news.am։ ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության եւ Դանիայի Թագավորության միջեւ՝ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:

Հարցը ներկայացրեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ նշելով, որ նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության եւ Դանիայի Թագավորության միջեւ՝ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիայի վավերացման անհրաժեշտությամբ:

Կոնվենցիան ստորագրվել է 2018 թվականի մարտի 14-ին: Կոնվենցիայով պայմանավորվող պետությունների գործարար շրջանակների համարփոխադարձության սկզբունքով սահմանվում են եկամուտների ստացման երկրում հիմնական եկամտատեսակների` շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների հարկման պայմանները եւ դրույքաչափերը:

Խնդիրը կայանում է նրանում, որ վերոնշյալ կոնվենցիան անհրաժեշտ է վավերացնել «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն:
Կառավարության կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է նմանօրինակ կոնվենցիաների կնքման միջոցով Հայաստանի եւ այլ պետությունների միջեւ ապրանքների եւ ծառայությունների շրջանառության, կապիտալի, տեխնոլոգիաների, մարդկանց շարժի, ինչպես նաեւ տնտեսական կապերի զարգացմանը եւ խորացմանը:

Ջանջուղազյանը նշեց, որ Հայաստանը 46 երկրի հետ ունի նմանատիպ համաձայնագրեր, եւս 15-ը գտնվում են գործընթացում: