Քարոզարշավ օր 9. ավտոերթեր, քայլերթեր ու հանրահավաքներ․ քաղաքական ուժերը շարունակում են արշավները |armenpress.am|
09:08 - 15 հունիսի, 2021

Քարոզարշավ օր 9. ավտոերթեր, քայլերթեր ու հանրահավաքներ․ քաղաքական ուժերը շարունակում են արշավները |armenpress.am|

armenpress.am: Ավտոերթերից մինչև հանրահավաքներ․ քաղաքական ուժերը շարունակում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավները։

Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրություններն անց են կացվելու հունիսի 20-ին:

«Հայաստան» դաշինքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ և մյուս առաջնորդների մասնակցությամբ կլինեն Արարատի մարզում։ Դաշինքի ներկայացուցիչները հանդիպում կունենան բնակիչների հետ 14։00-ին՝ Մասիս քաղաքում, ապա 16։00-ին՝ Ավշարում, 17։00-ին՝ Արարատում, 18։00-ին՝ Վեդիում։ Ժամը 19։30-ին հանրահավաք կանցկացվի Արտաշատի թատրոնամերձ հրապարակում։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի 9-րդ օրը մեկնարկելու է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Դավիթ Անհաղթի անվան զբոսայգու սկզբնամասում ժամը 11:00-ին։ Կլինի հանդիպում նաև լրագրողների հետ։

«Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի ներկայացուցիչները վաղ առավոտից առանձին խմբերով շրջայցեր կկատարեն Երևանի տարբեր վարչական շրջաններում։ Դաշինքի անդամների մի մասն էլ ժամը 15։00-ին կայցելի Կոտայքի մարզ՝ քաղաք Աբովյան։ 19։00-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ Հայկ Բժշկյանի (Գայ) արձանի մոտ հավաք կիրականացնեն։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ժամը 07։30-ին Հանրապետության հրապարակից ավտոերթ է սկսել դեպի Սյունիքի մարզ։ Ժամը 11։00-ին նրանք կլինեն Սիսիանում, 12։00-ին՝ Գորիսում, 16։00-ին՝ Ագարակում, 16։30-ին՝ Մեղրիում, 17։30-ին՝ Քաջարանում, իսկ 19։00-ին՝ Կապանում։ 

«Ազատ հայրենիք» դաշինքը հունիսի 15-ին լինելու է Վայց Ձորի մարզում։ Ժամը 12։00-ին նրանք կլինեն Եղեգնաձորում, ապա 13։00-ին՝ Վայքում, իսկ 15։00-ին՝ Ջերմուկում։ Ժամը 20։00-ին կուսակցության ներկայացուցիչները հանդես կգան մամուլի ասուլիսով՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանի քաղաքային այգում։

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը ժամը 13։00-ին նախընտրական քարոզարշավի շրջանակներում Հաղթանակ թաղամասում գտնվող Նորիկ Խաչատրյանի անվան թիվ 113 միջնակարգ դպրոցում հանդիպում կունենա բնակիչների հետ։

«Միասնական Հայրենիք» կուսակցությունը հունիսի 15-ին հանդես կգա մամուլի ասուլիսով, որը տեղի կունենա ժամը 12։00-ին։ Բանախոսը կլինի կուսակցության առաջնորդ Մհեր Տերտերյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել