Ադրբեջանի վերահսկողության տակ անցած մշակութային արժեքների ցանկը դեռ ամբողջական չէ |hetq.am|
18:05 - 08 հունվարի, 2021

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած մշակութային արժեքների ցանկը դեռ ամբողջական չէ |hetq.am|

hetq.am: Արցախում մասնագետներն աշխատում են ամբողջացնել 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո վերջիններիս վերահսկողության տակ անցած հայկական մշակութային արժեքների ցանկը:

Պատրաստ է միայն Արցախի Շահումյանի /Քարվաճառ/ շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը, որտեղ ներառված է 377 հուշարձան: Մասնավորապես՝ Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել Դադիվանք վանական համալիրը (հսկվում է ռուս խաղաղապահների կողմից), Դադի եկեղեցին, վերջինիս բեմի տակ գտնվող ստորգետնյա դամբարանը, որը պեղվել և բացվել է 2008թ.-ին, իշխանական ապարանքը, Քնարավան գյուղում՝ 9-14-րդ դարերի ամրոց-հնաբերդը, 9-11 րդ դարերի ապարանք-դղյակը, Չափնիի սբ Կարապետ վանական համալիրը, բազմաթիվ խաչքարեր և այլն:

Տիգրանակերտի հնագիտական խմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ պատերազմի առաջին իսկ օրերից Տիգրանակերտի հնագիտական ողջ հավաքածուի մասին հոգ է տարվել, ապահով վիճակում է: Աշխատանքներն իրականացրել է Տիգրանակերտի արշավախումբը՝ Հայաստանի և Արցախի պատկան մարմինների աջակցությամբ:

«Եթե ռմբակոծվում, հրետակոծվում էին բնակավայրերը, հրթիռակոծվում էին նաև թանգարանները, շենքերը, որտեղ պահվում էին մշակութային արժեքները: Մեր նպատակն էր, քայլեր ձեռնարկել, որ այդ մշակութային արժեքները չվնասվեին»,- ասաց Հ. Պետրոսյանը:

Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը ասաց՝ արդեն տեղեկություններ ունեն, որ ադրբեջանցիները Հայրենական մեծ պատերազմի հուշարձաններն են պղծում: Գյուղերում պայթեցրել են նաև Արցախի առաջին պատերազմի զոհերին նվիրված հուշակոթողները: Թիրախավորում են և հրազենով խփում: Վնասել են նաև գերեզմանաքարերը: Նախարարը ռուս խաղաղապահներին տեղեկացրել է այդ մասին:

Համացանցում տարածվել էր նաև Շուշիում Սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխատված արձանի տեսանյութը:

«Հայերի նկատմամբ ունեցած բարդույթն այնքան չեն հաղթահարել, որ նույնիսկ քարի «վիզն» են կտրում: Արժանապատիվ հաղթանակի տերը նման բան չի անի: Իրենք դեռ բարդույթներ ունեն, որովհետև գիտեն, որ հաղթել են իրենց բայրաքթարները, ոչ թե իրենք: Հաղթանակը դրել են իրենց ձեռքը, հաղթանակը չեն վաստակել»,- ասում է Լ. Ղարախանյանը:

Նախարարը մտահոգված է նաև Ադրբեջանի ճարտարապետների միության նախագահ Էլբայ Քասիմ զադեի (Elbay Qasim-zade) հայտարարությամբ, ըստ որի՝ պետք է ոչնչացվեն Արցախի հայկական եկեղեցիները, մշակութային արժեքները։ Նախարարը նշում է, որ սա մշակութային եղեռն իրագործելու բացահայտ հայտարարություն է։

«Ցավոք, ուզում ենք արձանագրել, որ միջազգային կառույցներն այսօր էլ կա՛մ ի զորու չեն, կա՛մ պարզապես չեն ցանկանում կանխել մշակութային այս եղեռնը»,- ասում է Լ. Ղարախանյանը՝ հավելելով, որ հույս չունի, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն օբյեկտիվորեն կզբաղվի այս հարցով։

«Հուշարձանների մեծ մասը մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում: 4000-ից ավել հուշարձանների մեծ մասն իրենց վերահսկողության տակ է: Ընդ որում, հաշվառումը դեռ ավարտված չէր և եթե ավարտվեր, ըստ փորձագետների՝ հուշարձանների թիվը կանցներ 10 հազարից»,- ասում է Արցախի ԿԳՄ նախարարը:

Հայաստանի արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետ Սերոբ Բեջանյանի փոխանցմամբ՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված Արցախի տարածքներում պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցը գտնվում է նախարարության ուշադրության կենտրոնում: Ըստ նրա՝ թուրք-ադրբեջանական ագրեսիայի առաջին իսկ օրերից ԱԳՆ-ն ձեռնարկել է անհրաժեշտ քայլեր՝ սևեռելու միջազգային հանրության ուշադրությունը կատարվող հանցագործությունների վրա:

Կարդալ ավելին՝ hetq.am-ում։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել