2019 թվականի հունվարի 21-ին Ազգային Ժողովը ընդունեց  «Իմ քայլը» խմբակցության երկու պատգամավորների հեղինակած «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որով նախատեսվում է իրավունք վերապահել ոստիկանությանը՝ ունենալու այն տեխնիկական միջոցները, որոնք անհրաժեշտ են հեռախոսային խոսակցությունների վերահսկում իրականացնելու համար: Նշենք, որ մինչ օրս նման իրավունք տրված է եղել միայն ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը։

Ըստ օրինագծի հեղինակների՝ ոստիկանության կողմից սեփական օպերատիվ-տեխնիկական ենթակառուցվածքներով հեռախոսային խոսակցությունների վերահսկման դեպքում կխնայվի ԱԱԾ-ին միջնորդությամբ դիմելու, տեխնիկական աջակցություն ստանալու եւ կազմակերպչական հարցերի լուծման համար ծախսվող ժամանակը, հատկապես անհետաձգելի դեպքերում կբարձրանա հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունավետությունը, ինչը կնպաստի հանցագործությունների առավել արագ, օպերատիվ բացահայտմանը, ինչպես նաեւ կերաշխավորվի մարդու անձնական կյանքին միջամտության որոշակիությունը:

Սույն օրինագիծը հանրային լայն քննարկումների տեղիք տվեց։ Քաղաքացիների մի մասը դեմ արտահայտվեց օրինագծին՝ համարելով, որ օրենքի կիրառումից հետո ոստիկանության կողմից կոտնահարվեն մարդու մասնավոր եւ ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության եւ գաղտնիության, անձնական տվյալների պաշտպանության եւ այլ իրավունքներ։ Քաղաքացիները հայտնում էին նաեւ մտահոգություններ, որոնք կապված էին օրինագծի ընդունման անհրաժեշտության գերագնահատման, իրական նպատակների քողարկման, կիրառող մարմնի նկատմամբ վստահության պակասի հետ։

Օրինագծի պաշտպանությամբ հանդես եկող քաղաքացիների մի մասը կառավարող ուժին վստահող եւ հավատացող քաղաքացիներն էին։ Նրանց կարծիքը շատ դեպքերում հիմնված լինելով համակրանքի կամ շահերի վրա՝ բնականաբար փաստարկված էր ոչ լիարժեքորեն։ Օրինագիծը պաշտպանող մյուս քաղաքացիների համոզմամբ՝ տվյալ կարգավորումների շնորհիվ հանցավորության դեմ պայքարում ոստիկանության աշխատանքն առավել արդյունավետ կդառնա եւ որոշակի հավասարակշռություն կապահովվի պետության երկու ուժային կառույցների՝ ԱԱԾ-ի ու ոստիկանության միջեւ։

Անկախ ամեն ինչից պետք է ընդունել, որ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման խնդիրն ունի շատ մեծ քաղաքական պատասխանատվություն։ Դրա հետ մեկտեղ, մարդկանց մասնավոր ու ընտանեկան կյանքի, ինչպես նաեւ հաղորդակցության գաղտնիության նկատմամբ ոտնձգությունները լրջագույն հանցագործություններ են, քանզի կապված են մարդկության բարոյական հիմքերի հետ: Այն հիմքերի, որոնք հազարամյակների ընթացքում երաշխավորել են հանրային կարգն ու անվտանգությունը։

Ներկայումս հանրությանը հուզող այդ խնդիրն ունի մի քանի հայեցակետ, որոնք անհրաժեշտ է պարզաբանել։

Նախ պետք է նկատել, որ օրինագծին դեմ արտահայտվող քաղաքացիների մեծամասնությունը բարձրացնում էր ոստիկանության նկատմամբ ունեցած անվստահության հարցը։ Պետությունը հանրային համերաշխությունը պահպանելու անբեկանելի հանձնառություն ու պատասխանատվություն ունի, ինչը հնարավոր չէ ապահովել միայն  ոստիկանության ուժերով՝ օրինական հարկադրանք կիրառելու միջոցով։ Դրա համար հենց ինքը՝ ոստիկանությունը, պետք է որոշակի պարտադիր պահանջներ բավարարի։ Այն է՝ նրա օրինակարգությունը, արհեստավարժությունը, անկողմնակալությունը կասկածներ չպետք է հարուցեն։  Դրանց բացակայությամբ կամ խաթարմամբ է, որ ոստիկանությանը վերաբերող ցանկացած նոր լծակ, մեխանիզմ, տեխնիկական միջոց կամ օրենսդրական կարգավորում կասկածելի եւ վտանգավոր է թվում հանրությանը։ Այդպիսով, ոստիկանությունը, կոչված լինելով պետության մեջ պահպանել ու պաշտպանել հանրային համերաշխությունը, դառնում է սոցիալական համակեցությունը լարվածության մեջ պահող ուժ։ Ասվածից հետեւում է, որ երկրում ոստիկանությանը տեխնիկական նոր հնարավորություններով զինելու գործընթացը հանրային հարաբերությունների տեսանկյունից խնդրահարույց է դառնում ոստիկանության ոչ բավարար լեգիտիմության պատճառով։

Մյուս հայեցակետը կապված էր խնդրի բարոյական կողմի հետ։ Հասկանալի է, որ պետության կողմից որեւէ ներխուժում մարդկանց մասնավոր կյանք արժանանալու էր բնական հակազդեցության եւ ուժեղ դիմադրության։ Այդ իսկ պատճառով, մարդկությունը դարերի ընթացքում սկզբում բարոյական նորմերի, իսկ ապա նաեւ՝ սահմանադրությունների միջոցով որոշակի հավասարակշռության է եկել՝ պետության կողմից նման ներխուժումը թույլատրելով բացառիկ իրավիճակներում, ընդ որում՝ այդ ընթացքում ստիպելով պահպանել խիստ ընթացակարգեր։ Մեր դեպքում նման հավասարակշռությունն ապահովվել է՝ ՀՀ Սահմանադրության 31-րդ, 32-րդ եւ 33-րդ հոդվածներում որոշակի իրավունքներ եւ իրավունքի սահմանափակումներ ամրագրելով։ Ըստ այդմ՝ մարդկանց մասնավոր ու ընտանեկան կյանքի, բնակարանի անձեռնմխելիության, հաղորդակցության գաղտնիության իրավունքների սահմանափակումը թույլատրվում է միայն օրենքով՝ պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:

Քննարկվող օրինագծի դեպքում հանրային որոշակի դիմադրությունը մեզանում դեր ունի, քանզի գործ ունենք սոցիումի կոլեկտիվ անգիտակցականի ներազդման ու դրա հետեւանքով հանրության տարբեր շերտերի հակազդեցության հետ։ Խնդրի բարոյական կողմը մարդկանց ինքնաբերաբար մղում է պաշտպանվելու, քանզի այն հավասարակշռությունը, որը հաստատված է եղել մինչ օրս, սույն օրինագծով նրանք համարում են վտանգված։ Մասնավորապես, ենթադրում են, որ այս դեպքում տեղի է ունենում պետության կողմից վերոնշյալ իրավունքների սահմանափակությունների ընդլայնում։

Երրորդ հայեցակետը խնդրի քաղաքական կողմն է։ Օրինագծի կողմնակիցներից շատերը, այդ թվում՝ պաշտոնական շրջանակներից, նշում են, որ այս գործընթացը բխում է ուժային կառույցների միջեւ հավասարակշռություն ապահովելու, աշխատանքի նոր բաժանման միջոցով ԱԱԾ-ի աշխատանքներն ինչ-որ չափով բեռնաթափելու, ինչպեսեւ ոստիկանության սխալների համար ԱԱԾ-ին գաղտնալսումների ամբողջական պատասխանատվությունից ազատելու անհրաժեշտությունից։ Սակայն պետք է նկատել, որ ՀՀ կառավարությունն օրենքի նախագծին տվել էր բացասական գնահատական։  Մասնավորապես, կառավարությունն առաջարկում էր քննարկվող օրենքի հոդվածները թողնել անփոփոխ, քանզի բավարար հիմնավորված չէր ոստիկանության կողմից ինքնուրույն հեռախոսային խոսակցությունների վերահսկում իրականացնելու անհրաժեշտությունը, հաշվի չէին առնվել խոշոր ֆինանսական ծախսերը, ինչպեսեւ քրեադատավարական ոլորտում եւ ոստիկանության համակարգում բարեփոխումների առկա գործընթացները եւ այլն։

Օրենսդիր եւ գործադիր մարմիններում,  ինչպեսեւ շահառու ուժային կառույցներում տարամետ դիրքորոշումների առկայությունը վկայում է, որ սույն օրինագիծն ավելի լայն ընդգրկում ունի, քան թե միայն ինստիտուցիոնալ շահը, այն է՝ հանցավորության դեմ պայքարի գործում ոստիկանությանը լրացուցիչ միջոցներով ու մեխանիզմներով ապահովելը։ Ակնհայտ է, որ պետության մեջ գաղտնալսող մարմինների թվաքանակի ընդլայնումը որոշակի շրջանակների քաղաքական շահերի իրացման արգասիքն է։ Հանրային բուռն քննարկումներն ու օրինագծին դեմ արտահայտվողների մտահոգություններն էլ ածանցյալ են հենց այն իրողության, որ այդ քաղաքական շահերի իրացման գործընթացը տեսանելի է հանրությանը։

Հարկ է նկատել, որ քննարկվող օրինագծի շուրջ բանավեճերն առավելապես ընթանում են բնական այն կանխատրամադրվածության ազդեցությամբ, ըստ որի գաղտնալսումները իշխանության ձեռքին կարեւոր միջոց են կառավարման համակարգի յուրացումը (իշխանության ուզուրպացիան) գլուխ բերելու գործում։ Հենց այս համատեքստում էլ տեղ են գտնում հիմնավորումներ, որ առկա գործընթացը ներկա վարչակազմի այնպիսի վախերի ու կասկածամտության արտահայտությունն է, որն ուղղված է քաղաքացիների քաղաքական իրավունքների ու ազատությունների դեմ։

Սակայն, նման կերպ մտածելու դեպքում պետք է հիմնավորել, թե ԱԱԾ-ն, որը դեռեւս հեռախոսային խոսակցությունների վերահսկում իրականացնող միակ մարմինն է, որքանով չի համապատասխանում ներկայիս կառավարող ուժի պահանջներին՝ նրա ենթադրյալ հանցավոր մտադրությունը կյանքի կոչելու ճանապարհին։ Չէ՞ որ մինչ «Թավշյա» հեղափոխությունը մի շարք քաղաքական հետապնդումներ ուղեկցվել են ԱԱԾ-ի կազմակերպած գաղտնալսումներով եւ դա անցյալում եղած դատավարություններով արդեն իսկ փաստված իրողություն է։ Ի՞նչն է խանգարում ներկայում եւս պատճենել ԱԱԾ-ի այդ հանցավոր վարքագիծը։

Այս հարցին պատասխանելիս շատերը վկայակոչում են ԱԱԾ-ի քաղաքական անհուսալիությունը, ընդհուպ մինչեւ այլ երկրի՝ Ռուսաստանի, անմիջական ազդեցության տակ գտնվելու հանգամանքը։ Ըստ էության, նման պնդումներում արդեն իսկ ուրվագծվում է կոնկրետ այն հարցի պատասխանը, թե ինչու հեռախոսային խոսակցությունների տեխնիկական վերահսկման իրավունք վերապահելով ոստիկանությանը՝ նախաձեռնողները ոչ թե հետապնդել են քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները ոտնահարելու, այլ պետության անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակ։ Այլ կերպ մեկնաբանելու դեպքում հարկ կլինի կրկին վերադառնալ հարցին, թե ինչու ԱԱԾ-ն, որն ունի քաղաքացիներին գաղտնալսելու տասնամյակների փորձ, ինչպեւ տեխնիկական ու մասնագիտական կարողություն, չի գոհացնում ներկա կառավարող թիմին պետական կառավարման համակարգի յուրացումն իրականացնելու գործում։

Անշուշտ, մեր պետությունը գտնվում է ռուսական քաղաքական մշակույթի խոր ազդեցության տակ։ Ուստի հատուկ ծառայությունների կողմից գաղտնալսման, մատնության խթանման, քաղաքացիների հավաքագրման, նրանց մասնավոր կյանք անօրեն ու անհարկի ներխուժելու վտանգները մշտապես կան։ Միաժամանակ նման զգայուն թեմաները գրեթե մշտապես կանխորոշում են մարդկանց հուզական մոտեցումն առկա խնդիրներին։ Ոստիկանությանը վերապահելով գաղտնալսման տեխնիկական հնարավորություններ՝  պետությունը գործում է ըստ Սահմանադրության մեջ ամրագրված հանրային այն համաձայնությունների, որոնք սահմանում են մարդու իրավունքների սահմանափակումներ կոնկրետ իրավիճակներում ու կոնկրետ նպատակներով։ Վերացարկվելով ներկա իրավիճակից ու ռուսական քաղաքական մշակույթի ազդեցությունից՝ պետք է ընդունել, որ ոչ մի բանական մարդ ոստիկանության կողմից իր գործառույթների լիարժեք իրացմանը դեմ լինել չի կարող։ Հանցագործությունների կանխման կամ բացահայտման գործում օրինապաշտ քաղաքացիները չեն կարող դեմ լինել լեգիտիմ, իսկապես հանրային կարգ ու անվտանգություն ապահովող, մարդու իրավունքների պաշտպանությամբ առաջնորդվող ոստիկանության՝ հանցավոր տարրերին ու համագործակցություններին գաղտնալսելու լիազորություններին, եթե դրանք կյանքի են կոչվում իսկապես օպերատիվ տվյալների իրացման շնորհիվ։ Բայց քանի որ մեր դեպքում հարցն ընդլայնվում է ներքաղաքական ու արտաքին քաղաքական հարաբերությունները ընդգրկելու հետեւանքով, հարկ է առավել զգույշ մոտենալ տվյալ խնդրին։

Ներկայումս մի կողմից՝ պետության անվտանգության պաշտպանության, իսկ մյուս կողմից՝ մարդու իրավունքների ու ազատությունների հարգման ու պաշտպանության միջեւ այնպիսի նուրբ սահմանագիծ է ձեւավորվել, որ քաղաքացիներն ակամայից գաղափարական հակամարտության մեջ են մտնում՝ այդ երկու նախահիմքերից որեւէ մեկին առաջնահերթություն տալով։ Անշուշտ պետությունն ինքնանպատակ չէ։ Մարդկությունն այն ստեղծել է որպես գործիք ու միջոց՝ անվտանգ եւ ապահով կենսագործունեություն ծավալելու համար։ Պետությունը պետք է ծառայի մարդուն, եւ ոչ թե՝ մարդը պետությանը։

Սակայն, այս ճշմարտության հետ մեկտեղ, հարկ է ընդունել, որ պետության անվտանգությունը պաշտպանել չկարողանալու պատճառով ցանկացած պետություն դադարում է գոյություն ունենալ։ Իսկ պետության քայքայմամբ կամ կործանմամբ կործանվում են նաեւ այն մարդիկ, որոնք գտնվել են նրա պաշտպանության ներքո։ Ուստի խնդիր է դառնում այնպես կառուցել պետության անվտանգության գործը, որ այն հնարավորինս չհատվի մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների սահմանափակման անհրաժեշտության հետ։ Առանձին դեպքերում (պատերազմ, ռազմական դրություն) դա իհարկե անհնար է, սակայն խաղաղ ժամանակ նման հրամայականին հետեւելը պարտադիր պահանջ է դառնում։ Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե պետական կարեւորագույն ինստիտուտները կայացած են եւ գործում են ոչ թե առանձին անհատների քմահաճույքի կամ քաղաքական շահերի հիման վրա, այլ հանուն պետության ու նրա քաղաքացիների իրավունքների պաշտպանության։

Այսպիսով, ոստիկանությանը հեռախոսային խոսակցությունների վերահսկում իրականացնելու հնարավորություն ընձեռող օրինագիծը, ներկայումս նեղ մասնագիտական առաջնահերթությունից բացի եթե ունի քաղաքական որեւէ այլ նպատակադրում, ապա դա կարող է կապված լինել միայն պետության արտաքին անվտանգությանը վերաբերող մարտահրավերներին դիմակայելու հետ։ Իհարկե, կարելի է այդ դեպքում քննարկման առարկա դարձնել արտաքին քաղաքական մարտահրավերները չեզոքացնելու գործին ոստիկանությանը ներգրավելու նպատակահարմարության հարցը։ Պետք է նկատել սակայն, որ այդ հարցը հստակ իր պատասխանն ունի. կայացած պետությունները նման խնդիրները լուծել են պետության մեջ մեկի փոխարեն մի քանի հատուկ ծառայություններ (այդ թվում՝ ոստիկանության համակարգում) հիմնելու միջոցով։ Պետությունների մրցակցության մեջ հատուկ ծառայությունը ցանկացած պետության պաշտպանիչ առաջնային շերտն է։ Մեզանում այդ ինստիտուտի անէությունը («Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչությունը, Ռամիլ Սաֆարովի անպատժելիությունը, ԱԱԾ-ում գաղտնի փաստաթղթերի «ոչնչացման», ԱԱԾ պետի գաղտնալսման, պետական ու ծառայողական գաղտնիք հայտնող ԱԱԾ պաշտոնաթող գեներալի տգիտության եւ բազում այլ օրինակները) պետությանը շարունակում է պահել կապանքների ու արտաքին ուժերից կախվածության մեջ։ Դրա հետ մեկտեղ մարդկանց գիտակցություն շարունակվում է ներմուծվել այն խաբկանքը, թե որեւէ երկրի հատուկ ծառայությունը տվյալ պետության քաղաքացիների քաղաքական եւ մյուս իրավունքների բռնաճնշիչ մարմինն է։

Վերջում  նշենք, որ ոչ մի երաշխիք չկա, որ ոստիկանությունը հեռախոսային խոսակցությունների վերահսկման գործառույթ ձեռք բերելուց հետո երբեւէ չի անցնի թույլատրելիության սահմանները։ Սակայն այդ հարցը գտնվում է կառավարող ուժի պատասխանատվության տիրույթում։ Նման դեպքում որեւէ նշանակություն չունի, թե որ մարմինն ապօրինաբար կգաղտնալսի քաղաքացիներին։ Եթե երկրում չեն գործելու պատասխանատվության կանչելու եւ ենթարկելու մեխանիզմները, եւ ընդհակառակը՝ տիրելու են անցյալի արատավոր բարքերը, ապա որեւէ նշանակություն չունի ռեժիմային պետություն ձեւավորվում է ոստիկանությա՞ն, թե՞ ԱԱԾ-ի միջոցով։

 

Հետգրություն. Հարկ է ընդունել, որ «գաղտնալսումների» ներկա օրինագիծը տարբեր  դիտանկյուններից մասնագիտական վերլուծության անհրաժեշտություն ունի, ուստի, տողերիս հեղինակը ուրախ կլինի, որ սույն թեմայի քննարկմանը ներգրավվի նաեւ անվտանգության հարցերի մեկ այլ մասնագետ։ Այդ նպատակով թեման շարունակելու մարտահրավեր եմ նետում Արթուր Պողոսյանին։