Արկադի Տեր-Թադևոսյան

Արկադի Տեր-Թադեւոսյան, ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր, Արցախի հերոս, 1992 թվականին Շուշիի ազատագրման ռազմական օպերացիայի հրամանատարը։

Ծնվել է 1939 թվականի մայիսի 22-ին Վրացական ԽՍՀ-ի մայրաքաղաք Թբիլիսիում։

Ա․ Տեր-Թադեւոսյանն ավարտել է Բաքվի զինվորական ուսումնարանը, այնուհետեւ՝ Լենինգրադի տրանսպորտի եւ թիկունքի ռազմական ակադեմիան։

Ա․ Տեր-Թադեւոսյանը Խորհրդային բանակի կազմում ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում։

1988 թվականից միացել է Արցախի ազատագրման պայքարին եւ ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։ 1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։ 1991 թվականին նշանակվել է ՀՀ պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադեւոսյանի հրամանատարությամբ իրականացված ռազմագործողության շնորհիվ ազատագրեցին ռազմավարական մեծ կարեւորություն ունեցող Հադրութի շրջանի Տող գյուղը։ 1992 թվականի մայիսին ակտիվ մասնակցություն է ունեցել Շուշի քաղաքի ազատագրման ռազմագործողության նախապատրաստման աշխատանքներին, Շուշիի ազատագրման ռազմական օպերացիայի հրամանատարն է։

Մահացել է 2021 թվականի մարտի 31-ին։

Նիկոլ Փաշինյանն Արկադի Տեր-Թադևոսյանին շնորհված Հայրենիքի շքանշանը հանձնել է նրա որդուն՝ Հայկ Տեր-Թադևոսյանին

Նիկոլ Փաշինյանն Արկադի Տեր-Թադևոսյանին շնորհված Հայրենիքի շքանշանը հանձնել է նրա որդուն՝ Հայկ Տեր-Թադևոսյանին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ստեղծման և կայացման, Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար Գեներալ-մայոր Արտուշ Հովհաննեսի Թադևոսյանը (Արկադի Տեր-Թադևոսյան, Կոմանդոս) հետմահու պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով Հայաստանի Ազգային հերոսի բարձրագույն կոչման: Այն կառավարությունում Արկադի Տեր-Թադևոսյանի որդուն՝ Հայկ Տեր-Թադևոսյանին է հանձնել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Հարգելի պարոն Տեր-Թադևոսյան, շատ կարևոր եմ համարում այսօրվա առիթը և ցավում եմ, որ այս բարձրագույն կոչումը հանձնում եմ ոչ թե անձամբ Կոմանդոսին, այլ Ձեզ, և ցավում եմ, որ պարգևը հանձնում ենք հետմահու: Շատ ցավալի է, որ այս արժանի և կոնկրետ բովանդակություն ունեցող պարգևը հանձնում ենք մի փոքր այլ միջավայրում, քան կցանկանայինք: Բայց, այնուամենայնիվ, կարծում եմ՝ սա հարգանքի, գնահատանքի շատ կարևոր ու արժանի տուրք է ոչ միայն անձամբ Արկադի Տեր-Թադևոսյանին, այլև Արցախյան ազատամարտի ու ընդհանրապես Հայրենիքի պաշտպանության գործին նվիրված մեր բոլոր հայրենակիցներին: Ընդ որում, կրկին ուզում եմ ընդգծել, որ ինչպես համոզվել ենք և համոզվեցինք՝ Զինված ուժերին ու զորահրամանատարներին տրվող հարգանքի և գնահատանքի պարգևներն ու տուրքը վերաբերվում են ամբողջ ժողովրդին, որովհետև բանակը, թիկունքը, հանրությունը մեկ ամբողջություն են ու անհայտներն իրենց սխրանքները գործում են՝ հենվելով առաջին հերթին ազգի, պետության, ժողովրդի, նրա պատմության, ոգու, նպատակների, երազանքների վրա: Այս խորհրդանշական օրը կարևոր եմ համարում, որ մենք այստեղ այս արարողությունն իրականացնում ենք: Իմ և մեր գնահատանքի խոսքը, մեր գնահատանքի տուրքն է սա Հայրենիքի համար զոհված բոլոր նահատակներին, Հայրենիքը պաշտպանած բոլոր զինվորներին, ազատամարտիկներին, կամավորականներին և հանուն Հայրենիքի որևէ գործ արած մեր բոլոր քաղաքացիներին ու հայրենակիցներին»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Հայկ Տեր-Թադևոսյանն իր ընտանիքի անունից շնորհակալություն է հայտնել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ Կոմանդոսին ըստ արժանվույն գնահատելու համար: «Այս բարձր կոչումը, որին արժանացել է հայրս, կլինի մեր ապագա հաղթանակների խորհրդանիշներից մեկը: Այն մեր երիտասարդության համար մեծ խորհրդանիշ է»,- ասել է Հայկ Տեր-Թադևոսյանը:
16:36 - 08 մայիսի, 2021
Արմեն Սարգսյանն ընդունել է «Արկադի Տեր-Թադևոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդ» ՀԿ-ի նախագահին

Արմեն Սարգսյանն ընդունել է «Արկադի Տեր-Թադևոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդ» ՀԿ-ի նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Արկադի Տեր-Թադևոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Թաթուլ Մանասերյանին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:  Վերջինս Հանրապետության նախագահին տեղեկացրել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ լեգենդար Կոմանդոսի անվան նորաստեղծ կազմակերպության նպատակների և անելիքների, ինչպես նաև կազմակերպության առաջին համաժողովի մասին: Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ լեգենդար Կոմանդոսի ողջ կյանքն իսկապես հայրենիքն անմնացորդ նվիրվելու օրինակ էր, որից սերունդները կարող են հայրենասիրության ու արժանապատվության դասեր քաղել: Նախագահ Սարգսյանն այսօր նաև ուղերձ է հղել «Արկադի Տեր-Թադեւոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդ» հասարակական կազմակերպության առաջին համաժողովի մասնակիցներին, որտեղ մասնավորապես նշել է. «Այսօր դուք՝ գիտության, մշակույթի գործիչներդ, հոգևոր խավի ներկայացուցիչներդ, Արկադի Տեր-Թադևոսյանի մարտական ընկերներդ հավաքվելով մեկտեղ, պարտք ունեք իրականություն դարձնել այն, ինչի մասին ընդհանուր գծերով խոսել էր մեր սիրելի Կոմանդոսն իր քաղաքական կտակում, պարտք ունեք ձեր գործունեությամբ հավատարիմ մնալ նրա ուղենիշներին: Ինչպես նախկինում, այնպես էլ այդ կտակում Արկադի Տեր-Թադևոսյանը խոսել էր նախ և առաջ մեր հասարակության բոլոր առողջ ուժերի միավորվելու անհրաժեշտության մասին, ինչն արդիական է հատկապես մեր օրերում, հանուն համազգային և համապետական շահերի»: Նախագահը հետագա հաջողություններ է մաղթել նորաստեղծ կազմակերպությանը:
14:00 - 07 մայիսի, 2021
Մարտական ընկերներն ու հարազատները վերջին հրաժեշտը տվեցին լեգենդար Կոմանդոսին |armenpress.am|

Մարտական ընկերներն ու հարազատները վերջին հրաժեշտը տվեցին լեգենդար Կոմանդոսին |armenpress.am|

armenpress.am: Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, գեներալ-մայոր Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հիշատակին նվիրված հոգևոր արարողակարգը: Վերջին հրաժեշտին մասնակցում էին լեգենդար հրամանատարի մարտական ընկերները, հարազատները և բազմաթիվ քաղաքացիներ: Մարտական ընկերները հիշում են, որ Կոմանդոսը խիստ չէր, բայց իր հայացքով կամ մի բառով զգաստանում էին բոլորը: Լեգենդար հրամանատարը չէր ներում սուտ խոսողներին, իսկ պարտաճանաչ զինվորին աջակցում էր: «1988 թվականից մինչ օրս Կոմանդոսի կողքին ենք եղել ու կատարել նրա հրամանները։ Կոմանդոսի անունը լսում էին, հարցը լուծվում էր։ Պատերազմի դաշտում նրա հանձնարարությունները զինվորականները սրբորեն և նվիրած էին կատարում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Կոմանդոսի մարտական ընկեր, փոխգնդապետ Մարտին Բաղդասարյանը։  Երկրապահ միության նախագահ Սասուն Միքայելյանը նշեց, որ Արկադի Տեր-Թադևոսյանն այն անհատականություններից է, ով մեծ դերակատարություն է ունեցել Հայաստանի նորագույն պատմության մեջ, կարողացել է այդ ժամանակաշրջանում և՛ համախմբել, և՛ իր փորձը՝ որպես կադրային սպա, փոխանցել է ֆիդայական շարժման տղաներին: «Մեծությունները պետք է գնահատվեն բոլոր իշխանությունների օրոք։ Իրենց գործը պետք է գնահատվի և փոխանցվի ապագա սերնդին, որ ապագա սերունդներն էլ պատկերացում ունենան հերոսների մասին»,- ասաց Միքայելյանը: ԵԿՄ նախագահի խոսքով՝ Կոմանդոսը Շուշիի կորուստը ծանր է տարել, որովհետև Շուշիի օպերացիան հենց ինքն էր ղեկավարել: «Կոմանդոսն իր ռազմական գիտելիքներով, գաղափարով կարողացավ հասնել նրան, որ Շուշին ազատագրեցինք, որն ամենաանառիկn էր թվում: Այն վայրը, որտեղ ընկել են մեր տղաները, մեզ համար սրբավայր է։ Մենք պարտավոր ենք միշտ ձգտել և վերադառնալ մեր սրբավայրերը»,- եզրափակեց Միքայելյանը:
13:25 - 03 ապրիլի, 2021
Լեգենդար զորահրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարզահամերգային համալիրում

Լեգենդար զորահրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարզահամերգային համալիրում

Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, գեներալ-մայոր Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները պատշաճ կազմակերպելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը տեղեկացնում է, որ լեգենդար զորահրամանատարի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս.թ. ապրիլի 2-ին, ժամը 18.00-ին, Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը։ Ապրիլի 3-ին, ժամը 11.00-ին, Կոնդի Սբ.Հովհաննես եկեղեցում տեղի կունենա հոգևոր արարողակարգ: Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյանը, դեռևս կենդանության օրոք հայտնած ցանկության համաձայն, կհուղարկավորվի Դավիթաշենի ընտանեկան գերեզմանոցում, ապրիլի 3-ին, ժամը 13.00-ին:
17:35 - 01 ապրիլի, 2021
Կոմանդոսի անունն անջնջելի տառերով է գրվել հայ ռազմարվեստի պատմության մեջ. ՊԲ հրամանատար

Կոմանդոսի անունն անջնջելի տառերով է գրվել հայ ռազմարվեստի պատմության մեջ. ՊԲ հրամանատար

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը ցավակցական հեռագիր է հղել Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ:  Ցավակցական ուղերձում մասնավորապես ասվում է.  «ԱՀ ՊԲ ողջ անձնակազմը խոր ցավով տեղեկացավ Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ սիրելի Կոմանդոսի մահվան մասին: Ստանձնելով ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությունը մի ժամանակաշրջանում, երբ նորանկախ հանրապետությունը գտնվում էր լիակատար շրջափակման մեջ և ստիպված էր դիմակայել ադրբեջանական ագրեսիային՝ փորձառու զինվորականն իրեն բնորոշ պատասխանատվությամբ ձեռնամուխ եղավ մարտական գործողությունները համակարգելու և անջատ-անջատ գործող կամավորական ջոկատների հիմքի վրա կանոնավոր բանակ կազմավորելու բարդ գործին: Կոմանդոսի հրամանատարական գործունեության գագաթնակետը դարձավ «Հարսանիք լեռներում» ռազմագործողությունը: Այն կազմակերպվեց և իրականացվեց բարձր ռազմական արվեստի բոլոր կանոններով: Երբ Արկադի Տեր-Թադևոսյանը նշանակվեց այլ պաշտոնի, ազատագրված էին Տողն ու Շուշին, լռեցված էին Ստեփանակերտը շուրջօրյա գնդակոծող թշնամական կրակակետերն, ու Արցախն ուներ հուսալի ցամաքային կապ մայր Հայաստանի հետ: ԱՀ ՊԲ ողջ անձնակազմի անունից հայտնում եմ իմ անկեղծ ցավակցությունը Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքին և մտերիմներին: Նրա անունն անջնջելի տառերով է գրվել հայ ռազմարվեստի պատմության մեջ: Նրա հիատակը մշտապես կենդանի է մնալու բոլորիս սրտերում»:
14:08 - 01 ապրիլի, 2021
Համայն հայության հետ Արցախը սգում է իր հերոսի մահը. ԱՀ նախագահը ցավակցել է Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքին

Համայն հայության հետ Արցախը սգում է իր հերոսի մահը. ԱՀ նախագահը ցավակցել է Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքին: Հեռագրում ասված է. «Հայ ժողովուրդն այսօր ծանր ու անդառնալի կորուստ ունեցավ. կյանքից հեռացավ Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը՝ մեր սիրելի Կոմանդոսը: Դա անասելի ցավ է բոլորիս համար, նրանց, ում բախտ էր վիճակվել ճանաչել և աշխատել հմուտ ու փորձառու ռազմական գործչի և մեծ հոգու տեր մարդու հետ: Նա մեծանուն հայ էր՝ օժտված մարդկային ու բարոյական բարձր արժանիքներով: Ռազմարվեստի մեծ վարպետն իր հարուստ գիտելիքներն ու փորձը, հմտություններն ու կարողություններն առավելագույնս ծառայեցրել է հայրենիքի պաշտպանության կազմակերպմանն ու պաշտպանունակության ամրապնդմանը: Կանգնած լինելով Արցախյան ազգային-ազատագրական շարժման ակունքներում՝ նա անգնահատելի ներդրում է ունեցել մեր զինված ուժերի կազմավորման և նվիրական հաղթանակների կերտման գործում: Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքին, հարազատներին ու զինակից ընկերներին: Համայն հայության հետ միասին Արցախը սգում է իր հերոսի մահը: Արկադի Տեր-Թադևոսյանի փառավոր անունը հավերժ կմնա հայ ժողովրդի նորագույն պատմության հերոսական էջերում»:
19:05 - 31 մարտի, 2021
Նա գնաց միանալու հանուն հայրենիքի գիտակցված մահը որպես անմահություն ընտրած մեր բազմաթիվ մարտական ընկերներին.  Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագիրը՝ Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ

Նա գնաց միանալու հանուն հայրենիքի գիտակցված մահը որպես անմահություն ընտրած մեր բազմաթիվ մարտական ընկերներին. Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագիրը՝ Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Տեր-Թադևոսյանների ընտանիքին՝ իր մարտական ընկերոջ, անվանի ռազմական գործիչ, ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ: Ցավակցական հեռագրում մասնավորապես ասված է. «Խոր ցավով տեղեկացա Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան մասին: Նա գնաց միանալու հանուն հայրենիքի գիտակցված մահը որպես անմահություն ընտրած մեր բազմաթիվ մարտական ընկերներին: Արկադի Տեր-Թադևոսյանի ողջ կյանքն ու գործունեությունը անտրտունջ և անմնացորդ ծառայություն էր հայրենիքին: Մեծ է նրա ավանդը մեր բանակաշինության, Արցախյան ազատագրական պայքարի կազմակերպման գործում: Ուզում եմ հավատալ, որ հայոց անկոտրում ոգին կրկին կարթնանա, և հայրենապաշտ նոր սերունդը, ինչպես մենք՝ ժամանակին, մի նոր «Հարսանիք լեռներում» կկազմակերպի՝ որպես ամենամեծ հարգանքի տուրք իր ազգի հերոսներին: Խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, մերձավորներին, մեր բոլոր մարտական ընկերներին: Հանգչի՛ր խաղաղությամբ, հայրենիքի զինվոր»։
18:02 - 31 մարտի, 2021
Նրա կյանքը ուղեցույց է, թե ինչպես ծառայել հայրենիքին. ՀՀ նախագահի ցավակցականը Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ

Նրա կյանքը ուղեցույց է, թե ինչպես ծառայել հայրենիքին. ՀՀ նախագահի ցավակցականը Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Անասելի ցավ եմ ապրում. այլևս մեզ հետ չէ Արկադի Տեր-Թադևոսյանը՝ լեգենդար Կոմանդոսը: Արկադի Տեր-Թադևոսյանի մահը լոկ զինվորականի, փայլուն հրամանատարի կորուստ չէ: Նա ռազմական գործիչ էր, որն իր հսկայական ավանդն ու ներդրումն է ունեցել մեր բանակի ստեղծման ու կայացման, մեր ռազմական ձեռքբերումների մեջ ՝ մինչև կյանքի վերջը ձգտելով օգտակար լինել հայրենիքին: Մենք դեռ շատ ենք ունենալու ռազմական արվեստի կոմանդոսյան գիտելիքների, բարոյականության նրա չափանիշների, փորձի ու հմտությունների կարիքը, որոնք նա փայլուն կերպով կիրառել էր Արցախյան առաջին պատերազմի ընթացքում: Նրա կյանքը զինվորական խիզախության, ռազմական կրթության և ռազմահայրենասիրական դաստիարակության ուղեցույց է, օրինակ, թե ինչպես ապրել, ինչպես ծառայել հայրենիքին, ինչպես հավատարիմ մնալ մասնագիտությանն ու սկզբունքներին, ինչպես նվիրվել Արցախին ու պայքարել հանուն Արցախի ազատության, ինչպես չդավաճանել Շուշիին ու Արցախին... Ցավակցում եմ Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքին, հարազատներին, զինակից ընկերներին և կիսում նրանց վիշտը»:
17:53 - 31 մարտի, 2021
Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը հայրենասիրության և բարձր պրոֆեսիոնալիզմի մարմնավորում է. վարչապետի ցավակցական ուղերձը Կոմանդոսի մահվան կապակցությամբ

Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը հայրենասիրության և բարձր պրոֆեսիոնալիզմի մարմնավորում է. վարչապետի ցավակցական ուղերձը Կոմանդոսի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձը Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ․ «Խորը վշտով տեղեկացա Արցախի հերոս, լեգենդար ռազմական գործիչ, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ մեր սիրելի Կոմանդոսի մահվան մասին: Արկադի Տեր-Թադևոսյանը փայլուն ռազմական ուղի է անցել և իր գործունեությամբ լավագույնս ծառայել է հայրենիքին՝ մասնակցելով հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի համար փառապանծ հաղթանակների կերտմանը: Նա Արցախյան ազատամարտի հերոս է, Շուշիի ազատագրման ռազմական օպերացիայի հրամանատար, որը հայտնի է որպես ռազմագիտության դասագրքային օրինակ և վկայում է Կոմանդոսի՝ ռազմական գործի գիտակ լինելու մասին: Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը հայրենասիրության և բարձր պրոֆեսիոնալիզմի մարմնավորում է: Նրա անունը հավերժ փառքով կմնա հայոց պատմության մեջ՝ որպես հայ ազգի արժանի զավակ և նվիրյալ զինվորական, ում ողջ գործունեությունը հաղթանակի բերկրանք ու հպարտություն է պարգևել հայ ժողովրդին: Ցավակցություններս գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին, մեզ բոլորիս: Հավերժ փա՛ռք նրա հիշատակին»:
17:06 - 31 մարտի, 2021