Մենք դիրքավորվում ենք որպես շարքային ընտրող՝ տեղեկացնելով, որ չենք մասնակցելու այս արտահերթ ընտրություններին․ «Ձայն» Լիբերթար Պահպանողական Կուսակցություն
18:07 - 29 մայիսի, 2021

Մենք դիրքավորվում ենք որպես շարքային ընտրող՝ տեղեկացնելով, որ չենք մասնակցելու այս արտահերթ ընտրություններին․ «Ձայն» Լիբերթար Պահպանողական Կուսակցություն

ՁԱՅՆ Լիբերթար Պահպանողական Կուսակցությունը ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորեւ․


«Հարգելի հայրենակիցներ,

Մեզ կարևորագույն ընտրություն է սպասվում։ Ճակատագրական այս ճամփաբաժանին կանգնած, մենք պետք է որոշենք, թե ինչպիսին ենք ուզում տեսնել մեր Պետության ճակատագիրն ու ապագան այս բարդագույն, խճճված ու վտանգավոր ժամանակահատվածում։ 
Ողբերգական, հուզական, բևեռացված ու ապոկալիպտիկ բոլոր տրամադրություններն ավելի քան բնական ու հասկանալի են, սակայն՝ քաղաքականության մեջ, հատկապես ճակատագրական պահերին և խաչմերուկներին, անհրաժեշտ է առավելագույնս կենտրոնանալ, հավաքել մտքերը, անջատել հուզական ու պարտվողական բոլոր բնազդներն ու միացնել ողջամտությունը։ 
Մենք կամ կցուցադրենք, ինչպես 2018 ին, որ կանք, ուժ ու եռանդ ունենք ձերբազատվելու ապիկար ղեկավարներից և տնօրինելու մեր Պետության ապագան, կամ կընտրենք հինը կամ ավելի հինը, ու սպիտակ քարտ կտանք մեր Պետության թշնամիներին, մեր Պետության ճակատագիրը մեր փոխարեն որոշելու համար։

Հարգելի հայրենակիցներ, անգամ մեծ ցանկության դեպքում հին բանալիները նոր դռներ չեն բացում, վատ և ավելի վատ անցյալից ժառանգված թեկնածուները չեն կարող մեզ բերել դրական արդյունքի, չեն կարող կառուցել մեր ապագան, քանի որ նրանք Հայաստանի խամրած և տապալված անցյալն են։
Այսօրվանից ու ամեն օր, մինչև ընտրությունների օրը, լինենք զգոն, աչալուրջ, վերագտնենք մեր ինքնությունը, հիշենք մեր անցած ճանապարհը, հասկանանք ու վերանայենք մեր խնդիրները, բարդույթները, արգելակներն ու հնարավորությունները, և թույլ չտանք քաղաքական պատեհապաշտներին, քաղաքական ծովահեններին կամ հանցագործներին տնօրինել մեր հայրենիքի ճակատագիրը՝ մեզ հիմարացնելով։

ՁԱՅՆ Լիբերթար Պահպանողական կուսակցությունը հնչեցնում է, որ Հայաստանի Հանրապետության անկմանը չի նպաստելու, դիմադրելու է՝ որպես հասուն, ողջամիտ ու այս հողի վրա հազարամյակներ ապրելու պատրաստ ու պատասխանատու քաղաքացիների միություն, պատրաստ կանգնելու ու դիմադրելու, ի փառս անկախ ու սուվերեն Հայաստանի Հանրապետության։ 

Սա է մեր առաքելությունը։

Մենք, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ներկայիս քաղաքական իրողությունները, դիրքավորվում ենք որպես շարքային ընտրող՝ ընտրարշավից դուրս, տեղեկացնելով, որ չենք մասնակցելու այս արտահերթ ընտրություններին, ոչ սեփական, ոչ որևէ այլ կուսակցության կամ դաշինքի ցուցակով:

Մենք, որպես նոր քաղաքական ուժ, այս պահից այլևս մեր համաքաղաքացիների հետ ենք՝ Հայաստանի Հանրապետության պահպանումն ու գոյատևումը հնարավոր դարձնելու տեսիլքով»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել