Ես ինձ դժվար եմ տեսնում խորհրդարանում․ Ռոբերտ Քոչարյան
11:34 - 22 հունիսի, 2021

Ես ինձ դժվար եմ տեսնում խորհրդարանում․ Ռոբերտ Քոչարյան

Պետք է խոստովանեմ, որ ընտրության արդյունքները մեզ համար անսպասելի էին, կարծում եմ, որ անսպասելի էին շատ շատերի համար առաջին հերթին այն պատճառով, որ տարբեր կազմակերպությունների բոլոր սոցիոլոգիական հարցումները ցույց էին տալիս այլ պատկեր, նույն Գելլափի հարցումները, որին չի կարելի կասկածել իմ նկատմամբ սիմպատիաների մեջ։ Այս մասին «Հայաստան» դաշինքի առաջնորդների ասուլիսի ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ իրենք պետք է փորձեն գտնել բացատրություն, և ենթադրում են, որ այնուամենայնիվ եղել են զանգվածային խախտումներ։

Նրա խոսքով՝ իրենք ակնհայտ տեսել են վարչական ռեսուրսի կիրառում և այդ պատճառով դիմելու են ՍԴ՝ ընտրությունների արդյունքները քննարկելու համար, հիմա իրենց շտաբների կողմից հավաքագրվում են բոլոր այդ նյութերը և երևի այս մի քանի օրվա ընթացքում ի մի կբերեն և էլ ավելի լավ կպատկերացնեն, թե ինչ ծավալի բողոք է լինելու։

«Արդյունքների մասին մեկ այլ կոնտեքստով․ համոզված եմ, որ այն մանդատը, որ ստացել է այս իշխանությունը, այս իշխանության նկատմամբ մանդատ չէ։ Ի դեպ, մեր բոլոր հանդիպումները եղել են և՛ ավելի մարդաշատ, քան իշխանության ներկայացուցիչների հանդիպումները, և՛ ավելի մեծ էներգետիկայով, քան իշխանության բոլոր հավաքները։ Ես իմ անձնական կարծիքը կասեմ, իմ տպավորությունն այն է, որ այստեղ աշխատեց մի գործոն՝ նախկին իշխանությունների վերադարձի գործոնը, և այդ գործոնը էապես ուժեղացրեց այն գործոնը, որ երեք նախկին նախագահ մասնակցում էին ընտրություններին՝ երկուսը գլխավորելով ցուցակները, երրորդը՝ շատ ակտիվ քարոզարշավին մասնակցելով»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք չկարողացան կոտրել այդ հանգամանքը, քանի որ քարոզարշավը շատ կարճ էր, չէին հասցնում և գյուղական վայրերում քիչ հանդիպումներ ունեցան։

Քոչարյանը նկատեց, որ իշխանությունը ավելի շատ մեծ արդյունքներ է գրանցել գյուղական վայրերում․ «Կարծում եմ՝ մեկ-երկու շաբաթ ավելի երկար քարոզարշավ անելու դեպքում մենք կկարողանայինք այդ պատկերացումը փոխեինք»:

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ մարդիկ, այնուամենայնիվ, վերջին պահին, մտահոգություն ունենալով այդ տեսանկյունից, գնացին և քվեարկեցին ներկա իշխանությունների օգտին․ «Սա երևի հեղափոխության վերջին փամփուշտն էր, բայց չեմ կարծում, որ իշխանությունը ճիշտ է գնահատում իրավիճակը. նրանք կարծում են, որ սա նոր մանդատ է իրենց համար, բայց դա ավելի շատ հակառակ մանդատ էր»։

Անդրադառնալով մանդատները վերցնել-չվերցնելու հարցին՝ Քոչարյանն ասաց, որ դաշինքում վերջնական որոշում այս հարցի վերաբերյալ չունեն։

«Ես կարող եմ ասել իմ անձնական կարծիքը․ երեկ քննարկում էինք, և Սեյրան Օհանյանը մի հետաքրքիր համեմատություն բերեց, որ մարտական գործողությունների ժամանակ եթե ամբողջական խնդիր չի լուծվում, և դու պահում ես ինչ-որ խրամատներ, ապա պիտի այդ խրամատները ոչ թե պահես, այլ ամրացնես հետագա գրոհի համար։ Հիմա պատերազմ չի, բայց քաղաքական պայքար է, և այդ համեմատությունը կարելի է ավելի մեղմ տերմիններով կիրառել նաև այս պարագայում»,- ասաց նա։

Պատասխանելով նաև լրագրողի հարցին՝ նա ասաց․ «Ես ինձ դժվար եմ տեսնում խորհրդարանում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել