Սուր ցավեր են առաջանում, նախապես ցավազրկողներ պետք է ներարկեն. Գագիկ Խաչատրյանի պաշտպան |news.am|
12:18 - 19 հունվարի, 2024

Սուր ցավեր են առաջանում, նախապես ցավազրկողներ պետք է ներարկեն. Գագիկ Խաչատրյանի պաշտպան |news.am|

news.am: Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը պետք է դատարան տեղափոխվի շտապօգնության մեքենայով՝ համապատասխան բժիշկների ուղեկցությամբ, եւ դա սուր ցավեր է առաջացնում, դրա համար նախապես ցավազրկողներ են ներարկում, որպեսզի դատական նիստին որոշակի մասով կարողանա ներկայանա եւ մասնակցություն ունենա։ Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց նրա պաշտպան Երեմ Սարգսյանը:

«Բայց այս պահին ինձ տեղեկացրեցին, որ ներերակային ներարկում պետք է կատարվի, որը խնդիրներ է առաջացնում երակների բարակության հետ կապված: Այսինքն՝ չի ստացվում, իրենց բառով ասած, «երակ մտնել»։ Հիմա մի քիչ ձգձգվում է, բայց կարծում եմ՝ կես ժամվա ընթացքում կներկայանա դատական նիստին»,-ասաց նա:

Լրագրողների այն հարցին, թե ինչու Խաչատրյանը չի տեղափոխվում Գերմանիա՝ փաստաբանը շեշտեց, որ խնդիրը պետական մարմինների թույլ չտալն է. «Ամեն անգամ, երբ մենք ասում ենք՝ թույլ տվեք, որ գնա վիրահատության, քանի որ եթե չի վիրահատվում, կոնքի օրգանների խնդիրներ են առաջանում, վերջույթներն են թուլանում, 2019 թվականից թույլ չեն տալիս այս վիրահատությունը կատարել։ Դրա համար էլ հիմա անվասայլակով է տեղաշարժվում։ Այս խնդիրը կա, բոլորը դրա մասին գիտեն, բազմիցս ստուգել են պետական հանձնաժողովներով, բոլորը միաբերան հաստատել են, որ վիրահատության կարիք կա և դա պետք է արվի արտերկրում, քանի որ Հայաստանում հնարավոր չէ:

Այս վիրահատությունը մինչեւ չկատարվի, բուժում չկա: Իմպլանտ է տեղադրված, որ ողերը պետք է մասնատվեն: Իմլանտը պետք է փոխվի եւ վիրահատությունը կատարվի, եւ գործիքները, եւ իմպլանտը Հայաստանում չկան: Վիրահատություն չկատարվելու հետեւանքով արդեն ունենք անդառնալի հետեւանքներ:

Մենք նոր դիմում ենք ներկայացրել Եվրոպական դատարան՝ միջանկյալ միջոց կիրառելու հետ կապված, որովհետեւ արդեն կյանքի խնդիր է առկա: Պետությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել անձի առողջության պահպանման նկատառումներից ելնելով»,-ասաց պաշտպանը:

Նա հստակեցրեց, որ այս պահին բժիշկները եւս նշում են, որ Գագիկ Խաչատրյանը չի կարողանում քայլել, եթե անգամ փորձում է կանգնել, ուժեղ ցավեր են առաջանում, ընկնելու վտանգ է առաջանում:

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը եւ Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման եւ պաշտոնեական կեղծիքի համար։ Երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը, եւ ըստ գործում առկա ապացույցների, երբեւէ փորձ չեն կատարել թաքնվելու քննությունից կամ խոչընդոտելու քննության ընթացքը։

Գագիկ Խաչատրյանը 2019թ.-ին գտնվելով Գերմանիայում՝ քննիչի առաջին իսկ հեռախոսային կանչով ընդհատել է հետվիրահատական պարտադիր բուժումը եւ վերադարձել Հայաստան ու ներկայացել վարույթն իրականացնող մարմնին։ Կարեն Խաչատրյանը խափանման միջոցի՝ կալանավորման վճռի հրապարակումից հետո անձամբ է ներկայացել դատարան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել