Կային սխալներ, բայց դրանք ապագայում չեն կրկնվելու՝ սա մեր խոստումն է. «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուն՝ ՀՀԿ-ի մասին |armtimes.com|
10:27 - 15 հունիսի, 2021

Կային սխալներ, բայց դրանք ապագայում չեն կրկնվելու՝ սա մեր խոստումն է. «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուն՝ ՀՀԿ-ի մասին |armtimes.com|

armtimes.com: Գյուղատնտեսության զարգացում, փոքր եւ միջին բիզնեսի աջակցություն, բարձր արժեք ստեղծող արտադրություն. սրանք «Պատիվ ունեմ» դաշինքի տնտեսական խոստումներն են առաջիկա ընտրությունների համար: Դաշինքի ընտրացուցակի 32 համար, տնտեսագետ, ՀՀ արտաքին գործերի նախկին փոխնախարար Ռոբերտ Հարությունյանը նշում է՝ դաշինքում ներառված, 10 տարի Հայաստանը ղեկավարած ՀՀԿ-ն սխալներ արել է, բայց դրանք ապագայում չեն կրկնվելու: 

 Դաշինքի տնտեսական ծրագրերի մասին հարցազրույց Ռոբերտ Հարությունյանի հետ:

- Պարո՛ն Հարությունյան, «Պատիվ ունեմ» դաշինքը տնտեսական ի՞նչ ծրագիր ունի, ի՞նչ բարեփոխումներ է մտադիր իրականացնել:

-  Մենք որդեգրելու ենք ներդրումների եւ արտադրողականության աճի վրա հիմնված տնտեսական մոդել, ինչը ենթադրում է, որ պետք է թիրախավորել բարձր ավելացված արժեք ստեղծող ոլորտները եւ ապահովել ներդրումների ներհոսք դեպի Հայաստան: Դա նշանակում է համապատասխան պետական աջակցման գործիքակազմ, համապատասխան հարթակներ ոչ միայն բարենպաստ միջավայրի ձեւավորման, այլեւ մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ: Բացի այդ գործիքակազմ ենք կիրառելու, որպեսզի հնարավորություն տանք մեր ընկերություններին գաղափարից մինչեւ գլոբալ ընկերություն վերաճելու: Ոլորտային տեսանկյունից միանշանակ թիրախավորելու ենք գյուղատնտեսությունը, որովհետեւ այդ ոլորտում մեծ թվով մարդիկ են աշխատում: Այդ տեսանկյունից մեզ համար կարեւոր նշանակություն ունի գյուղատնտեսության ոլորտի արդիականացումը նորագույն տեխնոլոգիաներով: Պետք է մատչելի դարձնել գյուղացիների համար տարբեր հումքերը, վառելիքները: Կարեւոր է նաեւ իրացման խնդիրը, որը պետք է կարգավորվի գյուղատնտեսությունում: Շատ կարեւոր է գյուղացիների  եկամուտների կայուն աճի ձեւավորումը:

Բացի այդ մեր թիրախում է լինելու նաեւ փոքր ու միջին ձեռնարկատիրությունը: 

- Գրեթե բոլոր ուժերը գլոբալ խոստումներ են տալիս՝ վարկերի ներումից մինչեւ թոշակների եւ աշխատավարձերի բարձրացում: «Պատիվ ունեմ» դաշինքը նման խոստումներ չի՞ տալիս:

- Վարկեր ներելը որպես այդպիսին պոպուլիստական լավ քայլ է, որն իրականում մեծ խնդիրներ է առաջացնում՝ այդ թվում ֆինանսական կարգապահության տեսանկյունից: Դա նշանակում է, որ ձեւավորվում է ավանդույթ պայմանագիրը չհարգելու: Եթե դու ներում ես ինչ-որ մեկի պարտավորությունը, նշանակում է մարդու մոտ սպասումներ ես ձեւավորում, եւ նա կարող է որոշակի պարտք վերցնել կամ պարտավորություն ստանձնել եւ հետո այդ պարտավորությունը չկատարել: Սա լրջագույն ինստիտուցիոնալ խնդիր է առաջացնում մեր տնտեսության համար, դրա համար մենք այս ուղղությամբ հակված չենք գործողություններ անել կամ ինչ-որ բան առաջարկել: Բայց դա չի նշանակում, որ եթե օրինակ՝ բիզնեսին վարկեր է տրամադրվում, պետությունը սուբսիդավորում չի անելու: Մենք փորձելու ենք ֆինանսական շուկայի գործիքները մատչելի դարձնել բիզնեսի համար:

Յուրաքանչյուր քաղաքական ուժի նպատակը լինելու է մեր բնակչության սոցիալական վիճակը լավացնելը: Դա նշանակում է կենսաթոշակների, աշխատավարձերի բարձրացում, բայց շատ կարեւոր է, թե ինչպես ես դու դրան հասնում: Եթե դու դրան հասնում ես արտաքին պարտքի ավելացման միջոցով, դա լավագույն լուծումը չէ եւ հետագայում քեզ համար լուրջ ռիսկեր է ձեւավորելու, ինչպես նաեւ խաթարելու է ֆինանսական ու հարկաբյուջետային համակարգի կայունությունը: Իսկ եթե դրան հասնում ես պետական եկամուտների ավելացման շնորհիվ, այսինքն՝ ենթադրենք մեծացնում ես քո հարկման բազան, նոր բիզնեսներ եւ աշխատատեղեր են ստեղծվում ու աստիճանաբար այդ գումարներն ուղղում ես սոցիալական համակարգին՝ դա նորմալ է: Այսինքն, եթե դու տնտեսության բարելավման արդյունքում ես դա կարողանում անել՝ միանշանակ լավ է, բայց ակնկալել, որ առաջիկայում հնարավոր է լինելու շատ կտրուկ բարձրացնել աշխատավարձերն ու թոշակները՝ դա նույնպես պոպուլիստական հայտարարություն է եւ ես դրան հակված չեմ հավատալ:

- Պարո՛ն Հարությունյան, ձեր դաշինքում է ներառված ՀՀԿ-ն, որը 10 տարի ղեկավարել է Հայաստանը: Նրանց կառավարման տարիների տնտեսական քաղաքականությունը ինչպե՞ս եք գնահատում՝ այն ժամանակ բավականին դժգոհություններ են եղել:

- Դրա մասին խոսում է նաեւ հենց Հանրապետական կուսակցությունը: Այո, կային սխալներ, այդ սխալները հասկացել են, իմաստավորել են եւ այդ սխալները ապագայում չեն կրկնվելու՝ սա մեր խոստումն է: Ինչ վերաբերում է տնտեսական քաղաքականությանը, որն իրականացվել է 10 տարիների ընթացքում՝ իհարկե, պետք է ասենք, որ բացթողումների հետ մեկտեղ կային նաեւ բավականին լուրջ ձեռքբերումներ տարբեր ոլորտներում՝ սկսած ոլորտային ռազմավարություններից, քաղաքականությունից, վերջացրած տնտեսական ազատությունների ապահովմամբ:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել