Ինչպես է Հանրային հեռուստաընկերության լրատվական կայքը ուղիղ ռեժիմով լուսաբանել քարոզարշավը․ ամփոփ տվյալներ
18:15 - 19 հունիսի,2021

Ինչպես է Հանրային հեռուստաընկերության լրատվական կայքը ուղիղ ռեժիմով լուսաբանել քարոզարշավը․ ամփոփ տվյալներ

Հունիսի 7-ից մեկնարկել է նախընտրական քարոզչությունը և ավարտվել երեկ։ Այսօր լռության օր է, որի ժամանակ քաղաքական ուժերը և լրատվամիջոցները պետք է ակտիվություն չդրսևորեն և չիրականացնեն քարոզչություն։ Արդեն վաղը՝ հունիսի 20-ին տեղի կունենա քվեարկությունը։ 

Նախընտրական քարոզչության 12 օրերին հեռուստաընկերությունները և մեդիան պարտավորվում էին կուսակցություններին և դաշինքներին լուսաբանել հավասարապես։ Հանրային հեռուստաընկերության պարտավորությունները համեմատած մասնավոր ընկերությունների ավելի մեծ են, քանի որ Հանրային հեռուստաընկերությունը ֆինասնավորվում է հանրության կողմից և պարտավոր է հնարավորինս ներկայացնել հանրության շահերը։ Այլ կերպ ասած՝ Հանրայինը պարտավորություն ունի մշտապես լինել օբյեկտիվ և անկախ նախընտրական քարոզչության շրջանից լուսաբանումն իրականացնել հավասարապես։

Սակայն Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը՝ 1lurer.am լրատվական կայքը, մինչև քարոզարշավի մեկնարկը live ռեժիմով լուսաբանել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրային դրույթների ներկայացումը, ի տարբերություն, օրինակ, «Հայաստան» դաշինքի ծրագրային դրույթների ներկայացման։

Infocom-ը պաշտոնական հարցմամբ դիմել էր Հանրային հեռուստաընկերություն՝ պարզելու, թե հեռուստաընկերության առցանց լրատվական կայքն ի՞նչ սկզբունքով է իրականացնում կուսակցությունների լուսաբանումը։

Պաշտոնական պատասխանի համաձայն՝ Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը քաղաքական բոլոր ուժերին պաշտոնապես ուղարկել է գրություն, համաձայն որի, Հանրայինը պատրաստ է լուսաբանել հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերի կազմակերպած նախընտրական միջոցառումները։ Ուստի քաղաքական ուժերին խնդրել էին իրենց միջոցառումների անցկացնման ժամանակացույցը նախապես ուղարկել նշված էլ․ փոստին, դրանց պատշաճ լուսաբանումն ապահովելու համար։ Համաձայն տրամադրված պատասխանի՝ Լուրերի լուսաբանումն ուղիղ համեմատական է տվյալ օրվա տեղեկատվական օրակարգին։

Հարցման պատասխանի համաձայն՝ Live լուսաբանումն իրականացվել է լրատվական կայքի տեխնիկական հագեցվածության սահմաններում: Մասնավորապես, հաշվի են առնվել զուգահեռ ուղիղ եթերներ ապահովելու տեխնիկական եւ վեբ հնարավորությունները՝ փորձելով հնարավորինս համաչափ լուսաբանել բոլորին։

Հարցին, թե ինչու չի լուսաբանվել, օրինակ, «Հայաստան» դաշինքի ծրագրային դրույթների ներկայացման միջոցառումը, Հանրային հեռուստաընկերության պատասխանում նշվում է, որ «Հայաստան» դաշինքից հրավեր չի ստացվել։ Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրային դրույթների ներկայացման միջոցառմանը, ապա այդ դեպքում Հանրային հեռուստաընկերությունը հրավեր ստացել է։

Ստորև ներկայացնում ենք հունիսի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում Հանրային հեռուստաընկերության լրատվական կայքի՝ քաղաքական ուժերի live լուսաբանումների քանակը։ Նշենք, որ այն ուժերը, որոնք ներկայացված չեն, կամ հրավեր չեն ուղարկել Հանրային հեռուստաընկերությանը, կամ live չեն ունեցել, կամ էլ լուսաբանումն իրականացվել է առաջնահերթության սկզբունքով, այսինքն՝ միաժամանակ եղել են մի քանի live-եր, որի պարագայում ընտրվել են դրանցից մեկը կամ մի քանիսը՝ կախված տեխնիկական հնարավորություններից։ Հավելենք, որ Հանրային հեռուստաընկերությունը, անգամ անձնապես լուսաբանում չիրականացնելու պարագայում, լուրերի շրջանակներում անդրադարձել է բոլոր կուսակցություններին և դաշինքներին՝ փորձելով ապահովել հավասար լուսաբանում։ 

Հունիսի 10-ին live եթերաժամանակ է տրամադրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ 25 րոպե, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինքին՝ 51 րոպե, «Հայաստան» դաշինքին՝ 34 րոպե, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 15 րոպե, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 1 ժամ և «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությանը՝ 1 ժամ 13 րոպե։

Հունիսի 11-ին live եթերաժամանակ է տրամադրվել «Հայաստան» դաշինքին՝ 31 րոպե, «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը 26 րոպե, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինքին՝ 50 րոպե, «Պատիվ ունեմ» դաշինքին՝ 1 ժամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 1 ժամ 11 րոպե և «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցության հանրահավաքը 54 րոպե։

Հունիսի 12-ին live եթերաժամանակ է տրամադրվել «Հայաստան» դաշինքին՝ 30 րոպե, «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ 15 րոպե, «Պատիվ ունեմ» դաշինքին՝ 30 րոպե, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 25 րոպե և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը 1 ժամ 5 րոպե։

Հունիսի 13-ին live եթերաժամանակ է տրամադրվել «Հայաստան» դաշինքին՝ 49 րոպե, «Պատիվ ունեմ» դաշինքին՝ 30  րոպե, «Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ի հանրահավաքը Ազատության հրապարակում 13 րոպե, «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ 12 րոպե և «Քաղացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 1 ժամ 44 րոպե։

Հունիսի 14-ին live եթերաժամանակ է տրամադրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ 17 րոպե, «Պատիվ ունեմ» դաշինքին՝ 28 րոպե, «Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ի հանրահավաքը Ազատության հրապարակում 50 րոպե, «Հայաստան» դաշինքին՝ 14 րոպե, «Քաղացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 1 ժամ 18 րոպե և «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ին՝ 1 ժամ։

Հունիսի 15-ին live եթերաժամանակ է տրամադրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ 17 րոպե, «Հայաստան» դաշինքին՝ 36 րոպե, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ին՝ 54 րոպե, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 17 րոպե և «Քաղացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 1 ժամ 26 րոպե։

Հունիսի 16-ին live եթերաժամանակ է տրամադրվել «Հայաստան» դաշինքին՝ 44 րոպե, «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ 11 րոպե, «Պատիվ ունեմ» դաշինքին՝ 12 րոպե, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ին՝ 56 րոպե, «Քաղացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 1 ժամ 28 րոպե և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 28 րոպե։

Հունիսի 17-ին live եթերաժամանակ է տրամադրվել «Պատիվ ունեմ» դաշինքին՝ 47 րոպե, «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ 27 րոպե, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ին՝ 53 րոպե, «Հայաստան» դաշինքին՝ 43 րոպե, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 54 րոպե և «Քաղացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 1 ժամ 37 րոպե։

Ընդհանուր առմամբ նշված օրերի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը live լուսաբանման համար տրամադրվել է 10 ժամ 49 րոպե, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ին՝ 5 ժամ 24 րոպե, «Հայաստան» դաշինքին՝ 4 ժամ 41 րոպե, «Պատիվ ունեմ» դաշինքին՝ 3 ժամ 27 րոպե, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 2 ժամ 19 րոպե, «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությանը՝ 1 ժամ 57 րոպե, «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ 1 ժամ 30 րոպե, և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը՝ 1 ժամ 13 րոպե։

Եվս մեկ անգամ նշենք, որ live լուսաբանումների քանակը կարող է պայմանավորված լինել նաև տվյալ ուժերի հրավերներից և համեմատաբար ավելի շատ live հեռարձակումներ անելուց, սակայն ինչպես տեսնում ենք լուսաբանումների պատկերից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության լուսաբանման համար հատկացվող ժամանակը կտրուկ տարբերվում է մյուս կուսակցությունների լուսաբանման համար հատկացվող ժամանակից

Նարեկ Մարտիրոսյան



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել