ՀՀ ԱԱԾ պահեստազորի փոխգնդապետ Իվան (Արթուր) Պողոսյանը, ընդունելով Սարո Սարոյանի՝ «Ու՞մ են գաղտնալսելու [Challenge 2.1]» հոդվածով նետած մարտահրավերը, զարգացրել է գաղտնալսումների թեման։

 

Հոդվածագիրը ճիշտ է նկատել և գնահատել հասարակության անհանգստությունը՝ ոստիկանության օպերատիվ-հետախուզական գործունեությունը կարգավորող օրենքի այս նոր խմբագրման, հանցագործության  դեմ պայքարի արդյունավետության բարձրացման նպատակով ոստիկանությանը նոր իրավական հնարավորություններ ընձեռելու, դրանով իսկ՝ մարդու ազատությունների և իրավունքների խախտումների ենթադրվող հնարավորությունների վերաբերյալ։

Չանտեսելով հոդվածի ներկայացման շարժառիթները և գնահատելով հոդվածագրի դիրքորոշումները, նշենք, որ այստեղ ամեն ինչ միանշանակ չէ և որոշ մասնագիտական նկատառումներ քննարկելու անհրաժեշտություն կա։

Որպեսզի կարողանանք քննարկել հոդվածում նշված փաստարկումները և, անհրաժեշտության դեպքում, հակադարձել ու հակափաստարկներ ներկայացնել (այսպիսին են «խաղի կանոնները»), եկեք համակարգենք և խմբավորենք դրանք որպես.

  1. հոգեբանական,
  2. իրավական,
  3. վարչատեխնիկական։

Այստեղ հոգեբանական բաղադրիչը ներառում է.

  • հասարակության անվստահությունը ոստիկանության համակարգի նկատմամբ,
  • մարդկանց վախը և ցանկությունը՝ պաշտպանելու սահմանադրությամբ ամրագրված և օրենքներով պահպանվող իր իրավունքները, մասնավորապես իր անձի, կապերի և փոխհարաբերությունների, գործունեության, մտքերի, ինտելեկտուալ սեփականության պահպանմանն ուղղված,
  • առանձին անձանց, դրանց խմբերի վախը՝ ոչ օրինական, հակահասարակական, բարոյական խնդիրներ ունեցող ծպտյալ գործունեության բացահայտման հնարավորության վերաբերյալ։

Իրավական բաղադրիչը ելնում է այն համոզմունքից, որ օրենքների այսպիսի փոփոխության անհրաժեշտությունն ունի թույլ հիմնավորում։ Այն լիարժեք ուսումնասիրված չէ, հակասում է մարդու իրավունքների և ազատությունների հայտնի հռչակագրին, ՀՀ սահմանադրության համապատասխան դրույթների ոգուն և տառին։

Վարչատեխնիկական բաղադրիչը բխում է այն գիտակցությունից, որ ոստիկանության համակարգում անհրաժեշտ կլինի նոր վարչական միավորի ստեղծում, կադրերի վերապատրաստում, նրանց գործունեության վերահսկման գործառույթների վերաբաշխում, տեղեկատվության ստացման, պահպանման, ոչնչացման տեխնիկական միջոցների ձեռքբերում, դրանց շահագործման կազմակերպում։

Կարելի էր քննարկման դնել նաև ֆինանսատնտեսական բաղադրիչը՝ երկու իրավապահ մարմիններում համանման կառույցների ձևավորման և, դրա հետ կապված, ոչ քիչ ֆինանսական միջոցների ծախսման արդյունավետության հարցը։

Եթե քննարկման դնենք հիմնախնդրի հոգեբանական բաղադրիչով պայմանավորված գործոններից առաջինը, ապա իրատեսական համարելով այն՝ պետք է հիշել, որ օրենքները չեն ստեղծվում այս կամ այն պաշտոնատար անձի, իշխանության այս կամ այն օղակի նկատմամբ հասարակության վստահությունից ելնելով։ Մարդիկ գնացող են, իսկ օրենքները՝ մնայուն։

Իրավամբ օրենքները պետք է ձևակերպվեն այնպես, որ դրանք իրագործվեն՝ անկախ  իրագործողի անձնային բնութագրումներից, դիրքորոշումներից, սպասումներից։ Եթե օրենքները իրագործվում են ոչ ըստ իրենց նախատեսվածության, ապա դա օրենսդրական համակարգի անկատարության հետևանք է։

Հայտնի է, որ մարդկանց հավատը այս կամ այն իրավապահ գործընթացի նկատմամբ մեծամասամբ  պայմանավորված է այն հանգամանքով, թե որքան են մարդիկ ճանաչում այդ գործընթացի մեխանիզմները, ինչով է հիմնավորված այս կամ այն մեխանիզմի, տեխնոլոգիայի կիրառումը։ Այսպես. հասարակության ամեն 1.000  անդամից մեկը դժվար թե կարողանա մեկնաբանել, թե ինչ է օպերատիվ-հետախուզական գործունեությունը, գործողությունների ինչ հերթականություն է ենթադրում այն՝ ի հայտ բերելու, կանխելու, ամբողջությամբ բացահայտելու այս կամ այն հանցագործությունը, իրականացնելու կանխարգելիչ միջոցառումներ։ Առավել խրթին է հասարակ մարդու համար հասկանալ, թե ինչ տեխնոլոգիական գործընթաց է ենթադրում դրանցից յուրաքանչյուրը, ինչ օպերատիվ-տեխնիկական միջոցառումների պահանջ է առաջադրվում այս կամ այն խնդրի լուծման այս կամ այն փուլի ժամանակ, ինչպես պետք է հաշվի առնվի և պաշտպանվի մարդու և քաղաքացու իրավունքներն այստեղ։

Եթե խոսենք օպերատիվ-տեխնիկական միջոցառումների, մասնավորապես քննարկման առանցք դարձած հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման մասին, ապա երևի մասնագետները հանրամատչելիորեն  պետք է բացատրեն քաղաքացուն դրա անհրաժեշտությունը հանցագործության դեմ պայքարի արդի փուլում։ Պետք է որոշ փակագծեր բացվեն, ներկայացվեն հանցագործության դեմ պայքարի որոշակի տեխնոլոգիաներ։ Մարդկանց հստակ պետք է ներկայացվի, որ ինքնին հանցագործության վերաբերյալ տվյալներ ստանալը պոտենցիալ կամ հանցագործության նախապատրաստման, իրագործման և հետքերի վերացման փուլերում հնարավոր չէ, եթե չի կիրառվում օպերատիվ (գործակալական, տեխնիկական) ներթափանցում հանցագործության մեջ կասկածվող խումբ կամ նրանց շրջապատ։ Հանցագործներն էլ հայտնի կինոֆիլմերի հերոսների նման իսկույն չեն խոստովանում իրենց մեղքը։ Հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումն էլ պայմանավորված է այն գիտակցությամբ, որ ժամանակակից հանցավոր խմբերը կարող են գործել մեծ տարածությունների վրա, ակտիվորեն կիրառել կապի տեխնիկական միջոցներ, մասնավորապես՝ հեռախոսներ։ Այս դեպքում կապի ուղին հնարավոր է դառնա այն «թույլ օղակը», որը կարող են օգտագործել հանցավորության դեմ պայքարող մարմինները՝ նրանց մտահղացումների, կոնկրետ ծրագրվող և իրականացման փուլում գտնվող միջոցառումների մասին տեղեկություն ձեռք բերելու համար։

Այս տեղեկությունն անհրաժեշտ է գործի վարույթն իրականացնող աշխատակիցներին, նախ, ձեռք բերելու ներքին համոզում (որ իրոք պլանավորվում և իրականացվում է հակահասարակական, հանցավոր բնույթի արարք, կոնկրետ անձի մեղավորությունը դրանում), տեղեկանալու հանցավոր արարքների մանրամասներին, ինչպես նաև հավաքելու ապացուցողականություն ունեցող տվյալներ։

Մարդիկ պետք է իմանան, որ հեռախոսային խոսակցության գաղտնալսումը չի կարող իրականացվել ցանկացած դեպքում՝ սոսկ հետաքննությունն իրականացնող անձի ցանկությամբ։ Դրա համար պարտադիր անհրաժեշտ է տվյալ միջացառման գրավոր հիմնավորում՝ զեկուցագիր, որը պետք է անցնի բոլոր վերադաս օղակներով՝ մինչև ծառայության պետ, որից հետո, վերջինիս ներկայացմամբ, ստացվի դատարանի թույլտվությունը։

Մարդիկ պետք է նաև իմանան, որ այն բոլոր դեպքերում, երբ չի հաստատվում նախնական տվյալները հանցագործության մեջ կոնկրետ անձի ներգրավվածության կամ ընդհանրապես հանցագործության վերաբերյալ, ապա օպերատիվ-հետախուզական գործունեության համապատասխան փուլում այս տվյալները պարտադիր ենթակա են ոչնչացման։ Ոչնչացվում են նաև այն բոլոր նյութերը, որոնք ոչ մի կերպ կապված չեն հանցագործության բնույթի և հանցակազմի տարրերի (օբյեկտ, օբյեկտիվ կողմ, սուբյեկտ, սուբյեկտիվ կողմ) հետ։

Ինչ վերաբերում է մարդկանց սահմանադրությամբ ամրագրված և օրենքներով պահպանվող իրավունքների սահմանափակմանը, դրանց շրջանի «նեղացմանը», ապա այստեղ խոսքը գնում է ընդամենը օրենքով վերապահված գործառույթի փոխանցմանը մի կառույցից մյուսին (ԱԱԾ-ից ոստիկանության համակարգին), փաստացի՝ նման իրավունքներ ունեցողների թվի մեծացմանը։

Տեսականորեն սա ենթադրում է հանցագործության դեմ պայքարի արդյունավետության բարձրացում, ինչը անձի և հասարակության կենսական շահերից է բխում։

Այստեղ պետք է նշել, որ այս գործառույթի իրականացումը ենթադրում է որոշակի վերահսկողություն։ Կարծում եմ՝ հասարակությունը պետք է հետամուտ լինի անձնային բնույթի (անհատական) տեղեկության չթույլատրված արտահոսքի դեպքում օրենքով նախատեսված պատասխանատվության ուժեղացմանը։  

Ավելորդ է ուշադրություն դարձնել ոչ օրինական, հակահասարակական ծպտյալ գործունեություն իրականացնող, բարոյական խնդիրներ ունեցող առանձին անձանց մասով տագնապին, քանի որ օրենքը հենց ուղղված է այսպիսի գործունեության ի հայտ բերմանը։

Կարծում եմ՝ հասկանալի է, որ մարդիկ, որոնք գործում են օրենքի սահմաններում, մեծ հաշվով վախենալու բան չունեն ո՛չ ԱԱԾ, ոչ էլ ոստիկանության գաղտնալսումներից։

Եթե քննարկման դնենք հիմնախնդրի իրավական բաղադրիչով պայմանավորված գործոնը, ապա մի կողմ դնելով օրենքների այսպիսի փոփոխության անհրաժեշտության թույլ հիմնավորումը, կարող ենք նշել, որ այն չի հակասում մարդու իրավունքների և ազատությունների հայտնի հռչակագրին, ՀՀ սահմանադրության համապատասխան դրույթների ոգուն և տառին, քանի որ նախատեսում է մարդու և քաղաքացու պաշտպանությունը հանցավոր մտադրություն ունեցող անձանցից։ Բացի այդ, այն չի վերաբերում հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման անօրինականության հարցին, այլ ընդամենը դրա իրականացմանը ոստիկանության համակարգում։ Այստեղ խնդիրներ կարող են ծագել տվյալ օրենքի փոփոխությամբ պայմանավորված այլ օրենքներում և ենթաօրենսդրական ակտերում, ոստիկանության և ԱԱԾ գործառույթներում համապատասխան փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությամբ։

Կա մեկ այլ խնդիր, որ վերաբերում է հեռախոսային գաղտնալսումների չթույլատրված և չվերահսկվող իրականացմանը առանձին կազմակերպությունների, մասնավոր անձանց կողմից։ Խնդիրն այն է, որ այս նպատակով կիրառվող ժամանակակից սարքերը՝ գնի և ֆունկցիոնալ հնարավորությունների տեսանկյունից դարձել են մատչելի և չի բացառվում դրանց գործածությունը մեր երկրում։ Սա վարչական զանցանք է՝ նման սարքերի ներկրման, օգտագործման և քրեորեն պատժելի արարք՝ քաղաքացիների անձի և գործունեության վերաբերյալ մասնավոր տեղեկույթի ձեռք բերման, հնարավոր տարածման կամ շահադիտական նպատակներով օգտագործման տեսանկյունից։

Անձնական տվյալների պաշտպանությունը հենվում է ոչ միայն Սահմանադրական պահանջների, այլև «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի դրույթների, ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք նորմերի վրա (Հ․ 144. «Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը», Հ. 146. «Նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումների գաղտնիությունը խախտելը», Հ. 342. «Նախաքննության կամ հետաքննության տվյալները հրապարակելը»)։

Ինչ վերաբերում է վարչատեխնիկական բաղադրիչին, ապա  հասարակությունը պետք է հետամուտ լինի ոստիկանական համակարգում (և, ընդհանրապես, իրավապահ և արդարադատության համակարգերում) օրենքների անշեղ կատարմանը, կադրերի ընտրությանը, պատրաստմանը և մշտական վերապատրաստմանը, նրանց դաստիարակությանը, այստեղ իրականացվող գործընթացների մանրակրկիտ և անաչառ վերահսկմանը, մարդու և քաղաքացու ազատությունների և իրավունքների նկատմամբ ոտնձգությունների կանխմանը։ Ոստիկանական համակարգին ոչ միայն պետք է տրվեն  նման իրավունքներ, այլև ապահովեն տեղեկատվության ստացման, պահպանման, ոչնչացման ժամանակակից տեխնիկական միջոցներով, մշակվեն այս միջոցառումների իրականացման համապատասխան հրահանգներ։

Եթե դիտարկենք ֆինանսատնտեսական բաղադրիչը, ապա այն կարող է վերաբերել տեխնիկական միջոցների ձեռքբերման, դրանց շահագործման, ինչպես նաև համապատասխան ստորաբաժանումների ստեղծման վարչական ծախսերի հիմնավորմանը։ Խնդիրն այն է, թե որքանով դրանք կնպաստեն հանցագործության դեմ պայքարին։ Կարծում եմ՝ այս ծախսերը կարելի է հոգալ ոստիկանության այլ ստորաբաժանումների, մասնավորապես՝ ոստիկանության զորքերի անհարկի ծախսերի կրճատման հաշվին։

Պետք է հաշվի առնել, որ դրանով իսկ ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումները կազատվեն ավելորդ ծանրաբեռնվածությունից և կզբաղվեն իրենց հիմնական գործառույթներով։

Հետգրություն․ Ուրախ կլինեմ ծանոթանալ հոդվածին և թեմային վերաբերող այլ տեսանկյունների, դիտողությունների և առաջարկությունների։ Թեման շարունակելու մարտահրավեր եմ նետում Սարո Սարոյանին և ընթերցող հասարակությանը։