news.am: Ղարաբաղի հարցում ամբողջ ինստիտուցիոնալ հիշողությունը կուտակված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում եւ առանց այս ձեւաչափի հարցի լուծումը դժվար է պատկերացնել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

Նրա խոսքով, ԵՄ-ն կարող է իր նպաստը բերել խնդրի կարգավորմանը, բայց դրա համար պետք է ակունքից ծանոթ լինի խնդրին, իսկ դրա համար ԵՄ-ն պետք է ջանք գործադրի այդ խնդրի կոնտեքստին, տեքստին ծանոթանալու համար:

«Դա որոշակի ջանք ու ժամանակ կպահանջվի: Ես լիահույս եմ, որ մեր գործընկերները կցուցաբերեն այդ ջանքը, լիահույս եմ, որ այս հարցում կցուցաբերեն առավելագույն հավասարակշռվածություն՝ չխախտելու համար այն նուրբ բալանսը, որ ԵՄ-ն ունի տարածաշրջանում: Ես հույս ունեմ, որ ԵՄ պաշտոնյաները շատ լավ գիտակցում են, որ հավասարակշռության խախտումը կբերի տարածաշրջանում Եմ ազդեցության եւ դերի, դրա մասին ընկալումների փոփոխության»,-ասաց Եղոյանը:

Նա անդրադառնալով ԵՄ-Ադրբեջան համաձայնագրին, ուղերձ հղեց ԵՄ գործընկերներին. «Այո, թեեւ պայմանագիրը երկկողմ է, բայց այն կետերում, որոնք այն կարող է առնչվել երրորդ կողմին, իրենք պետք է ցուցաբերեն առավելագույն հավասարակշռված եւ տարածաշրջանի անվտանգության շահերը հաշվի առնող որոշումներ: Խոսքը Արցախի խնդրի կարգավորման համատեքստում Ադրբեջան-ԵՄ համաձայնագրում ենթադրվող ձեւակերպումների մասին է, որոնք կարող են ազդեցություն ունենալ խնդրի կարգավորման վրա: Դրանք պետք է առավելագույս հարմոնիզացված լինեն Մինսկի խմբի գործընթացի հետ»: