021 թ․ հարկաբյուջետային քաղաքականության առանցքային ուղենիշը պետբյուջեի պակասուրդի նվազեցման և միջնաժամկետում Կառավարության պարտքի կրճատման համար պայմանների ապահովումն է. ԿԲ նախագահ |tert.am|

tert.am: 2020 թվականի տարեսկզբին սպասվում էր բյուջեի 2.3 տոկոս պակասուրդ, իսկ արդեն համավարակով պայմանավորված՝ սեպտեմբերին սպասվում է 6.1 տոկոս պակասուրդ: Սա չի ներառում ռազմական դրությամբ պայմանավորված փոփոխությունները: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն ընթացքում հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։   Նա ընդգծեց՝ Կառավարության 2021 թվականի մակրոտնտեսական կանխատեսումները բավական մոտ են ԿԲ-ի կանխատեսումներին. «Դրանց համաձայն՝ շարունակվելու է համավարակի բացասական ազդեցությունների չեզոքացումը, արտաքին և ներքին պահանջարկի աստիճանական վերականգնումը, ինչպես նաև հարկաբյուջետային քաղաքականության սահուն կոնսոլիդացիայի և համարժեք դրամավարկային քաղաքականության իրականացումը»,-նշեց ԿԲ նախագահը: Նրա խոսքով՝ համաձայն պետական բյուջեի հիմքում դրված սցենարի՝ 2021 թվականի համար նախանշվել է ՀՆԱ-ի իրական աճի 4.8 տոկոս մակարդակ, որը առաջարկի տեսանկյունից կարտացոլվի տնտեսության բոլոր ճյուղերի աճով։   «Համախառն պահանջարկը ևս կվերականգնվի՝ պայմանավորված թե՛ ներքին սպառողական, թե՛ ներդրումային ծախսերով, ինչպես նաև արտաքին պահանջարկի որոշակի վերականգնմամբ: Ընդ որում, գնահատականների համաձայն՝ ներդրումների աճը պայմանավորված կլինի հիմնականում մասնավոր ներդրումներով»: Ըստ Գալստյանի՝ 2020-ի ընդլայնող հարկաբյուջետային քաղաքականությանը կհաջորդի 2021-ի որոշակի զսպող քաղաքականության իրականացումը՝ առաջնորդվելով միջնաժամկետ պարտքի կայունության ապահովման սկզբունքով: «Հարկ է, սակայն, նշել, որ ինչպես համավարակի և ռազմական դրության հետևանքների, այնպես էլ 2020-ի պետական կապիտալ ներդրումների թերակատարումների ազդեցությամբ կդիտվի ներուժային համախառն արդյունքի որոշակի կորուստ»,-ասաց Գալստյանը՝ ընդգծելով, որ, հետևաբար, 2021-ի համար կարևորում են ներուժային տնտեսական աճի արագացմանն ուղղված հարկաբյուջետային քաղաքականության իրականացման ապահովում: Ըստ ԿԲ նախագահի՝ ՀՀ տնտեսության վերականգնման պայմաններում 2021-ի հարկաբյուջետային քաղաքականության առանցքային ուղենիշը պետական բյուջեի պակասուրդի նվազեցման և միջնմաժամկետում ՀՀ կառավարության պարտքի կրճատման համար պայմանների ապահովումն է: «Տնտեսության վերականգնումը չխաթարելու և մակրոտնտեսական կայունությանը նպաստելու նպատակով 2021-ին նախատեսվում է իրականացնել հարկաբյուջետային սահուն կոնսոլիդացիա, այդ թվում՝ ևս մեկ տարի օգտագործելով հարկաբյուջետային կանոնների համակարգով նախատեսված բացառիկ դեպքի կարգավորումը։ Նշված քաղաքականության ներքո գնահատվում է, որ 2021-ին ՀՀ պետական բյուջեի պակասուրդը ՀՆԱ-ի նկատմամբ կկրճատվի շուրջ 2 տոկոսային կետով՝ փոքր զսպող ազդեցություն ունենալով համախառն պահանջարկի վրա»,-ասաց Մարտին Գալստյանը։
13:48 - 02 նոյեմբերի, 2020
ԿԲ-ն էական գնաճ չի կանխատեսում՝ թուրքական ապրանքների ներմուծման արգելքի արդյունքում |armenpress.am|

ԿԲ-ն էական գնաճ չի կանխատեսում՝ թուրքական ապրանքների ներմուծման արգելքի արդյունքում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կենտրոնական բանկի գնահատմամբ՝ թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծման արգելքն իր մեջ գնաճային պոտենցիալ չունի: Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք թուրքական ապրանքների ներմուծման արգելքը կազդի՞  սպառողական գների վրա, և թե ի՞նչ ապրանքներով կարելի է փոխարինել թուրքականը: Անդրադառնալով վերջնական սպառման ապրանքներին՝ Գալստյանը նկատեց, որ փոխարինիչների տեսանկյունից նշվում են այնպիսի երկրներ, ինչպիսիք է օրինակ Չինաստանը: «Ինչ վերաբերվում է հումքային ապրանքներին, ապա խորը վերլուծություն, թե որ սեկտորը ինչ տիպի հումք է օգտագործում իր վերջնական արտադրանքի համար, ես չեմ տեսել: Բայց ոլորտներից առաջինը տեքստիլն է: Եվ այդտեղ գնահատականներ են պետք, թե ինչ ազդեցություններ են լինելու, ու արդյոք մեր տեքստիլ արտադրությունը, որը միտված է արտահանմանը, կարողանալու է գնային առանց որևէ Էական փոփոխության հումք բերել և իր արտադրական գործընթացն իրականացնել»,-ասաց ԿԲ նախագահը: Անդրադառնալով գնաճային սպասումներին՝ նա նշեց. «Մեր գնահատականներով՝ այն էական գնաճային պոտենցիալ իր մեջ չունի»:
18:17 - 27 հոկտեմբերի, 2020
Հայաստանում քաղաքացիները որոշակիորեն նվազեցրել են իրենց խնայողությունները բանկերում |armenpress.am|

Հայաստանում քաղաքացիները որոշակիորեն նվազեցրել են իրենց խնայողությունները բանկերում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում բանկային համակարգում քաղաքացիերի, կազմակերպությունների խնայողությունները որոշակիորեն նվազել են, սակայն դա ընդհանուր ավանդների մեջ աննշան տոկոս է կազմում: Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: «Կա խնայողությունների որոշակի նվազում: Այսինքն` մարդիկ և կազմակերպությունները որոշակիորեն, բայց ոչ էական չափով նվազեցրել են իրենց խնայողությունները բանկային համակարգում»,-ասաց Գալստյանը: Դա կազմում  է ընդհանուր ավանդների մոտ 1 տոկոսը, աննշան է: ԿԲ նախագահը պարզաբանեց՝ ավանդները դուրս են եկել բանկային համակարգից ոչ թե նրա համար, որ կան խնդիրներ, այլ դա տեղի է ունեցել մի քանի պատճառներով: Պայմանավորված կորոնավիրուսով և ընդհանուր տնտեսական իրավիճակով՝ տնային տնտեսությունների մոտ կա եկամտի որոշակի նվազում, և մարդիկ դա կոմպենսացնում են նախկինում ձևավորած խնայողությունների հաշվին: «Առաջնագիծ գնացող մեր հայրենակիցների մոտ կա վարքագծային դրսևորում, որ գումարը հանում են ավանդից, կանխիկ տեսքով թողնում են տանը, որ ընտանիքի անդամներն ունենան որոշակի ֆինանսական միջոցներ՝ իրենց բացակայության ընթացքում»,-նշեց Գալստյանը:  Կա նաև մի ստվար զանգված, որ ավանդը փոխանցել է որևէ բարեգործական նպատակի, մասնավորապես Հայաստան համահայկական հիմնադրամին, 1000 դրամների հիմադրամին: ՀՀ ԿԲ խորհուրդը հոկտեմբերի 27-ի նիստում որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 4.25%, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 5.75%: Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 2.75%:
16:56 - 27 հոկտեմբերի, 2020
ՀՀ ԿԲ-ն և ՖՆԴ-ն կազմակերպել են Ֆինանսական ներառման քաղաքականության փորձագետների հանդիպում և վերապատրաստում

ՀՀ ԿԲ-ն և ՖՆԴ-ն կազմակերպել են Ֆինանսական ներառման քաղաքականության փորձագետների հանդիպում և վերապատրաստում

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը և Ֆինանսական ներառման դաշինքը (ՖՆԴ) 2020 թվականի հոկտեմբերի 14-15-ին կազմակերպում են Ֆինանսական ներառման քաղաքականության փորձագետների խմբի 6-րդ հանդիպումը և անդամների վերապատրաստումը: Գիտելիքների և փորձի փոխանակման այս միջոցառմանը, որը կորոնավիրուսի համավարակի պատճառով կանցկացվի էլեկտրոնային ռեժիմով, կմասնակցեն ՖՆԴ-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի քաղաքականության ծրագիրը ներկայացնող յոթ երկրների ֆինանսական ոլորտի կարգավորողները և քաղաքականություն մշակողները: Ծրագրի անդամներն են  Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի կենտրոնական բանկերը, ինչպես նաև Ղազախստանի ֆինանսական շուկայի կարգավորման և զարգացման գործակալությունը և Մոնղոլիայի ֆինանսական կարգավորման հանձնաժողովը: Սա փորձագիտական խմբի  երկրորդ հանդիպումն է, որը COVID-19 համավարակի բռնկումից հետո կազմակերպել է ՀՀ Կենտրոնական բանկը` ցույց տալով իր և Ծրագրի մյուս անդամների հանձնառությունը՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի (ԱԵԿԱ) տարածաշրջանում ֆինանսական ներառումը արագացնելու հարցում: ՀՀ կենտրոնական բանկը Ծրագրի ներկայիս նախագահողն է: «Ծրագրի Փորձագիտական խմբի հանդիպումը և նրա անդամների համար կազմակերպվող դասընթացը անդամ երկրների հիմնական ձեռքբերումներն ու առկա մարտահրավերները կիսելու հիանալի հնարավորություն է: Այն մեծ հնարավորություն է ամփոփելու վերջին մի քանի ամիսների աշխատանքի արդյունքները և ուսումնասիրելու համատեղ ուսումնառության հնարավորությունները` անդրադառնալով ֆինանսական կրթության և գրագիտության բնագավառի կոնկրետ  մարտահրավերներին, ինչպես նաև ֆինանսական ներառումը խթանող թվային նորարարություններին»,-ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը: Երկօրյա այս միջոցառումը կմեկնարկի Ծրագրի անդամների փորձի փոխանակումով այնպիսի կարևոր թեմաների վերաբերյալ, ինչպիսիք են «Էլեկտրոնային եղանակով Ճանաչիր քո հաճախորդին» (e-KYC), էլեկտրոնային նույնականացում (e-ID) և տարածաշրջանային փոխգործակցող վճարային համակարգեր: Այնուհետև Ծրագրի անդամների համար կանցկացվի դասընթաց ֆինանսական կրթության և գրագիտության ծագրերի վերաբերյալ, արտացոլելով տարածաշրջանում ազգային ֆինանսական կրթության ռազմավարություններ մշակող երկրների աճող թիվը։ «Մենք շնորհակալ ենք Հայաստանին ՖՆԴ-ի և Ծրագրի առաջատարը լինելու և այս տարի տարածաշրջանային ծրագրի երկու հանդիպումների համակազմակերպիչը հանդիսանալու համար: Թեև COVID-19-ով պայմանավորված ճգնաժամը զգալի ազդեցություն է թողել  ՖՆԴ-ի ամբողջ ցանցի վրա, մենք կարծում ենք, որ եթե չլինեին անցյալ տասնամյակում ՖՆԴ-ի անդամ երկրների կողմից կատարված քայլերը՝ ֆինանսական ներառումը խթանելու ուղղությամբ, ինչպես նաև նախորդ ամիսների ճգնաժամին իրենց նախաձեռնողական քաղաքականության արձագանքը, իրավիճակը կարող էր լինել շատ ավելի վատ: Ճգնաժամի հետևանքները մեղմելու հարցում կարևոր դեր ունեցան թվային ֆինանսների (digital finance), mobile money, գործակալային բանկային գործունեության (agent banking),  «Ճանաչիր քո հաճախորդին» (e-KYC)  և ՓՄՁ-ների ֆինանսավորման ծրագրերը», - ասաց ՖՆԴ-ի գործադիր տնօրեն Ալֆրեդ Հանիգը: ՖՆԴ-ի գործադիր տնօրենի կարծիքով «բարելավված նորմալ իրավիճակի» վերականգնմանը և կառուցմանը զուգահեռ մենք որպես կարգավորող մարմիններ, պետք է ճիշտ եզրակացություններ անենք մինչ այժմ սովորածից և նպատակ ունենանք կառուցել «նոր տնտեսություն»։ Հանիգը ընդգծեց, որ բացի թվային ֆինանսական ծառայությունների շնորհիվ ձեռքբերումներից, վերականգնման գործընթացը պետք է հաշվի առնի նաև «կանաչ ֆինանսների» քաղաքականությունը, որպեսզի նոր տնտեսությունը լինի կանաչ, դիմացկուն և սոցիալապես ներառական, ինչպես նաև սատարի գենդերային հավասարությանը՝ արտակարգ իրավիճակների և վերականգնման ծրագրերը մշակելիս:  «Ճգնաժամը չի ավարտվել և մենք միասին ենք անցնում այս ճանապարհը: Սակայն յուրաքանչյուր ճգնաժամ նաև հնարավորություններ է ընձեռում: Մենք ՖՆԴ-ում գտնում ենք, որ քաղաքականություն մշակողները պետք է արագացնեն ֆինանսական ներառման ուղղությամբ քայլերը, որպեսզի այդ ջանքերը օգուտ բերեն նույնիսկ ոչ ֆորմալ հատվածին՝ վերականգնման գործընթացին նոր լիցք հաղորդելու համար: Լյուքսեմբուրգում վերջերս բացված մեր Եվրոպայի գրասենյակը օգնում է արագացնել ՖՆԴ-ի անդամների միջև գիտելիքների փոխանակումը, համատեղ ուսումնառությունը ցանցի մնացած մասի համար և դրա սահմաններից դուրս», ընդգծեց Հանիգը։ ՖՆԴ-ի ցանցի հավաքական գիտելիքների հետագա խորացման արդյունքում զարգացած երկրների կարգավորող մարմինները, ներառյալ Գերմանիայի և Չեխիայի, և մասնավոր հատվածի առանցքային շահակիցները նույնպես կմասնակցեն միջոցառումների վերջին օրվան՝ ՖՆԴ-ի Պետական-մասնավոր երկխոսության (ՊՄԵ) և Զարգացած-զարգացող երկրների երկխոսության հարթակների ներքո: Մասնակիցների լայն սպեկտրը՝ VISA-ի և Mastercard-ի երկարաժամկետ ռազմավարական գործընկերներից մինչև նոր ՊՄԵ գործընկեր Home Credit-ի, կքննարկի «Ճանաչիր քո հաճախորդին» (e-KYC) էլեկտրոնային ծրագրի և էլեկտրոնային նույնականացման ծրագրի (e-ID) կարևորագույն նորարարությունները, կարգավորման դաշտը, քաղաքականության համապատասխան գործոնները և քաղած դասերը: Այս տարվա սկզբին ՀՀ ԿԲ-ն և ՖՆԴ-ն համատեղ կազմակերպել էին Ծրագրի 5-րդ հանդիպումը, որը տեղի ունեցավ 2020 թ. հունիսի 1-3-ը։ Այդ հանդիպումը ՖՆԴ-ի առաջին տարածաշրջանային միջոցառումն էր, որը COVID-19 համավարակով պայմանավորված իրականացվեց էլեկտրոնային ռեժիմով: Միայն 2020թ.-ին Հայաստանը դաշինքում իր աշխատանքների շրջանակներում հրատարակել է երեք գիտելիքային պրոդուկտ՝ տարածելով իր գիտելիքներն ու փորձը տարածաշրջանի և ամբողջ աշխարհի կազմակերպության անդամների համար: Դրանք են․ The Long-Term Effectiveness of Financial Education Classroom Workshops in Rural Areas the Case of Armenia (Գյուղական բնակավայրերում ֆինանսական կրթության լսարանային սեմինարների երկարաժամկետ արդյունավետությունը՝ Հայաստանի փորձը), Key Facts Statements For Credit: Do They Work? The Experience of Armenia (Վարկերի անհատական թերթիկներ. արդյո՞ք դրանք գործում են՝ Հայաստանի փորձը), The Financial Competency Matrix for Adults, A Policy Framework (Ֆինանսական կարողունակության մատրից՝ քաղաքականության շրջանակ)։ Ծրագրի անդամները կլինեն ՖՆԴ-ի վերջերս Լյուքսեմբուրգում բացված Եվրոպական ներկայացուցչության գրասենյակի (ԵՆԳ) (European Representative Office) հիմնական շահառուների թվում, որը նախատեսված է զարգացող և զարգացած երկրներում կարգավորող մարմինների համատեղ ուսումնառության և գիտելիքների փոխանակման հնարավորությունները ընդլայնելու համար՝ նպաստելով առավել արդար, ներառական և կանաչ տնտեսության վերականգնմանը: Լյուքսեմբուրգի ֆինանսների նախարարության և արտաքին և եվրոպական գործերի նախարարության կողմից համատեղ ղեկավարվող ՖՆԴ ԵՆԳ-ն մաս է կազմում ավելի լայն ապակենտրոնացման, կենտրոնանալով հասցեական ֆինանսական ծառայությունների և պրոդուկտների տրամադրման վրա, որոնք բավարարում են գործող և հավանական անդամների կարիքները եվրոպական մայրցամաքում և այլուր: 2021 թվականին նախատեսվում է բացել ՖՆԴ-ի Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների գրասենյակ Կոստա Ռիկայի մայրաքաղաք Սան Խոսեում: 2018 թ.-ին մեկնարկած Ծրագիրը ՖՆԴ-ի վերջին տարածաշրջանային ծրագիրն է և առաջնային պլատֆորմը ԱԵԿԱ-ի տարածաշրջանի ՖՆԴ-ի անդամ հաստատությունների համար` աջակցելու և զարգացնելու ֆինանսական ներառման քաղաքականությունը և կարգավորիչ շրջանակները, և համակարգելու տարածաշրջանային համատեղ ուսումնառության ջանքերը: Ծրագիրը միտված է տարածաշրջանային մարտահրավերների հաղթահարմանը և ֆինանսական ներառման գլոբալ քաղաքականության հարցում ԱԵԿԱ տարածաշրջանի դերակատարման բարձրացմանը: Ծրագրի ներքո գործում է փորձագիտական խումբ, որը կազմված է հիմնական կամ փոխարինող փորձագետներից, ովքեր անմիջականորեն մասնակցում են ֆինանսական ներառման ուղղությամբ տարվող փորձագիտական աշխատանքներին:
12:07 - 14 հոկտեմբերի, 2020
Համազգային դրամահավաք. ԿԲ-ն ներկայացնում է բանկային տվյալները

Համազգային դրամահավաք. ԿԲ-ն ներկայացնում է բանկային տվյալները

«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերություն կատարել ցանկացողների համար ՀՀ կենտրոնական բանկը ներկայացնում է բանկային տվյալները՝ փոխանցումներ իրականացնելու նպատակով: « ՀՀ դրամով փոխանցումների համար կիրառել ՀՀ կենտրոնական բանկում գործող հետևյալ հաշիվը՝   103003240159  «Հայաստան» համահայկական հիմնադրամ Նպատակ դաշտում  նշելով՝ « Մենք ենք, մեր սահմանները, Համազգային դրամահավաք»   Եվրոյով փոխանցումների համար կիրառել ստորև ներկայացված  բանկային տվյալները՝ EUR Correspondent bank: Commerzbank , Frankfurt                                                                                       SWIFT code: COBADEFF Beneficiary’s Bank:    Acc. No: 400886424101EUR                                      Central Bank of the Republic of Armenia                                      SWIFT (BIC) code:CBRAAM22  Beneficiary:               Acc. 103003249150                                     All-Armenia Fund Details of payment: We are our borders, Global fundraising campaign                                                     ԱՄՆ դոլարով փոխանցումների համար կիրառել ստորև ներկայացված բանկային տվյալները՝ USD Correspondent Bank: JPM Chase Bank N.A,  New York                                       SWIFT code: CHASUS33 Beneficiary’s Bank:    Acc. No: 001-1-010782                                      Central Bank of the Republic of Armenia                                      SWIFT (BIC) code:CBRAAM22  Beneficiary:               Acc. 103003241157                                     All-Armenian Fund Details of payment: We are our borders, Global fundraising campaign                                                     Ռուսական ռուբլով փոխանցումների համար կիրառել ստորև ներկայացված բանկային տվյալները՝ RUB Банк корреспондент: Межгосударственный Банк, Москва БИК 044525362 К/с 30101810800000000362 в ОПЕРУ  Московского ГТУ Банка России Банк получателя К/с 30111810400000000002 Центральный Банк Республики Армения ИНН 9909106378 КПП 774487001 Получатель: Счет: 103003248152 Общеармянский фонд Назначение платежа: Мы и наши границы, общенациональный сбор средств  Անգլիական ֆունտ ստերլինգով փոխանցումների համար կիրառել ստորև ներկայացված բանկային տվյալները՝ Correspondent Bank:  HSBC BANK, London                                           SWIFT: MIDLGB22  Beneficiary’s Bank:   Acc. No 35768988                                      Central Bank of the Republic of Armenia                                      SWIFT code:CBRAAM22 Beneficiary name and account number: 103003635671                                                                  All-Armenian Fund Details of payment: We are our borders Global fundraising campaign»,-կբ նշված է Կենտրոնական բանկի հաղորդագրությունում:
13:30 - 28 սեպտեմբերի, 2020
Վարկավորման գովազդը պետք է վերացվի. ԿԲ փոխնախագահ |armenpress.am|

Վարկավորման գովազդը պետք է վերացվի. ԿԲ փոխնախագահ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կենտրոնական բանկը հույս ունի, որ նկատած որոշ խնդիրներին ԱԺ-ն ապագայում լուծումներ կտա, օրինակ՝ օրենսդրական կարգավորումներով կվերացնի վարկավորման գովազդը: Այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ  հրավիրված «Վարկերի եւ ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների եւ վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման եւ այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումներում: «Երկու հարց ունենք, որ հուսով ենք՝ ԱԺ-ն ապագայում կլուծի: Մեկը՝ վարկավորման գովազդը պետք է վերացվի: Երկրորդ՝ իրավապահները պետք է աշխատեն, որպեսզի կարողանան առցանց, անօրինական, չլիցենզավորված, նաև միջնորդների միջոցով վարկային առաջարկները վերացնել: Դա շատ լուրջ խնդիր է և մրցակցային լուրջ մարտահրավերներ է առաջացնում՝ նաև վարկավորման կարգապահության հետ կապված»,-ասաց Երիցյանը: Նրա խոսքով՝ ԿԲ-ն ներկայում կանոնակարգերն է խստացնում, որ երբ մարդը հաշիվ չունի, դեպոզիտ չի ունեցել, իր եկամուտները չի կարողանում վարել ֆինանսական համակարգի միջոցով, միանգամից չգնա ու, օրինակ, լվացքի մեքենայի վարկ վերցնի: 
15:44 - 24 սեպտեմբերի, 2020
Վարկառուների 93 տոկոսը պարտաճանաչ կատարում է իր պարտավորությունները. ԿԲ փոխնախագահ |armenpress.am|

Վարկառուների 93 տոկոսը պարտաճանաչ կատարում է իր պարտավորությունները. ԿԲ փոխնախագահ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում 3 ամիս վարկերի գծով տոկոսավճարները զիջելը և ավանդատուների նկատմամբ պարտավորությունների կատարումը կհանգեցնի բանկերի մեծ մասի սնանկացմանը, բացի այդ, վարկառուների 93 տոկոսը պարտաճանաչ կատարում է իր պարտավորությունները: Այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ  հրավիրված «Վարկերի եւ ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների եւ վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման եւ այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումներում: Երիցյանը նախ նշեց, որ խնդրահարույց կամ չաշխատող վարկերը պատմականորեն տատանվում են ամբողջ վարկերի 5-7 տոկոսի շրջանակում: «Իսկ համավարակից հետո ավելացել է ընդամենը 1 տոկոսային կետով և այս պահին  գտնվում է 7 տոկոսի շրջանակում: Դա նշանակում է, որ վարկառուների առնվազն 93 տոկոսը գիտակցված և պարտաճանաչ կերպով կատարում է իր պարտավորությունները»,- ասաց Երիցյանը: Նրա պնդմամբ՝ մասսայական վարկային արձակուրդը հանգեցնելու է շատ մեծ մակրոտնտեսական, ֆինանսական և բարոյական վնասների: «Բարոյական ռիսկի մասով, ինչպես ցույց է տալիս աշխարհի փորձը, սա կարող է հանգեցնել մտածողության բացասական փոփոխության, վարկառուները սկսեն չվճարել՝ ենթադրելով, որ ապագայում ներվելու են: Մեր սեփական փորձը նույնպես վկայում է այս մասին»,­ նշեց նա: Երիցյանը հիշեցրեց, որ  2018-ին բանկերը ներեցին խնդրահարույց վարկառուների տույժ-տուգանքները: Հետո ԿԲ-ի հետազոտությունները ցույց տվեցին, որ ներում ստացած մարդկանց կողմից նոր վարկային պարտավորություններ ստանձնածների 50 տոկոսից ավելին կրկին հայտնվել է նույն իրավիճակում: «Այսինքն՝ այդ մարդիկ ունեն … պարտաճանաչ վարքագծի խնդիր»,- ընդգծեց ու հավելեց՝ ստացվում է այնպես, որ պարտաճանաչ վճարողները չեն խրախուսվում, իսկ ընտրովի մոտեցման դեպքում գործնականում անհնար է որոշել՝ ում պետք է արձակուրդ տրամադրվի՝ առանց կոպտորեն խախտելու արդարության սկզբունքը: Նա շեշտեց նաև, որ բանկերը հանդիսանում են ընդամենը միջնորդներ. ներգրավում են ավանդներ, որոնց հաշվին իրականացնում են վարկավորում: Վարկերից ստացված տոկոսներից բանկերը պետք է կատարեն ավանդատուների նկատմամբ իրենց պարտավորությունները: «Բանկերը մեր քաղաքացիներին ավանդի տոկոսի վճարի տեսքով որպես եկամուտ տարեկան վճարում են շուրջ 140 մլրդ դրամ կամ ՀՆԱ­ի մոտավորապես 2.5 տոկոսը: Եվ մենք պարտավոր ենք հարցնել ավանդատուներին, թե արդյոք նրանք պատրաստ են հրաժարվել այդ եկամուտներից՝ ի օգուտ իրենց պարտավորությունները պատշաճ չկատարող վարկառուների: Հակառակ դեպքում՝ 3 ամիս վարկերի գծով տոկոսավճարները զիջելը և ավանդատուների նկատմամբ պարտավորությունների կատարումը կհանգեցնի բանկերի մեծ մասի սնանկացմանը»,- ասաց Երիցյանը:
14:35 - 24 սեպտեմբերի, 2020
Ֆինանսական կազմակերպությունները վերանայել են 1 մլն հատ վարկային պայմանագիր |armenpress.am|

Ֆինանսական կազմակերպությունները վերանայել են 1 մլն հատ վարկային պայմանագիր |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ֆինանսական կազմակերպությունները կորոնավիրուսի համավարակի պայմաններում վերջին մի քանի ամիսներին վերանայել են գրեթե 1 մլն հատ վարկային պայմանագիր՝ 1.5 տրլն դրամ գումարային մնացորդով: Այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը՝«Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ  հրավիրված «Վարկերի եւ ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների եւ վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման եւ այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումներում: «Վերջին մի քանի ամիսների ընթացքում Հայաստանի ֆինանսական կազմակերպությունների կողմից վերանայվել են գրեթե 1մլն հատ վարկային պայմանագրեր: Դրանց գումարային մնացորդը կազմել է մոտ 1.5 տրլն դրամ: Վերանայված վարկերի հասցեատերերը շուրջ 550 հազար ֆիզիկական և 17 հազար իրավաբանական անձինք են»,- ասաց Երիցյանը: Նրա կարծիքով՝ վարկերի նման մեծածավալ ու ընդգրկուն վերանայումը ֆինանսական կազմակերպությունների կողմից իրենց հաճախորդների նկատմամբ բարի կամքի ու գործընկերության լավագույն դրսևորում է, քանի որ վերանայման ծախսերը կրել են հենց ֆինանսական կազմակերպություններն ու դրանց սեփականատերերը: Երիցյանը շեշտեց նաև՝ պատկերին ամբողջությամբ նայելիս ակնհայտ է դառնում, որ վարկային արձակուրդները չեն կարող երկար տևել: Նա միևնույն ժամանակ հավաստիացրեց, որ եթե ԿԲ-ի խորհուրդը, լինելով անաչառ պրոֆեսիոնալների խումբ, գնահատի, որ որևէ կերպ խաթարվել է հավասարակաշռությունը, երբեք չի վարանի միջամտել՝ քաղաքացիների շահը պաշպանելու համար:
14:32 - 24 սեպտեմբերի, 2020
Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան

Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հայտնում է, որ Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան: ՀՀ կենտրոնական բանկն այս մասին հաղորդագրություն է տարածել. Վարշավայի ֆոնդային բորսան (ՎՖԲ) Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի (ՀՀ ԿԲ) հետ ստորագրել է պայմանաթերթ` ՀՀ ԿԲ-ից Հայաստանի ֆոնդային բորսայի (ՀՖԲ) 65%-ը ձեռք բերելու շուրջ բանակցությունների վերաբերյալ: ՎՖԲ-ի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի հնարավոր ձեռքբերումը պահանջում է, ի թիվս այլոց, անհրաժեշտ ուսումնասիրությունների իրականացում և համապատասխան կորպորատիվ հավանություններ։ Հայաստանի ֆոնդային բորսայի 100%-ի նախնական գնահատված արժեքը շուրջ 6 միլիոն լեհական զլոտի է (1․6 միլիոն ԱՄՆ դոլար)։ 2020 թ․ սեպտեմբերի 18-ին Վարշավայի ֆոնդային բորսայի (ՎՖԲ) կառավարման խորհուրդը և ՀՀ կենտրոնական բանկը (ՀՀ ԿԲ) ստորագրեցին պայմանաթերթ` ՎՖԲ-ի կողմից Հայաստանի արժեթղթերի բորսայում 65% հսկիչ փաթեթ ձեռք բերելու շուրջ բանակցությունների վերաբերյալ: Համաձայնությունը պարտադիր բնույթ չի կրում: Ձեռքբերման վերջնական պայմանները, ի թիվս այլոց, կախված կլինեն անհրաժեշտ ուսումնասիրությունների իրականացման և համապատասխան կորպորատիվ հավանությունների արդյունքներից: «ՎՖԲ-ի և ՀՀ կենտրոնական բանկի միջև հաստատված հարաբերությունները լավ լուր են երկու կողմերի համար: Հայաստանի տնտեսության շատ ճյուղերում որակյալ ներդրումների անհրաժեշտություն կա, այնպես որ երկիրը հսկայական աճի ներուժ ունի: Ներդրումները տնտեսական աճի խթան են, հատկապես զարգացող շուկաներում: Կարծում եմ՝ ՎՖԲ-ի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի ձեռքբերումը կնպաստի Հայաստանի կապիտալի շուկայի արագ աճին, իսկ Վարշավայի ֆոնդային բորսան կկարողանա գոհացուցիչ եկամտաբերություն ապահովել ներդրումից: Կարևոր է նաև այն հանգամանքը, որ Լեհաստանը նպաստում է զարգացող շուկաների կայացմանը, ինչը լավ ուղղություն է», - ասաց Լեհաստանի փոխվարչապետ և պետական ակտիվների նախարար Յացեկ Սասինը: ՎՖԲ-ի և ՀՀ ԿԲ-ի միջև ստորագրված պայմանաթերթը սահմանում է հետագա բանակցությունների շրջանակային պայմանները, որոնք ուղղված են հնարավոր ներդրումային համաձայնագիր կնքելուն: Հաջորդ քայլով ՎՖԲ-ն կկատարի համալիր ուսումնասիրություն, կմշակի Հայաստանի արժեթղթերի բորսայի զարգացման հնգամյա ծրագիր` ՀՀ ԿԲ-ի և Հայաստանի ֆոնդային բորսայի հետ համատեղ, և կսահմանի ներդրումային համաձայնագրի վերջնական պայմանները, որոնք կարող են տարբերվել շրջանակային պայմաններից: «ՎՖԲ-ն կայուն և անշեղորեն աճող ընկերություն է Լեհաստանի կապիտալի շուկայի սրտում և Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆոնդային բորսայի արդյունաբերության առաջատարն է: Համոզված եմ, որ Վարշավայի ֆոնդային բորսայի վերջին 30 տարիների ընթացքում ձեռք բերված մեծ փորձն ու բանիմացությունը կնպաստի Հայաստանի ֆինանսական շուկայի հետ սերտ և բեղմնավոր հարաբերություններին», - նշեց Լեհաստանի Պետական ակտիվների նախարարության վերլուծությունների և հշվետվությունների դեպարտամենտի ղեկավար, ՎՖԲ հսկիչ խորհրդի նախագահ Դոմինիկ Կաչմարսկին: ՎՖԲ-ն պայմանաթերթի իրագործմանը նախորդող իր վերլուծությունների համար սահմանել է Հայաստանի արժեթղթերի բորսայի երկարաժամկետ զարգացմանն ուղղված մեկ տասնյակից ավելի հավանական ռազմավարական նախագծերի ցանկ: Զարգացման հիմնական ոլորտները ներառում են արդի տեխնոլոգիաների հենքով նորագույն լուծումների իրականացումը, հումք-ապրանքային առևտրի կազմակերպումը, աջակցություն ՎՖԲ և Հայաստանի ֆոնդային բորսայի թողարկողների կրկնակի ցուցակմանը և առևտրի ժամանակակից հարթակի տրամադրումը: «Բազմաթիվ ոլորտներ ենք տեսնում, որտեղ կարելի է թափ հաղորդել Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանը: Առաջնային ոլորտներ են թվայնացումը և գործընթացների ավտոմատացումը, որոնք այժմ զարգացած տնտեսություններում ֆոնդային բորսաների առանցքային հիմնասյուներն են: Հայաստանի ֆոնդային բորսայի հնարավոր ձեռքբերումը կօգնի մեզ ընդլայնել մեր ծառայությունները և ձեռնամուխ լինել #GPW2022 ռազմավարության իրականացմանը: Մյուս կողմից՝ սրանով ՎՖԲ Խմբի «նոու-հաուն» հասանելի կինի Հայաստանի արժեթղթերի բորսային», - մատնանշեց ՎՖԲ Կառավարման խորհրդի նախագահ Մարեկ Դիթլը: ՀՖԲ-ի համախմբված եկամուտը 2019 թվականին կազմել է 6․4 մլն լեհական զլոտի (1․71 մլն ԱՄՆ դոլար), հասույթը նախքան տոկոսների, հարկերի, մաշվածության և ամորտիզացիոն գումարների վճարումը (EBITDA)` 2․0 մլն զլոտի (0․53 մլն ԱՄՆ դոլար) և զուտ շահույթը՝ 1.3 մլն զլոտի (0․35 մլն ԱՄՆ դոլար): 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ ՀՖԲ-ի ընդհանուր ակտիվները կազմել են 6.5 մլն զլոտի (1.73 միլիոն ԱՄՆ դոլար): ՀՖԲ-ի սեփական կապիտալի 100%-ի նախնական ոչ պարտադրական գնահատումը հավասար է ընկերության 2020 թ․ հունիսի 30-ի դրությամբ առկա հաշվեկշռային արժեքին, այսինքն` շուրջ 6 մլն զլոտի (1․6 միլիոն ԱՄՆ դոլար): ՎՖԲ-ի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայում բաժնեմասի հնարավոր ձեռքբերման գինը կհաստատվի պատշաճ ուսումնասիրություններն ավարտելուց հետո: «Ուրախ ենք, որ համաձայնության ենք եկել ՎՖԲ-ի հետ մեր հետագա համագործակցության հիմնաշրջանակի շուրջ: Այս փոխշահավետ գործարքը երկարաժամկետ ռազմավարական նշանակություն ունի երկու կողմերի համար, և նաև ուրախ ենք փաստել, որ մենք ՎՖԲ-ին տեսնում ենք որպես գործընկեր, որը կիսում է կապիտալի շուկաների հետագա զարգացման մեր տեսլականը: ՎՖԲ-ի առաջնորդությունն այս ձեռնարկում հնարավորություն է տալիս իրենց փորձն ու «նոու-հաուն» բերել և Հայաստանի ֆոնդային բորսան դարձնել ամուր, նորարար և հարմար հարթակ՝ ներդրողների համար այն ծառայեցնելով որպես դարպաս դեպի նոր շուկաներ: Սա նաև կհանգեցնի տարածաշրջանային ընդլայնմանն ուղղված մեր փոխադարձ ձգտումների իրագործմանը», - ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: ՀՖԲ-ի հիմնական գործը ֆինանսական գործիքներով առևտրի կազմակերպումն է և Հայաստանում ֆինանսական գործիքներով գործարքների համար քլիրինգային տան և վճարահաշվարկային ընկերության գործունեության իրականացումը: Ընկերության գրասենյակը տեղակայված է Հայաստանի մայրաքաղաք Երևանում: ՀՀ կենտրոնական բանկը տնօրինում է Հայաստանի ֆոնդային բորսայի 90.1%-ը: Մնացած 9.9%-ը Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերն են: Գործարքից հետո ՀՀ ԿԲ-ն կպահպանի Հայաստանի ֆոնդային բորսայի 25% -ը, իսկ մնացած 10%-ը ձեռք կբերի երրորդ կողմը, որին նշանակելու է ՎՖԲ-ն: ՏԵՂԵԿԱՆՔ Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի ձեռքբերման վերաբերյալ Կենտրոնական բանկը համաձայնության է եկել Վարշավայի ֆոնդային բորսայի (ՎՖԲ) հետ՝ Հայաստանի ֆոնդային բորսան (ՀՖԲ) ձեռքբերելու վերաբերյալ։ Ըստ ՀՀ ԿԲ-ի և ՎՖԲ-ի միջև ստորագրված մտադրությունների մասին հուշագրի, որը չունի պարտադիր իրավական ուժ և սահմանում է հետագա բանակցությունների հիմնական պայմանները, ՎՖԲ-ը նախատեսում է ձեռքբերել ՀՖԲ-ի բաժնետոմսերի հսկիչ փաթեթը։ Գործարքի վերջնական պայմանները կպարզվեն անհրաժեշտ ուսումնասիրությունները իրականացնելուց և կորպորատիվ հաստատումները ստանալուց հետո։ ՎՖԲ-ը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ամենամեծ և զարգացած շուկան է։ ՎՖԲ-ը կազմակերպում է առևտուր բաժնետոմսերով, պարտատոմսերով, ածանցյալ գործիքներով, ֆոնդերի բաժնետոմսերով, այլ գործիքներով։ ՀՀ կենտրոնական բանկը տեսնում է ՎՖԲ-ին որպես հուսալի գործընկեր, որն ունակ կլինի ապահովել կապիտալի շուկաների զարգացում և ընդլայնում: ՎՖԲ-ն հանդիսանում է հրապարակային ընկերություն, և իր բաժնետոմսերը 2010 թվականից ցուցակված են հենց իր մոտ՝ շուրջ 300 մլն եվրո կապիտալիզացիայով։ ՎՖԲ-ի մուտքը լուրջ խթան կարող է հանդիսանալ Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման համար։ ՎՖԲ-ի փորձառությունը թույլ կտա իրականացնել մի շարք զարգացման ծրագրեր, այդ թվում՝ նորարարական տեխնոլոգիաների ներդրում, նոր առևտրային համակարգի ներդրում, հայկական և լեհական շուկաների հեշտացված փոխգործակցություն (փոխադարձ հասանելիության մեխանիզմներ), նոր գործիքներով առևտրի կազմակերպում և այլն։ Դրանց իրականացման համար կմշակվի առանձին Գործողությունների ծրագիր։
15:03 - 18 սեպտեմբերի, 2020