Ըստ Կրեմլի՝ Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպմանը քննարկվելու է հայտարարության կատարման ընթացքը |azatutyun.am|
17:06 - 10 հունվարի, 2021

Ըստ Կրեմլի՝ Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպմանը քննարկվելու է հայտարարության կատարման ընթացքը |azatutyun.am|

azatutyun.am: Կրեմլը այսօր պաշտոնապես հաստատել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք եռակողմ բանակցությունների մասին տեղեկությունները։

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայանալու են Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ բանակցությունները»,- նշված է Կրեմլի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

«Նախատեսվում է անդրադառնալ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ընդունված հայտարարության կատարման ընթացքին, ինչպես նաև քննարկել տարածաշրջանում առկա խնդիրների լուծման հետագա քայլերը։ Հատուկ ուշադրություն է դարձվելու ռազմական գործողություններից տուժած շրջանների բնակիչներին օգնության տրամադրմանը, ինչպես նաև առևտրա-տնտեսական և տրանսպորտային կապերի զարգացմանը»,- նշված է Կրեմլի կայքում։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել է, որ եռակողմ հանդիպման նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի, և Ղարաբաղի հարցի կամ տարածքային որեւէ հարցի լուծմանը վերաբերող փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։ Գևորգյանի խոսքով՝ եթե հանդիպման ընթացքում օրակարգային հարցերի շուրջ հնարավոր լինի հասնել համաձայնությունների, հնարավոր է հանդիպման արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարության ստորագրում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել