Ըստ Եղոյանի՝ հայկական մեդիատիրույթում այս խոսքերը տարբեր կերպ են մեկնաբանվել: «Շահարկվեց նաև, թե սա նշանակում է, որ Արցախի ինքնորոշման իրավունքը դուրս է մղվում օրակարգից, թե ԵՄ-ն ևս չի դիտարկում Արցախի առանձին կարգավիճակի հնարավորությունը, սա հետնահանջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգից»,- ասաց Եղոյանը:
Փաշինյանը հիշեցրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից առնվազն երկուսը ողջունել և աջակցել են այդ բանակցություններին, քննարկումներին: Եվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող հանդիսացող երկիրը վերահաստատել է այն սկզբունքները, որոնք դրված են ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման գործում: Վարչապետը նաև հիշեցրեց, որ Մինսկի խմբի համանախագահող հանդիսացող ՌԴ-ի նախագահի հետ երկկողմ հայտարարության մեջ արձանագրվել է ԼՂ հակամարտության կարգավորման կարևորությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության պոտենցիալի օգտագործումն այդ առումով:
«Բրյուսելում Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ տեղի է ունեցել շատ լուրջ քննարկում, և այդ քննարկման արդյունքներով արձանագրվել են Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումների տարբերությունները»,- ասաց վարչապետը:
Նա ընդգծեց՝ ընդ որում այդ տարբերություններն արտահայտված են հրապարակայնորեն. Ադրբեջանը համարում է, որ ԼՂ-ի հիմնախնդիրը լուծված է, ՀՀ-ն համարում է, որ ԼՂ հիմնախնդիրը լուծված չէ:
«Եվ խաղաղության բանակցությունների հնարավոր համատեքստում, գիտեք, որ Ադրբեջանը ներկայացրել է իր 5 սկզբունքները, մենք էլ ներկայացրել ենք մեր դիտարկումներն ու օրակարգն այդ կապակցությամբ և ասել ենք, որ այդ հենքի վրա պետք է տեղի ունենան բանակցություններ: Մեր առաջադրած սկզբունքներով արձանագրված է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, իրավունքները և ԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտումը: Եվ քանի որ քննարկումների արդյունքում համաձայնություն չի ձևակերպվել կողմերի միջև ձևակերպումների շուրջ, ԵՄ խորհրդի նախագահը որոշել է իր կողմից անել մեկնաբանություններ, որոնք, իր տեսակետով, հնարավորինս շատ էլեմենտներ կարտահայտեն երկու կողմերի դիրքորոշումներից: Թե ինչքանով է դա ստացվել, ինչքանով է ճշգրիտ, այլ հարց է: Այլ բան, որ մենք մեր դիրքորոշումներն արտահայտել ենք, և այդ դիրքորոշումների մեջ, բնականաբար, որևէ փոփոխություն չկա: Եվ մենք շարունակելու ենք հետևողականորեն գնալ այդ ճանապարհով»,- ասաց Փաշինյանը:
comment.count (0)