Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում․ դա պետք է հաշվի առնի նաեւ Թուրքիան․ Գերմանիայի արտգործնախարար
12:37 - 30 հոկտեմբերի, 2020

Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում․ դա պետք է հաշվի առնի նաեւ Թուրքիան․ Գերմանիայի արտգործնախարար

«Այս պատերազմում տառապում է հատկապես քաղաքացիական բնակչությունը։ Հարյուրից ավելի քաղաքացիական անձինք սպանվել են՝ անգամ հակամարտության գոտուց հեռու հատվածներում»,- Բունդեսթագում երեկ տեղի ունեցած հրատապ քննարկման ժամանակ այս մասին խոսել է Գերմանիայի Արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը՝ անդրադառնալով արցախա-ադրբեջանական ընթացող պատերազմին։

Գերմանիայի ԱԳ նախարարն իր խոսքում նկատել է, որ մարտական գործողությունների արդյունքում ավերվում են կամուրջներ, գյուղեր, ճանապարհներ, հազարավոր մարդիկ փախուստի են դիմել։

Մաասը նշել է, որ իրենք երկու նպատակ ունեն՝ կարիքի մեջ գտնվող մարդկանց շտապ օգնության ցուցաբերում ու հումանիտար հրադադարի անհապաղ հաստատում․

«Կարմիր խաչը ներկայումս միակ կազմակերպություն է, որ կարող է հակամարտության գոտիներում օգնություն ցուցաբերել։ Հոկտեմբերի կեսերին միջազգային հանրությունից 9 միլիոն եվրո շտապ օգնություն էր խնդրել։ Գերմանիան, որպես առաջին քայլ, դրանից 2 միլիոն եվրո պատրաստ է տրամադրել, որպեսզի աջակցենք նրանց, որոնք իրենց տները, գույքը եւ ապրուստի միջոցները ամբողջությամբ կորցրել են։ Մենք պատրաստ ենք նաեւ հետագայում ավելին անել, եթե դրա կարիքը լինի»։

Ինչ վերաբերում է հումանիտար հրադադարի հաստատմանը՝ արտգործնախարարն ասել է․

«Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է իսկույն առանց նախապայմանների դադարեցնեն ռազմական գործողությունները։ Այս մասին ես եւ կանցլեր Անգելա Մերկելը երկու երկրներին, նաեւ մյուս մասնակիցներին՝ մասնավորապես Թուրքիային, մշտապես շատ հստակ ասել ենք»։

Գերմանիայի կառավարության ներկայացուցիչն իր ելույթում եւս մեկ անգամ շեշտել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում՝ ասելով, որ դա պետք է հաշվի առնի նաեւ Թուրքիան։

Շահանե Խաչատրյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել