news.am: Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը հանձնարարել է ծառայողական քննություն սկսել տեսչական մարմնի Սյունիքի մարզի տարածքային բաժնի աշխատակից Արսեն Ավագյանի նկատմամբ։ 

Ավելի վաղ Արսեն Ավագյանն այսօր ուղիղ եթերում կոչ էր արել  գնալ Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի ու դուրս շպրտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռքը օդում կախված թողած Տեր Հորը՝ Վարդան Զեյնալյանին։

«Լրատվականների հրապարկումներից հետո ենք տեղեկացել, որ Արսեն Ավագյանը, ով հանդիսանում է Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզի տարածքային բաժնի քաղաքաշինական գործունեության վերահսկողության առաջին կարգի մասնագետ, մասնակցություն է ունեցել միջադեպին։ Տեսչական մարմնի ղեկավարն անմիջապես հանձնարարել է ծառայողական քննություն սկսել՝  աշխատավայրից բացակայելու հիմքով»,- ասաց Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրազեկման բաժնի պատասխանատու Ելենա Զոհրաբյանը։

 Նա հավելեց, որ ծառայողական քննությունը տեւում է 30 օրացույցային օր, սակայն եթե այլ հանգամանքներ ի հայտ  գան, ապա այն կարող է կրկին 30 օրով հետաձգվել, իսկ դրանից հետո՝ 15 օրով, որից հետո պետք է արդեն որոշում կայացվի։ Արսեն Ավագյանը մինչ ծառայողական քննության ավարտը՝ կշարունակի իր աշխատանքը կատարել։