Ռուս սահմանապահների՝ Զվարթնոցում գտնվելու հարցը քննարկվում է ՔՊ-ի ներսում․ Արթուր Հովհաննիսյան |aravot.am|
11:53 - 01 մարտի, 2024

Ռուս սահմանապահների՝ Զվարթնոցում գտնվելու հարցը քննարկվում է ՔՊ-ի ներսում․ Արթուր Հովհաննիսյան |aravot.am|

aravot.am: ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն անդրադարձավ հարցին, թե իրենց մտահոգո՞ւմ է, որ «Զվարթնոց» օդանավակայանում կանգնած են ռուս սահմանապահներ։ «Այո, մեզ այդ հարցն անհանգստացնում է, ինչպես մեր հանրության մեծ մասին։ Այս հարցը մեր քաղաքական թիմի օրակարգում է։

Քննարկումներ են իրականացվում, երբ քննարկումների արդյունքում որոշումներ կլինեն, այդ որոշումների մասին կիմանանք բոլորս»,- ասաց նա։ Հարցին, թե ի՞նչ է քննարկվում, Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց․ «Քննարկումների դետալների մեջ այս պահին չեմ մտնի, բայց ես կարձանագրեմ, որ հանրության շրջանում առկա անհանգստությունները կան նաեւ մեր քաղաքական թիմում։ Եվ հարցն այդ կոնտեքստում էլ քննարկվում է։ Ես կարծում եմ,որ մեր հանրության անհանգստությունները չեն վերաբերում նրան, որ ռուս սահմանապահների թիվը փոքր է, այլ վերաբերում է նրան, որ սահմանապահները թիվ ունեն։ Եվ այս կոնտեքստում են քննարկումները»։

Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ այս իշխանության պաշտոնավարման վեց տարիների ընթացքում բազմաթիվ իրողություններ ի հայտ եկան։ «Եվ, հետեւաբար, յուրաքանչյուր իրողություն իր հետեւից պետք է բերի որոշակի դատողություններ, որոշումներ ու գործողություններ։ Եվ այս համատեքստում պետք է դիտարկել յուրաքանչյուր գործողություն։ Հիմա նույն տրամաբանությամբ, ցավոք, ուշ գլխի ընկանք, որ ՀԱՊԿ անվտանգային կառույցը չի աշխատում։ Բայց սա, ըստ էության, ոչինչ չի նշանակում, սա նշանակում է, որ պահին խնդիր է առաջանում, պետք է գնալ ու այդ խնդիրը լուծել, թողնել, որ այդ խնդիրը մնա մեզ հետ տասնամյակներով»,- ասաց նա։

Արթուր Հովհաննիսյանը չպատասխանեց հարցին՝ «Զվարթնոցում» ռուս սահմանապահների հարցով ռուսական կողմի հետ քննարկումներ կա՞ն արդեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել