Արթուր Հովհաննիսյան

Արթուր Հովյաննիսյանն 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր է, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը։

Ծնվել է 1990թ. Երևանում։

2008-2010թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։ 2016թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը:

2012-2013թթ. աշխատել է «Ա1+» հեռուստաընկերության լրագրող: 2013-2015թթ. զբաղվել է անհատ ձեռներեցությամբ: 2015-2016թթ. եղել է Հ3 հեռուստաընկերության լրագրող, 2016-2017թթ.՝ 1in.am կայքի լրագրող, լրատվական թողարկումների մեկնաբան, տեսանկարահանման  բաժնի պրոդյուսեր, 2017-2018թթ.՝ para.tv-ի գլխավոր պրոդյուսեր։

2018-2019թթ. եղել է ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի առաջին տեղակալ։

10.06.2019-02.08.2021թթ.՝ ԱԺ պատգամավոր։

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

 

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների նախագիծը
 |armenpress.am|

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջարկում է համամասնական ընտրակարգով անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում մասնակից քաղաքական ուժերի համար նախատեսել առանձին քվեաթերթիկներ՝ այդպիսով քվեարկության ընթացքում վերացնելով գրիչների օգտագործումը: ԱԺ արտահերթ նիստի ընթացքում պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկեցին և ընդունեցին ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքների նախագծերի փաթեթում փոփոխություններ կատարելու մասին փաթեթը: Հիմնական զեկուցող, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ 2021 թվականի խորհրդարանի արտահերթ և համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ խնդիրներ, որոնք գույքագրվել են ինչպես իրավակիրառողների, այնպես էլ դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպությունների և ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի կողմից: Ըստ այդմ՝ ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում առաջարկվող փոփոխությունների և լրացումների ու կից նախագծերի փաթեթով առաջարկվում է լուծել ի հայտ եկած բազմաթիվ խնդիրներ: «Նախագծերի փաթեթով առաջարկվում է համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրությունների պարագայում՝ անկախ նրանից, թե ընտրողների թիվը որքան է, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար նախատեսել առանձին քվեաթերթիկներ՝ այսպիսով քվեարկության ընթացքում վերացնելով գրիչների օգտագործումը:  Այս մոտեցումը ներդնելու նպատակով առաջարկվում է կուսակցությունների և վերջիններիս համամասնական ցուցակների առաջին երեք թեկնածուների ինքնաբացարկի ժամկետը սահմանել ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 15 օր առաջ՝ այդպիսով ընտրական հանձնաժողովներին հնարավորություն տալով ավելի շուտ սկսել քվեաթերթիկների տպագրման գործընթացը: Ըստ էության, այս փոփոխությունը վերաբերվում է նրան, որ համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրությունները լինելու են նույն մոդելով, ինչպիսին ԱԺ ընտրություններն են: Պրակտիկան ցույց է տվել, որ սրանով նվազում են նաև անվավեր քվեաթերթիկների քանակը և ավելի են բարելավվում ընտրական գործընթացները»,- մանրամասնեց Հովհաննիսյանը: Առաջարկվում է նաև համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրությունների ժամանակ իրականացնել տեղամասերում քվեարկության ընթացքի միաժամանակյա համացանցային ուղիղ հեռարձակում, ինչպես եղել է ԱԺ ընտրությունների ժամանակ: Առաջարկվում է նաև սահմանել, որ համամասնական ընտրակարգով ձևավորված ավագանու առաջին նստաշրջանում համայնքի ղեկավարի ընտրության հետ կապված հայցերը ևս ընտրական վեճեր են և որ դրանք պետք է քննվեն ու լուծվեն հատուկ արագացված կարգով՝ կոլեգիալ կազմով: Մյուս առաջարկով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի թեկնածուի համար ընտրական օրենսգրքով սահմանված լրացուցիչ պահանջներն առաջարկվում է հանել և այդ մասով կարգավորումները դարձնել Սահմանադրությանը համահունչ: Այսինքն՝ առաջարկվող կարգավորմամբ ԿԸՀ անդամի համար նախատեսվելու են նույն չափորոշիչները, որոնք նախատեսված են Ազգային ժողովի պատգամավորի համար: Առաջարկվում է վերանայել նաև ԿԸՀ անդամների վարձատրության չափերը: Հովհաննիսյանի խոսքով՝  առաջարկվող գործակիցներն ավելի համահունչ են Սահմանադրությամբ նախատեսված անկախ մարմնի սահմանադրաիրավական կարգավիճակին: Արթուր Հովհաննիսյանը նաև հայտնեց, որ նախագծերի փաթեթի մշակմանը մասնակցել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի, արդարադատության նախարարության ներկայացուցիչները, ինչպես նաև ՔՊ խմբակցության անդամները: «Հաշվի են առնվել նաև քաղաքացիական հասարակության, մասնավորապես, դիտորդական առաքելությամբ զբաղվող ՀԿ-ների կարծիքներն ու դիտարկումները»,- եզրափակեց պատգամավորը:
12:53 - 14 հուլիսի, 2022
Իշխան Սաղաթելյանն ու Վահե Հակոբյանը կարող են դիմել ՍԴ, բայց արդյունքի չեն հասնի. Արթուր Հովհաննիսյան
 |news.am|

Իշխան Սաղաթելյանն ու Վահե Հակոբյանը կարող են դիմել ՍԴ, բայց արդյունքի չեն հասնի. Արթուր Հովհաննիսյան |news.am|

news.am: Հնարավոր է, որ Իշխան Սաղաթելյանին եւ Վահե Հակոբյանին իրենց պաշտոններից հեռացնելուց հետո այդ պաշտոնները թափուր մնան: Այս մասին, այսօր՝ հուլիսի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը: Հարցին՝ հնարավո՞ր է, որ Իշխան Սաղաթելյանին եւ Վահե Հակոբյանին իրենց պաշտոններից զրկելով ՔՊ-ն բավարարվի եւ ընդդիմադիր շուրջ 10 պատգամավորներին մանդատներից զրկելու հարց չառաջանա, Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց. «Կախված է հանգամանքներից: Այս պահին մանդատներից զրկելու հարցը դեռեւս քննարկման փուլում է եւ պայմանավորված հետագա զարգացումներով, նաեւ  ընդդիմադիր պատգամավորների խորհրդարանական պահվածքով, մենք ըստ այդմ որոշում կկայացնենք»: Դիտարկմանը՝ եթե ԱԺ փոխխոսնակի պաշտոնը թափուր է, արդյոք խորհրդարանն այդ դեպքում լեգիտիմ է, նա արձագանքեց. «Լեգիտիմության խնդիր բացարձակապես չկա, ԱԺ-ն լեգիտիմ է, ՀՀ քաղաքացին արտահայտել է իր կամքը: Խորհրդարանի ձեւավորման փուլում է անհրաժեշտ, որ բոլոր պաշտոնները լրացվեն, հետագայում նման խնդիր չի առաջանում: Այսինքն ընդդիմադիրները կարող են առաջադրել թեկնածուներ այս երկու պաշտոնի համար, եւ ՔՊ-ն ունի իրավունք ընտրելու կամ չընտրելու»: Ինչ վերաբերում է պնդմանը, որ ՔՊ-ի այս որոշումը քաղաքական է եւ պայմանավորված է նրանով, որ այդ գործիչները սուր են արտահայտվել իշխանության հասցեին, ՔՊ-ական պատգամավորն արձագանքեց. «Նախ, սուր արտահայտվելը հարաբերական է, նրանք սանձարձակությունների են դիմում եւ լկտի պահվածք են դրսեւորում: Ինչ վերաբերում է քաղաքական որոշմանը, ապա մենք պատգամավորներ ենք, զբաղվում ենք քաղաքական գործունեությամբ եւ մեր բոլոր որոշումները քաղաքական են: Իսկ հիմնավորումները իմ գործընկերները ԱԺ-ում հնչեցրել են»: Նա հիշեցրեց, որ նախորդ խորհրդարանում հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացրել են Նաիրա Զոհրաբյանին, նա դիմել է ՍԴ եւ որեւէ արդյունքի չի հասել, որովհետեւ այս հարցը բացառապես ԱԺ ներքին կանոնակարգման հարց է: «Բայց այո, կարող են դիմել ՍԴ»: Արթուր Հովհաննիսյանը նաեւ տեղեկացրեց, որ ՔՊ-ում քննարկել եւ դեռ հիմա էլ քննարկում են նաեւ ԱԺ հանձնաժողովների մյուս երկու ընդդիմադիր նախագահների պաշտոններից հեռացնելու մասին հարցը, սակայն դեռ որոշում չկա: Խոսքը Թագուհի Թովմասյանի եւ Արմեն Գեւորգյանի մասին է: Նա հերքեց մամուլի տեղեկությունները, թե ՔՊ-ում որոշ պտգամավորներ պաշտպանել են Արմեն Գեւորգյանի շահերը: Հարցին, թե ինչ է լինելու, եթե ընդդիմությունը այդ պաշտոններում նոր թեկնածուներ չառաջադրի, նա պատասխանեց. «Եթե չառաջադրեն, ապա ԱԺ կանոնակարգ օրենքը սահմանում է, որ այդ պաշտոններն անցնում են քաղաքական մեծամասնությանը: Բայց ես կարող եմ նախնական ասել, որ մենք չենք պատրաստվում այդ պաշտոնները լրացնել»: Հիշեցնենք, որ Ազգային ժողովը այսօր գաղտնի քվեարկությամբ Իշխան Սաղաթելյանին հետ կանչեց ԱԺ փոխնախագահի, իսկ Վահե Հակոբյանին՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։  
12:51 - 01 հուլիսի, 2022
Բանակցություններն ընթանում են Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքների և իրավունքների իրացման համար. Հովհաննիսյան

 |armenpress.am|

Բանակցություններն ընթանում են Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքների և իրավունքների իրացման համար. Հովհաննիսյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի իշխանությունը շարժվում է Արցախի ժողովրդի իրավունքների իրացման և անվտանգության երաշխավորման ճանապարհով, որի շուրջ տեղի են ունենում բանակցություններ, և կարգավիճակը պետք է բխեցնել այն երաշխիքներից, որոնք կլինեն անվտանգության ապահովման և իրավունքների պաշտպանության համար: Այս մասին վստահեցրին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ճեպազրույցում: Անդրադառնալով ԱԺ-ում Արցախի կարգավիճակին մասին ՀՀ վարչապետի նախորդ օրվա ելույթին՝ Արուսյակ Ջուլհակյանն ասաց. «Արցախի կարգավիճակի մասին վարչապետը երեկ ասել է հետևյալը, որ դա մեզ համար չպետք է լինի նպատակ, պետք է լինի միջոց՝ արցախահայության անվտանգությունն ու իրավունքներն ապահովելու համար: Եվ ես պնդում եմ՝ առաջին մարդը չէ ՀՀ-ում, որ նման խոսքով է հանդես եկել՝ խոսելով հենց այն մասին, որ Արցախյան հարցը ի սկզբանե և միշտ ՀՀ-ի կողմից դիտարկվել է ոչ թե ինքնորոշման իրավունքի հարց, այլ՝ իրավունքի հարց, անվտանգության հարց»: Ըստ նրա՝ ի սկզբանե Արցախի հարցը ծագել է որպես արցախահայության անվտանգության և իրավունքների պաշտպանության հարց, և այն շարունակում է այն լինել արցախահայության իրավունքների պաշտպանության և անվտանգության ապահովման հարց: Պատգամավոր վստահեցրեց՝ այս հարցում հետքայլի մասին խոսել չեն կարող: Արթուր Հովհաննիսյանը վարչապետի ելույթը շատ կարևորեց այն իմաստով, որ իշխանությունն այդ ելույթներով և նաև այլ գործիչների հրապարակային ելույթներով փորձում են փակել այն «ճեղքը», որը կա հանրության և բանակցային ողջ գործընթացի միջև: Հանրությունն, ըստ էության, տեղեկացված չի եղել բանակցային գործընթացներից: «Մենք շարժվում ենք Արցախի ժողովրդի իրավունքների իրացման և անվտանգության երաշխավորման ճանապարհով: Սրա շուրջ տեղի են ունենում բանակցություններ: և, ըստ էության, կարգավիճակը պետք է բխեցնել այն երաշխիքներից, որոնք կլինեն անվտանգության ապահովման և իրավունքների պաշտպանության համար»,-ասաց Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ ամեն ինչ դրված է սեղանին, թե բանակցային ողջ ընթացքում ինչ դետալներ, ինչ պայմանավորվածություններ են եղել, Արցախի կարգավիճակի ինչ ձևաչափեր, Արցախի ժողովրդի անվտանգության ինչ երաշխիքներ են քննարկվել: «Բանակցություններն ընթանում են Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքների և  իրավունքների իրացման համար, որից պետք է բխեցնենք կարգավիճակը: Ընթանում են բանակցություններ՝ Արցախի ժողովրդի անվտանգությունը և  իրենց հայրենիքում ապրելու իրավունքն ապահովելու համար»,-եզրափակեց պատգամավորը:   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
12:37 - 16 հունիսի, 2022
ՔՊ-ում ընդդիմադիրներին մանդատից զրկելու քննարկում կա, տարբեր պատգամավորներ տարբեր կարծիքներ ունեն. Հովհաննիսյան

 |armenpress.am|

ՔՊ-ում ընդդիմադիրներին մանդատից զրկելու քննարկում կա, տարբեր պատգամավորներ տարբեր կարծիքներ ունեն. Հովհաննիսյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում քննարկում կա՝ նիստերից բացակայող ընդդիմադիր պատգամավորներից ոմանց մանդատից զրկելու հարցի վերաբերյալ: Տարբեր պատգամավորներ տարբեր կարծիքներ ունեն, քննարկվում է նաև վարչական պաշտոնների հարցը:   Այս մասին ասացին իշխանական խմբակցության պատգամավորները ԱԺ ճեպազրույցում: «Խմբակցությունում նման քննարկում կա: Այդ քննարկումները ծնվել են հանրային պահանջից, քանի որ բազմաթիվ քաղաքացիներ, տեսնելով ընդդիմության վարքագիծը և թե ինչպես են ընդդիմադիրներն օգտագործում պատգամավորական մանդատը, նման պահանջ են ներկայացրել: Եվ խմբակցության տարբեր պատգամավորներ տարբեր կարծիքներ ունեն, քննարկումներ կան, որոշում չկա»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ քննարկվում է նաև վարչական պաշտոնների հարցը: Պատգամավորը վստահեցնում է, որ իշխանական խմբակցությունը մշտապես քննարկում է բոլոր հարցերը, որոնք բխում են հանրային պահանջից: Անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է որոշում կայացվի նաև հետ կանչել հանձնաժողովների ընդդիմադիր պատգամավորներին և ԱԺ ընդդիմադիր փոխնախագահին, որը կարգավորվում է որոշման նախագծով՝ ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը պատասխանեց, որ հանձնաժողովի արդեն որերորդ նիստն է, որ անցկացնում են առանց հանձնաժողովի նախագահի՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի: «Արդեն որերորդ նիստն ենք անցկացնում առանց հանձնաժողովի նախագահի: Հանձնաժողովում քննարկվել է նման հարց»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ խմբակցությունն է որոշում կայացնում, իսկ խմբակցությունում կոնկրետ այդ հարցով քննարկում չի եղել:   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
12:09 - 16 հունիսի, 2022
Բախումների ողջ պատասխանատվությունը կրում են ընդդիմությունը և անձամբ Իշխան Սաղաթելյանը․ ՔՊ պատգամավոր

Բախումների ողջ պատասխանատվությունը կրում են ընդդիմությունը և անձամբ Իշխան Սաղաթելյանը․ ՔՊ պատգամավոր

ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, որ Կառավարական առանձնատան մոտ տեղի ունեցած բախման ողջ պատասխանատվությունը կրում է ընդդիմությունը։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։ «Ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև այսօրվա բախումը հստակ սադրանք էր ակցիայի կազմակերպիչների կողմից։ Ռևանշիստները, չկարողանալով սադրանք կազմակերպել ԱԺ-ում, հրահանգավորված սկսեցին քարեր նետել ոստիկանների ուղղությամբ, ինչի արդյունքում մոտ 20 ոստիկան ծանր և միջին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Բախումների ողջ պատասխանատվությունը կրում է ընդդիմությունը և անձամբ Իշխան Սաղաթելյան անունով դաշնակը»,- նշել է Հովհաննիսյանը։ Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժման անդամները ցանկանում էին հասնել Ազգային ժողով, ոստիկանները թույլ չէին տալիս։ Նրանք վահաներով պատ էին կազմել։ Ցուցարարները փորձեցին ճեղքել պատը, ինչի հետևանքով իրավիճակը խիստ լարվեց։ Քաղաքացիներն ու ոստիկանները սկսեցին հրել միմյանց, ծեծկռտուք սկսվեց նրանց միջև, ինչի հետևանքով եղան տուժածներ երկու կողմից։ Ստեղծված լարված իրավիճակում իրավապահները լուսաձայնային նռնակ կիրառեցին ցուցարարների ուղղությամբ։ 
22:22 - 03 հունիսի, 2022
ՔՊ խմբակցությունը չի մասնակցելու ընդդիմադիր խմբակացությունների կողմից հրավիրած ԱԺ արտահերթ նիստին

ՔՊ խմբակցությունը չի մասնակցելու ընդդիմադիր խմբակացությունների կողմից հրավիրած ԱԺ արտահերթ նիստին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը տարածել է ՔՊ խմբակցության հայտարարությունը` ընդդիմադիր խմբակցությունների` ԱԺ արտահերթ նիստ նախաձեռնելու մասին: Դրանում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Ինչպես գիտեք, Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանդես են եկել Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների օրակարգով։ Ավելի քան մեկ ամիս՝ խորհրդարանական ընդդիմությունը դուրս է եկել փողոցային պայքարի Արցախի փրկության հռչակագրային կարգախոսներով՝ մինչ այս պահը չառաջարկելով Արցախի հարցի լուծման որևէ տրամաբանական ճանապարհ: Երբեմնի իշխանություն հանդիսացող խորհրդարանական ուժերը նաև պատշաճ բացատրություններ չեն տվել իշխանության եղած տարիներին ԼՂ հարցի բանակցային գործընթացը որպես իշխանության երկարաձգման միջոց օգտագործելու, Արցախի շահերը դավաճանելու, հարցը փակուղի մտցնելու իրենց ապացուցված գործելակերպի վերաբերյալ: Այժմ առավել քան ակնհայտ է, որ խորհրդարանական ընդդիմությունը կրկին փորձ է կատարում Արցախի հարցն օգտագործել բացառապես ներքաղաքական նպատակներով: Այդ նպատակին է միտված ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը։ Չունենալով ժողովրդի աջակցությունը, հրապարակում չունենալով լսարան՝ խորհրդարանական ընդդիմությունը փորձում է Ազգային ժողովի ամբիոնը օգտագործել որպես «քաղաքը կաթվածահար անելու» լծակ։ Հիշեցնենք, որ ամիսներ շարունակ խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել է միջխորհրդարանական պատվիրակությունների աշխատանքը՝ հրաժարվելով Արցախի և արցախահայության շահերը ներկայացնել միջազգային ամենատարբեր հարթակներում։ Սա լավագույնս քողազերծում է ընդդիմության իրական մոտիվները։ Ելնելով վերոգրյալից՝ հայտարարում ենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի տրվելու ընդդիմության քաղաքական շանտաժին և չի մասնակցելու Արցախի հարցը ներքաղաքական նպատակներով օգտագործելուն ուղղված՝ ԱԺ արտահերթ նիստին։ Միաժամանակ, հայտարարում ենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, օժտված լինելով ժողովրդի ամուր մանդատով, շարունակելու է պաշտպանել Արցախի և արցախահայության իրավունքներն ու շահերը բոլոր հնարավոր հարթակներում և ջանքեր գործադրել Խաղաղության օրակարգը առաջ մղելու համար: Հայաստանում ժողովրդի իշխանությունը անսասան է, ժողովրդավարությունը՝ անշրջելի։ Կեցցե՛ հայկական ժողովրդավարությունը»։  
23:19 - 27 մայիսի, 2022
Հովհաննիսյանը բացառում է, որ պետական կառույցի հայեցողությամբ որևէ լրագրող զրկվի հավատարմագրումից |armenpress.am|

Հովհաննիսյանը բացառում է, որ պետական կառույցի հայեցողությամբ որևէ լրագրող զրկվի հավատարմագրումից |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացումների նախագծի համահեղինակ Արթուր Հովհաննիսյանը վստահեցնում է, որ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո պետական կառույցը պարզապես իր հայեցողությամբ կամ որևէ սուր հարցի հիմքով որևէ լրագրողի չի զրկի հավատարմագրումից: Հովհաննիսյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե ո՞վ է որոշելու, թե որն է լրագրողի կողմից խախտումը, գուցե քաղաքական ենթատեքստով սուր հա՞րցը պետական կառույցի կողմից դիտարկվի որպես խախտում: Հովհաննիսյանը նախ շնորհակալություն հայտնեց այն լրագրողներին, որոնք խնդիր չունեն էթիկայի հետ և բարեխղճորեն կատարում են իրենց պարտականությունները: «Բայց այս օրենքը բացարձակապես կապ չունի էթիկայի հետ: Մենք խոսում ենք պետական մարմիններում աշխատանքային գոտու կանոնների մասին, որոնք էթիկայի կանոններ չեն, որոնք ամրագրված են հավատարմագրման կարգի մեջ: Որևէ հայեցողության մասին խոսք լինել չի կարող: Լրագրողների համար կանխատեսելի է իրենց աշխատանքը պետական մարմիններում, նրանք գիտեն, թե որոնք են աշխատանքային կանոնների խախտումները: Եվ ես բացառում եմ որևէ դեպք, որը կարող է ենթադրել, որ ինչ-որ հայեցողությամբ, ինչ-որ սուր հարցի հիմքով որևէ լրագրողի հավատարմագրման վերաբերյալ բողոք լինի կամ հավատարմագրումը դադարեցվի»,-ասաց նախագծի համահեղինակ Արթուր Հովհաննիսյանը: Նա հիշեցրեց, թե ընդունված օրենքն ինչպես է աշխատելու. խախտումն արձանագրվելու է, պետական մարմինն այդ խախտման մասին նախազգուշացնելու է լրատվական գործունեություն իրականացնողին, և, եթե մեկ տարվա ընթացքում կրկին խախտում լինի նույն լրագրողի կողմից, և լրատվամիջոցը սեփական դիմումով չփոխարինի լրագրողին, ապա պետական մարմինն ինքը սեփական նախաձեռնությամբ կարող է դադարեցնել տվյալ լրագրողի հավատարմագրումը՝ նրան այլ լրագրողով փոխարինելու հնարավորությամբ: Հովհաննիսյանն այդ օրենքում չի տեսնում որևէ իրավունքի սահմանափակում և հայեցողության հնարավորություն:
13:02 - 26 մայիսի, 2022
Նախաձեռնության մասին ասելը դեռևս օրակարգ չէ, դեռևս արտահերթ նիստ չէ․ Վլադիմիր Վարդանյան |armenpress.am|

Նախաձեռնության մասին ասելը դեռևս օրակարգ չէ, դեռևս արտահերթ նիստ չէ․ Վլադիմիր Վարդանյան |armenpress.am|

armenpress.am: Երբ ընդդիմությունը Ազգային ժողով մուտք կանի նախագիծ՝ արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ, իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կհայտնի մասնակցելու կամ չմասնակցելու վերաբերյալ իր դիրքորոշումը: Խորհրդարանական ճեպազրույցում այս մասին ասաց ՔՊ-ից Արթուր Հովհաննիսյանը: «Երբ ԱԺ-ում մուտք կարվի նախագիծ՝ արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ, այդ ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կհայտնի իր դիրքորոշումը՝ նիստին մասնակցելու կամ չմասնակցելու վերաբերյալ»,-ասաց Հովհաննիսյանը: Պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ, անդրադառնալով հարցին, թե արդյոք սա կարելի՞ է դիտարկել որպես ընդդիմության վերադարձ խորհրդարան, ասաց՝ ընդդիմադիրների պարտականությունն է՝ լինել նիստերին: Ինչ վերաբերում է նախատեսվող արտահերթ նիստին՝ նա ասաց.  «Նիստը պետք է ունենա օրակարգ, օրակարգին պետք է նախորդի հայտարարության նախագիծ, նախագիծը պետք է սահմանված կարգով դրվի շրջանառության մեջ, ընդդիմադիր պատգամավորները պետք է մասնակցեն հանձնաժողովների նիստերին: Նախաձեռնության մասին ասելը դեռևս օրակարգ չէ, դեռևս արտահերթ նիստ չէ»:
12:27 - 26 մայիսի, 2022
«Սա փոփոխություն է լրագրողների բնականոն աշխատանքը ապահովելու մասին»․ ԱԺ-ն քննարկեց «Զանգվածային լրատվության մասին» օրենքի նախագիծը

«Սա փոփոխություն է լրագրողների բնականոն աշխատանքը ապահովելու մասին»․ ԱԺ-ն քննարկեց «Զանգվածային լրատվության մասին» օրենքի նախագիծը

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ քննարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի և Լիլիթ Մինասյանի ներկայացրած օրենսդրական նախագիծը, որով առաջարկվում է լրացումներ կատարել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում։  Նախագծով առաջարկվում  պետական մարմիններին հնարավորություն տալ  դադարեցնել լրագրողի հավատարմագրումը, եթե վերջինս խախտել է աշխատանքային գոտում գործող կանոնները։  Նախագծի համահեղինակ Արթուր Հովաննիսյանը նշեց՝  լրագրողին հավատարմագրած պետական մարմնի կողմից սեփական նախաձեռնությամբ հավատարմագրումը կարող է դադարեցվել, եթե աշխատանքային կանոնների խախտման համար նախատեսված գրավոր նախազգուշացումից հետո մեկ տարվա ընթացքում լրագրողը կրկին խախտել է այդ կանոնները: Նա ընդգծեց, որ լրատվական գործունեություն իրականացնողը չի զրկվելու պետական մարմնում ներկայացված լինելու հնարավորությունից, այսինքն՝ որևէ իրավունք այս իմաստով չի խախտվում։  «Սա փոփոխություն է պետական մարմիններում համակեցության կանոնները պահպանելու մասին, սա փոփոխություն է լրագրողների բնականոն աշխատանքը ապահովելու մասին, սա փոփոխություն է պետական մարմիններում բնականոն աշխատանքը ապահովելու մասին»։  ՔՊ-ից Գուրգեն Արսենյանի գնահատմամբ էլ քննարկվող նախագիծը  օրենսդրական շատ ճիշտ նախաձեռնություն է․ «Իմ կարծիքով լրատվությունը մասնագիտություն է, մասնագիտական գործունեություն իրականացնելու ընթացքում մասնագիտական խոտան թույլ տված անձնավորությունը պետք է ստանա համապատասխան իր խոտանի։ Եթե ինքը չի ստանում այդ խոտանի գնաատականը այն աղբյուրից, որտեղ իրականացնում է իր գործունեությունը, պետք է ստանա սպառողներից, որի մի ներկայացուցիչը պետական մարմիններն են»։
11:28 - 24 մայիսի, 2022
ՔՊ քարտուղարը չեխ գործընկերների հետ քննարկել է գերության մեջ գտնվող 38 հայ ռազմագերների վերադարձի հարցը

ՔՊ քարտուղարը չեխ գործընկերների հետ քննարկել է գերության մեջ գտնվող 38 հայ ռազմագերների վերադարձի հարցը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ որպես Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար՝ գործընկերների հետ խորհրդարանում հանդիպել է Չեխիայի Սենատի առաջին փոխնախագահ Յիրժի Ռուժիչկայի գլխավորությամբ երկօրյա այցով Երևանում գտնվող չեխ գործընկերների հետ։   «Քննարկել ենք 44-օրյա պատերազմի հետևանքով դեռևս գերության մեջ գտնվող մեր 38 հայրենակիցների վերադարձին, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում պատմամշակութային և կրոնական կոթողների ոչնչացմանը վերաբերող հարցեր՝ ակնկալելով քաղաքական և դիվանագիտական աջակցություն։     Քննարկեցինք նաև մեդիա ոլորտում համագործակցության հնարավորությունները, վիզաների ազատականացմանը վերաբերող հարցեր»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Հովհաննիսյանը։  
16:21 - 18 մայիսի, 2022
Ընդդիմության միակ նպատակը իշխանության զավթումն է, բայց նրանք, ըստ էության, տապալվել են․ Արթուր Հովհաննիսյան

Ընդդիմության միակ նպատակը իշխանության զավթումն է, բայց նրանք, ըստ էության, տապալվել են․ Արթուր Հովհաննիսյան

«Վարչապետն ուներ կոնկրետ ասելիք ընդդիմադիրներին, ընդդիմադիրներն այդ փաստով պայմանավորված՝ միանգամից փախան դահլիճից»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս տեսակետը հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում Փաշինյանի երեկվա հայտարարությանը, թե բացահայտում ունի անելու։ Նրա կարծիքով՝ ընդդիմությունը մշտապես փախչել է ճշմարտությունից, այս դեպքն էլ բացառություն չէր։ Իսկ թե որն էր վարչապետի ասելիքը՝ Հովհաննիսյանը հիշեցրեց, որ Փաշինյանն ասել է՝ ասելիքը կասի՝ նայելով ընդդիմադիրների աչքերին, որպեսզի նրանք լավ հասկանան այդ ճշմարտությունը եւ հաշվի նստեն դրա հետ․ «Վարչապետը, երբ կգա պատեհ պահը, կասի իր ասելիքը ընդդիմադիրների ներկայությամբ»։ Արթուր Հովհաննիսյանը համոզմունք հայտնեց, որ ընդդիմության նպատակն Արցախը փրկելը չէ․ «Նրանք հստակ հայտարարեցին՝ որն էր իրենց նպատակը, դա իշխանության զավթման անհաջող փորձն է։ Կոչեր, կենացներ, ճառեր են հնչում Արցախի մասին, բայց մարդիկ Երեւանի փողոցներում Արցախի դրոշներ տեղադրելով չեն կարող Արցախ փրկել»։ Ինչ վերաբերում է ընդդիմության հետ կառավարող ուժի հնարավոր քննարկումներին, Հովհաննիսյանն ասաց, որ ոչ մեկ անգամ իրենք հանրային եւ ոչ հանրային կերպով առաջարկել են ընդդիմությանը գալ եւ ծանոթանալ տարբեր փաստաթղթերի, հրապարակման ոչ ենթակա տեղեկություններ ստանալ․ «Երեկվա դեպքը դրան էր վերաբերում, երեկ էլ սկսվել էր խոսակցություն, հնչել էր հարց, որին պետք է տրվեր պատասխան, որն, ըստ էության, կարեւոր բովանդակություն էր պարունակում։ Բայց ընդդիմությունը փախել է ճշմարտությունից, որովհետեւ եթե նրանք մտնեն եւ ծանոթանան ողջ ճշմարտությանը, չեն կարող դուրս գալ փողոց եւ ծակ բաժակներով կենացներ ասել։ Ընդդիմության միակ նպատակը իշխանության զավթումն է, բայց նրանք, ըստ էության, տապալվել են։ ՀՀ-ում ժողովուրդն է իշխանություն, եւ Հայաստանը՝ որպես պետություն, իր ուժային կառույցներով, կառավարությունով, օրենսդիրով ամուր կանգնած է իր տեղում եւ թույլ չի տալու, որ ժողովրդավարությունն օգտագործեն՝ որպես խուլիգանություններ եւ անկարգություն անելու միջոց»։
11:45 - 05 մայիսի, 2022
Պատգամավորը հորդորում է ԶԼՄ օրենքի փոփոխության նախագծի հեղինակներին հետ կանչել այն

 |armenpress.am|

Պատգամավորը հորդորում է ԶԼՄ օրենքի փոփոխության նախագծի հեղինակներին հետ կանչել այն |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ խորհրդարանում լրագրողական հանրության մասնակցությամբ քննարկում անցկացվեց ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի ու Լիլիթ Մինասյանի ներկայացրած նախագծում նշվում է , որ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ պետական մարմինները իրավասու են լրագրողի հավատարմագրման մերժման եւ դադարեցման այլ հիմքեր սահմանել լրագրողների հավատարմագրման կարգով: Սակայն նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված է, որ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով: «Օրենքի բացը լրացնելու եւ առաջին հերթին լրատվական գործունեություն իրականացնողի եւ պետական մարմինների միջեւ փոխգործակցությունն առավել արդյունավետ դարձնելու, պետական մարմինների ներքին կանոնների խախտման դեպքերում գործիքակազմ ունենալու համար առաջարկվում է, որպեսզի նաեւ պետական մարմինը, որը հավատարմագրել է լրագրողին կարողանա աշխատանքային գոտում գործող կարգապահական կանոնների խախտման դեպքում դադարեցնել լրագրողի հավատարմագրումը»,-ասված է նախագծում: Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը կարծում է, որ  նախագծով իշխանությունը ցանկանում է արագ խնդիր լուծել: «Պարտավոր էին հստակ սահմանել հավատարմագրման հիմքերը, որպեսզի լրագրողի համար իր վարքագիծը կանխատեսելի լինի և լրագրողն իմանա, թե օրինակ որ դեպքում ինքը կարող է զրկվել հավատարմագրումից, հակառակ դեպքում դաշտը բաց է, և ցանկացած գերատեսչություն կարող է կամայականորեն որոշել և ազատվել ոչ ցանկալի լրագրողներից կամ գլուխներն ազատել անցանկալի հարցերից: Այսինքն՝ պետք է հստակ հիմքերը նշել, թե որ դեպքում ինչ հիմքեր կան և որ դեպքում կարող է զրկվել հավատարմագրումից: Օրենքի որոշակիության պահանջի խնդիր կա, հիմքերը հստակ սահմանված չեն, հետևաբար, եթե հիմքերը չկան, ինչո՞վ են առաջնորդվելու, որպեսզի որոշեն լրագրողին զրկել»,-ասաց Սեյրանյանը: Լրագրող Սևակ Վարդումյանն էլ նշեց՝ չգիտի, թե ո՞ր դեպքում կարող է ԱԺ աշխատակազմը իրեն զրկել հավատարմագրումից: «Ենթադրենք ես մի քիչ բարձր եմ ծիծաղում միջանցքում, այդ ժամանա՞կ է զրկում, ինչ-որ մեկին հարվածում եմ, այդ ժամանա՞կ է զրկում, բարձրախոսը շատ եմ մոտեցնում բանախոսին, այդ ժամանա՞կ է զրկում….»,-ասաց նա՝ հավելելով, որ այդ հարցերի պատասխանները հնարավոր չէ գտնել նախագծում, պատգամավորներն էլ չեն ներկայացրել: Լրագրողի կարծիքով՝ նախագիծը պետական գերատեսչության համար կամայական որոշում կայացնելու հնարավորություն է ստեղծում: Նա նախագծում որևէ հիմնավորում չի տեսել, նշում է, որ, եթե լինեին կետեր, ինքը մեծ ուրախությամբ, կքննարկեր, կբանավիճեր՝ կոնսենսուսի գալու համար, այսպիսով` կոչ է անում հեղինակներին հետ կանգնել նախագծից: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն էլ ասաց. «Պետք է այս մոտեցումից հրաժարվել: Լրագրողի հավատարմագրման դադրեցում կամ զրկում պետք է չլինի մեր օրենսդրության մեջ»: Թագուհի Թովմասյանն էլ դժգոհեց, որ լրագրողական հանրության հետ նախապես չեն արվում նրանց վերագրվող օրենքների մասին քննարկումները: «Այո, լրագրողների մեջ էլ կան մարդիկ, որոնք խնդիր են առաջացնում, և այդ մարդիկ առաջացնում են նաև նման օրենսդրական նախաձեռնություններ բերելու անհրաժեշտություն, և դրանով փորձում են կուլիսներում հիմնավորել, որ այդ դեպքերը կանխելու համար են բերում տվյալ նախաձեռնությունը»,-ասաց նա: Ըստ պատգամավորի՝ խնդիրը պետք է կարգավորվի հենց լրագրողական դաշտում: «Յուրաքանչյուր խմբագրություն պետք է իր վրա պարտավորություն վերցնի, ինքն իր համար մշակի, հրապարակի այն էթիկայի կանոնները, որոնք իրենք ինքնակամ հետևելու են, և պետական գերատեսչությունը կարողանա հետևել հենց նրանց կողմից մշակված էթիկայի կանոնների պահպանմանը: Ելքերից մեկը սա եմ տեսնում, ինքնակարգավորման լավագույն միջոց է, որ խնդիրը կարգավորվի հենց  լրագրողական դաշտում և որևէ մեկը մահակ չունենա՝ որևէ լրագրողին հավատարմագրումից զրկելու սպառնալիքով պատժել»,-ասաց նա: Պատգամավորն առաջարկեց ստորագրահավաք կազմակերպել և դիմել կառավարությանը՝ խնդրելով նախագծին տալ բացասական եզրակացություն, դիմել նաև նախագծի հեղինակներին՝ խնդրելով հետ կանչել նախագիծը, քանի որ, պատգամավորի գնահատմամբ, այն իրավազուրկ, հիմնազուրկ է:  
16:25 - 15 ապրիլի, 2022
Անհրաժեշտ է հանրային լայն կոնսոլիդացիա՝ բանակցություններում ամուր դիրքերից հանդես գալու, արցախահայության բոլոր իրավունքները պաշտպանելու համար. Հովհաննիսյան |1lurer.am|

Անհրաժեշտ է հանրային լայն կոնսոլիդացիա՝ բանակցություններում ամուր դիրքերից հանդես գալու, արցախահայության բոլոր իրավունքները պաշտպանելու համար. Հովհաննիսյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ԱԺ նիստին խոսեց ստեղծված իրավիճակի ու անցյալի սխալների մասին: «Եթե Արցախը նախկինում մշտապես օգտագործվել է իշխանությունը պահելու, մարդկանց կեղեքելու ու բանակի հզորացման անվան տակ այն թալանելու համար, ապա հեղափոխությունից հետո մինչ այս պահը Արցախն օգտագործվում է իշխանությունը վերադարձնելու համար, իշխանության վերադառնալու համար, կրկին այն գողանալու համար: Կրթական, տնտեսական, սոցիալական ու մի շարք այլ ոլորտներում ծրագրեր գրեթե չէին իրականացվում, որովհետև պետք էր բանակը հզորացնել, որ հայրենիքը պաշտպանեինք: Անգամ հեղափոխության օրերին էին ֆեյք տեսանյութեր տարածում սահմաններին կուտակումների մասին, որ մարդկանց վախերի միջոցով կանգնեցնեին քաղաքացիական ճշմարիտ անհնազանդությունից: 2018-ից հետո վերացվեց նաև այս նարատիվը: Կառուցվում և բարեկարգվում են կրթական հարյուրավոր հաստատություններ, իրականացվում և ֆինանսավորվում են սոցիալական, տնտեսական, առողջապահական բազմաթիվ ծրագրեր: Աննախադեպ միջոցներ են ուղղվում Արցախի մեր հայրենակիցների բարեկեցության համար, ավելի մեծ ծավալով է ֆինանսավորվում բանակը: Ու այս ամենը՝ առանց միմյանց հակադրելու Արցախն ու Հայաստանի զարգացումը: Այո՛, տասնամյակների խաբեության, փուչ կենացների, կեղծ հայրենասիրության հետևանքը ապրիլյան, հետո՝ 44-օրյա պատերազմն էր, որի արդյունքում հազարավոր հայրենակիցներ ենք կորցրել: Բայց մեր եղբայրներն ու քույրերն իրենց կյանքը չնվիրեցին միայն մեր ազատության համար, նրանք իրենց կյանքի գնով բացահայտեցին ճշմարտություններ, որոնց հետ որքան ուշ առերեսվեինք, այնքան մեծ էր լինելու ողբերգությունը»,- ասաց Հովհաննիսյանը: Նա շեշտեց, որ որպես պետություն ու ժողովուրդ իրավունք չունենք տրվելու սին պատրանքների: «Պետք է կարողանանք այս պատմական խաչմերուկում մեր պետականության համար կարևորագույն շրջափուլում մեր որոշումները կայացնենք՝ ելնելով ճշմարտություններից և ոչ երբեք կրկին մեզ մատուցվող կեղծ պաթոսից ու արկածախնդրությունից: Մեզ անհրաժեշտ է հանրային լայն կոնսոլիդացիա՝ բանակցություններում ամուր դիրքերից հանդես գալու, արցախահայության բոլոր իրավունքները պաշտպանելու և մեր ժողովրդի համար երկարաժամկետ խաղաղություն ապահովելու համար»,- ասաց Հովհաննիսյանը:
12:17 - 14 ապրիլի, 2022
ՔՊ պատգամավորները շրջանառության մեջ են դրել նոր նախագիծ, որով պետական մարմինը կկարողանա դադարեցնել լրագրողի հավատարմագրումը

ՔՊ պատգամավորները շրջանառության մեջ են դրել նոր նախագիծ, որով պետական մարմինը կկարողանա դադարեցնել լրագրողի հավատարմագրումը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը և Լիլիթ Մինասյանը  շրջանառության մեջ են դրել  «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծ, որը պետական մարմիններին հնարավորություն կտա դադարեցնել լրագրողի հավատարմագրումը, եթե վերջինս խախտել է աշխատանքային գոտում գործող կանոնները։  Ըստ նախագծի հիմնավորման՝  «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ պետական մարմինները իրավասու են լրագրողի հավատարմագրման մերժման եւ դադարեցման այլ հիմքեր սահմանել լրագրողների հավատարմագրման կարգով: Սակայն նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված է, որ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով. «Ստացվում է, որ մի կողմից պետական կառույցը սահմանում է լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու հիմքերը, սակայն գործնականում չի կարող հավատարմագրման դադարեցման հիմքերի առկայության դեպքում որևէ կերպ դադարեցնել լրագրողի հավատարմագրումը, քանի որ անհրաժեշտ է հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմում։ Օրենքի բացը լրացնելու եւ առաջին հերթին լրատվական գործունեություն իրականացնողի եւ պետական մարմինների միջեւ փոխգործակցությունն առավել արդյունավետ դարձնելու, պետական մարմինների ներքին կանոնների խախտման դեպքերում գործիքակազմ ունենալու համար առաջարկվում է, որ նաեւ պետական մարմինը, որը հավատարմագրել է լրագրողին, կարողանա աշխատանքային գոտում գործող կարգապահական կանոնների խախտման դեպքում դադարեցնել լրագրողի հավատարմագրումը»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ։
14:05 - 11 ապրիլի, 2022
Շարունակում ենք պնդել՝ կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկվեն, որ ադրբեջանցիները վերադառնան ելման դիրքեր. Արթուր Հովհաննիսյան

 |armenpress.am|

Շարունակում ենք պնդել՝ կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկվեն, որ ադրբեջանցիները վերադառնան ելման դիրքեր. Արթուր Հովհաննիսյան |armenpress.am|

armenpress.am: Հայկական կողմն ակնկալում է, որ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն, և ռուս խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանցիները կվերադառնան ելման դիրքեր: Այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժմանը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի: «Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված գործընթացները շարունակվում են: Մենք պարբերական կապի մեջ ենք մեր բոլոր գործընկերների հետ, առաջին հերթին ՌԴ մեր գործընկերների հետ են մեր բանակցությունները: Մենք շարունակում ենք պնդել, որ կոնկրետ գործուն քայլեր պետք է ձեռնարկվեն, որ ադրբեջանցիները վերադառնան ելման դիրքեր»,-ասաց Հովհաննիսյանը: Բոլոր միջազգային գործընկերների, առաջին հերթին ՌԴ-ի հետ հարաբերություններում հայկական կողմն արձանագրում է, որ խախտվել են նոյեմբերի 9-ի և դրան հաջորդող բոլոր պայմանավորվածությունները: «Այս պահին դիվանագիտական բոլոր խողովակները գործի են դրված՝ խնդրին հնարավորինս շուտ հանգուցալուծում տալու՝ թե ռազմական էսկալացիայի խնդիրը վերացնելու, թե Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հարցերը լուծելու համար»,-ասաց Հովհաննիսյանը: Հղում կատարելով ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարություններին՝ պատգամավորը նշեց՝ հայկական կողմը պատշաճ քննություն է ակնկալում խաղաղապահների գործողությունների, ադրբեջանցիների գործողությունների վերաբերյալ՝ հավելելով, որ այդ քննությունը դեռևս ավարտին չի հասել: Գործողությունները տեղի են ունեցել խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքում: ՀՀ ԱԳՆ-ն արձանագրել էր, որ ադրբեջանցիները շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում: «Ըստ էության, խնդիրը չի լուծվել: Ադրբեջանի ՊՆ-ի, ԱԳՆ-ի հայտարարություններն ավելի են սադրում իրավիճակը և բնավ չեն նպաստում այս պահի իրավիճակի հանգուցալուծմանը»,-նշեց  պատգամավորը: Պատգամավորը շեշտեց, որ Ադրբեջանի գործողությունները, նաև սրանից առաջ, երբ լույսեր են գցում տների վրա, բարձրախոսներով բնակավայրը լքելու մասին տեքստեր հնչեցնում, հետապնդում են մեկ նպատակ՝ վախի մթնոլորտ սերմանել, հոգեբանական ճնշման ենթարկել և շարունակել էթնիկ զտման ցեղասպան  քաղաքականությունը: «Մենք էլ ամբողջ աշխարհին շարունակում ենք ներկայացնել իրավիճակը, ներկայացնել, որ ՀՀ կառավարությունը, ժողովուրդը շարունակում է գնալ խաղաղության օրակարգով, և մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր բաժին անելիքը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ իրականացնենք: Այո, աշխարհաքաղաքական զարգացումները, ցավոք սրտի, այս պահին դժվարացնում են այս առաքելության իրականացումը, բայց սա չի նշանակում, որ մենք պետք է մեր նպատակներից հետ կանգնենք»,-եզրափակեց Հովհաննիսյանը:  
16:18 - 28 մարտի, 2022