ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին ներկայացրեց Սյունիքի նորանշանակ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին։

Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից՝ նշելով, որ ներկա էին նաև համայնքների, մարզպետարանի ենթակա կազմակերպությունների, տեսչական մարմինների մարզային կառույցների ղեկավարներ։

Սուրեն Պապիկյանը նախ շնորհակալություն հայտնեց բոլորին՝ դժվարին պահին հայրենիքին նվիրվածության համար։ Այնուհետև, անդրադառնալով նոր մարզպետի նշանակման չափորոշիչներին, նախարարն ասաց․

«Յուրաքանչյուր բախտորոշ ժամանակաշրջան իր առանձնահատկություններն ունի, և պարոն Մելիքսեթ Պողոսյանին Սյունիքի մարզպետի պաշտոնին առաջարկելիս՝ ելել ենք այն փաստից, որ Սյունիքն առավել առանձնահատուկ է իր սահմանային լինելով ու այսօր, առավել քան երբևէ, շատ կարևոր է, որ մարզը ղեկավարի անձնավորություն, որը հասկանում է զինվորական գործից, հասկանում է պահի կարևորությունը և մեր սահմանների ամրության գործում ունի իր անձնական մասնակցությունը։ Այս դժվարին պահին իր ուսերին նման պատասխանատվություն վերցնելով՝ պարոն Մ․Պողոսյանը մեծագույն ծառայություն է մատուցում մեր պետությանը»։

Սուրեն Պապիկյանը նաև շնորհակալություն հայտնեց Սյունիքի նախկին մարզպետ Հունան Պողոսյանին՝ շուրջ երկու տարի մարզը ղեկավարելու համար, իսկ նորանշանակ մարզպետին շնորհավորելով՝ կոչ արեց յուրաքանչյուրին այս կարևոր փուլում լինել նրա ու հայրենիքի կողքին։

Մելիքսեթ Պողոսյանը շնորհակալություն հայտնեց նախարարին՝ վստահության համար, նշելով, որ Մեղրուց մինչև Գորայք անչափ կարևոր է Սյունիքի պաշտպանությունը ու ինքն ամեն ինչ անելու է այն ապահովելու համար։

Հունան Պողոսյանը նույնպես շնորհավորեց Սյունիքի մարզպետին և շնորհակալություն հայտնեց պարոն Պապիկյանին ու ներկաներին՝ համատեղ աշխատանքի համար։