Առանց ընտրական հանձնաժողովների փոփոխության, ԿԸՀ-ի լյուստրացիայի՝ ՀՀ-ում արդար ընտրությունների մասին խոսակցությունները դեկլարատիվ են․ Անդրիաս Ղուկասյան
17:15 - 26 դեկտեմբերի, 2020

Առանց ընտրական հանձնաժողովների փոփոխության, ԿԸՀ-ի լյուստրացիայի՝ ՀՀ-ում արդար ընտրությունների մասին խոսակցությունները դեկլարատիվ են․ Անդրիաս Ղուկասյան

Հայ կառուցողական կուսակցության նախագահ․ քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի համոզմամբ՝ Հայաստանում անհրաժեշտ է քաղաքական լյուստրացիա իրականացնել՝ մաքրել պետական համակարգը։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում ասաց Ղուկասյանը՝ հավելելով, որ լյուստրացիայի մասին օրինագիծ նախաձեռնելու գործընթացի մեկնարկի համար առնվազն 25 անդամ է պետք։ 

Այս պահի դրությամբ հավաքագրում են նախաձեռնող խմբի անդամներին՝ հասարակական եւ քաղաքական գործիչների, որոնք կիսում են այդ կարծիքը եւ կարող են կազմակերպչական ներուժ ունենալ՝ քաղաքական լյուստրացիայի մասին օրինագիծն առաջ բերելու համար։ Նախագիծը, ինչպես հայտնեց մեր զրուցակիցը, մշակման-ավարտական փուլում է, այն ներկայացվելու է հանրային քննարկման, որպեսզի հստակեցվեն բոլոր դրույթները, հասկանալի եւ ընդունելի լինեն շահագրգիռ ուժերին։

50 հազար ստորագրություն հավաքելու դեպքում օրինագիծը կներկայացվի խորհրդարան, վերջինն էլ կորոշի՝ ընդունել այն կամ մերժել։ Մերժելու դեպքում ավելի շատ քաղաքացիների ստորոագրություններ պետք է հավաքվեն, որպեսզի նախագիծը դրվի հանրաքվեի։ 

Քանի որ դեռեւս հստակ չէ՝ արտահերթ ընտրություններ երբ կլինեն*, Ղուկասյանը նկատեց՝ նախագիծն ամենայն հավանականությամբ մինչեւ գարուն արդեն կլինի խորհրդարանում, այսինքն՝ կներկայացվի այսօրվա կառավարող ուժին։ 

Մեր զրուցակցի կարծիքով՝ պետք է հստակեցվի արտահերթ ընտրությունների ժամկետը եւ գործնական քայլեր պետք է արվեն երկրում ազատ, արդար ընտրություններ անցկացնելու համար․

«Կարծում եմ, որ այդպիսի պայմանները ներկայումս բացակայում են։ Մասնավորապես, այն ընտրական հանձնաժողովների համակարգը, որը տարիներ շարունակ գործել է Հայաստանում, որեւէ փոփոխության չի ենթարկվել։ Այն մարդիկ, որոնք ներգրավված էին ընտրությունների արդյունքները կեղծելու, իշխանության յուրացման գործընթացներում, շարունակում են մնալ ընտրական համակարգում եւ դերակատարություն ունենալ։ Առանց ընտրական հանձնաժողովների փոփոխության, առանց ԿԸՀ-ի լյուստրացիայի՝ Հայաստանում ազատ, արդար ընտրությունների մասին խոսակցությունները դեկլարատիվ բնույթ ունեն։ Մենք կարեւորում ենք նաեւ, որ ընտրությունների ձայների հաշվարկը լինի ավտոմատացված, ինչը կբացառի քվեարկության կամ քվեարկության արդյունքում ձայների հաշվարկի ժամանակ մարդկային միջամտությւունը։ Դրանով լրացուցիչ երաշխիքներ ստեղծվեն, որ արդյունքները ճիշտ են հաշվարկվել»։

Արդար ընտրություններ կազմակերպելու համար, ըստ Ղուկասյանի, անհրաժեշտ է, որ հստակեցվի՝ քաղաքական գործունեությամբ չեն կարող զբաղվել այն կուսակցությունները, որոնք տարիներ շարունակ ընտրություններում զբաղվել են ընտրակաշառք բաժանելով։ Նրա պնդմամբ՝ «Կուսակցությունների մասին» գործող օրենքն, ըստ էության, այդ խնդիրը չի լուծում․

«Հարկավոր է քաղաքական ուժերի վերագրանցում, ինչը կբացառի այն ուժերի հետագա գործունեությունը, որոնք ընտրակաշառքով տարիներ շարունակ զբաղվել են իշխանության յուրացմամբ կամ սատարել են իշխանության յուրացմանը։ Գլխավոր խնդիրներից մեկն է սա, որովհետեւ խարդախ քաղաքական ուժերի հետ ընտրությունների գնալն արդեն իսկ այդ հանցավոր ուժերի նկատմամբ ինչ-որ կոմպրոմիսային մոտեցման դրսեւորում է․ ըստ իս՝ որեւէ կոմպրոմիս չի կարող լինել հանցագործների հետ։ Ժողովրդավարական, իրավական պետություն հնարավոր չէ ստեղծել՝ հենվելով կազմակերպված, հանցավոր խմբերի վրա։ Այս խնդիրն առ այսօր օրենսդրական լուծում չի ստացել, քրեաօլիգարխիկ ռեժիմի գնահատականը չի տվել գործող խորհրդարանը»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ այսօր արվող բոլոր առաջարկները նպատակ են հետապնդում իշխող ուժի համար հեշտացնել վերարտադրվելու գործընթացը․

«Այդպես եղել է Սերժ Սարգսյանի օրոք, շարունակում է պահպանվել այսօր»։

Հայ կառուցողական կուսակցության նախագահի խոսքով, սակայն, այսօր ե՛ւ «Իմ քայլը», եւ փողոցում բողոքի ցույցեր կազմակերպող երեք քաղաքական ուժերը՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, չունեն երկրում արդար, ազնիվ ու թափանցիկ ընտրություններ կազմակերպելու իրական մտդրություն։ Նրա համզոմամբ՝ հանրային վստահությունն այդ ուժերի նկատմամբ զգալիորեն նվազել է, ինչը տրամաբանական է, քանզի քաղաքացիները տեսնում են, որ ոչ ոք չի խոսում ժողովրդավարության, ազատ եւ արդար ընտրությունների համար պայմաններ ստեղծելու մասին, այլ նշված քաղաքական ուժերը գլխավորապես հետաքրքրքված են իշխանությունը պահելու կամ իշխանության գալու խնդիրները լուծելու հարցերով․

«Նման պայմաններում ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Վազգեն Մանուկյանը այն վստահելի գործիչները չեն, ում ղեկավարման ներքո կարող են երկրում պատրաստվել ազատ եւ արդար ընտրություններ։ Եթե «Իմ քայլը» դաշինքն իսկապես մտահոգված լիներ այդ խնդրով, ապա այնպիսի թեկնածու կառաջադրեր, որն ունի հանրային համակրանք, եւ ում ազնիվ կեցվածքի, բարեխղճության վերաբերյալ հանրության մոտ կասկած չի կարող առաջանալ։ Տեսնում ենք, որ այդպիսի բան տեղի չի ունենում, «Իմ քայլը» դաշինքը մեկ քաղաքական գործչի շուրջ ստեղծված քաղաքական միավորում է, որը բացի Նիկոլ Փաշինյանից՝ ուրիշ ազդեցիկ քաղաքական գործիչներ չունի թիմի ներսում»։

Ինչ վերաբերում է նոյեմբերի 10-ի եռակողմ հայտնի հայտարարությանը եւ պնդումներին, թե հնարավոր է դրա դրույթները գոնե փոքր-ինչ շահեկան դարձնել մեզ համար, Անդրիաս Ղուկասյանն արձագանքեց, որ ինքը համակարծիք է ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկու երկրների՝ Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի համանախագահների հետ, որ կապիտուլյացիայի համատեղ որոշումն ընդունելի լինել չի կարող, այն հակասում է միջազգային իրավունքի նորմերին եւ չի կարող դառնալ երկարատեւ եւ ամուր խաղաղության համար հենարան, որովհետեւ ռազմական ճանապարհով որեւէ լուծում այդպիսի հնարավորություն ինքնըստինքյան չի ստեղծում․

«Միայն խաղաղ, սպառնալիքից ազատ բանակցությունների գործընթացը կարող է ապահովել արդար լուծում, որը ժողովուրդների համար կլինի ընդունելի։ Դրա համար ըստ իս՝ կեղծ է պնդումը, որ կարելի է լավացնել անորակ եւ իրավական առումով առոչինչ որոշումը։ Ռեւանշիստական ուժերը պարզապես ասում են դա, որպեսզի մոլորության մեջ դնեն մեր քաղաքացիներին, որոնց նկատմամբ այդ ուժերը շատ մեծ կարծիքի չեն, եւ համարում են, որ մեր քաղաքացիները կարող են միամիտ լինել, եւ որ կարելի է խաբեության միջոցով հանրային կարծիքը մանիպուլյացիայի ենթարկել։ Ես մերժում եմ այդ տեսակետը եւ կարծում եմ, որ մարդկանց պետք է միշտ ճշմարտությունն ասել․ դա է քաղաքական գործչի գլխավոր պարտականությունը»։ 

Ուժով պարտադրված այդ որոշումն, ըստ Ղուկասյանի, առհասարակ մերժելի է, եւ քանի դեռ այն մնում է ուժի մեջ, պատերազմի իրավունքն անցել է Հայաստանին, եւ Հայաստանը պետք է դրան լրջությամբ վերաբերվի՝ իր ներքին եւ արտաքին քաղաքականությունը կազմակերպելու հարցերում․

«Այդ որոշումը ոտնահարում է մարդկանց իրավունքը, ոտնահարում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, արցախահայության իրավունքը եւ բազմաթիվ այլ խնդիրներ է ստեղծում, որոնք անտեսելն անհնար է։ Դա անտեսում են այն ուժերը, ում համար առաջնային է սպասարկել ՌԴ շահերը այս հարցում, ինչն, ըստ իս, չի կարող լինել ազգային քաղաքական գործչի համար ընդունելի մոտեցում»,- շեշտեց Ղուկասյանը։ 

Անդրադառնալով հարցին, թե արդյոք բանակցություններն այսուհե՞տ էլ պետք է շարունակվեն Մինսկի խմբի ձեւաչափում, մեր զրուցակիցը պատասխանեց․

«Ես այսպես եմ գնահատում իրավիճակը․ ձախողվեց ՌԴ հովանու ներքո ռազմական հրադադարի դադարեցման մասին պայմանագիր կնքելու փորձը։ Դեկտեմբերի 3-ի՝ համանախագահող պետությունների ԱԳ ղեկավարների համատեղ որոշումը վկայում է, որ այդպիսի պայմանագիր, այդպիսի համաձայնագիր կարող է կնքվել միայն Ֆրանսիայի եւ ԱՄՆ համանախագահների մասնակցեւթյամբ, այլ ոչ Միայն ՌԴ առաջարկով։ Սա այն կարեւոր դրույթն է, որի վրա, ըստ իս, հնարավոր է կառուցել քաղաքական գիծը։ Մինսկի խումբը շարունակում է մնալ այն ատյանը, որից ոչ Ադրբեջանը, ոչ Հայաստանը չեն կարող հրաժարվել, որովհետեւ արցախյան խնդրի խաղաղ կարգավորման պարտավորությունը՝ ԵԱՀԿ հովանու ներքո, եղել է Հայաստանի եւ Ադրբեջանի անկախության ճանաչման նախապայման 1991 թվականին դեկտեմբերի 21-ին, երբ փլուզվեց ԽՍՀՄ-ը։ Այդ ժամանակ եվրոպական պետությունները պահանջ դրեցին, որ Խորհրդային միության տարածքում նոր պետությունների անկախությունը ճանաչվելու է միայն այն դեպքում, երբ այդ պետությունները համապատասխանելու են որոշակի չափանիշների։ Չափանիշներից մեկն էլ այն էր, որ գոյություն ունեցող վեճերը պետք է լուծել բացարձակապես բանակցությունների միջոցով, եւ դրա անհնարինության դեպքում նախապես համաձայնվել նաեւ դատական լուծումների»։ 

Ղուկասյանի խոսքով՝ եթե Ադրբեջանը մտադիր է հրաժարվել ՄԽ բանակցային գործընթացից, ԵԱՀԿ հովանու ներքո Արցախի կարգավիճակի հարցը լուծելու գործընթացից, ապա անխուսափելի է Արցախի Հանրապետության ճանաչումը միջազգային հանրության կողմից, եւ դրան օժանդակող նախապայման կարող է լինել միջազգային դատարան դիմելու գործընթացը, որը, ըստ մեր զրուցակցի, կբացահայտի, որ 1992 թվականի հունվարին Արցախի Հանրապետության անկախության հռչակումը միջազգային օրենքի տեսակետից եղել է օրինական գործողություն․

«Ես կարեւոր կհամարեի, որ ՀՀ-ն զեկույց ներկայացներ ՄԱԿ-ում՝ ցույց տալով այս ագրեսիայի ողջ մանրամասներն աշխարհին, պատերազմի ժամանակ հումանիտար իրավունքի խախտումները՝ առաջ բերելով այն փաստը, որ ուժով եւ ուժի սպառնալիքով ՀՀ-ին հարկադրվել է համակերպվել Արցախի Հանրապետության տարածքի մի մասի օկուպացիայի հետ եւ ոտնահարված է այսօր ոչ միայն արցախահայության ինքնորոշման իրավունքն իրացնելու հնարավորությունը, այլ նաեւ անվտանգությունը։ Բայց վստահ եմ, որ այսօրվա կառավարությունը երբեք նման քայլ չի անի, քանի որ այս հարցում սպասարկում է ՌԴ շահերը։ ՌԴ առաքելությունն Արցախում չի կարող ապահովել արցախահայության համար խաղաղ եւ անվտանգ ապրելակերպ, որովհետեւ Արցախի բոլոր խոշոր բնակավայրերն Ադրբեջանի ԶՈւ-երի անմիջական կրակային հսկողության տակ են։ Նման պայմաններում խոսել, որ սա այսպես կարելի է մարսել եւ դա պետք է ընդունել որպես ելակետ` Ադրբեջանի հետ հարաբերություններում, ու շարժվել առաջ, անընդունելի է»։

Հայ կառուցողական կուսակցության ղեկավար Անդրիաս Ղուկասյանի համոզմամբ՝ Հայաստանն իրականում կարող է միջազգային հարթակներում իրականացնել այնպիսի քաղաքականություն, որը թե՛ ՄԽ-ում, թե՛ ԵԱՀԿ-ում, թե՛ ՄԱԿ-ի հարթակում ակտուալ կդարձնի Ադրբեջանի պատասխանատվության հարցը` կատարված ագրեսիայի համար, եւ նաեւ առաջ կքաշի արցախահայության ինքնորոշման իրավունքն իրացնելու անհրաժեշտության հարցը։ Մեր զրուցակիցը չի համարում, որ Ադրբեջանը, Ռուսաստանն ու Թուրքիան այդքան ներուժ ունեն տապալել ԵԱՀԿ հովանու ներքո Արցախի կարգավիճակի որոշման այս գործընթացը, այլ ընդամենը ձգտում են իրենց համար հարմարեցնել այս իրավիճակը եւ համատեղել ՄԽ գործընթացի հետ։ 

Իսկ թե ինչ պետք է խոսի հայկական կողմը բանակցությունների սեղանի շուրջ, ինչ փաստաթղթի հիմքով պետք է քննարկումներ լինեն, Ղուկասյանը կարծիք հայտնեց, որ բանակցությունների սեղանին են Մադրիդյան սկզբունքները, որի մոտեցումները բազմիցս հայտարարել են գերտերությունների` ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Ֆրանսիայի նախագահները։ Քաղաքագետի համոզմամբ՝ Հայաստանը պետք է պնդի, որ այդ դրույթներն իրականանան, պետք է պնդի նաեւ, որ Շահումյանի շրջանը բնակեցվի հայերով, ինչպես եղել է մինչեւ պատերազմը․

«Այսինքն, որքանով ընդունվում են Ադրբեջանի փախստականների իրավունքները` վերդառանալ Ջաբրայիլ, Կուբաթլու կամ մյուս շրջանները, նույն լիարժեքությունը ունի հայերի իրավունքը՝ Շահումյանի շրջան վերադառնալու։ Արցախի Հանարապետության անկախությունը հռչակված է եղել ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի տարածքներում, եւ այդ գործողությունը եւ քաղաքական ակտը, ըստ իս, չի հակասում միջազգային իրավունքին։ Բոլոր այն տարածքները, որոնք այսօր օկուպացրել է Ադրբեջանը, պետք է ազատվեն, եւ հայերը հնարավորություն ունենան այդտեղ ազատ եւ արդար, բնականոն զարգանալու։ Սա պետք է լինի ՀՀ պնդումը, ինչպես նաեւ միջանցքը, որը պետք է կապի Արցախը Հայաստանի հետ, պետք է ունենա ողջամիտ անվտանգ լայնություն եւ դա եւս բանակցային հարց է ու հանդիսանում է Մադրիդյան սկզբունքների կետերից մեկը։ Այսինքն՝ բանակցային սեղանի շուրջ ՀՀ օրակարգը ՄԽ ձեւաչափում մեծ հաշվով այն է, ինչ եղել է, կարող է ավելի ամուր լինել Շահումյանի շրջանի հարցում, եւ այստեղ մենք ունենք բավականին ներուժ՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի կողմից աջակցություն ունենալու, որովհետեւ այս դիրքորոշումը հաստատում են նաեւ այդ պետությունները»,- եզրափակեց Հայ կառուցողական կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

* Հարցազրույցն արվել է Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ քննարկումներ սկսելու հայտարարությունից ժամեր առաջ։

Ասպրամ Փարսադանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել