«Մենք չպետք է դառնանք խոստում տվող և ոչինչ չանող հերթական կուսակցություն»․ կայացավ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության հիմնադիր համագումարը
17:24 - 29 ապրիլի, 2021

«Մենք չպետք է դառնանք խոստում տվող և ոչինչ չանող հերթական կուսակցություն»․ կայացավ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության հիմնադիր համագումարը

Այսօր տեղի ունեցավ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության հիմնադիր համագումարը։ Համագումարի ժամանակ՝ օրակարգը հաստատելուց հետո, ելույթ ունեցան ստեղծվող կուսակցության գործադիր մարմնի թեկնածուները։

«Այն առիթը, որը ստիպել է մեզ հիմա այստեղ հավաքվել, և ձեզ էլ համախմբել այս գաղափարի շուրջ, վտանգի զգացումն է։ Ամենասարսափելին այն է, որ պատերազմից հետո հասկացանք, որ մեր հասարակության մի զգալի մաս նույնիսկ այս պայմաններում չի զգում վտանգը»,- իր ելույթում ասած գործադիր մարմնի թեկնածու Արա Զոհրաբյանը։

Զոհրաբյանի խոսքով՝ իրենց կուսակցությունն էլ կարող է թվարկվել սնկի պես բացվող կուսակցությունների շարքի մեջ, բայց նա վստահ է, որ ստեղծված և ստեղծվող կուսակցությունների մեծ մասը, անկախ քանակից, վտանգի զգացումով և երկրի համար ինչ-որ բան անելու մղումով է գնում․ «Մենք հասկանում ենք, որ չպետք է դառնանք խոստում տվող և ոչինչ չանող հերթական կուսակցություն»։ 

Արա Զոհրաբյանն ասաց, որ պատահական չէ կուսակցության անվան մեջ ազգային և քրիստոնեական բառերն օգտագործելը․ «Մենք քրիստոնեությունն առաջին ընդունած պետությունն ենք, բայց կենցաղավարության մեջ, կյանքի այլ ոլորտներում արդյո՞ք ապրում ենք քրիստոնեական կյանքով։ Մենք կարևորում ենք մեր եկեղեցու դերը և՛ կրթության, և՛ մշակույթի, և՛ մեր կյանքի բոլոր ոլորտներում։ Այստեղ հավաքվածները և գործադիր մարմնի անդամների թեկնածուները ազգային մտածելակերպ ունեցող մարդիկ են»։

Արա Զոհրաբյանը նշեց, որ իրենց կարծիքով՝ պետությունը պետք է սահմանի հայ մարդու բացարձակ կերպարը և կրթական-մշակութային միջոցառումներով ազաբնակչությանը տանի այդ կատարելատիպին․ «Հայ մարդը պետք է խորապես տիրապետի հայերենին, ճանաչի այն երկիրը, որտեղ ապրում է, իմանա սեփական պատմությունը՝ արարչագործությունից ի վեր, քրիստոնեական և ազգային ավանդույթների կրող լինի, լինի նորարար, աշխատասեր և ուսումնատենչ, ունենա հմտություններ ռազմարվեստում, ծանոթ լինի քրիստոնեական դավանաբանությանը, ապրի և ստեղծագործի Հայաստանում, ունենա հստակ պատկերացում աշխարհաքաղաքական իրավիճակի մասին և բավարար հմտություններ՝ ժամանակակից մարտահրավերներին դիմագրավելու համար, ունենա կամք և դիմադրողականություն՝ ապազգային երևույթները մերժելու համար, ունենա սեր առ հայրենիք»։

Գործադիր մարմնի անդամի թեկնածու Վահագն Չախալյանն էլ իր ելույթում անդրադարձավ նրան, թե ինչ է կատարվել մեր երկրում վերջին երեսուն տարիների ընթացքում․ «Երեք տասնամյակ մեր երկիրն ապրել է ժողովրդագրական ահռելի ճգնաժամ, արտագաղթ, ամուսնությունների թվի անկում, բնակչության թվի ծերացում, հղիության արհեստական դադարեցում։ Երեք տասնամյակ մեր երկիրը մխրճվել է կոռուպցիայի մեջ, կոռումպացվել են մեր կյանքի բոլոր ուղղությունները, ապականվել են պետական, իրավական, ռազմական համակարգերը, զուգահետ պղծվել են տնտեսական, առողջապահական և կրթական համակարգերը»։

Չախալյանի խոսքով՝ Հայաստանն աղքատացել է, անվերահսկելիորեն և շարունակաբար աճել են մեր մասնավոր և պետական պարտքի ցուցանիշները․ «Մենք ունենք ընդամենը երկու տարբերակ՝ լինել հանցակից և կորցնել ամեն ինչ կամ արթնանալ հանցավոր թմբիրից, թևակոխել պատմության նոր հանգրվան։ Մենք՝ այստեղ հավաքվածներս, հրավիրում ենք բոլորին համախմբվելու և ապրելու ազգային և քրիստոնեական զարթոնք»։

Գործադիր մարմնի անդամնեի թեկնածուների ելույթներից հետո հիմնադիր համագումարի մասնակիցները միաձայն կողմ քվեարկեցին «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության հիմնադրմանը, որից հետո քվեարկությամբ հաստատվեցին կուսակցության կանոնադրությունը և ծրագիրը։

Արա Զոհրաբյանը ներկայացրեց ծրագրի հիմնական դրույթները։ Կուսակցության ծրագրում նշված հիմնական դրույթներից է այնպիսի պետության կայացումը, որտեղ գործում է կիսանախագահական համակարգ, Ազգային ժողովն էլ երկպալատ է։

Կուսակցության հիմնադիր անդամները նախօրոք փակ քվեարկությամբ ընտրել էին գործադիր մարմնի անդամներին։ Քվեարկության արդյունքներով մարմնի անդամներ ընտրվեցին Արա Զոհրաբյանը, Վահագն Չախալյանը, Գրիգոր Մնացականյանը, Արտեմ Թարզյանը, Կարեն Թորոսյնաը, Կարինե Նալչաջյանը, Սամվել Չախալյանը։

Վերջում ձայների մեծամասնությամբ կուսակցության նախագահ ընտրվեց Արա Զոհրաբյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել