Ռազմագերիների վերադարձի մասով միջազգային ճնշումն օրեցօր ավելանում է. ԱԳ նախարար |armenpress.am|
15:36 - 29 մարտի, 2021

Ռազմագերիների վերադարձի մասով միջազգային ճնշումն օրեցօր ավելանում է. ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձության  խնդիրը անհապաղ պետք է լուծվի, և դա իրապես շատ դրական քայլ կլինի հարևան երկրի կողմից:

Մարտի 29-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակին:

«Ադրբեջանում իրարարամերժ հայտարարություններ են հնչում: Մի կողմից՝ Ադրբեջանը ցանկանում է միջազգային հանրության մոտ ստեղծել տպավորություն, որ հակամարտությունն ավարտված է, հարցը լուծվում է, և իրենք հիմա պատրաստվում են խաղաղության, բայց մյուս կողմից՝ նրանց խոսքերն ու գործերն ապացուցում են ճիշտ հակառակը: Թե ինչու է այդպիսի ականջ շոյող հայտարարություններ անում Ադրբեջանի նախագահը որոշ լսարանի համար, շատ պարզ է՝ հեռու գնացող նպատակներ ունի, բայց իրականությունն այդպես չէ: Ավարտվել է պատերազմը, հակամարտությունը չի ավարտվել: Եվ դրա մասին ասում ենք ոչ միայն մենք, այլ նաև միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, տարբեր դերակատարներ»,- ընդգծեց Այվազյանը:

ԱԳ նախարարի կարծիքով` տարածաշրջանում իրապես կայունության, անվտանգության և խաղաղության մթնոլորտ ձևավորելու համար պետք է անպայման հասցեագրել ԼՂ հակամարտության ամենաառանցքային տարրը` ԼՂ կարգավիճակի հարցը:

«Դա պետք է խարսխված լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա: Դա բոլորն են հասկանում, շատ քիչ դերակատարներ կան, որ չեն հասկանում: Դրան հասնելը երկար և դժվարին գործընթաց է: Պետք է վերականգնել վստահության մթնոլորտը: Հատկապես հիմա՝ այս ցնցումից հետո, ողջ տարածաշրջանում անհապաղ պետք է լուծում գտնի մեր ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձության խնդիրը: Դա կլինի իսկապես շատ դրական քայլ՝ հարևան երկրի կողմից»,- շեշտեց Այվազյանը:

Արտաքին գործերի նախարարը նշեց նաև, որ ապրիլի 1-ին մեկնում է Մոսկվա ԱՊՀ շրջանականերում արտաքին գործերի նախարարների խորհրդին մասնակցելու, որտեղ  կլինեն շփումներ տարբեր գործընկերների հետ, սակայն Ադրբեջանի հետ երկկողմ կամ եռակողմ հանդիպումներ դեռ նախատեսված չեն:

«Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հետ շփումներին, ապա  պարբերաբար լինում են շփումներ թե ողջ կազմի հետ, թե առանձին համանախագահ երկների և արտգործնախարարների, և դեսպանների հետ»,- հավելեց նախարարը:

Ամփոփելով խոսքը ` Այվազյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ պետական գերատեսչությունների համատեղ ջանքերի շնորհիվ ռազմագերիների խնդիրը դարձել է շատ հնչեղ միջազգային ասպարեզում:

«Եթե հետևում եք լուրերին, ապա ակնհայտ է, որ միջազգային ճնշումն օրեցօր աճում է, և պատանդառության այս գործելաոճը դարձել է խնդրահարույց Ադրբեջանի համար»,- եզրափակեց Այվազյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել