Մոսկվայում Ղարաբաղի հարցի կամ տարածքային որեւէ հարցի լուծմանը վերաբերող փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում․ ՀՀ վարչապետի խոսնակ
14:42 - 10 հունվարի, 2021

Մոսկվայում Ղարաբաղի հարցի կամ տարածքային որեւէ հարցի լուծմանը վերաբերող փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում․ ՀՀ վարչապետի խոսնակ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
 
ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը, անդրադառնալով վարչապետի աշխատանքային այցին, Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ եռակողմ հանդիպման նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի, որը վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, միջազգային բեռնափոխադրումների իրականացմանը՝ այդ թվում Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, ինչպես նաեւ Հայաստանի կենտրոնական հատվածներից Նախիջևանի երկաթուղով դեպի Սյունիքի մարզ:
 
«Ադրբեջանական կողմը եւ հայկական որոշ շրջանակներ անընդհատ շրջանառում են այսպես կոչված «Մեղրիի միջանցքի» թեման, սակայն ինչպես բազմիցս նշվել է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա ոչ Մեղրի, ոչ էլ Հայաստանի տարածքով միջանցք ստեղծելու մասին որեւէ դրույթ:
 
Հայկական կողմի համար, սակայն, անկյունաքարային եւ սկզբունքային է գերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր զինվորների որոնողափրկարարական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը: Առանց այս հարցերի լուծման կամ էական առաջընթացի չափազանց դժվար կլինի տնտեսական օրակարգի արդյունավետ քննարկումը եւ հայկական կողմը այս խնդրի քննարկումը համարում է մոսկովյան հանդիպման առանցքային թեմաներից մեկը:
 
Ընդգծեմ նաեւ, որ Մոսկվայում Ղարաբաղի հարցի կամ տարածքային որեւէ հարցի լուծմանը վերաբերվող փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում: Եթե հանդիպման ընթացքում օրակարգային հարցերի, այսինքն՝ տնտեսական թեմաների, գերիների փոխանակման, անհետ կորածների հարցի շուրջ հնարավոր լինի հասնել համաձայնությունների, հնարավոր է հանդիպման արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարության ստորագրում»,- գրել է խոսնակը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել