Առաջարկվում է սահմանափակել «քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող» ֆիլմերի ցուցադրության ժամերը |news.am|
11:38 - 25 հունվարի, 2024

Առաջարկվում է սահմանափակել «քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող» ֆիլմերի ցուցադրության ժամերը |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 25-ի նիստում հավանություն տվեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծին, որը հեղինակել են ԱԺ նախագահ Ալեն ՍԻմոնյան ու ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Մասնավորապես, առաջարկվում է օրենքի 9-րդ եւ 57-րդ հոդվածներում «ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը» բառերից հետո լրացնել «քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները,» բառերով:

Օրենքի 9-րդ հոդվածը վերաբերում է նրան, որ էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումները և սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումները կարող են եթեր հեռարձակվել ժամը 24:00-6:00-ն:

Իսկ օրենքի 57-րդ հոդվածը վերաբերում է հետեւյալին. Էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումները և սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող տեսալսողական հաղորդումների եթեր հեռարձակման պահանջները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.02 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

Որոշման հիմնավորման մեջ, մասնավորապես, ասվում է. «Նախագծում կիրառվող «քրեական ենթամշակույթի քարոզ» եզրույթը հստա¬կեցման կամ վերաձևակերպման կարիք ունի, քանի որ կարող է իրավակիրառ պրակտիկայում տարաբնույթ հայեցողական մեկնաբանությունների տեղիք տալ:

Մասնավորապես, պարզ չէ, թե ինչ չափորոշիչներ են հիմք ընդունվելու ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումերը «որպես քրեական ենթամշակույթ քարոզող» դիտարկելիս, արդյո՞ք քրեական ենթամշակույթին հարող անձի վերաբերյալ ֆիլմը կամ տեսալսողական հաղորդումը, որտեղ տվյալ անձը հանդես է գալիս որպես բացասական կերպար կամ ֆիլմի և հաղորդման շրջանակներում նման անձին ինչ-որ ձևով անդրադառնալը համարվելու է քրեական ենթամշակույթի քարոզ:

Հարկ է նկատի ունենալ նաև, որ կինոարտադրական արդյունքը (ֆիլմը, ֆիլմաշարը, սերիալը) ինքնին հանդիսանում է քարոզչության ազդեցիկ մեխանիզմ, և առկա ձևակերպմամբ ցանկացած տեսարան և արտադրանք կարելի է որակել որպես «քարոզ»: Առավել մտահոգիչ է «քրեական» դրամա և «մարտաֆիլմ» ժանրերի արտադրանքի և գեղարվեստական արժեք ներկայացնող կամ հեղինակային ֆիլմերի տարածման տեսանկյունից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել