ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը պետք է շարունակվի. ՌԴ փոխարտգործնախարար |tert.am|
12:34 - 10 փետրվարի, 2021

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը պետք է շարունակվի. ՌԴ փոխարտգործնախարար |tert.am|

tert.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը պետք է շարունակվի, նրանք կարևոր ներդրում են ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մշակման գործում, որոնցից շատերն արտացոլվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:

«Սա վերաբերում է նաև Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանների Ադրբեջան վերադարձին, փախստականների վերադարձին, Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միջանցքի պահպանմանը, անվտանգությանը, խաղաղապահ գործողություններին, տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը:

Առաջվա պես պահանջված է մնում համապարփակ քաղաքական կարգավորման հասնելու խնդիրը, որը ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի (1994 թվական) որոշումներով դրված է Մինսկի խմբի համանախագահության վրա: Եռյակը միջազգային ուժեղ աջակցություն ունի և կարող է օգտակար լինել հետագա քայլերի, այդ թվում՝ կարգավիճակի վերաբերյալ հարցերի, փոխընդունելի մոտեցումների մշակման համար: Բայց զգուշավոր, առանց շտապելու, երբ ժամանակը գա:

Այժմ ԵԱՀԿ Մինսկի խումբը և նրա համանախագահները կարող են ակտիվություն դրսևորել հայերի և ադրբեջանցիների միջև վստահություն ստեղծող քայլեր ձեռնարկելու գործում: Երկխոսության զարգացումը քաղաքացիական հասարակության շրջանակներում կնպաստի տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր բարելավմանը և քաղաքական ուղու վրա հետագա քայլերի նախադրյալների ստեղծմանը»,-նշել է Ռուդենկոն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել