Թիվ 1 պատասխանատուն իշխանությունն է, որը Հայաստանում ստեղծել է անիշխանություն․ Դավիթ Սանասարյան
20:51 - 12 հունիսի,2021

Թիվ 1 պատասխանատուն իշխանությունն է, որը Հայաստանում ստեղծել է անիշխանություն․ Դավիթ Սանասարյան

Ռոբերտ Քոչարյանները, Սերժ Սարգսյանները նորից եկել, ուզում են իշխանություն վերցնել, բայց նրանք ուր պետք է լինեին․․․։ Բանտում չեն, որովհետեւ մեր իշխանությունը թույլ է։ Այս մասին քարոզարշավի ընթացքում, զրուցելով քաղաքացիների հետ, ասել է «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Դավիթ Սանասարյանը։

«Ասում են՝  դատաիրավական համակարգը պետք է բարեփոխվի, չի բարեփոխվում, դանդաղ, կրիայի քայլերով առաջ ենք գնում, չգիտեմ՝ մինչեւ երբ ենք սենց շարժվելու։ Ասում են՝ ընտրական օրենսգիրք պիտի բարեփոխվի, Սերժի գրած ընտրական օրենսգրքով ուզում են ընտրություն անցկացնել, դրա համար ամեն տեղ՝ բոլոր քաղաքներում, գյուղերում, պաստառներ են կպցնում՝ բոլորդ գիտեք՝ ում փողերով են անում»,-նշել է Սանասարյանը։

Նրա խոսքով՝ հիմա էլ ամեն տեղ խոսակցություն է տարածվում, որ փորձում են «փողով ժողովրդից ձայն առնել», բայց ժողովուրդը պետք է թույլ չտա, որ նման բան տեղի ունենա․

«Դրա թիվ 1 պատասխանատուն իշխանությունն է, որ Հայաստանում ստեղծել է անիշխանություն․ ոչ մի խոստում կյանքի չի կոչվել, որոշ բաներ փոխվել են, բայց ժողովուրդը դրա համար չի տվել լիազորությունը , որ գնար քիչ-միչ ինչ-որ բաներ աներ։ Ժողովուրդն ասել է՝ գնացեք, թալանչիներին նստացրեք, երկրում կարգուկանոն հաստատեք, այնպես արեք, որ ժողովուրդը շնչի, նորից չմտածի երկրից դուրս գալու մասին»,-ասել է Դավիթ Սանասարյանը՝ նշելով, որ մեր զոհված տղաները մեզ պատգամ են տվել՝ պետք է լինենք արժանապատիվ, բոլորով բռունցք դառնանք, ուժեղանանք եւ այս վիճակից դուրս գանք։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել