Ռուսաստան, Եվրոպա, ԱՄՆ․ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ներկայացուցիչները բանավիճեցին արտաքին քաղաքական հարցերի շուրջ
13:31 - 12 հունիսի,2021

Ռուսաստան, Եվրոպա, ԱՄՆ․ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ներկայացուցիչները բանավիճեցին արտաքին քաղաքական հարցերի շուրջ

Երեկ՝ Հանրային հեռուստաընկերության «Հայաստանն ընտրում է» նախընտրական երկրորդ մեծ բանավեճի ընթացքում «Ազատական» կուսակցության ներկայացուցիչ Արամ Ղլեչյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արման Աբովյանից հետաքրքրվեց, թե ՀՀ ԶՈՒ ինչպիսի հայեցակարգ է ներկայացնելու ԲՀԿ-ն։

«Շատ հստակ և պարզ ներկայացված է մեր ծրագրի մեջ, որ ՀՀ բանակի արդիականացումը և նոր զինատեսակների համալրումը առաջնահերթություններից մեկն է, որը բխում է և որը կարելի է իրագործել և անհրաժեշտ է իրագործել այն պայմանագրերի ներքո, որոնք մենք ունենք թե՛ ՀԱՊԿ-ի շրջանակներում, թե՛ ՌԴ-ի հետ։ Ասեմ ձեզ ավելին․ սա գրեթե միակ իրատեսական տարբերակն է, քանզի թույլ է տալիս ՀՀ-ին ստանալ զենքը, զինամթերքը ոչ միայն գումարի դիմաց, այլ որոշ պայմանագրերի և որոշ աջակցությունների շրջանակներում, որը եղել է մինչ այսօր։ Շատ կարևոր է տեղական ռազմարդյունաբերության զարգացումը, որը ունի ահավոր մեծ պոտենցիալ, և մենք դիտարկում ենք նաև տեղական թե՛ զենքի, թե՛ զինամթերքի արտադրության անպայման և անվերապահորեն զարգացումը և ընդլայնումը»,-պատասխանեց Արման Աբովյանը։

Արձագանքելով Աբովյանին՝ Արամ Ղլեչյանը նշեց, որ Հայաստանի անվտանգային համակարգը 2020 թ․-ին ապացուցեց իր կայացած չլինելը։

«Այդ պայմաններում վստահություն եմ հայտնում, որ գործող ձևաչափով ՀՀ զինված ուժերը և ռազմաքաղաքական դաշնակցությունը չի արդարացնում և չի բխում մեր ազգային շահերից»։

Քննարկմանը միացավ նաև Հայաստանի եվրոպական կուսակցության անդամ Ներսես Զեյնալվանդյանը՝ նշելով, որ 44-օրյա պատերազմը, ինչպես նաև Սյունիքի դեպքերը հստակ ապացուցեցին, որ ՀԱՊԿ կոչվող կառույցը ի զորու չէ ոչինչ անել։ «Այդ կառույցի հետ կրկին հույսեր կապել և փորձել նոր ռազմաքաղաքական գեղեցիկ բառերով դաշինք կնքել, ապա մեր բանակը կմնա նույն կարգավիճակում։ Անհրաժեշտ է արագ դուրս գալ ՀԱՊԿ-ից, բանակցություններ սկսել Արևմուտքի հետ, և հարթել այն ճանապարհը, որը մեզ ի վերջո կտանի  դեպի ՆԱՏՕ, դեպի անվտանգություն և խաղաղություն»։

Ներսես Զեյնալվանդյանին հակադարձեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արման Աբովյանը։ «Կներեք հազար անգամ, ինձ մոտ տպավորություն է, կարծես պանթուրանական կամ պանօսամանական պրոյեկտի ինչ-որ բացատրություն է գնում։ Ժողովուրդ, ի՞նչ եք խոսում։ Կներեք, խոսում եք ԱՄՆ-ի մասին, Բլինքենը (ԱՄՆ պետքարտուղարը, խմբ․) երկու օր առաջ հանում է զենքի և զինամթերքի վաճառքի արգելքը դեպի Ադրբեջան, ՄԻԵԴ-ը՝ Եվրոպան, մերժեց հայ գերիների վերադարձի հարցը։ Բա դա ինչու՞ չեք խոսում, դե խոսեք։ Ինչքան պանթուրանական, պանօսամանական բան կա, ասեցիք»։

Այնուհետև «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Վահագն Ավագյանը հարց ուղղեց Արման Աբովյանին։ «Ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարը՝ Շոյգուն, հայտարարում է, որ Արցախում Թուրքիայի հետ հրաշալի օպերացիա իրականացրեցինք, որ Ստեփանակերտում այսօր մզկիթ են սարքում։ Խնդրում եմ՝ մեկնաբանեք, եթե կարծում եք, որ պանթուրանական ինչ-որ բաներ են տեղի ունենում»։

Արձագանքելով ԱԺԲ ներկայացուցչին՝ Արման Աբովյանն ասաց, որ ստիպված է լինելու թրեյնինգ կարդալ։ «Շոյգուն ոչ թե ասել է՝ հիանալի օպերացիա ենք անցկացնում, այլ ասել է, որ մոնիթորինգի կենտրոնի շրջանակներում համատեղ դիտարկման օպերացիա է իրականացվում։ Երբ խոսքը գնում է մզկիթի մասին, մի խեղաթյուրեք, կառուցվում է սուննական մզկիթ այն ռուս խաղաղապահների համար, ովքեր դավանում են իսլամ»։

Հայաստանի դեմոկրատական կուսակցության անդամ Նարինե Դիլբարյանն էլ բանավեճի մասնակիցներին առաջարկեց խոսել ոչ թե համաթուրքականության, այլ համահայկականության մասին։ «Իհարկե, շատ դյուրին է բոլոր մեղքերը բարդել Միացյալ Նահանգների, Եվրոպայի կամ Ռուսաստանի վրա, բայց ես կարծում եմ՝ այս արտահերթ ընտրություններում շատ ավելի կարևոր է՝ մենք հասկանանք, թե ինչպիսի բանակ ենք ստեղծում, ինչպիսի պայմանագրային հարաբերություններ ենք հաստատել»։

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Հովսեփ Ղազարյանն էլ առաջարկեց իրավիճակի մասին խոսել փաստերով։

«Նախ սկսենք ՀԱՊԿ-ից։ ՀԱՊԿ անդամ երկրներից մի քանիսը, ովքեր համարվում են մեր ռազմավարական դաշնակից, շնորհավորում են Ադրբեջանին իր հաղթանակի կապակցությամբ։ Բացի դա՝ արցախյան պատերազմի ժամանակ ներկայացնում էին, որ ՀԱՊԿ-ը կարձագանքի միայն Հայաստանի սահմանային խնդիրներին, բայց վերջին շրջանում Սյունիքի, Վերին Շորժայի, Վարդենիսի դեպքերը ցույց տվեցին, որ ՀԱՊԿ-ը անգործունակ կառույց է»։

«Ազգային օրակարգ» կուսակցությունից Արա Գասպարյանը տարօրինակ որակեց ծավալվող քննարկումը։ «Մենք հայ մարդիկ ենք, հավաքվել ենք, ինչ-որ մեկը խոսում է ՀԱՊԿ-ի մասին, մեկը խոսում է ՆԱՏՕ-ին ինտեգրվելու մասին։ Եկեք մենք առաջինը հասկանանք՝ մենք ինչպես պետք է ուժեղանանք, և ինչպես եղած ռազմաքաղաքական դաշինքները պետք է օգտագործենք իրավիճակը բարելավելու նպատակով»։

«5165 ազգային-պահպանողական շարժում» կուսակցության անդամ Հովհաննես Ղազարյանն էլ հիշեցրեց, որ թուղթ են ստորագրել՝ ավելի քաղաքակիրթ բանավեճի համար, ապա շարունակեց․ «Այնպիսի տպավորություն է, որ մենք փորձում ենք մեր արտաքին քաղաքականությանը վնասել այստեղ, որովհետև նույն Արցախի հետ կապված այդ երկրները, որոնց մասին նշում են՝ հայտարարություն արեցին և այլն, իրենք ունեն ընդհանուր կոնսեսուս, թե ինչպես պետք է հարցով զբաղվեն, և ընդհանուր պատերազմի ընթացքում էլ Միացյալ Նահանգները նույնիսկ հայտարարեց, որ Մինսկի խումբը հանդիսանում է լավ օրինակ ռուս-ամերիկյան համագործակցության համար։ Ինձ թվում է՝ այստեղ մենք պետք է ելնենք հայկական շահից, մեր ազգային շահից, հասկականք՝ մեզ ով ինչ է առաջարկում, և ինչպես մենք կկարողանանք մեր խնդիրները լուծել։ Որքան էլ խոսենք Միացյալ Նահանգների հայտարարարությունների մասին, գետնի վրա կան ռուսական զորքեր, որոնք ապահովում են Արցախի ժողովրդի անվտանգությունը, սա իրողություն է, որի հետ պետք է հաշտվել»։

ԱԺԲ ներկայացուցիչ Վահագն Ավագյանն էլ, շարունակելով ռուս խաղաղապահների համար մզկիթ կառուցելու թեման, նշեց․ «Եթե Ռուսաստանին անհրաժեշտ է իր զինվորականության համար մզկիթ կառուցել, և եթե իրենք Լավրովի բերանով հայտարարում են, որ ցանկանում են միանալ թուրքալեզու ժողովուրդների խորհրդին, և եթե Լավրովը պաշտոնապես հայտարարում է,  որ քաղաքագետները խոսում են, իբրև թե կա ինչ-որ պանթուրանական ծրագիր, ընդամենը պարապ ժամերի խոսակցություն է, և իրենք անգամ հայտարարում են, որ այդպիսի բան չկա, մենք եկեք չանհանգստանանք այդ մասին»։

«Վերելք» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանն էլ առաջարկեց հարգել ազգային ինքնությունը։ «Հարգենք այս ֆորմատը, հարգենք մեր ով լինելը և ազգային ինքնությունը։ Սա երևի ազգային ինքնության և մտածելակերպին վիրավորանք է, երբ երկու հայ կարող են ջանասիրաբար ներկայացնել եվրոպական արժեքներ կամ ռուսական արժեքներ կամ թուրքական արժեքներ, չգիտեմ՝ ում տակ թաքնված, բայց չներկայացնել ոչ մի հայկական շահ, ոչ մի պետականության շահ»։

 



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել