Հունգարիա

Բուդապեշտում Օրբանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցեր են սկսվել

 |factor.am|

Բուդապեշտում Օրբանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցեր են սկսվել |factor.am|

factor.am: Հազարավոր մարդիկ մարտի 26-ի երեկոյան բողոքի ցույց են անցկացրել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում՝ պահանջելով վարչապետ Վիկտոր Օրբանի և գլխավոր դատախազի հրաժարականը՝ կառավարությունում կոռուպցիայի մասին ձայնագրությունների հրապարակումից հետո։ Այս մասին գրում է Reuters գործակալությունը։ Բողոքի ակցիայի մասնակիցները, որոշները՝ ջահերը ձեռքներին, Գլխավոր դատախազության շենքի մոտից երթով շարժվել են դեպի խորհրդարան՝ վանկարկելով՝ «Հրաժարական տվե՛ք, հրաժարական տվե՛ք»։ Հունգարիայի արդարադատության նախկին նախարար Ջուդիթ Վարգայի նախկին ամուսին Պետեր Մադյարը դիմել է ցուցարարներին։ Հենց նա է հրապարակել աուդիո ձայնագրությունը, որտեղ նրա նախկին կինը խոստովանում է, որ դավադրություն է կազմակերպել՝ պաշտպանելու պետական կոռուպցիան։ Մադյարը հաստատել է իր մտադրությունները՝ ստեղծելու սեփական կուսակցությունը՝ հունիսին կայանալիք տեղական և Եվրախորհրդարանի ընտրություններում Օրբանին «մարտահրավեր նետելու» համար: «Հունգարացիները շնորհակալություն են հայտնում ձեզ, որ այսօր եկել եք հազարներով՝ իշխանություններին ասելու, որ բավական է»,- ընդգծել է Մադյարը:
16:59 - 27 մարտի, 2024
Հունգարիան չի արգելափակի Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների 13-րդ փաթեթը. Սիյարտո |1lurer.am|

Հունգարիան չի արգելափակի Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների 13-րդ փաթեթը. Սիյարտո |1lurer.am|

1lurer.am: Հունգարիան չի արգելափակի Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների 13-րդ փաթեթը, թեև այն սխալ է համարում։ Այդ մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ԵՄ երկրների ԱԳ նախարարների հետ հանդիպմանը։ «Պատժամիջոցների 13-րդ փաթեթի նախապատրաստման փուլում դրանից հաջողվել է բացառել բոլոր տարրերը, որոնք հակասում էին Հունգարիայի տնտեսական շահերին։ Ուստի մենք կարծում ենք, որ վետո կիրառելն իմաստ չունի։ Միևնույն ժամանակ, ես կարծում եմ, որ Եվրամիությունը սխալ որոշում է կայացնում»,- հայտարարել է Սիյարտոն Բրյուսելում հունգարացի լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով՝ թեև Եվրամիությունը դեռ չի հասցրել հավանություն տալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 13-րդ փաթեթին, Բրյուսելում արդեն 14-րդ փաթեթը մշակելու կոչեր են հնչում: Սիյարտոն նաև կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի նկատմամբ ԵՄ ղեկավարության ընդհանուր ռազմավարությունը լիովին ձախողված է, քանի որ այն չի տանում խաղաղության, այլ միայն վնաս է հասցնում Միության երկրներին:
11:48 - 20 փետրվարի, 2024
Հայաստանն ու Հունգարիան պլանավորում են առողջապահության ոլորտում համագործակցության հուշագիր ստորագրել

Հայաստանն ու Հունգարիան պլանավորում են առողջապահության ոլորտում համագործակցության հուշագիր ստորագրել

Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Հունգարիայի առողջապահության ոլորտը համակարգող ներքին գործերի նախարար Շանդոր Պինտերի հետ հանդիպմանը քննարկել է առողջապահության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև` հետագա գործակցության վերաբերյալ հուշագրի կնքման հնարավորությունը: «Գործընկերոջս հետ հանդիպման ընթացքում քննարկեցինք այն բոլոր հարցերը, որոնք կարող են երկկողմ հետաքրքրություն ներկայացնել։ Պայմանավորվեցինք, որ միասին կաշխատենք երկկողմ համաձայնագրի տեքստի վրա։ Հույս ունեմ, որ առաջիկա ամիսներին համաձայնեցնելուց հետո այն կստորագրենք։ Ուրախ եմ, որ Հունգարիայի հետ նաև առողջապահության ոլորտում վերսկսվում ենք շատ կարևոր երկխոսություն և աշխատանքներ»,- ասաց Ավանեսյանը։  Առողջապահության նախարարը առանձնացրեց դեղագործական, կրթական և առողջապահական ապահովագրության ոլորտներում հայ-հունգարական համագործակցության խորացումը։ «Հունգարական դեղագործական արտադրությունը Հայաստանում բավականին լավ ճանաչելի է, և կարևորում ենք այս ոլորտում մեր հարաբերությունների զարգացումը։ Պայմանավորվեցինք, որ կաշխատենք Բժշկական համալսարանի ուսանողների, ինչպես նաև մասնագետների համար Հունգարիայում փորձի փոխանակման ծրագիր սկսել։ Հունգարիան շատ կարևոր համակարգ ունի նաև այլ երկրներից եկող անձանց համար կրթաթոշակներ տալու մասով, ուստի կարևորում եմ, որ Հայաստանի համար այդ տեղերը ևս հասանելի լինեն։ Բացի դրանից, ապահովագրական համակարգի ներդրման առումով մեզ համար շատ կարևոր և հետաքրքրիր է եվրոպական երկրների փորձը ուսումնասիրելը։ Պետք է ասեմ, որ բավականին նույնատեսակ գծեր նախանշեցինք, որոնք պլանավորում ենք մեր համակարգի հիմքում դնել։ Դրանք Հունգարիայում աշխատում են։ Նրանք ունեն կայուն և լավ առողջապահական համակարգ»,- եզրափակեց Ավանեսյանը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակության կազմում փետրվարի 5-7-ը եղել է Հունգարիայում։ Այցի շրջանակներում առողջապահության նախարարը հանդիպում է ունեցել Հունգարիայի ներքին գործերի նախարար Շանդոր Պինտերի հետ, որը համակարգում է նաև երկրի առողջապահության ոլորտը։ Հանդիպման ընթացքում նախարարները նախանշել են առողջապահության ոլորտում համագործակցության հեռանկարները։
09:37 - 13 փետրվարի, 2024
Ուկրաինայի համար լավագույն տարբերակը Ռուսաստանի և Արևմուտքի միջև բուֆերային գոտի դառնալն է. Օրբան |tert.am|

Ուկրաինայի համար լավագույն տարբերակը Ռուսաստանի և Արևմուտքի միջև բուֆերային գոտի դառնալն է. Օրբան |tert.am|

tert.am: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծում է, որ Ուկրաինան չպետք է անդամակցի ԵՄ-ին կամ ՆԱՏՕ-ին, և ավելի լավ է այն թողնել որպես «բուֆերային գոտի» Ռուսաստանի և մնացած Եվրոպայի միջև՝ ապահովելով անվտանգության որոշակի երաշխիքներ։ Ինչպես հաղորդում է eurointegration.com.ua-ը, այս մասին նա հայտարարել է Ավստրիայի նախկին կանցլեր Վոլֆգանգ Շյուսելի հետ զրույցում։ Օրբանը կարծում է, որ Ուկրաինան պետք է «բուֆերային գոտի» դարձնել Ռուսաստանի և Արևմուտքի միջև, քանի որ Մոսկվան երբեք չի ընդունի երկրի անդամակցությունը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին։ «Ուզեք դա, թե չուզեք, ուկրաինացիներին դուր գա, թե ոչ, Ուկրաինան քարտեզի վրա է այնտեղ, որտեղ գտնվում է: Լավագույն հեռանկարն այն է, որ նա լինի բուֆերային գոտի Ռուսաստանի և Արևմուտքի միջև, իհարկե, անվտանգության երաշխիքներով: Եթե դա չօգնի, Ուկրաինան տարածքներ կկորցնի, Ռուսաստանը նորից, նորից ու նորից կկործանի Ուկրաինան: Ռուսաստանը երբեք չի ընդունի այն փաստը, որ իր սահմաններին լինի ԵՄ և ՆԱՏՕ անդամ Ուկրաինա»,- ասել է Օրբանը: Միևնույն ժամանակ, Հունգարիայի վարչապետը կարծում է, որ 2008 թվականին իսկապես հնարավոր էր Ուկրաինային և Վրաստանին ընդունել ԵՄ և ՆԱՏՕ, սակայն այդ հնարավորությունը բաց թողնվեց, և դրա հետ մեկտեղ՝ «Ուկրաինայի ապագա անդամակցությունը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին»:
12:44 - 12 փետրվարի, 2024
Հունգարիայի դիրքորոշումը շատ կարևոր է Հայաստան-ԵՄ հարաբերությունները խորացնելու և ընդլայնելու առումով. ԱԳ փոխնախարար
 |armenpress.am|

Հունգարիայի դիրքորոշումը շատ կարևոր է Հայաստան-ԵՄ հարաբերությունները խորացնելու և ընդլայնելու առումով. ԱԳ փոխնախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Հունգարիա պաշտոնական այցի արդյունքում լիարժեք վերականգնվեցին հայ-հունգարական դիվանագիտական հարաբերությունները։ Այս մասին ասաց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ ամփոփելով Հայաստանի նախագահի՝ Հունգարիա պաշտոնական այցի արդյունքները։ «Ավելի քան տասնմեկ տարի չենք ունեցել բարձրաստիճան այց Հունգարիա, և այս այցով, կարելի է ասել, լիարժեք վերականգնվում են հայ-հունգարական դիվանագիտական հարաբերությունները։ Այցը ընդգրկուն էր թե՛ ոլորտային, թե՛ քաղաքական երկխոսության առումով։ Կցանկանայի նշել այն կարևորությունը, որ մենք տալիս ենք այս ամենին Եվրամիության հետ գործընկերության առումով․ Հունգարիան հուլիսից ստանձնում է Եվրամիության խորհրդի նախագահությունը, և այդ առումով այդ երկրի դիրքորոշումը շատ կարևոր է մեր գործընկերությունը Եվրամիության հետ խորացնելու, ընդլայնելու տեսանկյունից։ Բացի այդ, մի շարք կարևոր ոլորտային համագործակցության եզրեր քննարկվեցին։ Առողջապահական ոլորտում համագործակցությունը խորացնելու համար առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էր ներգրավված, կրթության ոլորտում՝  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, եղան նաև հանդիպումներ արտգործնախարարության գործընկերների հետ, Հունգարիայի խորհրդարանի անդամների հետ ունեցանք հանդիպումներ»,- ասաց Հովհաննիսյանը։ Փոխնախարարը տեղեկացրեց, որ, հաշվի առնելով հունգարական կողմի հետաքրքրությունը, հայկական կողմը նաև ներկայացրել էր «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։ «Հունգարիան կարևորում է էներգետիկ և տրանսպորտային նախագծերը Հարավային Կովկասում՝ ոչ միայն Հայաստանի, այլ նաև մեր հարևան երկրների հետ։ Կարծում եմ՝ այդ բոլոր հարցերը շատ կարևոր էին մեզ համար, և այցը հասավ իր նպատակին»,- ընդգծեց Հովհաննիսյանը։ ԱԳ փոխնախարարի խոսքով՝ հունգարական կողմը ցավում է անցյալում կատարվածի համար և հայ-հունգարական հարաբերությունները վերականգնելու համար մի շարք քայլեր է իրականացրել։ «Հունգարիան աջակցություն է ցուցաբերել Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցին, աջակցել է ռազմագերիների վերադարձի հարցում, համավարակի ընթացքում ուղարկել է հումանիտար օգնություն․ այդ ամենը վկայում է, որ հունգարական կողմը ցավում է անցյալում կատարվածի համար և փորձում է վերականգնել հարաբերություններն այն հարուստ պատմական կապերի հիման վրա, որոնք գոյություն ունեն։ Չէ՞ որ Հունգարիայում գտնվում է ամենահին հայկական համայնքներից մեկը։ Հունգարիայում հայ համայնքը օժտված է մի շարք առավելություններով՝ ունենք ներկայացուցչություն խորհրդարանում, Բուդապեշտում վերականգնվել է հայկական եկեղեցին։ Քրիստոնյա փոքրամասնությունների վերաբերյալ Հունգարիայի շատ զգայուն մոտեցումը նույնպես համահունչ է մեր մոտեցումներին։ Այդ ամենը հիմք է ստեղծում հավատալու, որ անկեղծ ցանկություն կար հաղթահարելու այդ ցավոտ էջը և շարժվել առաջ»,- եզրափակեց Հովհաննիսյանը։ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները, որոնք հաստատվել էին 1992թ. փետրվարի 26-ին, կասեցվել էին 2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի կողմից ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելուց հետո։ 2022թ․ դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերել վերականգնել լիարժեք դիվանագիտական հարաբերությունները։ 2023թ. կայացել է Սիյարտոյի այցը Հայաստան։ Փետրվարի 5-7-ը պաշտոնական այցով Հունգարիայում էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
11:42 - 12 փետրվարի, 2024
Հայաստանն աշխատում է Հունգարիայի հետ ուղիղ չվերթ բացելու ուղղությամբ․ դեսպանն ամփոփում է նախագահի այցը Բուդապեշտ |armenpress.am|

Հայաստանն աշխատում է Հունգարիայի հետ ուղիղ չվերթ բացելու ուղղությամբ․ դեսպանն ամփոփում է նախագահի այցը Բուդապեշտ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Հունգարիա կարևորագույն դեր ու նշանակություն կունենա հայ-հունգարական հարաբերությունների համար։ Այս մասին ասաց Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը՝ ամփոփելով Հայաստանի նախագահի՝ Հունգարիա պաշտոնական այցի արդյունքները։ Դեսպան Սմբատյանը հիշեցրեց, որ Հունգարիայի հետ տասնմեկ տարուց ավել տևած դիվանագիտական հարաբերությունների դադարից հետո 2022 թվականին երկու երկրների ԱԳ նախարարները ազդարարեցին դիվանագիտական հարաբերությունների վերականգման մասին, որից հետո 2023 թվականին նշանակվեցին դեսպաններ երկու երկրներում։ «Փորձեցինք այն բացը, որը 11 տարվա ընթացքում ձևավորվել է, հնարավորինս արագ լրացնել։ 2023 թվականին Հայաստան էր այցելել Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն և Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենը, Հունգարիա պաշտոնական այց է ունեցել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Եվ այս առումով նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը երկու երկրների հարաբերությունների համար կունենա իր կարևորագույն դերը և նշանակությունը։ Կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական այցով հունգարական կողմն ազդարարեց, որ երկու երկրների միջև հարաբերությունները պետք է ավելի սերտանան։ Ինչպես տեսանք՝ թե՛ Հունգարիայի նախագահի, թե՛ Հունգարիայի վարչապետի, և թե՛ Հունգարիայի ազգային ժողովի նախագահի մակարդակով ընդունեցին Հայաստանի Հանրապետության նախագահին»,- ասաց Սմբատյանը՝ հավելելով, որ հանդիպումները եղել են շատ բովանդակային, որոնց ընթացքում ստորագրվել է կրթական և մշակութային ոլորտին վերաբերվող երկու համաձայնագիր։ Այս առումով դեսպանը կարևորեց Երևանի պետական մանկավարժական համալսարանի և Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի միջև համաձայնագրի ստորագրումը։ «Պատահական չէր, որ ընտրվել էին հենց այդ բուհերը, քանի որ Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանում գործում է հայագիտական կենտրոնը։ Ափսոսանքով պետք է հայտնեմ, որ վերջին տարիներին նկատվում է հայագիտական կենտրոնների փակման միտում, իսկ այս առումով հետաքրքիր է, որ Հունգարիայի պետական այս բուհում գործում է հայագիտական կենտրոնը և բավականին ակտիվ գործունեություն է ծավալում։ Դրանից զատ՝ հունգարական կողմը հակված է Երևանի պետական մանկավարժական համալսարանում բացել հունգարագիտության կենտրոն, ինչը ողջունվել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի կողմից։ Կարծում եմ, որ սա նույնպես քայլ կլինի երկու երկրների միջև կրթության, գիտության և մշակույթի ոլորտում հարաբերություններն ավելի սերտացնելու առումով»,- ընդգծեց դեսպանը։ Սմբատյանը նաև առանձնացրեց Հանրապետության նախագահի հանդիպումը Հունգարիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ «Հունգարահայ համայնքը իրավական առումով ունի հատուկ դեր և կարգավիճակ Հունգարիայում։ Եվ նմանօրինակ դեր և կարգավիճակ հայ համայնքների առումով ունեն երկու երկիր ողջ Եվրոպայում՝ Հունգարիան և Ռումինիան, որոնց խորհրդարաններում հայ համայնքը ունի իր խոսնակը։ Եվ այս առումով Հունգարիայի սահմանադրությունը օրինակելի է՝ Հունգարիայում պաշտոնապես գրանցված 13 փոքրամասնություններից մեկը հենց հայկական ինքնավարությունն է։ Կարծում եմ՝ երկու երկրների պատմական առնչությունները շատ խորն են, և այդ իմաստով Տրանսիլվանիայի հայերն ունեն բացառիկ դեր Հունգարիայի պատմության մեջ, ինչը Հունգարիայի կողմից գնահատվում է։ Ինչպես Հանրապետության նախագահը նշեց հայ համայնքի հետ հանդիպմանը և այլ պաշտոնական հանդիպումների ժամանակ, այստեղ բնակվող հայերը պետք է առաջին հերթին լինեն Հունգարիայի օրինակելի քաղաքացիներ և այս առումով յուրովի կամուրջի դեր ունենան երկու երկրների միջև»,- շեշտեց Սմբատյանը։ Դեսպանը նշեց, որ հունգարական Wizz Air ավիաընկերությունն արդեն Հայաստանում ունի բավականին ակտիվ չվացուցակ։ Նա կարծիք հայտնեց, որ այս տարվա ընթացքում կկարողանան հասնել նրան, որ Բուդապեշտից ուղիղ թռիչքներ լինեն Հայաստան։ Դեսպանը ցանկալի է համարում, որ թռիչքներ Բուդապեշտից ուղիղ թռիչքներ լինեն ոչ միայն Երևան, այլ նաև Գյումրի։ «Այս ուղղությամբ հայկական կողմն աշխատանքներ է իրականացնում։ Դա, իհարկե, կախված է նրանից, թե ինչպիսի որոշում կկայացնի ավիաընկերությունը»,- նշեց Սմբատյանը՝ ընդգծելով, որ ուղիղ չվերթի բացումը յուրովի խթան կհանդիսանա զբոսաշրջության բնագավառում։ Դեսպանը նաև առանձնացրեց Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի այն հայտարարությունը, որ այս տարվա ընթացքում պաշտոնական Բուդապեշտը մտադրություն ունի հյուպատոսություն բացել Հայաստանում։ «Կարծում եմ և հուսով եմ, որ համապատասխան քայլը հայկական կողմից ևս կլինի։ Ինչպես Հունգարիայի նախագահը նշեց, դա նաև Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման առումով քայլ կլինի»,- ասաց Սմբատյանը։ Դիվանագետը նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը կարևորեց նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունները զարգացնելու առումով, քանի որ Հունգարիան 2024 թվականի հուլիսի 1-ից կստանձնի ԵՄ-ի նախագահությունը։ «Կարծում եմ՝ այդ նախագահության մեկնարկից առաջ շատ կարևոր էր նախագահի պաշտոնական այցը Հունգարիա։ Այսինքն՝ Հունգարիայի հետ հարաբերությունները կարևորվեցին ոչ միայն երկկողմ, այլ նաև բազմակողմ՝ Հայաստան-ԵՄ մակարդակով»,- շեշտեց դեսպանը։ Ընդհանուր առմամբ, ըստ դեսպանի, նախագահի այցը անցավ շատ ջերմ մթնոլորտում, և հունգարական կողմը այդ ամենը կազմակերպել էր ամենաբարձր մակարդակով։ «Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մամուլի ասուլիսի ժամանակ Հունգարիայի նախագահին հրավիրեց Հայաստան, և հունգարական կողմից այդ հրավերն ընդունվեց։ Կարծում եմ, որ այս տարի ականատես կլինենք նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցին Հունգարիա։ Բացի այդ, Հունգարիայի խորհրդարանում հանդիպման ժամանակ Հունգարիայի Ազգային ժողովի նախագահը Հայաստանի Ազգային ժողովի նախագահին հրավիրեց Հունգարիա։ Այս բարձր երկկողմ մակարդակի այցերը անպայման իրենց դերը և նշանակությունը կունենան երկու երկրների հարաբերությունների խորացման հարցում»,- եզրափակեց Սմբատյանը։  Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները, որոնք հաստատվել էին 1992թ. փետրվարի 26-ին, կասեցվել էին 2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի կողմից ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելուց հետո` ՀՀ ԱԱԽ որոշմամբ։  2022թ․ դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերել վերականգնել լիարժեք դիվանագիտական հարաբերությունները։ 2023թ. կայացել է Սիյարտոյի այցը Հայաստան։ Փետրվարի 5-7-ը պաշտոնական այցով Հունգարիայում էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ 
10:29 - 09 փետրվարի, 2024
Նախագահ Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի Ազգային ժողովի նախագահի հետ

Նախագահ Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի Ազգային ժողովի նախագահի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունգարիա պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Հունգարիայի Ազգային ժողովի նախագահ Լասլո Կյովերի հետ:ԱԺ խոսնակը ողջունելով նախագահին նշել է, որ նման այցելությունը կարևոր քայլ է երկկողմ համագործակցության խթանման համար:Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հյուրընկալության համար և հույս հայտնել, որ բարձրաստիճան փոխայցելությունները երկու երկրների միջև շարունակական բնույթ կկրեն:Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հունգարիայի միջև ոլորտային համագործակցության զարգացման հնարավորությունները: Զրույցի ընթացքում կողմերը կարևորել են խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերություններում, և այս համատեքստում գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների խորհրդարաններում պատգամավորական բարեկամական խմբերի նշանակությունը:Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ հիմնահարցերի շուրջ: Երկուստեք կարևորվել է քրիստոնեական և մշակութային ժառանգության պաշտպանության անհրաժեշտությունը:Հանդիպմանն ընդգծվել է երկու երկրների միջև տարբեր մակարդակների փոխայցելությունների կարևորությունը, այդ թվում տնտեսական, գործարար, մշակութային և այլ ոլորտներում:
22:30 - 07 փետրվարի, 2024
Հուսով եմ` կունենանք արդյունավետ համագործակցություն. ՀՀ նախագահը` Հունգարիայի վարչապետին

Հուսով եմ` կունենանք արդյունավետ համագործակցություն. ՀՀ նախագահը` Հունգարիայի վարչապետին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ ու քննարկել Հայաստանի և Հունգարիայի միջև համագործակցությանն առնչվող, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։   Վահագն Խաչատուրյանը Հունգարիայում է պաշտոնական այցով։ Օրբանի հետ հանդիպմանը նա ընդգծել է, որ դժվար ժամանակներ են հաղթահարվել, և հիմա Հայաստանը պատրաստ է ջանքեր ներդնել երկրների հարաբերությունների զարգացման ուղղությամբ։   «Նկատի ունեմ նաև այն, որ Հունգարիան առաջիկայում ստանձնում է Եվրամիության նախագահությունը: Հուսով եմ, որ Եվրամիության և միջազգային այլ հարթակներում մենք կունենանք արդյունավետ համագործակցություն»,– նշել է նախագահը:   Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Հունգարիայի միջև ոլորտային փոխգործակցության խթանման և առկա ներուժի լիարժեք իրականացման հարցեր: Անդրադարձ է կատարվել տնտեսության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում առկա համագործակցության ընդլայնման հնարավորություններին: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային և գլոբալ անվտանգային հարցեր: Խաչատուրյանը վերահաստատել է կայուն և հարատև խաղաղության հասնելու և հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ ձևավորելու Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը:   Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում քրիստոնեական և մշակութային ժառանգության պաշտպանության հարցերի վերաբերյալ: Կողմերը երկուստեք կարևորել են Հայաստան-ԵՄ արդյունավետ գործընկերության խորացումը։   Հայաստանի նախագահը և Հունգարիայի վարչապետն ընդգծել են, որ հարաբերությունների հետագա զարգացման կարևոր գրավականներից է նաև 2 երկրի գործարար շրջանակների միջև համագործակցությունն ու նոր կապերի հաստատման ուղղությամբ ջանքերի ներդրումը:
20:13 - 07 փետրվարի, 2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ

Պաշտոնական այցով Հունգարիայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Ողջունելով նախագահին Հունգարիայի վարչապետը նշել է. «Պարոն նախագահ, շնորհակալություն եմ հայտնում Ձեզ Հունգարիա այցելության համար. տեղյակ եմ, որ երեկ շատ արդյունավետ հանդիպում և զրույց եք ունեցել մեր երկրի նախագահի հետ: Այս հանդիպումները կարևոր են մեր երկրների հարաբերությունների ներկայիս փուլում: Հուսով եմ նաև, որ դրանք դրականորեն կազդեն նաև տնտեսական համագործակցության զարգացմանը»: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և գնահատանքի խոսքերի համար: «Պարոն վարչապետ, մենք դժվար ժամանակներ ենք հաղթահարել և հիմա պատրաստ ենք ջանքեր ներդնել մեր երկրների հարաբերությունների զարգացման ուղղությամբ, այդ թվում նաև նկատի ունենալով այն, որ Հունգարիան առաջիկայում ստանձնում է Եվրամիության նախագահությունը: Հուսով եմ, որ Եվրամիության և միջազգային այլ հարթակներում մենք կունենանք արդյունավետ համագործակցություն»,- նշել է նախագահը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Հունգարիայի միջև ոլորտային փոխգործակցության խթանման և առկա ներուժի լիարժեք իրականացման հարցեր: Անդրադարձ է կատարվել տնտեսության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում առկա համագործակցության ընդլայնման հնարավորություններին: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային և գլոբալ անվտանգային հարցեր: Նախագահը վերահաստատել է կայուն և հարատև խաղաղության հասնելու և հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ ձևավորելու Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում քրիստոնեական և մշակութային ժառանգության պաշտպանության հարցերի վերաբերյալ: Կողմերը երկուստեք կարևորել են Հայաստան-ԵՄ արդյունավետ գործընկերության խորացումը, շեշտել ժողովրդավարության և ժողովրդավարական արժեքների պաշտպանության ուղղությամբ հետագա քայլերի շարունակականության նշանակությունը: Հայաստանի նախագահը և Հունգարիայի վարչապետն ընդգծել են, որ հարաբերությունների հետագա զարգացման կարևոր գրավականներից է նաև երկու երկրների գործարար շրջանակների միջև համագործակցությունն ու նոր կապերի հաստատման ուղղությամբ ջանքերի ներդրումը:
17:48 - 07 փետրվարի, 2024
Հայաստանի նախագահը հանդիպեց Հունգարիայի ԱԺ նախագահի հետ |armenpress.am|

Հայաստանի նախագահը հանդիպեց Հունգարիայի ԱԺ նախագահի հետ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպեց Հունգարիայի ազգային ժողովի նախագահ Լասլո Կյովերի հետ։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, Ազգային ժողովի պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, իսկ հունգարական կողմից` ԱԺ Հունգարիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Միխալի Բալլան, ԱԺ ընդդիմադիր կուսակցության խոսնակ Նիկողոս Հակոբյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների վարչության տնօրեն Պետեր Սարդին, ԱԺ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Անդրաս Վիրագը։ Հանդիպման ժամանակ Հունգարիայի ԱԺ նախագահը հիշեց, որ 2011 թվականին եղել է Հայաստանում։ Նա կարևորեց հայ-հունգարական հարաբերությունների վերականգնումը` ընդգծելով, որ չնայած հարաբերությունների խզմանը` երկու երկրների եկեղեցիները, մասնագետները, համալսարանները պահպանում էին սերտ կապերը։ «Շատ ուրախ էի լսել, որ երկու երկրները վերականգնում են հարաբերությունները։ Եվ Ձեր այցը կարևոր ու անկյունաքարային է։ Հույս ունեմ, որ այդ հարաբերությունների վերականգնումը համագործակցության նոր հնարավորություններ կտա»,- ասաց Հունգարիայի ԱԺ նախագահը։ Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահի և պատվիրակության անդամների համար կազմակերպվեց շրջայց Հունգարիայի ԱԺ շենքում։
17:46 - 07 փետրվարի, 2024
Վահագն Խաչատուրյանն այցելել է Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարան

Վահագն Խաչատուրյանն այցելել է Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարան

ՀՀ նախագահի աշխատակազմի գրասենյակից հայտնում են՝ պաշտոնական այցով Հունգարիայում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարան:Համալսարանի մուտքի մոտ նախագահ Վահագն Խաչատուրյանին դիմավորել են Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը և համալսարանի ռեկտոր Շուրմի Շաբոլցը:Ողջունելով ներկաներին, նախագահ Խաչատուրյանն ասել է.«Ինձ համար մեծ պատիվ է այսօր գտնվել գրեթե 400 տարվա պատմություն ունեցող այս կրթօջախում։ Սա պատահական չէ և ավելին՝ կարծում եմ խորհրդանշական է, քանզի ձեր համալսարանն այսօր հանդիսանում է հայ-հունգարական պատմական և մշակութային կապերի խորհրդանիշներից մեկը՝ յուրովի ծառայելով մեր երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամության և համագործակցության խորացմանը:2016 թ. մարտի 23-ին Պետեր Պազմանի կաթոլիկ համալսարանի և Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի միջև կնքված համագործակցության պայմանագրի արդյունքում Պազմանի համալսարանի պատմության ինստիտուտում հիմնադրվեց հայագիտության ամբիոն: Սա հիրավի պատմական իրադարձություն էր՝ ուղղված այն հայագիտական ավանդույթների զարգացմանը, որոնց ակունքներում էին հունգարահայ պատմագիրներ Սոնգոտ Քրիշտոֆը, Գովրիկ Գերգեյը, Ավետիք Լուկաչը, հայագետներ Էդմոնդ Շյուտցը, Էվա Բագի-Գևորգյանը, Պալ Սալմաշին, Պիրոշկա Կրայչիրը։ Իսկ այսօր այդ ավանդույթները զարգանում են հայագիտական ամբիոնի վարիչ դոկտոր Բալինտ Կովաչի ամենօրյա ջանքերի և գիտական գործունեության արդյունքում: Ներկայում Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանում ուսանում են 45 հայ ուսանողներ տարբեր երկրներից: Նրանց զգալի մասը կրթաթոշակ է ստանում Հունգարիայի կառավարությունից, իսկ մյուս մասը՝ Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամից: Ինձ հաճելի էր տեղեկանալ, որ Հունգարիայի ազգային փոքրամասնություններին առնչվող Pro Cultura Minoritatum Hungariae մրցանակի այս տարվա 13 մրցանակակիրներից մեկը հենց դոկտոր Կովաչն է, ով այդ մրցանակին արժանացել է իր հայագիտական հետազոտությունների, Հայ կաթոլիկ եկեղեցու մշակութային ժառանգության վերաբերյալ իր գիտական աշխատանքի և Պետեր Պազմանի համալսարանում հայագիտական ամբիոնի հիմնադրման համար: Հարգելի գործընկերներ, Յուրաքանչյուր ժողովրդի զարգացման կարևոր հիմնաքարը կրթությունն է, և կրթությանն ուղղված ներդրումները: Իսկ միջպետական կապերի զարգացման հիմքերից մեկը երկրների միջև գիտակրթական, պատմական և մշակութային կապերի զարգացումն է: Հայաստանի և Հունգարիայի միջև բարելավվող հարաբերությունների համատեքստում առանձնակի կարևորություն են ստանում ոչ միայն երկու երկրների միջև գոյություն ունեցող պատմական հարուստ անցյալի, հունգարահայ պատմական գաղթօջախի և նրա մշակութային ժառանգության, Հունգարիայի պատմության մեջ նշանակալի ներդրումներ ունեցած հայազգի նշանավոր զինվորական և պետական գործիչների, գրողների, արվեստագետների կյանքի ու գործունեության հանրահռչակումը, այլ նաև մեր երկրների մերօրյա և ապագային միտված ծրագրերի ստեղծումն ու զարգացումը։ Եվ այս գործում իր անփոխարինելի դերն ունի Հունգարիայում հայ ազգային ինքնավարությունը՝ կենտրոնական, քաղաքային և մարզային կառույցներով։ Կարևորում եմ նաև հասարակական կազմակերպությունների գործունեությունը, որոնցից կառանձնացնեի Հայաստանում 1968 թ.-ից գործող «Հայաստան-Հունգարիա» մշակութային կապերի և համագործակցության ընկերությունը:Իրականում երկկողմ զարգացման մեծ ներուժ կա ոչ միայն հումանիտար, այլև գիտության գրեթե բոլոր ոլորտներում, հատկապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, կենսատեխնոլոգիաների, դեղագործության և այլ ոլորտներում, որտեղ թե հայերը, թե հունգարացիներն ունեն նշանակալի ձեռքբերումներ միջազգային հարթակներում: Կարևորում եմ այս ամենի մասին տեղեկատվության փոխանակումը և ծրագրերի մշակումը ոչ միայն կառավարական կառույցների, այլև տարբեր գերատեսչությունների, կրթական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների, գիտական կենտրոնների միջև՝ ամենատարբեր միջազգային գործիքների ներգրավմամբ:Նորից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Պետեր Պազմանի կաթոլիկ համալսարանի ղեկավարությանը՝ հայագիտական ամբիոնին սատարելու, իսկ դոկտոր Շանդոր Օզեի գլխավորությամբ համալսարանի պատմության ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմին և հայագիտական ամբիոնի ողջ աշխատակազմին՝ իրենց ամենօրյա անխոնջ աշխատանքի համար»:Համալսարան կատարած այցի շրջանակում տեղի է ունեցել նաև Երևանի Պետական մանկավարժական համալսարանի և Բուդապեշտի Պետեր Պազմանի Կաթոլիկ համալսարանի միջև ստորագրված միջազգային համագործակցության վերաբերյալ համաձայնագրում լրացում կատարելու մասին պայմանագրի ստորագրման արարողությունը, որը ստորագրել են ռեկտորներ Սրբուհի Գևորգյանը և Շուրմի Շաբոլցը:
15:06 - 07 փետրվարի, 2024
Հայաստանն ու Հունգարիան համագործակցության հուշագիր են ստորագրել

Հայաստանն ու Հունգարիան համագործակցության հուշագիր են ստորագրել

Հունգարիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հուշագիր է ստորագրել երկու երկրների միջև մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում համագործակցության վերաբերյալ: ՏԵղեկությունը հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։   Նշվում է, որ հուշագրի ստորագրման արարողությանը ներկա է եղել նաև Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը:   «Հուշագրի համաձայն՝ կողմերը նպաստում են արվեստի գործիչների և փորձագետների, ուսանողների, կրթության և հետազոտության բնագավառում աշխատակիցների անմիջական համագործակցությանը, ինչպես նաև մշակույթի, բարձրագույն կրթության, միջին մասնագիտական կրթության և ուսուցման ու նորարարության, գիտատեխնիկական գործունեության բնագավառներում նրանց փոխանակումներին»,– նշված է հաղորդագրության մեջ:   Ըստ համաձայնագրի՝ կողմերը համագործակցելու են միջազգային կազմակերպությունների (ՅՈՒՆԵՍԿՕ, ՏՀԶԿ, Եվրոպայի խորհրդի մշակութային ուղիներ, ՍԾՏՀ) ու Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակում՝ Հայաստանի և Հունգարիայի միջև համատեղ մշակութային, կրթական, հետազոտական ծրագրերի իրականացման, փորձի փոխանակման նոր հարթակների ստեղծման միջոցով: Կողմերը նաև խրախուսել են իրենց բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև անմիջական հարաբերություններն ուսանողների, դասախոսական կազմի, բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատակիցների, գիտաշխատողների և կրթաթոշակառուների փոխանակման ծրագրերի իրագործումը:
19:21 - 06 փետրվարի, 2024