ԱԻՆ-ում բալային համակարգ է ստեղծվում․ որպեսզի կարողանանք տարանջատել աշխատողին չաշխատողից. նախարար |tert.am|

09:30 - 05 փետրվարի, 2020

tert.am: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ամփոփելով 2019 թվականը նշեց, որ նախարարության ֆինանսական ծախսերը 2019 թվականի համեմատ 2020 թվականին ավելացվել է 2․7 մլրդ դրամով, ինչը պայմանավորված է պարգևատրման ֆոնդի և աշխատավարձերի ավելացման հետ։

Նախարարը ներկայացրեց, որ օպտիմալացման արդյունքում այնպես են աշխատել, որ կրճատումներ չլինեն։ «Փրկարար ծառայությունում հաստիքների կրճատում ընդհանրապես չի լինելու, այստեղ պաշտոնական հաստիքների կրճատում է լինելու, կենտրոնական ապարատում եղած շատ հաստիքներ գնացել են դեպի ներքևի օղակներ։ Օպտիմալացման արդյունքում մենք փորձել ենք ուժեղացնել այն ստորաբաժանումները, որոնք անմիջական աշխատանքի, բնակչության հետ շփման մեջ են»,- ասաց նա և հավելեց, որ արդեն մեկ ՊՈԱԿ է փակվել։

«Հրդեհներ են գրանցվել նաև ձմռանը։ Բարձր խոտերը, որոնք չեն հնձվել, այրվում են և այն հասնում է մինչև անտառներ։ Մենք անտառներով հարուստ չենք, և եթե դրանք կորցնենք, կնշանակի, որ շատ բան ենք կորցնում։ Նկատել եք՝ մենք անընդհատ հաղորդագրություններ էինք ուղարկում և մարդկանց զգուշացնում։ Նույնիսկ մի դեպք եղավ, երբ սկսեցին մեզ ծաղրել, թե ձմեռվա կեսին ԱԻՆ-ը հրդեհներից պաշտպանվելու հաղորդագրություն է ուղարկել։ Այո, հենց ձմեռվա ընթացքում շատ անտառային հրդեհներ ենք ունեցել»,- նշեց նախարարը։

Ֆելիքս Ցոլակյանը նաև նշեց, որ ԱԻՆ-ում դրամական խրախուսման ավելացում է սպասվում, սակայն անցյալ տարի խրախուսման ֆոնդը ավելի հավասարաչափ է տրամադրվել, որի կարգավորման համար բալային համակարգ է մշակվում։ Սրանով դրամական օգնություն կստանան լավ աշխատողները։

Հարցին, թե ինչ է իրենից ներկայացնում բալային համակարգը, Ցոլակյանը պատասխանեց․ «Բալային համակարգն ստեղծել ենք, որպեսզի կարողանանք տարանջատել աշխատողին չաշխատողից։ Այնպես էր ստացվել, որ մենք աշխատողներից 30 տոկոսին բարձր աշխատավարձ էինք տալիս, բայց մի մասը աշխատում էր, մի մասը՝ոչ»,- ասաց նա և հավելեց, որ բալային համակարգի մասին կարող է ավելի մանրամասն ներկայացնել, երբ այն ամբողջությամբ պատրաստ կլինի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել