Համայնքի միջոցներով Գյումրու տնակների խնդիրը չի լուծվի․ դա ավելի բարձր մակարդակի լուծվելիք հարց է․ Լուսինե Սանոյան
16:44 - 12 հոկտեմբերի, 2021

Համայնքի միջոցներով Գյումրու տնակների խնդիրը չի լուծվի․ դա ավելի բարձր մակարդակի լուծվելիք հարց է․ Լուսինե Սանոյան

Շիրակի մարզկենտրոն Գյումրիում այս տարվա հոկտեմբերի 17-ին նախատեսված են ավագանու ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, կավարտվի հոկտեմբերի 15-ին։ Գյումրիում ընտրություններին մասնակցելու է 10 քաղաքական ուժ։

Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցում է նաև Գյումրու արդեն նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի աջակիցների կուսակցությունը՝ «Բալասանյան դաշինքը»։ 

Սամվել Բալասանյանը, սակայն, նախընտրական ցուցակում չկա։ Կուսակցության քաղաքապետի թեկնածուն Վարդգես Սամսոնյանն է, որի հետ զրուցել չհաջողվեց, քանի որ վերջինս վարակվել է կորոնավիրուսով և հիվանդանոցում է։

Infocom-ը զրուցեց «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության ավագանու անդամի թեկնածու Լուսինե Սանոյանի հետ։ Վերջինս, անդրադառնալով քարոզարշավին, նշեց, որ այն ընթանում է հանգիստ ու արդյունավետ։

Սանոյանի գնահատմամբ՝ իրենց ուժը ֆավորիտ է․ «Սպասում ենք արդար ընտրությունների, որի արդյունքում կձևավորվի ավագանի, և կունենանք համայնքապետ, որը կստանձնի քաղաքի արդյունավետ կառավարումը։ Կարծում եմ՝ մեր ուժը ֆավորիտ է։ Այդ մասին են փաստում բնակչության արձագանքները,  հանդիպումների ժամանակ մարդկանց հետաքրքրությունը։ Նաև հարցումների արդյունքում էլ է մեր ուժը համարվում ֆավորիտ»։

Ավագանու թեկնածուի խոսքով՝ իրենք շարունակելու են Սամվել Բալասանյանի գործը․ «Սամվել Բալասանյանը վստահել է մեզ, որ շարունակենք իր գործը, բայց ավելի թարմ կազմով,  ավելի երիտասարդներով։ Շարունակելու ենք իր գործը իր կուրսին համաձայն։ Մեր ուժը կարողացել է ապացուցել, որ մենք անում ենք այն, ինչ խոստանում ենք։ Մեր ծրագիրը, որը եղել է 5 տարի առաջ, լիովին գերազանց ձևով կատարել ենք, որի վկայությունն են քաղաքում բազմազան ծրագրերը, ասֆալտապատումը, լուսավորությունը, աղբատար մեքենաները, աղբամանները,  զբոսաշրջիկների հոսքը»։

Սանոյանն ասում է, որ բնակիչները իրենց հետ հանդիպումների ընթացքում երեք հարցեր են առանձնացրել՝ թափառող շների խնդիրը, տրանսպորտի խնդիրը, ինչպես նաև երկրորդային, երրորդային նշանակության փողոցների բարեկարգման հարցը․ «Թափառող շների խնդիրը բոլոր համայնքներում էլ կա։ Կենդանիներին սպանելու, վերացնելու տարբերակը բացառվում է։ Հարցը կարող է լուծվել տնակների միջոցով, որտեղ շները կհավաքվեն և կպահվեն, բայց դա մեծ գումարների հետ է կապված, և համայնքը իր միջոցներով չի կարող դա իրեն թույլ տալ։ Ուրեմն պետք են դոնոր կազմակերպություններ, որ թեկուզ համայնքապետարանի հետ համաֆինանսավորմամբ հարցը լուծվի։ Ըստ ինձ՝ միակ ընդունելի տարբերակը դա է։ Ճիշտն ասած, կոնկրետ ինձ՝ որպես ավագանու անդամի, մի շարք կազմակերպություններ գրել են, որ գան, պիլոտային ծրագրեր ներկայացնեն, և համայնքի հետ համաֆինանսավորմամբ կատարվի այդ ծրագիրը։ Ինձ թվում է՝ եթե մեր քաղաքական ուժը ընտրվի, ամեն դեպքում մենք հետամուտ կլինենք, որ խնդիրը այդ կերպ լուծվի»։

Գյումրու բնակիչները, Սանոյանի խոսքով, բողոքում են, որ երեկոյան ժամերին տրանսպորտ քիչ է աշխատում կամ չվացուցակները հստակ չեն․ «Մեր քաղաքական ուժի օրոք սուբվենցիոն ծրագրով մենք արդեն գնել ենք 63 գազելներ, պատրաստվում ենք գնել ավտոբուսներ և սմարթ ավտոբուսներ, ունենալու ենք նաև սմարթ կանգառներ։ Մի կանգառ արդեն տեղադրվել է Գյումրիում, որը պիլոտային ծրագիր է եղել։ Մենք սմարթ կանգառի միջոցով ունենալու ենք էլեկտրոնային տաբլոներ, որոնց վրա լինելու են չվացուցակներ։ Դա էլ կարգավորվող խնդիր է, 3-4 ամսում այդ ամենը կլուծվի, կունենանք հստակ տրանսպորտային երթուղիներ և մարդիկ կիմանան՝ որ ժամերին, երբ, որից կարող են օգտվել»։

Սանոյանը ասում է, որ իրենց ծրագրի մեջ ներառված է նաև երկրորդային ու երրորդային փողոցների բարեկարգման հարցը․ «Դա կատարվում է ոչ միայն համայնքի միջոցներով, այլև եվրոպական բանկի կողմից համաֆինանսավորմամբ, կառավարության կողմից հատկացված սուբվենցիոն ծրագրերով»։

Անդրադառնալով անօթևանության հարցին՝ Սանոյանն ասում է՝ համայնքի միջոցներով այդ հարցը չի լուծվի։ «Համայնքը ուղղակի կարող է հաշվառել այն տնակները ու մարդկանց թիվը, որոնք անօթևան են համարվում։ Դրանից ավելի չեմ պատկերացնում, որ կարելի է այդ հարցին լուծում տալ։  Դա ավելի բարձր մակարդակի լուծվելիք հարց է»։

Հավելենք, որ Գյումրու ՏԻՄ ընտրություններում  «Բալասանյան դաշինքը» 42 հոգուց բաղկացած նախընտրական ցուցակ է ներկայացրել։

Գյումրու ավագանու ընտրություններին առաջադրվել է «Հայրաքաղաք» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի ծրագրերի համակարգող Լևոն Բարսեղյանը, «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը՝ կուսակցության նախագահ Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ։ ՀՀԿ-ն նույնպես մասնակցելու է ընտրություններին․ ցուցակը գլխավորում է Արտյոմ Ղուկասյանը։ Վերջինս 4-րդ գումարման Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր է եղել, նա Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատ հորեղբոր որդին է։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններին կմասնակցի Շիրակի ներկայիս մարզպետ Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ։

Ավագանու ընտրություններին կմասնակցեն նաև «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցությունը՝ Վարդևան Հակոբյանի գլխավորությամբ, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ Կոնստանտին Ղավազյանի գլխավորությամբ, «Գյումրին կռնա» դաշինքը՝ Վարդան Սրտաշյանի գլխավորությամբ։ Ավագանու ընտրություններին մասնակցելու է նաև «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, որը Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի աջակիցների կուսակցությունն է։ Սամվել Բալասանյանը, սակայն, չի առաջադրվել նախընտրական ցուցակում․ ցուցակը գլխավորում է Վարդգես Սամսոնյանը, ով «Գյումրու կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկի տնօրենն է։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Կարեն Մալխասյանի գլխավորությամբ։

«Թասիբով» դաշինքը նույնպես նախատեսում է մասնակցել ընտրություններին՝ Կարապետ Պողոսյանի գլխավորությամբ․ դաշինքը  սեպտեմբերի 29-ին դադարեցրել էր քարոզարշավը՝ ավագանու անդամության թեկնածուներից Միշա Չոմարյանի անժամանակ մահվան կապակցությամբ։

Լուսանկարն infocom.am-ին տրամադրել է Լուսինե Սանոյանը

Նանե Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել