Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի նիստը կկայանա մոտ ժամանակներս․ Զախարովա
17:02 - 28 ապրիլի, 2022

Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի նիստը կկայանա մոտ ժամանակներս․ Զախարովա

Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի նիստը կկայանա մոտ ժամանակներս, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ։

Նա նշել է, որ որպես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացման հիմք Ռուսաստանը դիտարկում է բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունները և շարունակում ակտիվորեն աշխատել Երևանի և Բաքվի հետ բոլոր ուղղություններով, այդ թվում՝ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաարգելափակում, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկ, խաղաղության պայմանագրի համաձայնեցում։

«Ապաարգելափակման հարցերը քննարկվել են [ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ] Օվերչուկի և [Ադրբեջանի նախագահ Իլհամ] Ալիևի հետ հանդիպման ընթացքում, որը կայացել է ապրիլի 26-ին։ Հայկական և ադրբեջանական կողմերի հետ պայմանավորվածություն կա նաև մոտակա ժամանակներս եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստի անցկացման շուրջ՝ փոխվարչապետների համանախագահությամբ։ Ինչ վերաբերում է սահմանային հարցերին, ապա մինչև այս շաբաթվա վերջ պլանավորվում են ԱԳՆ գծով շփումներ Բաքվի հետ», - ասել է Զախարովան։

Ռուսական կողմը նշում է Հայաստանի և Ադրբեջանի պատրաստակամությունը՝ միմյանց ընդառաջ գնալու, այս թեմայով մշակվում են բարձր մակարդակի եռակողմ շփումներ, հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

«Մենք, այսպես թե այնպես, մնում ենք առկա ձևաչափերի մեջ, տեսնում ենք, որ այնտեղ աշխատանք է արվում։ Հիմնական նշանակությունը տալիս ենք այն ձևաչափերին և այն փաստաթղթերի իրականացմանը, որոնք միասին իրական արդյունք են տալիս։ Այս արդյունքը զգում են խաղաղ բնակիչները, տնտեսական օպերատորները, տարածաշրջանն ամբողջությամբ», - ասել է նա։

 

Նորա Վանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել