Գոռ Հովհաննիսյան

 ՍԴ դատավորի չընտրված թեկնածու, իրավաբան։

ՀՀ-ն կպարտվի ՄԻԵԴ-ում, քանի որ իր քաղաքացիների համար դատական պաշտպանություն չապահովելը կոնվենցիայի խախտում է․ Գոռ Հովհաննիսյան

ՀՀ-ն կպարտվի ՄԻԵԴ-ում, քանի որ իր քաղաքացիների համար դատական պաշտպանություն չապահովելը կոնվենցիայի խախտում է․ Գոռ Հովհաննիսյան

Քանի որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունի իր խախտված իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք, ուստի ազատված դատավորներին նույնպես պետությունը պարտավոր է տրամադրել արդյունավետ դատական պաշտպանություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գերմանիայում աշխատող իրավագիտության դոկտոր, ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված և ԱԺ-ի հավանությունը չստացած Գոռ Հովհաննիսյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Իմ գերմանացի գործընկերների հետ պարբերաբար քննարկում եմ Հայաստանում տեղի ունեցող դեպքերը։ Նրանք անընդհատ հարցնում են, թե ինչ նորություն կա Հայաստանից։ Երեկ գիշեր Բուդապեշտից Դրեզդեն վերադառնալիս գնացքում քննարկում էինք հանրաքվեով ՍԴ դատավորներին պաշտոնից ազատելու թույլատրելիությունը։ Բոլորս համակարծիք էինք, որ դա ուղղակի աբսուրդ է։ Հետո սկսեցինք մտածել, թե աշխատանքից ազատված դատավորներն ինչպես կարող են պաշտպանել իրենց խախտված իրավունքները։ Շատ կարճ քննարկումից հետո հանգեցինք հետևյալ արդյունքին։ Քանի որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունի իր խախտված իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք, ուստի ազատված դատավորներին նույնպես պետությունը պարտավոր է տրամադրել արդյունավետ դատական պաշտպանություն։ Քանի որ նրանք աշխատանքից ազատվում են սահմանադրական փոփոխության միջոցով, ուստի ոչ մի սովորական դատարան չի կարող քննել այդ հարցը, քանի որ նրանց իրավասությունը չի հերիքում սահմանադրական նորմերը վերացնելու համար։ Դա կարող է անել միայն Սահմանադրական դատարանը։ Հետևաբար, քանի որ դատական պաշտպանության որևէ միջոց չկա, որը հնարավոր է սպառել, ՍԴ դատավորները կարող են անմիջականորեն անհատական դիմումով դիմել ՀՀ Սահմանադրական դատարան և Եվրոպական դատարան։ Բայց նրանց ազատվելու պատճառով չի լինի այդ դիմումը քննելու հնարավորություն ունեցող ՍԴ։ Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունն իր այդ քաղաքացիներին ընդհանրապես չի տրամադրի որևէ դատական պաշտպանություն, ինչը ՀՀ Սահմ․ 63-րդ հոդվածի կոպիտ խախտում է։ Ու արդեն զուտ այդ հիմքով Հայաստանի Հանրապետությունը կպարտվի Եվրոպական դատարանում, քանի որ երկրի ներսում սեփական քաղաքացիների համար դատական պաշտպանություն չապահովելը միաժամանակ Եվր․ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում է։ Հետո ասինք, որ Եվրոպական դատարանի վճիռը, որով հաստատվում է կոնվենցիայի խախտում, Եվր․ Կոնվենցիայի 46-րդ հոդվածին համապատասխան պարտավորեցնում է պետությանը վերացնել խախտումը և հնարավորինս վերականգնել մինչև խախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum), իսկ եթե կոնվենցիայի խախտումը դեռ շարունակվում է, ապա պետությունը պարտավոր է դադարեցնել այն։ Հարց՝ բայց ո՞նց։ Եվր․ դատարանի վճռից բխող պարտականությունները պետք է կատարվեն բոլոր պետական մարմինների կողմից իրենց իրավասությունների ոլորտում։ Եթե, օրինակ, վճռից բխում է, որ Եվր․ դատարանը մի իրավադրույթ հակակոնվենցիոն է համարում, ապա օրենսդիրը պարտավոր է ուղղել այդ կարգավորումը։ Եթե հակակոնվենցիոն է մի վարչական ակտ, ապա վարչական մարմինն ուժը կորցրած է ճանաչում այն՝ կիրառելով վարչական վարույթի մասին ազգային օրենքը. հակակոնվենցիոն վարչական պրակտիկան պետք է փոխվի։ Սկսեցինք մտածել, թե ինչ պիտի լինի, եթե Եվր․ դատարանը հակակոնվենցիոն ճանաչի հանրաքվեով ընդունված նոր կարգավորումը։ Բնականաբար այն պիտի ուղղվի, բայց ո՞նց։ Նորից հանրաքվե պիտի անցկացվի ու նորմը հետ փոխվի՞։ Իսկ ո՞վ կերաշխավորի հանրաքվեի արդյունքները։ Իսկ գուցե ԱԺ-ն ինքը՞ պիտի նորից վերականգնի նախկին կարգավորումը։ էս դեպքում սկզբունքորեն հնարավոր է։ Իսկ եթե խոսքը վերաբերեր միայն հանրաքվեով փոփոխության ենթակա նորմերին, ապա ի՞նչպես պիտի վերականգնվեր մինչև խախտումը գոյություն ունեցած վիճակը․․․ Ու էսպես մոտ 15 իրավաբաններով լրիվ խճճվեցինք էս աբսուրդ վիճակից ու որոշեցինք մի քիչ քնել»:
10:49 - 10 փետրվարի, 2020
Սահմանադրության մեջ բառացիորեն կարգավորված անձեռնմխելիությունը հերիք չէ՞, որ այդ անձանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացվի. Գոռ Հովհաննիսյան

Սահմանադրության մեջ բառացիորեն կարգավորված անձեռնմխելիությունը հերիք չէ՞, որ այդ անձանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացվի. Գոռ Հովհաննիսյան

Քանի որ քաղաքագետները, վերլուծաբաններն ու ընդհանրապես իրավագիտության հետ կապ չունեցող մարդիկ ՍԴ երեկվա որոշումն արդեն վերից վար սաղ վերլուծել են, ես հիմա նոր կհամարձակվեմ մի քանի դիտարկում անել, Facebook-յան էջում գրել է իրավաբանական գիտությունների դոկտոր, Հագենի համալսարանի Գերմանական և եվրոպական սահմանադրական և վարչական իրավունքի, միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ, Բեռլինի Տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտի Ոստիկանության և անվտանգության կառավարման բաժնի դոցենտ Գոռ Հովհաննիսյանը։ «Որ անձեռնմխելիությունը (լինի քաղաքական, դիվանագիտական, թե միջազգային-իրավական) պատիժը բացառող անհատական հիմք է (այսինքն՝ այդ հատկանիշը պիտի առկա լինի կոնկրետ անձի մոտ արդեն հանցանքը կատարելուց ԱՌԱՋ), գիտեն գոնե քրեական իրավունքի մասնագետները։ Անձեռնմխելիությունը մի արտոնություն է, որը ոչ թե «վարձատրություն» է, այլ պիտի ծառայի մի որոշակի նպատակի։ Քաղաքական անձեռնմխելիությունը պիտի պաշտպանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կամ մանդատ ունեցողներին գործադիր իշխանության կամայականություններից։ Օրինակ՝ խորհրդարանը պիտի գործի անխոչընդոտ, և պատգամավորական անձեռնմխելիության նպատակն է արգելել, որ գործադիր իշխանությունը տարբեր պատրվակներով ձերբակալի ու այլ կերպ հետապնդի պատգամավորներին՝ այդ եղանակով խոչընդոտելով խորհրդարանի գործունեությունը։ Պետության գլուխն օտար երկրում օգտվում է միջազգային-իրավական անձեռնմխելիությունից։ Այլ պետությունների դեսպաններն օգտվում են դիվանագիտական անձեռնմխելիությունից հյուրընկալող երկրում։ Եվ այս ամենը հարյուրամյակների իրավական ավանդույթ է ու վիճելի չէ։ Դիվանագիտական անձեռնմխելիությունը պաշտպանում է անգամ քաղաքացիաիրավական հայցերից։ Միջպետական հարաբերություններն ունեն առաջնություն։ Միայն Բեռլինում դիվանագիտական անձեռնմխելությունից օգտվող անձանց կողմից ամեն տարի կատարվում են մի քանի տասնյակ հազար իրավախախտումներ, որոնք անհետևանք են մնում։ Դատարանները քննության չեն ընդունում նաև նրանց դեմ ներկայացված քաղաքացիական հայցերը։ Այսպիսով, որ անձեռնմխելիությունից օգտվող անձինք չեն կարող ենթարկվել քրեական հետապնդման, հարյուրամյակների պատմություն ունի, ու ՀՀ ՍԴ-ն այս հարցում ոչ մի նոր բան չի ասել։ Դա այդպես է։ Ինձ համար անհասականալի է միայն ՔրԴՕ 35-րդ հոդվածի հակասահմանադրականությունը, ու է՛լ ավելի անհասկանալի է այդ նորմի անվավերությունը։ Նորմն իր այսօրվա տեսքով նորմալ է, ՍԴ-ն ինքը նորմի գոյություն ունեցող տեքստում կարծես թե խնդիր չի տեսել։ ՍԴ-ն ուղղակի ասում է, որ օրենսդիրը ՉԻ ՆԱԽԱՏԵՍԵԼ ՄԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ, որը նախատեսելը, ըստ ՍԴ-ի, օրենսդրի համար պարտադիր է։ Ընդ որում, ՍԴ-ն բառացիորեն խոսում է Սահմանադրության ուժով (ու ոչ թե, ասենք, միջագային պայմանագրերով) անձեռնմխելիությունից օգտվող անձանց քրեական հետապնդումը բացառող կարգավորման բացակայության մասին։ Հիմա․ Հարց 1․ Սահմանադրությունն էնքան չկա, որ ՔրԴՕ չարժի՞։ Սահմանադրության մեջ բառացիորեն կարգավորված անձեռնմխելիությունը հերիք չէ՞, որ այդ անձանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացվի։ Հարց 2․ ՍԴ-ն որտեղի՞ց իմացավ, որ օրենսդիրը բացակայող կարգավորումը պիտի նախատեսի հենց ՔրԴՕ 35-րդ հոդվածում։ Հետո ի՞նչ, որ քրեական հետապնդումը բացառող այլ հիմքեր նախատեսված են 35-րդ հոդվածում։ Գուցե օրենսդիրը, հաշվի առնելով անձեռնմխելիության կարևորությունը, այդ հարցին կնվիրի մի առանձին ծավալուն հոդված, կամ այդ հարցը կկարգավորի քրեական օրենսգրքում, ինչպես արվել է Գերմանիայում։ 3․ ԱՄԵՆԱՄԵԾ ՊՐՈԲԼԵՄԸ․ ՔրԴՕ 35-րդ հոդվածը հակասահմանադրական ու ԱՆՎԱՎԵՐ է «Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով»։ Որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե հիմա վերջը 35-րդ հոդվածի ո՛ր մասն է անվավեր։ Ճիշտ է, ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍԸ։ Բայց ընդհանրապես հնարավո՞ր է, որ գոյություն չունեցող բանը լինի անվավեր։ Սահմանադրական դատարանն իրավանորմը ճանաչում է անվավեր այնքանով, որքանով այն ինչ-որ բան չի նախատեսում, այսինքն՝ անվավեր է ճանաչում օրենքի բացը։ Բայց օրենքի բացը հնարավոր չէ անվավեր ճանաչել կարգավորման բացակայության պատճառով։ Եթե օրենսդիրը չի նախատեսել Սահմանադրությամբ պահանջվող մի որևէ կարգավորում, ապա ակնհայտ է, որ սահմանադրական դատարանը կարգավորման բացակայության պատճառով ոչինչ անվավեր ճանաչել չի կարող։ ՍԴ-ի ձևակերպումը («․․․չնախատեսելու մասով ճանաչել․․․․ անվավեր») սխալ է նույնիսկ լեզվական առումով։ «․․․չնախատեսելու մասով․․․» ձևակերպումը ցույց է տալիս գոյություն ունեցող նորմի մի կոնկրետ բաղադրիչը: Բայց օրենքի բացի դեպքում առկա իրավանորմի ոչ մի մասը հակասահմանադրական չէ: Այդ պատճառով նման դեպքերում ՍԴ-ն տրամաբանորեն պետք է հրաժարվի գոյություն ունեցող նորմը թերի կարգավորման պատճառով անվավեր ճանաչելու պրակտիկայից, քանի որ Սահմանադրությանը համապատասխանող դրույթի վերացմամբ նա ավելի է խորացնում օրենքի առկա բացը: Եթե օրենսդիրը չի նախատեսել սահմանադրորեն պահանջվող մի կարգավորում, ապա ակնհայտ է, որ անվավեր ճանաչմամբ սահմանադրական վիճակը չի վերականգնվի: Նման դեպքերում նա կարող է միայն հաստատել, որ գոյություն ունի իրավակարգավորման պահանջ, և որ օրենսդիրն այն չի կատարել: Ավելի պարզ՝ ՍԴ-ն կարող է առավելագույնը հակասահմանադրական (բայց ոչ անվավեր) ճանաչել ՕՐԵՆՍԴՐԻ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ, այլ ոչ թե գոյություն ունեցող նորմերը։ Եթե սահմանադրական դատարանն օրենքի բաց է հայտնաբերում, ապա տրամաբանությունը հուշում է, որ նա այդ մասին պետք է նշի որոշման եզրափակիչ մասում ու ոչ ավելին, քանի որ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԲԱՆԸ չի կարող անվավեր ճանաչվել», - գրել է Գոռ Հովհաննիսյանը։
09:19 - 05 սեպտեմբերի, 2019
Արարատ Միրզոյանը վստահեցնում է` ՍԴ դատավորի թեկնածուի համար արհեստական խոչընդոտներ չեն ստեղծվել |armenpress.am|

Արարատ Միրզոյանը վստահեցնում է` ՍԴ դատավորի թեկնածուի համար արհեստական խոչընդոտներ չեն ստեղծվել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի խոսքով` ինքը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Գոռ Հովհանիսյանի փաստաթղթերի անճշտությունները շտկելու համար հնարավորություն է տվել և վստահեցնում է, որ արհեստական խոչընդոտներ չեն ստեղծվել: Միրզոյանը այս մասին խոսեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: «Թեկնածուի փաստաթղթերում ձևական սխալները շտկելու համար ժամանակ է տրվել: Որպեսզի հնարավորություն տրվի իրավասու մարմին` Հանրապետության նախագահին իրականացնել իրեն վերապահված լիազորությունները, հնարավորություն ենք տվել գրանցվել թեկնածուին, այնուհետև նամակով դիմել եմ, առաջարկել ձևական սխալները շտկելու համար ամեն ինչ ուղարկել հայերեն: Հանրապետության նախագահն իր հերթին տեղեկացրել է թեկնածուին, թեկնածուն ուղարկել է որոշ փաստաթղթեր, որոնք մասամբ փարատում են մտահոգությունները  լեզվի մասով և այլն, մասամբ էլ առաջացնում են այլ հարցեր: Գոռ Հովհաննիսյանի համար արհեստական խոչընդոտ ոչ միայն չի ստեղծվել, այլ ճիշտ հակառակը` թերի ներկայացված փաստաթղթերի թերությունները և բացերը շտկելու համար նոր հնարավորություն է ընձեռվել»,-ներկայացրեց Միրզոյանը:
13:53 - 16 ապրիլի, 2019