«Սուրմալու»-ում նախորդ տարվա հրդեհից հետո տեսչական մարմինը վերստուգում դեռ չէր արել |azatutyun.am|
18:25 - 14 օգոստոսի, 2022

«Սուրմալու»-ում նախորդ տարվա հրդեհից հետո տեսչական մարմինը վերստուգում դեռ չէր արել |azatutyun.am|

azatutyun.am: Անցած տարվա մարտի 9-16-ը Քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել «Սուրմալու» առևտրի կենտրոնում (Երևանի պահածոների գործարան ՓԲԸ), որի կազմում գործում են մի շարք առևտրի ու հասարակական սննդի կետեր, «Ազատությանը» հայտնեց տեսչական մարմնի խոսնակ Ելենա Զոհրաբյանը:

Դրանից հետո, խոսնակի փոխանցմամբ, ըստ գրաֆիկի և ծանրաբեռնվածության վերստուգումը դեռ չէր հասել «Սուրմալու»-ին, որտեղ այսօր պայթյուն է որոտացել:

Նախորդ տարի` ապրիլին, այս նույն շուկայում` կենտրոնական մասնաշենքում, հրդեհ էր բռնկվել: Այն ժամանակ այրվել էին խաղալիքների և տնտեսական ապրանքների տաղավարներ՝ գույքով:

Դիտարկմանը, թե անցած տարվա հրդեհից հետո տեսչական մարմինը ստուգումներ չի՞ իրականացրել այնտեղ, Ելենա Զոհրաբյանը պատասխանեց, որ այդ հրդեհը բռնկվել է ստուգման ակտից օրեր անց, և դրանից հետո ըստ գրաֆիկի ու ծանրաբեռնվածության վերստուգում չի արվել:

Նրա փոխանցմամբ` նախորդ ստուգման ժամանակ արձանագրվել են հակահրդեհային անվտանգության կանոնների վերաբերյալ 2 տասնյակի հասնող խախտումներ, նշանակվել է վարչական տույժ, տրվել է խախտումները վերացնելու կարգադրագիր:

Հիշեցնենք, որ այսօր պայթյուն է տեղի ունեցել «Սուրմալու» առևտրի կենտրոնում։ Ժամը 16:30-ի դրությամբ պայթյունի հետևանքով տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխված քաղաքացիների թիվը 51 է, զոհերինը՝ 1։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել