armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատում է, որ հակառակորդի հետ սահմանը, ինչպես տասնյակ տարիներ առաջ, այնպես էլ հիմա լարված է, սակայն հիմա ի տարբերություն նախորդող շրջանի, շատ ավելի հանգիստ է: Փաշինյանը նման տեսակետ հայտնեց առցանց ասուլիսում՝ պատասխանելով լրագրողի հարցին:

Լրագրողը մասնավորապես նշել էր, որ վերջին ամիսներին հայ-ադրբեջանական սահմանը լարված է, մի քանի օր առաջ հակառակորդը խոշոր տրամաչափի զենքերից կրակել էր Տավուշի Բերքաբեր գյուղի ուղղությամբ, վնասել բնակելի տներ: Նա հետաքրքրվել էր, թե ինչպես է պետությունը պատրաստվում հակազդել այդ գործողություններին: Փաշինյանը նկատեց՝ հայ-ադրբեջանական սահմանը վերջին տասնյակ տարիներին լարված է:

«Եվ այդ իրավիճակը կառավարելի պահելու գործիքակազմը շարունակում է մնալ նույնը՝ զինված ուժերի մարտունակությունը և մեր համախմբվածությունը, ուժեղությունը, քաղաքական- բանակցային-դիվանագիտական եղանակները: Մենք մի բան ենք ասել՝ Հայաստանը չի բանակցելու զենքի սպառնալիքի ներքո: Եվ մենք կարծում ենք, որ Արցախի հարցը ուժային լուծում չունի: Սահմանը լարված է, և եթե ուզում եք համեմատենք, ի տարբերություն նախորդող շրջանի, հիմա սահմանը շատ-շատ ավելի հանգիստ է՝ բոլոր առումներով»,- ասաց վարչապետը: