Ունենք բավականին լուրջ ծրագիր, և դա միայն ականջ շոյելու համար չէ․ «Հայոց հայրենիք» կուսակցության նախագահ Անահիտ Եղոյան
12:12 - 12 հունիսի,2021

Ունենք բավականին լուրջ ծրագիր, և դա միայն ականջ շոյելու համար չէ․ «Հայոց հայրենիք» կուսակցության նախագահ Անահիտ Եղոյան

«Հայոց հայրենիք» կուսակցության նախագահ Անահիտ Եղոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին և այդ համատեքստում իրենց կուսակցության ծրագրային դրույթներին։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից։

«Հայոց հայրենիք» կուսակցությունն այն ուժն է, որը երկար տարիներ պայքարել է հանուն Հայաստանի պետականության, հանուն երկրի ու Արցախի տարածքային ամբողջականության, ինչն, ըստ նրա, ոմանց դուր չի գալիս, որովհետև վերջին տարիների իրադարձությունները ցույց տվեցին, որ պետության անվտանգության մասին իրապես մտածող չկա, և տարածքային ամբողջականության հարցը ոմանց չի էլ մտահոգում։

«Մեր նախընտրական կարգախոսն է` «Միասին փրկենք Հայոց հայրենիքը»։ Ունենք բավականին լուրջ ծրագիր, և դա միայն ականջ շոյելու համար չէ։ Իշխանության գալու պարագայում շատ կարճ ժամանակահատվածում պատրաստ ենք ծրագիրը կյանքի կոչել։ Հիմնական դրույթները վերաբերում են ուժային կառույցների համակարգին»,- նշել է «Հայոց հայրենիք» կուսակցության նախագահը։

Կարևորելով համաներման ինստիտուտը` Անահիտ Եղոյանն ընդգծել է, որ իրենք կողմ են, որ մինչև 2021 թվականի ավարտն իրականացվի համաներում, որը պետք է տարածվի մինչև յոթ տարի և ցմահ դատապարտված անձանց վրա։

Ըստ նրա` կուսակցությունը կարևորում է նաև կոռուպցիայի դեմ պայքարը և այդ համատեքստում նախկին իշխանությունների օրոք թալանված միջոցների վերադարձը պետբյուջե։

«Հայոց հայրենիքը» պնդում է, որ նախկինում կոծկված քրեական աղմակահարույց գործերն անհրաժեշտ է վերաբացել և մեղավորներին արժանիորեն պատժել, ինչպես և անհրաժեշտ է վերանայել անարդարացիորեն կայացված դատական որոշումները։

«Մենք կարևորում ենք նաև ագրոարդյունաբերության զարգացումը։ Պատրաստ ենք ազգայնացնել հանքարդյունաբերության ողջ համակարգը, մարզերում վերականգնել մեքենատրակտորայի կայանները, իրականացնել վարելահողերի իրական վիճակի ուսումնասիրություն։ Իհարկե, ուշադրության կենտրոնում ենք պահում սոցիալ–տնտեսական խնդիրները։ Պատրաստ ենք նվազագույն սպառողական զամբյուղը հասցնել 150 հազար դրամի, պատերազմում հաշմանդամ դարձած զինծառայողներին ցմահ տրամադրել նպաստ, միայնակ մայրերին նույնպես հատկացնել նպաստ»,- նշել է «Հայոց հայրենիքի» ղեկավարը։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել