ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանը PanARMENIAN.Net լրատվականի հարցին․

Հարց. Օրերս Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարել էր, թե, եթե խաղաղությունը երկարատև լինի, Թուրքիան և Ադրբեջանը պատրաստ են քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Արդյոք կարող եք մեկնաբանել, թե արդյոք հայկական կողմը պատրաստ է «հարաբերությունները կարգավորելու»: Ինչ պետք է հասկանալ այդ հայտարարության ներքո, այս մասով որևէ նախաձեռնություն նկատվել է, մասնավորապես՝ թուրքական կողմից։

Պատասխան. Չէի ուզենա մեկնաբանել թուրք-ադրբեջանական ղեկավարության հայտարարությունները, որոնք որևէ ձևով չեն ամրապնդվում գործողություննեուով: Ավելին, դրանք հակասում են միմյանց: ԵԱՀԿ հանձնառությունների խախտումներով Հայաստանի սահմանների մոտ իրականացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունները չեն վկայում, որ թուրք-ադրբեջանական ղեկավարությունը խաղաղ մտադրություններ ունի Հայաստանի հանդեպ: Հայաստանի հանդեպ թշնամական գործողությունների դադարեցումը կարող է պայմաններ ստեղծել տարածաշրջանում վստահության ձևավորման համար:

Հիշեցնենք, որ փետրվարի 1-12-ը Թուրքիան զորավարժություններ կանցկացնի Հայաստանի սահմանին մոտ գտնվող Կարսում, որին կմասնակցեն նաև ադրբեջանցի զինվորականները։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` վարժանքների ընթացքում նախատեսվում են նոր սպառազինության փորձարկումներ։