ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունն իրավապահ համակարգի մարմին է, որի պարտականությունն է հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը:

Ոստիկանությունն իրականացնում է հանրապետության տարածքում օպերատիվ-հետախուզական եւ փորձաքրեագիտական գործունեության կազմակերպումը։ Ոստիկանությունը գործում է ՀՀ Սահմանադրության, օրենդրության եւ «Ոստիկանության» մասին ՀՀ օրենքի հիման վրա։ Այն ենթակա է Հանրապետության վարչապետին։ 2020 թ. հունիսի 8-ից ոստիկանապետը Վահե Ղազարյանն է։

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել. հայտարարություն

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել. հայտարարություն

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ մամուլում ապատեղեկություն է տարածվում, թե, իբր, ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» է իրականացնում Տավուշի մարզում։ «Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին իրականացնում է ականազերծման աշխատանքներ։ Նշված աշխատանքների իրականացման շրջանակներում՝ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով, ՆԳՆ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն՝ ականապատ գոտիներ քաղաքացիական անձանց մուտքը թույլ չտալու համար: Հարկ է նշել նաև, որ ուժեղացված ծառայության ընթացքում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով իրավախախտում կատարելու համար ոստիկանություն է տարվել 30 անձ, որոնք վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելուց հետո ազատ են արձակվել»,- ասված է հայտարարության մեջ։
Այսօր 15:01
Բնակիչները պատմում են ոստիկանություն տեղափոխվելիս ծեծի ենթարկվելու մասին, իսկ ՆԳՆ-ն հերքում է

Բնակիչները պատմում են ոստիկանություն տեղափոխվելիս ծեծի ենթարկվելու մասին, իսկ ՆԳՆ-ն հերքում է

Վաղ առավոտյան ոստիկանները եկել պահանջել են՝ բացել դարպասները, բնակիչները մերժել են, ինչից հետո ոստիկանության ծառայողները միանգամից անցել են գործողության։ Այս մասին պատմում է Կիրանցից բերման ենթարկված քաղաքացիներից մեկը։ Լրագրողի հարցին՝ արդյո՞ք բնակիչներին ողջամիտ ժամկետ է տրվել դարպասները բացելու, քաղաքացին նշեց, որ ոչ, միանգամից անցել են գործողության։  Մեկ այլ բնակիչ պատմեց, որ չնայած ինքը ոչ մի դիմադրություն ցույց չի տվել, բայց բերետավորները խփելով, քաշ տալով տեղափոխել են մեքենա․ «Ակնթարթ ա տևել, չեմ կարող բառերով գտնեմ, թե ոնց եղավ էդ ամեն ինչը, մեզանից մարդ չեղավ, որ ուժ գործադրի։ Ձեռքներս բարձրացրած, 10 հոգով, քաշելով, պոկելով տանում էին, ու քիչ չի՝ խփելով էին տանում»,- ասաց բնակիչը։ Միևնույն ժամանակ ՀՀ ՆԳՆ-ից հայտարարություն են տարածել՝ հերքելով ոստիկանության բաժին տանելիս անձանց ծեծի են ենթարկելու մասին լուրերը․ «Մամուլում հրապարակումներ են եղել, թե իբր ոստիկանության բաժին տանելիս նշված անձանց ծեծի են ենթարկել։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ ՆԳ նախարարությունը հորդորում է չհրապարակել չստուգված և կեղծ տեղեկություններ»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։ ՆԳՆ-ից նաև հայտնել են, որ այսօր Տավուշի մարզում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով իրավախախտում կատարելու համար ոստիկանություն է տարվել 30 անձ։ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելուց հետո բոլորն ազատ են արձակվել։  
Այսօր 11:28
Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության Իջևանի բաժին

Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության Իջևանի բաժին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում ստացվել է տեղեկություն առ այն, որ մայիսի 2-ին Տավուշի մարզի Կիրանց գյուղից բերման են ենթարկվել մի խումբ անձինք: ՀՀ ՄԻՊ աշխատակազմը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Ավելի վաղ ՆԳՆ-ն հայտնել էր, որ ոստիկանությունը Տավուշում ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն։  Բնակիչները վաղ առավոտյան բողոքի ակցիա էին իրականացնում՝ փակելով ճանապարհը։ Ավելի ուշ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնեց, որ ոստիկանությունը ուժ կիրառելով բերման է ենթարկում քաղաքացիներին։ ՆԳՆ ոստիկանությունից էլ հայտնել էին, որ 31 քաղաքացի տարվել է  Տավուշի մարզի ոստիկանության տարածքային բաժին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածով (Իշխանության ներկայացուցչի օրինական պահանջը չկատարելը):  
Այսօր 10:11
Թերի գործող մեխանիզմը՝ ազատ տեղաշարժի սահմանափակման պատճառ․ երկրից բացակայելու արգելքը ՍԷԿՏ-ում

Թերի գործող մեխանիզմը՝ ազատ տեղաշարժի սահմանափակման պատճառ․ երկրից բացակայելու արգելքը ՍԷԿՏ-ում

17-ամյա Տիգրանը (անունը փոխված է, քանի որ անչափահաս է) այս տարվա փետրվարի 15-ին պիտի մեկներ Մոլդովայի Հանրապետություն, սակայն «Զվարթնոց» օդանավակայանում սահմանապահ ծառայություն իրականացնող ոստիկանները նրան թույլ չեն տվել՝ տեղեկացնելով, որ Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգում Հայաստանից նրա ելքի վրա սահմանափակում է դրված։  Տիգրանն այդ պահին ենթադրել է, որ պատճառը բացակայելու արգելք խափանման միջոցն է, որ իր նկատմամբ ընտրվել էր ամիսներ առաջ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Նրան մեղադրանք էր ներկայացվել ապօրինի կերպով սառը զենք կրելու հոդվածով, սակայն փետրվարի 1-ին Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը կայացրել էր արդարացման դատավճիռ՝ ճանաչելով եւ հռչակելով նրա անմեղությունը։ Միաժամանակ դատարանը վճռել էր կիրառված խափանման միջոցը թողնել անփոփոխ՝ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Դատավճիռն ուժի մեջ է մտնում, եթե այն ստանալու պահից մեկամսյա ժամկետում կողմերը դրա դեմ վերաքննիչ բողոք չեն ներկայացնում։ Փետրվարի 15-ի դրությամբ, փաստացի, այդ ժամկետը լրացած չի եղել։ Տիգրանն ասում է, որ միայն օդանավակայանում է տեղեկացել այդ հանգամանքի մասին։ Արդյունքում, բաց է թողել թռիչքը եւ կրել 150 հազար դրամի նյութական վնաս։ Նա միակը չէ, որ նմանատիպ խնդրի առաջ է հայտնվել։ Քաղաքացիները երբեմն թռիչքից կարճ ժամանակ առաջ են տեղեկանում, որ իրենց նկատմամբ կիրառված սահմանափակումը դեռ չի հանվել, թեեւ շաբաթներ կամ նույնիսկ տարիներ առաջ արդարացվել են կամ իրենց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։  Նյութում կարդացեք՝ Ինչ է ՍԷԿՏ համակարգը, եւ ինչպես է այն աշխատում Ինչ խնդիրների առաջ են կանգնում երկրից մեկնող քաղաքացիները, եւ ինչ լուծումներ է առաջարկում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Ինչ տեսակետ ունի խնդրի վերաբերյալ նախկին դատավորը Ինչ է ՍԷԿՏ համակարգը, եւ ինչպես է այն աշխատում ՍԷԿՏ համակարգը Կառավարության՝ 2006 թ․-ի որոշմամբ ստեղծված էլեկտրոնային շտեմարան է, որտեղ ՀՀ պետական մարմիններն իրականացնում են Հայաստան ելք ու մուտք անող տրանսպորտային միջոցների եւ անձանց հաշվառում, այդ թվում՝ նաեւ այն անձանց վերաբերյալ, որոնք որեւէ քրեական վարույթի շրջանակում ունեն մեղադրյալի կարգավիճակ, եւ նրանց նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք (նախկինում՝ երկրից չհեռանալու մասին ստորագրություն) խափանման միջոցը։  Տարիներ շարունակ տվյալների փոխանցման գործընթացը քրեադատավարական օրենսդրությամբ կարգավորված չէր, այսինքն՝ սահմանված չէր, թե իրավասու սուբյեկտը երբ, ինչ եղանակով, ինչպես պետք է գործեր երկրից չհեռանալու մասին խափանման միջոց կիրառելու դեպքում։ Որպես կանոն, քննիչը կամ դատարանը Կառավարության հիշյալ որոշման հիման վրա էին այդ տեղեկությունը փոխանցում ոստիկանությանը, որպեսզի վերջինս, որպես լիազոր մարմին, տեղեկությունը ներառի համակարգ եւ անձի՝ Հայաստանից դուրս գալու հնարավորությունը սահմանափակի։  Այդ որոշումը, սակայն, որեւէ կերպ չէր կարգավորում ընտրված խափանման միջոցը փոփոխելու կամ վերացնելու դեպքում անձի տվյալները համակարգից հեռացնելու գործընթացը։ Արդյունքում, ոստիկանությունը անհապաղ չէր տեղեկացվում այդ մասին կամ տեղեկացվելուց հետո անհապաղ չէր հեռացնում, եւ անձանց տվյաները անորոշ ժամանակով մնում էին համակարգում՝ այդ կերպ սահմանափակելով նրանց ազատ տեղաշարժման իրավունքը։ Մարդու իրավունքների պաշտպանը տարիներ շարունակ իր հրապարակումներում եւ զեկույցներում անդրադարձել է այս խնդրին։ 2016 թ․ տարեվերջին ՄԻՊ-ը նաեւ դիմել է Սահմանադրական դատարան, եւ վերջինս արձանագրել է, որ ՀՀ օրենսդրության մեջ բացակայում է խափանման միջոցի վերացման վերաբերյալ տեղեկությունը ՍԷԿՏ համակարգ ուղարկելու ուղղակի պարտականությունը, առանց որի հնարավոր չէ երաշխավորել մարդու ազատ տեղաշարժման սահմանադրական իրավունքը։ ՍԴ որոշումից 5 տարի անց՝ 2021 թ․ ընդունված Քրեական դատավարության օրենսգրքով (ուժի մեջ է մտել 2022 թ․ հուլիսի 1-ին) ի վերջո ամրագրվեց, որ խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու մասին որոշումն անհապաղ հանձնվում է խափանման միջոցի կիրառումն ապահովող մարմնին կամ պաշտոնատար անձին (հոդված 127)։ Բացակայելու արգելք խափանման միջոցի կիրառումն ապահովող մարմինը տվյալ դեպքում ոստիկանությունն է, որը լիազորված է սահմանափակելու ելքի հնարավորությունը։ Ըստ ՄԻՊ-ի՝ չնայած օրենսդրական կարգավորմանը՝ գործնական խնդիրները չեն վերացել Մարդու իրավունքների պաշտպանն իր 2023 թ․ տարեկան զեկույցում օրենսդրական մակարդակում այս ամրագրումը ողջունելի է համարել, միաժամանակ նշել, որ չնայած խափանման միջոցը վերացնելու մասին որոշումը դրա կիրառումն ապահովող մարմնին հանձնելու՝ վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը սահմանվել է, 2023 թ․ ընթացքում Պաշտպանին ներկայացված ազատ տեղաշարժվելու իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակման բողոքների առկայությունը վկայում է այն մասին, որ տվյալ օրենսդրական դրույթի գործնական կիրառման համատեքստում դեռեւս առկա են խնդիրներ, եւ իրավակիրառ պրակտիկան միշտ չէ, որ համապատասխանում է հարցի առնչությամբ առկա չափանիշներին եւ երաշխիքներին: ՄԻՊ աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում եւ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը մեր զրույցում մանրամասնում է՝ բողոքները հիմնականում վերաբերում են այն դեպքերին, երբ եզրափակիչ դատական ակտով խափանման միջոցը վերացվում է, սակայն այդ տեղեկությունը որոշակի ժամանակ համակարգ մուտք չի արվում․ «Դա հիմնականում լինում է դատական վարույթում գտնվող գործերով, քանի որ ծանուցումն ուղարկվում է փոստային առաքմամբ (ի տաբերություն քրեական հետապնդման մարմինների՝ դատարանները չունեն էլեկտրոնային՝ Mullbery  համակարգ, եւ ծանուցումն ուղարկում են հատուկ փոստային կապով,-հեղ․), եւ տեւական ժամանակ՝ 4-5 օր, 1 շաբաթ տեւում է, մինչեւ այն հասնում է կոնկրետ իրավասու մարմնին, որպեսզի նա սահմանափակումը վերացնի։ Իսկ այդ ընթացքում անձը, գիտակցելով, որ իր նկատմամբ վարույթը ավարտվել է, եւ արդեն ոչ մի սահմանափակում չի գործում, տոմս է գնում, գնում է՝ մեկնելու, ու պարզվում է, որ սահմանափակումը դեռեւս վերացված չէ։ Ունեցել ենք նաեւ դեպքեր, երբ վարույթը կարճվել է, անձի նկատմամբ քրեական հետապնդումը՝ դադարել, բայց քննիչը համապատասխան գրությունը չի ուղարկել ոստիկանություն, այս դեպքում էլ ոչ թե առաքման խնդիր է, այլ վարույթն իրականացնող մարմինն իր վրա դրված պարտականությունը չի իրականացրել»,- ասում է Մինասյանն ու նշում՝ բոլոր դեպքերում իրավասու մարմինների հետ համագործակցությամբ փորձել են իրավիճակը հրատապ կարգով շտկել։ Մեկ այլ իրավիճակ է, երբ դատարանը եզրափակիչ դատական ակտով արդարացնում է անձին, սակայն ինչպես Տիգրանի դեպքում  է եղել, չի վերացնում ընտրված խափանման միջոցը մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ ՄԻՊ աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում եւ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանի խոսքով՝ այս հարցը խորքային ուսումնասիրման կարիք ունի, քանի որ նման բողոքներ իրենք չեն ստացել․ «Խնդիրը հետեւյալն է․ առաջին ատյանը կայացնում է արդարացման դատական ակտ, վերացնում է բոլոր սահմանափակումները, անձը լքում է երկիրը, հետո Վերաքննիչում ակտը բեկանվում է, անձին դատարան հրավիրելու հարց է առաջանում, եւ խնդիր է ծագում հետագա դատական պրոցեսի պատշաճ իրականացումն ապահովելու տեսակետից․․․ Բայց մեր մանդատին վերաբերելի մասն այստեղ մի քիչ կտրվում է, դա դատական գնահատման առարկա է,  քանի որ օրենքը մեզ ուղիղ արգելք է սահմանում, որ եթե մի հարցի վերաբերյալ կա դատարանի որոշում, դու չես կարող գնահատել՝ ճիշտ է, թե սխալ է, դա վերադաս ատյանների քննարկման հարց է»,- կարծում է Մինասյանն ու ընդգծում՝ օրենքի միատեսակ կիառությունն ապահովելն էլ Վճռաբեկ դատարանի խնդիրն է։ Արամ Մինասյանի համոզմամբ՝ վարույթն իրականացնող մարմինները սկզբում ինչ ջանասիրությամբ որ անձի նկատմամբ խափանման միջոց են ընտրում, նույն ջանասիրությունը պետք է գործադրեն նաեւ խափանման միջոցը վերացնելիս․ «Ընթացակարգը պետք է դյուրինացվի՝ ընդհուպ մինչեւ էլեկտրոնային եղանակով անհապաղ տեղեկացնելու կամ վարույթն իրականացնող մարմնին որոշակի հասանելիություն տալու միջոցով, որպեսզի տեւական ժամանակ մարդը ստիպված չլինի սպասել իր նկատմամբ կիրառված արգելքը վերացնելուն»,- նշում է նա։ Նշենք, որ Վճռաբեկ դատարանն իր պրակտիկայում միայն մեկ անգամ է անդրադարձել երկրից չհեռանալու մասին ստորագրություն (բացակայելու արգելք) խափանման միջոցին՝ դրա բողոքարկելի լինել-չլինելու համատեքստում՝ նշելով, որ եթե դրա կիրառմանը հետեւում է ՍԷԿՏ համակարգում համապատասխան տվյալների մուտքագրմամբ ՀՀ պետական սահմանը հատելու արգելքը, ապա անձն իրավասու է դատարանում բարձրացնել այդ արգելքի իրավաչափության հարցը՝ իր ազատ տեղաշարժի իրավունքի առերեւույթ խախտման ուժով։ Քննարկվող հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դիրքորոշում առկա չէ։ «Եթե չկա մեղադրանք, խափանման միջոցը չի կարող պահպանվել»․ Դավիթ Հարությունյան Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախկին դատավոր Դավիթ Հարությունյանը այն կարծիքին է, որ եթե անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվում է (օր․՝ լրացել է հանցանքի վաղեմության ժամկետը,-հեղ․) առավել եւս արդարացնող (օր․՝ անձը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը) հիմքով, ապա կիրառված խափանման միջոցը ենթակա է անհապաղ վերացման, իսկ այդ դեպքում ՍԷԿՏ-ի սահմանափակումն էլ է ենթակա անհապաղ վերացման։ Իր գործունեության ընթացքում արդարացնող դատական ակտերում Հարությունյանը, որպես կանոն, ուղիղ գրել է ՍԷԿՏ համակարգում անձի նկատմամբ առկա սահմանափակումը վերացնելու մասին եւ այդ գրությունն ուղարկել ոստիկանություն։ Ասում է՝ թեեւ նախկին օրենսդրությամբ այդ պարտականությունն ուղիղ սահմանված չէր, բայց դա ենթադրվում էր։ Քրեական դատավարության գործող օրենսգիրքը սահմանում է, որ խափանման միջոց չի կարող կիրառվել, եթե բացակայում է մեղադրյալի կողմից իրեն վերագրվող հանցանքը կատարելու մասին հիմնավոր կասկածը․  «Խափանման միջոցի կարեւորագույն պայմանը՝ քրեական գործում մեղադրանքի առկայությունը, այլեւս չկա, իսկ եթե չկա մեղադրանք, չկա հիմնավոր կասկած, ուրեմն՝ խափանման միջոցը չի կարող պահպանվել, հետեւաբար ենթադրվում է, որ դա ինքնըստինքյան պետք է հանգեցնի ելքի սահմանափակման վերացման»,– ասում է Հարությունյանը։ Մինչդատական փուլում քրեական հետապնդումը դադարեցնելու քննիչի որոշումը մինչեւ դատական կարգով բողոքարկելը կարող է բողոքարկվել հսկող, ապա նաեւ՝ վերադաս դատախազին, իսկ դատական փուլում Առաջին ատյանի արդարացման դատական ակտը՝ Վերաքննիչ, ապա՝ Վճռաբեկ դատարան։ Ըստ Դավիթ Հարությունյանի՝ ռիսկը, որ այդ ընթացքում անձը կարող է մեկնել երկրից, առկա է, որոշ դեպքերում գուցե եւ արդարացված է, բայց այն չի բխում օրենքից։ Ըստ Հարությունյանի՝ քրեադատավարական նորմերի համալիր վերլուծությունը հանգեցնում է նրան, որ սահմանափակումը ենթակա է վերացման՝ անկախ նրանից՝ այդ ռիսկը ողջամիտ է թե ոչ․ «Լավ կլիներ, որ օրենքով հստակ սահմանվեր, որ ցանկացած դեպքում, երբ անձի նկատմամբ հետապնդումը դադարեցվում է, ապա ենթակա է վերացման խափանման միջոցն էլ, ցանկացած սահմանափակում էլ»,- կարծում է նախկին դատավորը։ Գործնականում ծագող խնդիրները, ըստ նրա, հնարավոր է կարգավորել առանց տեխնիկական հատուկ միջոցների ներդրման, օրինակ՝ կարելի է պայմանավորվածություն ձեռք բերել դատարանների պաշտոնական էլեկտրոնային փոստերի միջոցով լիազոր մարմնի հետ փոխվստահության հիման վրա աշխատելու վերաբերյալ․ «Չեմ կարծում, թե համակարգին համընդհանուր հասանելիության ապահովումը արդյունավետ կլինի, որոշակի գաղտնիություն պարունակող տվյալներ են, լիազոր մարմնին վերապահելը ճիշտ է»,- նշում է նա։ Նախկին դատավորի խոսքով՝ նոր օրենսդրությունը գործնական մեկ այլ խնդիր է առաջ բերել Թեեւ նոր օրենսդրությամբ կարգավորում է նախատեսվել, սակայն, ըստ Դավիթ Հարությունյանի, այն իր հերթին գործնական մեկ այլ խնդիր է առաջ բերել։ Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ թեեւ անձի նկատմամբ ընտրված է բացակայելու արգելք խափանման միջոցը, սակայն վարույթն իրականացնող մարմինը ինչ-ինչ նպատակներով (աշխատանքային, առողջական եւ այլն) ցանկանում է նրան թույլ տալ ժամանակավորապես դուրս գալ ՀՀ-ից։  Նախկինում, երբ օրենսդրությունը հստակ կարգավորում չուներ, վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա դա հնարավոր էր լինում կազմակերպել․ «Այժմ պրակտիկայում ի՞նչ իրավիճակ է առաջացել․ եթե կիրառված է բացակայելու արգելք, դատավորները եւ քննիչները չեն կարողանում ՍԷԿՏ-ը բացել կամ սահմանափակումը ժամանակավորապես վերացնել՝ պահպանելով խափանման միջոցը, որովհետեւ ստացվում է, որ այդ երկուսը միմյանց հետ փոխկապակցված են։ Երբ առանձին պաշտոնատար անձինք նման գրություններ հասցեագրեցին, լիազոր մարմինը հրաժարվեց դա կատարել՝ հղում անելով օրենքին, որ կիրառված խափանման միջոցի պայմաններում արգելքը չի հանվում»,- ընդգծում է Հարությունյանը։ Նրա խոսքով՝ արհեստականորեն առաջանում է մի իրավիճակ, երբ կան հիմքեր՝ թույլատրելու, որ անձը ժամանակավորապես մեկնի ՀՀ-ից, բայց քանի որ դրա օրենսդրական հնարավորությունը չկա, վարույթն իրականացնող մարմինները ստիպված խափանման միջոցը վերացնում են կամ ընտրում են ավելի խիստ խափանման միջոց գրավը (գրավի դեպքում ՍԷԿՏ համակարգում ՀՀ-ից ելքը չի փակվում)։ Այս հարցը եւս, ըստ մասնագետի, պետք է հստակ կանոնակարգում ստանա։   Միլենա Խաչիկյան
16:11 - 30 ապրիլի, 2024
Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված ավտոմեքենայի հետ կապված՝ դանակի գործադրմամբ խուլիգանության դեպքի հանգամանքները

Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված ավտոմեքենայի հետ կապված՝ դանակի գործադրմամբ խուլիգանության դեպքի հանգամանքները

Տավուշի մարզային քննչական վարչությունում իրականացվում է քննություն՝ պարզելու ապրիլի 27-ին Կիրանց բնակավայրի մոտ դանակի գործադրմամբ կատարված առերևույթ խուլիգանության դեպքի հանգամանքները։ «Մասնավորապես, 2024 թ․ ապրիլի 27-ին՝ ժամը 14:36-ին, հաղորդում է ստացվել Ոստիկանություն, որ Կիրանց բնակավայրից դեպի Ոսկեպար ընկած հատվածում ճանապարհը փակած ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակծկել ավտոմեքենայի անվադողը: Դեպքի առթիվ 2024 թ. ապրիլի 27-ին Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված առերևույթ հանցանքի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դրա շրջանակներում զննվել են նաև համացանցում հրապարակված՝ նշված դեպքն արձանագրող տեսագրությունները։ Քննչական գործողություններով, օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է ինչպես ավտոմեքենայի անվադողը դանակով վնասող անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի Նորագյուղ բնակավայրի բնակիչ է՝ 39 տարեկան, այնպես էլ դանակը նրան փոխանցող 17-ամյա անձի ինքնությունը։ Հանձնարարություն է տրվել Ոստիկանությանը հայտնաբերել նշված անձանց և ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին։ Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:   Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Գլխավոր լուսանկարը՝ ՔԿ-ից
20:23 - 27 ապրիլի, 2024
ՆԳՆ-ն իր առջև դրված խնդիրներն իրականացնում է իրավաչափ գործիքակազմի օգտագործմամբ. հայտարարություն

ՆԳՆ-ն իր առջև դրված խնդիրներն իրականացնում է իրավաչափ գործիքակազմի օգտագործմամբ. հայտարարություն

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Որոշ շրջանակներ, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ներ, սոցհարթակներում անհիմն և համակարգված եղանակով թիրախավորում են ՆԳՆ Ոստիկանությանը՝ փորձեր անելով տարածել կառույցի հեղինակությանը վնասող ապատեղեկատվություն և ուղղորդված սխալ տեղեկություններ: ՆԳՆ Ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը 7 օր ռեժիմով իրականացնում է օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ձեռնարկելով հասարակական կարգի պահպանության և հասարակության անվտանգության ապահովման ուղղությամբ միջոցառումներ: Իրավապահ կառույցն իր առջև դրված խնդիրներն իրականացնում է օրենքով իրեն տրված իրավաչափ գործիքակազմի օգտագործմամբ՝ հաշվի առնելով կոնկրետ իրավիճակներում հնարավորինս նվազ միջամտության միջոցառումների կիրառումը: ՆԳՆ Ոստիկանությունը շարունակելու է իրականացնել հասարակական կարգի պահպանմանն ու անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները, որոնց ողջ ընթացքը գտնվում է ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության մշտադիտարկման ներքո: Ներքին գործերի նախարարությունը հորդորում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց, անհիմն կամ, այսպես ասած՝ սեփական, բայց իրականում անհայտ ծագման աղբյուրներին հղում անելով՝ չթիրախավորել ՆԳՆ Ոստիկանությանը, զերծ մնալ սադրիչ այլ գործողություններից և հիմք ընդունել Ներքին գործերի նախարարության, Ոստիկանության պաշտոնական հաղորդագրությունները, մեկնաբանությունները:
18:04 - 27 ապրիլի, 2024
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
 |armenpress.am|

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ներքին գործերի նախարարությունը հերքում է տարածվող լուրերը, թե ոստիկանությունը Կիրանցում լուսաձայնային նռնակ է կիրառել ճանապարհը փակած բնակիչների դեմ։ «Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Հիշեցնենք, որ Կիրանցում քաղաքացիները, կասկածելով, որ ճանապարհով անցնել ցանկացող առանց համարանիշների մեքենաներում սակրավորներ են, թույլ չէին տվել դրանց երթը։ Ոստիկանության ուժերը փորձել էին քաղաքացիներին հեռացնել այդ մեքենաներից․ նրանց միջեւ բախում էր սկսվել, ոստիկանները ուժ էին կիրառել քաղաքացիների նկատմամբ։  Մամուլում լուրեր էին տարածվում, որ ոստիկանությունը բնակիչների դեմ լուսաձայնային նռնակ է կիրառել, ինչի հետևանքով մի քանի մարդ թեթև վնասվածքներ են ստացել։
00:07 - 27 ապրիլի, 2024
Այսօր 17 անձ է ձերբակալվել Հանրապետության տարբեր հատվածներում իրականացված բողոքի ցույցերի ժամանակ
 |hetq.am|

Այսօր 17 անձ է ձերբակալվել Հանրապետության տարբեր հատվածներում իրականացված բողոքի ցույցերի ժամանակ |hetq.am|

hetq.am: 17 անձ է ձերբակալվել և տեղափոխվել Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ այսօր՝ ապրիլի 26-ին, Հանրապետության տարբեր հատվածներում իրականացված բողոքի ցույցերի ժամանակ։ Քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի (Ոստիկանի օրինական պահանջ չկատարելը) կասկածանքով։ Այս մասին «Հետքին» հայտնեցին ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօրվա ձերբակալվածների թվում է նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նրան բերման են ենթարկել Երևան-Հրազդան մայրուղուց, որը փակել էին քաղաքացիները։ Կոնկրետ Հրազդանի ոստիկանության բաժանմունք է տեղափոխվել 3 անձ։ Նշենք, որ Հանրապետության տարբեր հատվածներում քաղաքացիները շարունակում են բողոքի ցույցեր իրականացնել, մասնավորապես, Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում, մայրուղին շարունակում է փակ մնալ նաև Կիրանցի հատվածում։ Այսօր բողոքի ակցիա է իրականացվել նաև Երևանի մի շարք փողոցներում, Երևան-Էջմիածին, Երևան-Հրազդան մայրուղիներում։
20:20 - 26 ապրիլի, 2024